Սկիզբը՝ 2010-ի թիվ 20-24 (Հոկտ. Բ – Դեկտ. Բ)

 
Դասականության ձգտող բանաստեղծն այստեղ եւս, ինչպես «Սարսուռների» մեջ, բանաստեղծությունների շարքն սկսում է «Մուսային» ուղղված հնչյակով՝ խնդրելով սովորեցնել իրեն սրբազան հացի արարման գաղտնիքը: Այնուհետեւ. «Սորվեցուր ինձ. պսակե քընարս հասկերով, // Զի կալին մեջ, զով շուքին տակ առիին // Ահա կը նստիմ, ու նըվագներս կը ծնի՜ն»: Վարուժանը հացի ստեղծման աշխատանքների ամբողջ ընթացքը պատկերել է վաղ գարնանից մինչեւ բերքահավաքի աշուն:

Վաղ գարնանը արտերը հրավեր են ուղղում հողի մշակներին. «Վերադարձեք մեր ծոցը, ո՛վ մշակներ… // Մեզի եկեք. ձեր սերմով լի բուռերուն // Մենք կը սպասենք կիներու պես ըղձանքով»: Հողի մայրանալու պահն է, եւ հողն սպասում է իրեն մայրացնողին: Գալիս են մշակները, որոնց բանաստեղծը դիմավորում է մեծարանքով, նրանց աշխատանքի կարեւորության բարձր գիտակցությամբ.


Մըշակներն են իմ գյուղիս, դաշտի հըզո՛ր զավակներ,

 

Քըրտինքներով մարգարտյա՝ բընության թա՛գն են հյուսեր:

 

Կը բաբախե սիրտն հողին իրենց բրդոտ կուրծքին տակ.

 

Ու իրենց լայն երակին մեջ կը հորդի արեգակ:

 


Մշակի օգնականները եզներն են, որոնց խոշոր աչքերի մեջ դաշտերի երազն է: Սկսվում է հերկը. մշակը խոսում է եզների հետ, եւ նրանք օրնիբուն վարում են հողը.
«Հո՜, հռո՜ հռո՜ հռո՜. Ակոսները կը բացվին մըխալով…»: Մարդն ու եզը այս պահին հարազատներ են, եղբայրներ եւ այսպիսի պահերին են ծնվել ժողովրդական բազմատեսակ գութանի երգերը՝ հորովելները: Վարին հաջորդում է ցանը.


Ցանե՜, ցանե՜. նույնիսկ հեռու սահմանեն,

 

Աստղերու պես, ալիքներու պես ցանե՜:

 

Ծիտերն ի՛նչ փույթ թե հատիկներդ կ’ավարեն.

 

Տեղը Աստված պիտի մարգրիտ սերմանե:

Ցանից հետո հողը տափանում են, որպեսզի սերմերը ամրանան հողի մեջ, իսկ մի քանի օր անց արդեն երեւում են առաջին ծիլերը: Հողի տակ պայթում են սերմերը, կանաչ ծիլերը դուրս են գալիս արեւերես:

Եթե առաջին չորս բանաստեղծությունները գրված են որպես հնչյակ, ապա «Առաջին ծիլեր»-ից սկսած ուժեղանում է ժողովրդական մոտիվը: Ժողովրդական երգը գալիս ձուլվում է բանաստեղծությանը, եւ կրկներգի պես ձեւավորվում են այսպիսի տողեր՝ «- Մայրի՛կ, ինծի ծիլ մը բեր, // Քրտինքիս ցողը վըրան… // – Հարսնո՛ւկ, ծիլ մը բեր ինծի, // Մատերուդ բույրը վըրան… // Բերեք անկե ծաղիկներ, // Բերեք վարդգույն ծաղիկներ, // Հընձվորին հո՜ւյսը վըրան»:

