1915 թ. ապրիլի սկզբին թուրքական զորքերը, նախապես գրավելով եւ ջարդերի օջախ դարձնելով Վանի վիլայեթի բազում գյուղեր, գրոհեցին Վան քաղաքի վրա: Վանի հայությունը միամսյա ինքնապաշտպանությամբ արժանի հարված հասցրեց թուրք ջարդարարներին: Արդյունքում վանեցիները կարողացան պահել իրենց դիրքերը մինչեւ ռուսական զորքերի եւ հայ կամավորների ժամանելը:

Այդ հերոսական ինքնապաշտպանության ղեկավարներից էր Արամ Մանուկյանը, որի ծննդյան 130-ամյա տարեդարձն է նշվում այս տարի: Նա արդեն ապրիլի սկզբին դարձավ Վանի Այգեստան թաղամասի զինվորական մարմնի անդամ: Ականատեսների, մասնավորապես` Օնիկ Մխիթարյանի վկայությամբ` Ա. Մանուկյանն իր վրա վերցրեց սովի հաղթահարման ծանրագույն խնդիրը: Անհաղթահարելի համարվող այդ խնդիրը զարմանալիորեն լուծում գտավ: Նա նաեւ միջոցառումներ ձեռնարկեց` ժողովրդի շրջանում սկիզբ առած հուսալքության մթնոլորտի դեմ պայքարելու համար: Այս գործողությունները մեծապես բարձրացրին նրա հեղինակությունը ժողովրդի աչքում:

Մայիսի 6-ին ռուսական զորքը մտավ Վան: Ռուս գեներալ Նիկոլաեւը, որ ղեկավարում էր ռուսական զորքերի` Վան մտած խմբավորումը, հեռագրով զեկուցում է ուղարկում իր հրամանատարին, որտեղ հետեւյալ կերպ է արտահայտվում Ա. Մանուկյանի մասին. «Շնորհիվ զինված հայ ժողովրդի եւ ղեկավարությամբ ռուսահպատակ Արամի, Վանը մեկ ամիս պաշտպանվեց, եւ 3 օր առաջ միայն հայերը գերակշռեցին, եւ թուրքերը սկսեցին նահանջել…»: Հիմնավորելով Ա. Մանուկյանի կարեւորագույն դերը վանեցիների հաղթանակի մեջ` Նիկոլաեւն առաջարկում էր նրան նշանակել Վանի շրջանի ժամանակավոր նահանգապետ: Առաջարկն ընդունվեց, եւ մայիսի 7-ին ռուսական բանակի հրամանատարությունը Ա. Մանուկյանին նշանակեց Վանի ժամանակավոր նահանգապետ:

Այսպիսով, Ա. Մանուկյանի կենսագրության մեջ բացվեց մի նոր` կարեւորագույն էջ, որտեղ պարզորոշ ի հայտ են գալիս հմուտ պետական-քաղաքական գործչի ունակություններ:

Մայիսի 8-ին Ա. Մանուկյանը, որպես Վանի նահանգապետ, հետեւյալ կոչն ուղղեց Վանի նահանգում ապրող հայությանը.

«Հա՛յ ժողովուրդ, քաղաքացինե՛ր,

Ռուս յաղթական բանակին առաջխաղացումը նոր դարագլուխ եւ իրաւակարգ կը բանայ մեր քաղաքի եւ գաւառի իրաւազուրկ ժողովուրդի համար: Դարերի ստրկութեան եւ քաղաքական ճնշումներու վախճանն է, որ մենք կ’ապրինք այս օրերին: Հայ ժողովրդի շինարար եւ ստեղծագործ ոգիի ծնունդն է, որ մենք կը տօնենք այժմ:

Ռուս զօրքերու հրամանատարը` գեներալ Նիկոլայեւը, գնահատելով Վասպուրականի հայ ժողովրդի հերոսական ջանքերը, թուրք կառավարութիւնը անզօր դարձնելու իր ազգասպան քաղաքականութեան մէջ եւ հաւանելով հայ ժողովրդի կուլտուրական ձգտումները, բարեհաճեցաւ 7 Մայիսի 1915, թիւ 16 մասնաւոր հրամանով ինձ նշանակել քաղաքի եւ շրջանի կառավարիչ եւ կազմակերպել նոր վարչութիւն իր բոլոր ճիւղերով:

