ԲԱՆ Ե. ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 Որ ուտէ զմարմին Իմ եւ ըմպէ զարիւն Իմ, յԻս բնակեսցի, եւ Ես ի նմա (Յովհ. Զ 57)

  

Ահա, սիրելի՛ս, ապաշխարեցիր, խոստովանուեցիր, հիմա եկել ես վերջին մեծ գործի համար, եկել ես ճաշակուելու։ Միտքդ ի՞նչ է, քաղցա՞ծ ես. կը կշտանա՞ս միթէ նշխարի այն փոքր մասնիկով. ճա՞շ կը դառնայ քեզ համար գինու մէջ թաթախած հացի այն փշրանքը։ Ո՛չ. միտքդ ուրիշ է, դու եկել ես հաղորդուելու։ Բայց գիտե՞ս՝ հաղորդուելն ինչ է։

Հաղուրդուել նշանակում է մասնակից լինել, մասնակից լինել ո՛չ թէ հասարակ հացի, սովորական ճաշի, այլ հոգեւոր հացի, մի այնպիսի փառաւոր ճաշի, որ Ինքը Յիսուսն է պատրաստել քեզ համար, մի այնպիսի չտեսնուած, չլսուած ճաշի, որտեղ կոչնատէրը իր հիւրերին հացի փոխանակ տալիս է իր մարմինը եւ գինու փոխանակ՝ իր արիւնը։ Եւ այդ սեղանը, որ բացուում է քեզ համար, սովորական, հասարակ մարդու սեղան չէ. թագաւորական ճոխ սեղան է՝ լի Աստուծոյ ամէն բարութիւնով. մի աստուածային սուրբ սեղան, որի վրայ ճաշ պատրաստողը եւ հէնց ինքը ճաշը՝ Աստուած է։

Ի՜նչ երեւելի բան պէտք է լինէր, եթէ մի թագաւոր սեղան նստած՝ իր ամանից բաժին ուղարկէր մի աղքատի. ինչքա՜ն աւելի, եթէ իր թեւից մի կտոր կտրէր եւ տար նրան՝ ուտելու։ Իսկ Յիսուս հաղորդութեան սուրբ խորհրդի մէջ մեզ կերակրում է, ո՛չ թէ Իր սեղանից բաժին ուղարկելով կամ Իր մսից մի կտոր, այլ Իր ամբողջ մարմինը, արիւնը, հոգին եւ աստուածութիւնը։ Մեր Փրկիչը բաւական չհամարեց մէկ լինել մեզ հետ՝ միայն մարդանալով, այլ ուզեց, որ ս. հաղորդութեամբ ամէն մէկիս հետ առանձին միանայ. դրա համար Իր անձը խառնեց, շաղուեց մեզ հետ, որ մէկ բան դառնանք, որովհետեւ իսպառ սիրեց մեզ□։

Եթէ Յիսուս հրամայէր մեզ, որ ինչ բարիք կը ցանկանանք մեր հոգուն, խնդրենք Իրանից, ո՜ւմ մտքովը կանցնէր՝ խնդրել Նրանից, որ Իր մարմինն ու արիւնը տայ մեզ։ Բայց Ինքը լաւ գիտէր, որ մեր հոգին կենդանի պահելու համար ամենալաւ ու օգտակար կերակուրը Ինքն է. ուստի 33 տարի մեզ հետ ու մեր մէջ ապրելուց յետոյ ուզեց մշտապէս անբաժան լինելի մեզնից եւ երկինք գնալուց առաջ չկամենալով, որ Իր եւ մեր մէջ, Իրանից զատ, մի ուրիշ յիշատակ մնայ, հաղորդութեան սուրբ խորհուրդը հաստատեց։ Նա Իր բոլոր ամենակարող զօրութեամբ, ասում է սուրբերից մէկը, դրանից աւելի բան չէր կարող տալ մեզ։ Նա դրանով բաց արեց մեզ համար Իր սիրոյ գանձարանը եւ ոչ միայն բաց արեց, այլեւ դատարկեց բոլորովին։

***

Բայց քանի՞ անգամ պէտք է հաղորդուել։

Առաջին քրիստոնեայք ամէն օր միասին հաւաքւում էին ու հաղորդուում, որովհետեւ գիտէին, որ հաղորդութիւնը այն հացն է, որ Յիսուս սովորեցրեց մեզ խնդրել. «Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր», գիտէին, որ սովորական հացը մարմնի կենդանութիւնն է պահպանում, իսկ հաղորդութեան հացը՝ հոգու կենդանութիւնը, գիտէին, որ այն գերազանց հացը ուտելով՝ յաւիտեան կարող էին ապրել։ Բայց հաղորդութեան տուած օգուտները մի անգամից չէ՛ զգում մարդ, այլ շուտ-շուտ հաղորդուելով՝ վերջն է նկատում։ Շուտ-շուտ եւ արժանապէս հաղորդուողին նոյնն է պատահում, ինչ որ երեխային։ Երեխան իր մեծանալը չէ՛ նկատում, բայց երբ մի տարի առաջ հագած շորը նորից է հագնում, տեսնում է, որ կարճ է գալիս իրան, ապա թէ զգալի կերպով իմանում է, որ ինքը մեծացել է։