Վարուժանը հրաշալի է նկարագրում արտերի ու դաշտերի վրա թափվող գարնան անձրեւի տեսարանը: Դա ոչ թե աշնանային տրտում հեկեկանք է, այլ «գարնան ջաղբ»՝ տեղատարափ, վարար անձրեւ, որ լուսացնցուղ մեծ կաթիլներով ոռոգում, արգասավորում է հողը: Մաքրագործվում է աշխարհը, կենսանորոգ ուժով լցվում Է հողը: Անձրեւից հետո արտերի մեջ ցորենի ծիլերը «Նոր ուժով հորդահոսան կ’ընձյուղին»:

«Ցորյանի ծովեր» բանաստեղծության մեջ հասունացող արտի պատկերն է: «Ցորյանի ծովեր» արտահայտությունը նշանակում է անընդգրկելի ցորենի արտ:

Արտի վրայով թեթեւ, զով քամի է անցնում, եւ ցորենի հասկերը տատանվում են: Բանաստեղծն այդ պահը ներկայացնում է «Ցորյաններս հուշիկ-հուշիկ կ’արթըննան» պատկերով: Այսինքն՝ անշարժ թվացող արտն սկսվում է տարուբերվել: Այդ իմաստն ունի նաեւ հաջորդ պատկերը. «Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման»: Հաջորդ տողից պարզվում է, որ արտը ցանած է բլուրի թեք լանջերին, որի վրայով արդեն ոչ թե հովեր, այլ ծովեր են անցնում: Այսինքն՝ քամին սաստկանում է:

Հաջորդ տների սկզբում եւ վերջում կրկնվում են «Հովե՜ր կ’անցնին» եւ «Ծովե՜ր կ’անցնին» ժողովրդական արտահայտությունները, որոնք դառնում են բանաստեղծության պատկերային հիմնական առանցքը:

Երկրորդ տան մեջ թեթեւ, զով քամին այնքան է մոլեգնում, որ քիչ է մնում դաշտում արածող ուլը խեղդի: Աշխարհագրական դիրքը փոխվում է. բլուրի թեք լանջերին հաջորդում է հովիտի գոգավորությունը, այսինքն՝ կորությունը, ուր եւս քամին տատանում է ամեն ինչ:

Երրորդ տան մեջ ցորենի արտը նմանեցվում է պատմուճանի՝ թիկնոցի, վերնազգեստի կամ ծածկոցի, որը քամուց մե՛կ պատռվում է, մե՛կ միանում (կարվում): Այս պատկերը շատ առարկայական է. իրոք, քամու ժամանակ արտը բացվում է տարբեր կողմերի վրա, կարծես արտը պատռվի: Այստեղ ավելանում է լույսի ու ստվերի խաղը: Եթե ստվեր կա արտի վրա, բնականորեն երկինքն ամպել է:

Չորրորդ տան մեջ պարզ է դառնում, որ մեր առջեւ դեռահաս ցորենի արտ է: Դա է հուշում «եղի» բառը: Դեռահաս ցորենի հատիկի մեջ կաթնագույն հեղուկ է լինում, դրա համար բանաստեղծն ստեղծում է «Քիստերուն տակ կ’ալեծըփին եղիներ՝ // Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր» պատկերը: Հովերն ու ծովերը արտին մերձակա կալերից հասնում են մինչեւ գյուղ, այստեղից էլ՝ աղորիք, ուր ցորենի հատիկը պետք է ալյուր դառնա:

Վերջին տան մեջ բանաստեղծի առջեւ ծփացող կանաչ արտ է: Արդեն գիտենք, որ արտը դեռահաս է, իսկ «Զըմրուխտներով կը ծըփա դաշտը անհուն» տողի մեջ «զմրուխտ» բառը հուշում է, որ այն վառ կանաչ է: Ծիտը երգում է օրորվող հասկի վրա, մինչ արտը տատանվում է մոլեգին ուժով:

Ամբողջ բանաստեղծությունը հասունացող արտի մի տեսանելի պատկեր է՝ քամու հորձանքով, արտի տատանումներով, կանաչ հասկերի օրորուն երգով:

Ցորենի արտերի մեջ աճում են ծաղիկներ, հատկապես՝ կակաչներ, որոնք «սիրող սրտերու պես կ’արյունին»: Դրանք կակաչներ չեն, այլ սիրո բոցեր, որ քաղում է դաշտ ոտք դրած կույսը: Հասունանում է սերը, առանց որի ամեն ինչ անիմաստ է:

Ժողովրդական երգի «Արտըս ոսկո՜ւն է» տողի կրկնությամբ ստեղծվում է հասուն արտի պատկերը, արտի հսկիչը հանդապահն է (անդապահ), որը, լուսնի դեմ նստած, սրինգ է նվագում եւ ասես օրորում հասկերի քունը: Գալիս է հունձի սպասված պահը: Հասունացած արտը եւ հասունացած սերը միավորվում են «Հունձք կը ժողվեմ…» բանաստեղծության մեջ, որը ժողովրդական երգի մոտիվներով սիրո մի ամբողջ դրամա է ներկայացնում.


Հունձք կը ժողվեմ մանգաղով, 

- Լուսնակը յարս է -

 

Ակոս ակոս ման գալով,

 

- Սիրածս հարս է:

 

  

Գըլխեբաց եմ ու բոպիկ,

 

- Անո՜ւշ են հովեր -

Արտերուն մեջ թափառիկ,

 

- Մազե՜րն են ծովեր:

 

 

Ցորեն, կակաչ, կարոտով,

 

Կաքավը կու լա -

 

Կապեցի մե՛կ նարոտով,

 

- Ձեռքերն են հինա:

 

  

Հասկերուն մեջ, վերեւեն,

 

- Ասուպը անցավ -

 

Աստղեր մյուռոն կը ծորեն,

 

- Դեմքը լուսացավ:

 

  

Քանի՜ խուրձեր շաղերով,

 

- Վարդենին թաց է -

 

Ես կապեցի խաղերով,

 

- Ծոցիկը բաց է:

 

  

Արտըս խոպանով մընաց,

 

- Կ’երթա՜ լուսնակը -

 

Դեզերով լեռ եմ շինած,

 

- Սի՜րտս է կըրակը:

 

  

Մանգաղս քարին եկավ,

 

- Յարըս յա՜ր ունի -

 

Քարեն լորիկը թըռավ,

 

- Լե՜րդըս կ’արյունի:

 

 
Վարուժանն այնքան վարպետորեն է միահյուսել հնձվորի աշխատանքային վիճակը եւ հոգեվիճակը, այնքան նրբորեն է միավորել արտաքին ու ներքին պահերը եւ որ կարեւորն է՝ ժողովրդական երգի ներգործությամբ այնքա՜ն է պարզեցրել լեզուն ու ոճը, որ ստեղծվել է, իրոք, մի անկրկնելի գեղեցկություն:

Գոմեշներ լծած սայլերով հնձած ցորենը կրում են գյուղ. մայրամուտի մեջ սայլերն ասես «շարժուն բուրգեր» լինեն: Պատկերները տպավորիչ են եւ հաջորդում են իրար.

 

Ճամբան խարտյաշ է, կարմիր է ճամբան,

 Որուն եզերքին 

Արյուն կը ծորե չափազանց հասուն

 Փշոտ մորենին:


Սայլերը կ’երթան, անդորրության մեջ

 

Աղաղակելո՜վ…

Կը տանին արեւ, հըրդեհ կը տանին

Հըսկա դեզերով:

 

 