Այսօր արդէն կազմակերպուեցան ոստիկանական, դատական, գիւղատնտեսական, գաղթականական, քաղաքապետական եւ այլ վարչութիւններ:

Ասով կը յայտարարեմ ամբողջ ժողովրդին, որ նոր կառավարութիւնը կազմակերպուած ըլլալով՝անհրաժեշտ է բոլոր գործերու համար դիմել նոր կառավարութեան յանձնախումբերուն, քաղաքի եւ շրջանի մէջ բնականոն վիճակ ստեղծելու համար:

Ներկայ պատմական պատասխանատու օրերու մէջ հայ ժողովուրդը միայն մէկ նշանաբան պէտք է ունենայ՝ համախմբուել ամբողջ եռանդով կառավարութեան շուրջ` վերակազմակերպելու համար կեանքը քաղաքի եւ շրջանի մէջ, արժանի լինելու համար քառորդ դարէ աւելի մղուած պայքարի մէջ ընկած հերոսներու յոյսերուն ու յիշատակին եւ միշտ բարձր պահելու համար հայ ազգի կուլտուրական պաշտօնի գիտակցութիւնը Փոքր Ասիոյ այս ծայրագաւառի մէջ:

Ռուս գեներալը մեր այս յոյսերու լիակատար գիտակցութեամբ էր, որ հայ ժողովրդի եւ իմ հանդէպ ցոյց տուաւ այդ մեծ վստահութիւնը:

Քաղաքացինե՛ր, ձեզ կը մնայ մեր այս յաւակնութեանց եւ յոյսերուն ընդ առաջ գացող յաղթական բանակի եւ գեներալի վստահութիւնը բացարձակապէս արդարացնել եւ աւելի լաւագոյնին արժանի եւ պատրաստ գտնուիլ»:

Փաստորեն, պաշտոնին անցնելուն պես Ա. Մանուկյանը նախաձեռնողական քաղաքականություն է որդեգրում` կազմակերպելով ոստիկանական, դատական, գյուղատնտեսական, գաղթականական, քաղաքապետական եւ այլ վարչություններ, որոնց մասին, ինչպես տեսանք, նա հայտնում էր ժողովրդին ուղղված իր կոչում: Մինչեւ մայիսի 10-ը Ա. Մանուկյանը կազմեց հետեւյալ կառավարական հաստատությունները`

1.    Նահանգային վարչություն, որը Վասպուրականի գլխավոր գործադիր մարմինն էր, եւ որի ղեկավարը հենց Ա. Մանուկյանն էր, իսկ ղեկավարի օգնականը` Սիրական Տիգրանյանը,

2.    Տնտեսական մարմին,

3.    Քաղաքական վարչություն,

4.    Կրթական տեսչություն,

5.    Երկրագործական մարմին,

6.    Առողջապահական մարմին,

7.    Առեւտրական մարմին,

8.    Ոստիկանական տեսչություն,

9.    Դատական մարմին:

Այսպիսով, կառավարական այս հաստատություններն ընդգրկում էին պետական կյանքի բոլոր անհրաժեշտ ոլորտները:

Ա. Մանուկյանի ջանքերով Վասպուրականի նահանգը բաժանվեց 12 գավառի` Շատախ, Գավաշ, Արճեշ, Ալճավուզ, Հայոց ձոր, Արտամետ, Շահպաղի, Ալյուր, Ճանիկ (Թիմար), Արճակ, Մոկս, Նորդուղ:

Կառավարական բոլոր հաստատություններում եւ գավառային ղեկավարման նախնական մարմիններում ընդգրկվեցին ինչպես վանեցիներ, այնպես էլ Արեւմտյան Հայաստանի այլ մասերից եւ Արեւելյան Հայաստանից մեծ թվով գործիչներ:

Այսպիսով, ազատագրված Վասպուրականի հայության համար, կարծես, սկսվում էին նոր ժամանակներ` առանց թուրքական բռնությունների ու ցեղասպան քաղաքականության եւ, թեկուզեւ ռուսական տիրապետության ներքո, գոյատեւման եւ վերաշինության ապագայի հեռանկարով: Այս պատկերացումը համակել էր Վանի ողջ հայությանը, որը պատրաստակամորեն լծվեց Ա. Մանուկյանի աշխարհաշեն ծրագրերի իրականացման բարդ գործին:

Վանի նահանգապետ լինելու օրերին Ա. Մանուկյանն իրեն դրսեւորեց որպես մեծագույն պետական-քաղաքական գործիչ, որն ունակ է կարճ ժանակամիջոցում կազմակերպելու պետական կառավարման հիմնարկներ ու պետության վարչատարածքային դյուրին կառավարում:

Նա, փաստորեն, ամեն պահի պատրաստ էր հոգեբանորեն աջակցելու ժողովրդին` հաղթահարելով բարոյական հուսալքության պես սարսափելի երեւույթը: Փաստորեն, Ա. Մանուկյանը, ճիշտ է, արդեն ունենալով որոշակի փորձ, ընդամենը մի քանի օրվա ընթացքում Վանում ձեւավորվեց որպես պետական-քաղաքական գործիչ, ինչը եզակի ֆենոմեն է: Հետագայում Երեւանում ժողովրդի կողմից դիկտատոր հռչակված Ա. Մանուկյանի «դիկտատորական» հատկանիշները ձեւավորվեցին հենց խառնակության մեջ գտնվող Վանի նահանգում, ինչի շնորհիվ նա կարողացավ հաղթահարել ավելի սարսափելի խառնակ իրավիճակն Արեւելյան Հայաստանում:

Սակայն Վասպուրականում սկսված բեկումնային ժամանակաշրջանն ընդամենը 70 օր տեւեց, եւ Վանի արարող հայությունը չկարողացավ հասնել իր իղձերի իրականացմանը:

1915 թ. հուլիսի երկրորդ կեսին ռուսական զորքերը հեռացան Վանից: Ա. Մանուկյանը խնդրեց ռուսական զորքի հրամանատարությանը Վանում թողնել գոնե հայ կամավորներին, սակայն նրան բացասական պատասխան տրվեց: Պատասխանի մեջ նրան հրամայական կերպով «խորհուրդ էր տրվում» կազմակերպել տեղի հայության գաղթ: Արդյունքում մոտ 200 000 վասպուրականցիներ թողնում են իրենց հայրենի օջախները` բռնելով Արեւելահայաստանի ճամփան:

Վանում կատարած մեծագույն գործերի կողքին Ա. Մանուկյանը, իհարկե, թույլ է տվել նաեւ սխալներ: Չէ՞ որ ցանկացած մարդ, այդ թվում` ցանկացած մեծագույն պետական-քաղաքական գործիչ, կարող է սխալներ թույլ տալ: Այդպիսի սխալներից էր այն, որ Ա. Մանուկյանը Վանում հավաքված զենք-զինամթերքի պահեստի տեղը հայտնել էր միայն մեկ հոգու, որը դավաճանություն գործեց, եւ վանեցիները հավաքված զինամթերքից զրկվեցին: Սակայն Ա. Մանուկյանը խուճապի չմատնվեց եւ ամեն ինչ արեց, որպեսզի ուղղի իր սխալը: Նման պարագայում նրան կարելի է ներել, քանի որ սեփական սխալի ուղղմանը ձգտող մարդուն ներում են իր սխալի համար:

Ինչպես տեսնում ենք, Ա. Մանուկյանը մեր պատմության մեծագույն պետական-քաղաքական գործիչներից է: Վանի ինքնապաշտպանությունից հետո էլ Ա. Մանուկյանը շարունակեց լինել ժողովրդի կողքին: Անգամ վասպուրականցիների գաղթի շրջանից սկսվող անելանելի իրադրության պայմաններում Ա. Մանուկյանը չլքեց ժողովրդին` մշտապես լինելով նրա կողքին ու իր հայրենանվեր գործունեությունը շարունակելով արդեն Արեւելյան Հայաստանում: Ինչպես հետագայում գրել է Հայաստանի առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը. «…Արամը երբեք չդաւաճանեց նրան (իմա՛ ժողովրդին), մնաց նրա մէջ ու նրա հետ եւ գերմարդկային ճիգեր թափեց` մեղմացնելու համար նրա տառապանքը…»:

 

Միքայել ՄԱԼԽԱՍՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s