«Ճերմակ եզը կարծես կուռք մ’է ձուլված լուսնի» արծաթին: Ցուլերը բանաստեղծի աչքին երեւում են դյութվածի պես, եւ շողում են մեծազանգված գոմեշների աչքերը: Վարուժանն ասես եվրոպական Վերածննդի նկարիչների նման թավ յուղաներկով ստեղծում է նկարչական պատկերներ, որոնք այլ բան չեն, քան բառերով արված բնանկար, կամ այլ կերպ՝ բառանկար:

Հաջորդում է կալսելու տեսարանը, երբ ցորենի քիստը տրորում են եզներ լծած կամի տակ եւ առանձնացնում հատիկն ու հարդը:

Շատ ուշագրավ մի դրվագ. «աշխատանք» բառը Վարուժանն ամենուր գրում է մեծատառ, որովհետեւ այս ամբողջ շարքն արդար աշխատանքի փառաբանություն է: Դարեր շարունակ մարդն այդպես է վաստակել իր հացը, եւ հացի երգը բարձրագույնն է բոլոր երգերի մեջ:

Այս աշխատանքային գործողություններն ունեն իրենց հերոսները՝ հողը, կենդանիները, ցորենը, մշակը, հոտաղը, սիրած աղջիկը, գյուղը, գյուղացիները, գյուղի հարսները, նաեւ բանաստեղծը, որի աննկատ ներկայությունը բոլորի հետ է եւ այդ պահին է ասում. «Օ՛, ի՜նչ քաղցր է երթալ խառնվիլ էությամբ // Այդ սըրբագույն վաստակին. // Տըրեխներեդ մինչեւ մազերդ համակվիլ // Մըղեղներուն մեջ դեղին»:

Ամառվա քաղցր գիշերվա մեջ հնչում է կալերի երգը. «Աշխատանքի սուրբ Ոգին կալելուն մեջ կը նընջե»: Երգում է մարդը, երգում են ծղրիդները, երգում է սյուքը, բուրում են ծաղիկները, խոտը, հողը: Խաղաղ լռություն է: Եվ այդ պահին բանաստեղծն իր ծնունդն է մտաբերում.

Եվ այսպես օր մը պառկած՝ փողփողումին տակ երկնի,

 

Իմ ծընողներըս մըշակ՝ զիս հըղացան կաթոգին,

 

Զիս հղացա՜ն սեւեռած իրենց աչքերը բարի

 

Վերն ամենեն մեծ Աստղին, ամենավառ Հըրայրքին:

Հաջորդում է կամի երգը՝ գրված դարձյալ ժողովրդական երգի հանգ ու չափով: Հնձած ցորենի խուրձերի վրա պտտվում է կամը, ոլորվում է երգը նույն բառ ու բանով եւ ավարտվում «Զըվարթությո՜ւն խըրճիթներուն… // Խաղաղությո՜ւն խըրճիթներուն…» տողերով:

Օրը փոխվում է: Գիշերը դառնում է առավոտ՝ եռուն աշխատանքով եւ ապա միջօրե, երբ արեւի տակ ամեն ինչ կանգ է առնում: Դադար են առնում մշակները եւ անգամ «Գոմեշներ՝ լուծը լըքած՝ ճահիճին մեջ կը պառկին // Իրենց բերնեն հոսելով // Թելերն արծաթ շողիքին…»:

Կալսելուց հետո ցորենը երնում են՝ քամուն են տալիս հարդն ու մղեղը եւ առանձնացնում հատիկը. «Երնե՛, էրան, երնե՛, էրան. // Հարդը քեզի, մեզի ցորյան»: Դաշտերից ու արտերից, սարերից ու ձորերից մշակները վերադառնում են տուն: Աշունը բացում է իր շռայլ դռները եւ աշխատավոր մարդկանց ներս առնում: Լցվում են մարագներն ու ամբարները.

Այս իրիկուն ձեզի կու գանք հա՜ցն երգելով,

 

Կալի ճամբով,

 

Ո՛վ ամբարներ, ամբարներ.

 

Ձեր մութ ծոցին մեջ հըսկա

 

Թող բերկրության շող ցաթի.

 

Սարդոստայնը ձեր վըրա

 

Թող ըլլա քող մ’արծաթի.

 

Զի բերեր են սայլե՜ր, սայլե՜ր շարքերով

 

Ցորե՜նն հազար պարկերով:

Այսպես նրանք հեգնում են «ձըմեռն ու սովը վաղվան»: Պտտվում է հսկա ջրաղացքարը եւ ցորենը դարձնում ալյուր. «Է՜յ աղորիք, բանտվա՛ծ մրրիկ // Ծառերուն մեջ աղա՛, աղա՛, // Փըրփուր խըմե՛, ալյուր տեղա // Քարե կուրծքեդ տեղա՛ բարիք…»:

Ակնհայտ է, որ այս շարքն ունի որոշակի բովանդակություն՝ սկիզբ, ընթացք եւ ավարտ: Բայց քանի որ հանգամանքների բերումով բանաստեղծն այն չկարողացավ ամբողջացնել, ուստի ինչ որ բան մնացել է կիսատ:

Այս մոտիվներով են գրված «Լուսնին», «Բարտիները», «Անդաստան» բանաստեղծությունները:

Վարուժանի վերջին օրերի ականատեսներից Արամ Անտոնյանը այսպիսի վկայություն է թողել. «Վարուժան, որ միակ աշխատողը եղավ մեր մեջ, վեց տետրակ բանաստեղծություն գրած էր արդեն»: Ըստ նրա՝ դրանք լեցուն են «առավելապես հողին փառաբանության, անոր բարեբաշխ արգասավորության եւ բնության նորաշեն ստեղծումներուն նվիրված քերթվածներով»: Ակնհայտորեն բանաստեղծը շարունակել է «Հացին երգը» շարքը: Այդ վեց տետրերը չեն պահպանվել: Կարծիք կա, որ թուրք նպարավաճառի բաժին են դարձել, որով փաթաթել է ձիթապտուղ ու հալվա… Բախտի ինչպիսի՜ քամահրանք…

Վարուժանի ամբողջ երազանքը շեն ու ապահով հայրենիքն էր: «Դարձ» բանաստեղծության մեջ վերադարձի խոսքեր է ասում.

Ես հեռավոր տընակ մ’ունիմ

 

Շինված լիճին ափն ամայի:

 

Դուռը բաց է. հոն մտերիմ

 

Ճրագս է վառ ու կը նայի:

 

  

Անկե մեռել մ’հանեցին դուրս.

 

Աքսորեցին հոգիս անկե:

 

Այժըմ շեմին վրա կատուս

 

Աղիողորմ կը մըլավե։

 

  

Օր մը նորեն դառնամ գուցե.

 

 Մարա՜ծ գըտնեմ ճըրագս հավետ.

 Դողդոջ ձեռքըս դուռը գոցե.

 Ու լամ լացող կատուիս հետ:

 
Վարուժանը եռանդուն կյանքով ապրող գրող էր: Նա ոչ միայն գրում էր բանաստեղծություններ, այլեւ զբաղվում էր թարգմանությամբ (Ադամ Միցկեւիչ, Մորիս Մետերլինգ): Հայերեն է փոխադրում նաեւ ֆրանսագիր բանաստեղծների գործերը (Իսկուհի Մինաս, Հերմինե Հովյան):

Գրականության պատմության համար անփոխարինելի են Վարուժանի քննադատական ժառանգությունը եւ նամակները, որոնց մեջ նա խոսում է հայ արվեստի ու մշակույթի բազմազան խնդիրների մասին, անդրադառնում լեզվի ու գրական դպրոցների հարցերին, գնահատում առանձին գրողների վաստակը, ուղղություն տալիս գրական կյանքին, տեսականորեն ձեւակերպում գեղարվեստական զարգացման բազմաթիվ օրինաչափություններ։

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s