Այո, առաջին քրիստոնեայք ամէն օր էին հաղորդուում, բայց հիմա՞։ Ի՜նչ խելագարութիւն է, ասում է ս. Ոսկեբերանը, Քրիստոս այս սուրբ հացը հանապազօրեայ հաց սահմանեց մեզ համար, բայց շատերը շինել են տարեկան հաց։ Այդ իր ժամանակուայ մարդիկ, իսկ մեր ժամանակ կան շատ մարդիկ, որոնք ոչ թէ տարին մի անգամ, այլ հինգ տարին մի անգամ են հաղորդուում, իսկ շատերը չեն էլ հաղորդուում։ Եթէ այն խելագարութիւն է, հապա ա՞յս ինչ է։ Կարելի է, դու ասես՝ Ես այն պատճառով եմ ուշ-ուշ հաղորդուում, որ ինձ սառած եմ զգում Աստուծոյ սիրուց։ Միեւնոյն չէ՞, եթէ ասես՝ Ես կրակին չեմ մօտենում, որովհետեւ ինձ մրսած եմ տեսնում։ Կարելի է, քեզ անմեղադիր անելու համար, պատճառ բերես քո անարժանութիւնը, բայց այդպէս մտածելով՝ դու հրաժարուում ես բժշկից, որովհետեւ հիվանդ ես։ Այնինչ՝ «Բժիշկը ոչ թէ առողջներին է հարկաւոր, այլ հիւանդներին»։ Եւ եթէ շուտ-շուտ հաղորդուելուն արժանի չես, ուշ-ուշ հաղորդուելուն ինչպէ՜ս արժանի կը լինես, եթէ մի տարուայ մեղքերիդ թիւը շատ ես համարում՝ հաղորդուելուդ համար, երկու տարուայ մեղքերիդ թիւը աւելի չի՞ լինի։ Չէ՞ որ միշտ այդպէս ուշացնելով՝ պէտք է այնքան ուշանայ, որ ամենեւին էլ արժանի չես լինի հաղորդուելու։ Զարմանալի՜ է։ Ինչ որ Աստուած, մեզ վնասակար համարելով, արգելում է, այն անում ենք, իսկ ինչ որ օգտակար է համարում, նրանից փախչում ենք։ Ադամին ու Եւային ասեց՝ Այս պտղից չուտէք,- կերան, մեզ ասում է՝ Առէ՛ք, կերէ՛ք,- չենք ուտում։

Առաջին քրիստոնեայք ամէն կողմից գնում էին Ձիթենեաց լեռը՝ համբուրելու այն սուրբ տեղը, ուր Քրիստոսի համբարձուելուց յետոյ մնացել էր Նրա ոտքերի հետքը։ Իսկ հիմա ամբողջ Քրիստոս բազմած է ս. սեղանի վրայ, եւ ոչ ոք չէ՛ ուզում մօտենալ Նրան։ Այս պատճառով Նա գանգատում է՝ «Զի՞նչ օգուտ է քեզ յարենէ Իմմէ», ի՞նչ օգուտ ունիս դու, ասում է, Իմ արիւնից, ի՞նչ օգուտ ունեմ Ես, պատրաստելով քեզ համար այս երկնային կերակուրը, երբ դու, սովալլուկ լինելով, հեռու ես փախչում՝ Իմ հացը չուտելու համար։ Ո՜հ, ի՞նչ զուր է կորչում իմ աշխատանքը, ինչ զուր պատրաստեցի քեզ համար այս կենսատու դեղը, երբ հիւվանդ լինելով՝ հրաժարուում ես ընդունելուց։

Այնինչ՝ սուրբերից մէկը հաղորդուելու ցանկութեամբ այնպէս էր վառուում, որ հաղորդութեան օրը սաստիկ գանգատում էր ժամերի ուշ անցնելուց, եւ երբ միայն մի՛ ժամ էր մնում, «Մի ժամ միայն մնաց, ասում էր, ահա շուտով գալու է ինձ մօտ Յիսուս»։ Իսկ մաքրասուն կոյսերից մէկը ասում էր. «Եթէ հաղորդուելուս օրը հարկաւոր լինէր անցնել թշնամեաց սրերի միջից կամ երկնքի մրրկալի կայծակների միջից, ոչինչ երկիւղ չէր կարող արգելել ինձ ս. սեղանին մօտենալուց»։ Ինչո՞ւ էին դրանք այդպէս բորբոքուած հաղորդուելու սիրով, որովհետեւ լաւ գիտէին, որ հոգին աւելի է շահուում մէկ անգամ հաղորդուելուվ, քան թէ ամբողջ շաբաթ լոկ հաց ու ջրով պահք պահելով։

Այս պատճառով երկու տեսակ մարդիկ պէտք է, որ անպակաս հաղորդուեն – կատարեալները եւ անկատարները։ Կատարեալները՝ որ միշտ կատարելութեան մէջ մնան, եւ անկատարները՝ որ կատերելութեան հասնեն. պէտք է հաղորդուեն ուժեղները՝ չտկարանալու համար, տկարները՝ ուժեղանալու համար, հիւանդները՝ հոգեւոր հիւանդութիւնից բժշկուելու համար, առողջները՝ չհիւանդանալու համար։

***

Հաղորդուելու օրն իսկ, ով դրա համար հարկաւոր պատրաստութիւնը չէ տեսել, դեռեւս ժամանակ ունի պատրաստուելու։ Եսայի մարգարէն մարգարէանալուց առաջ տեսիլք է տեսնում, որ սերովբէներից մէկը՝ վկայութեան խորանի «Սրբութիւն սրբոց» կոչուած տեղում, ուր միշտ վառ պահուում էր երկնքից իջած կրակը, ունելիքով մի փոքրիկ կտոր է վեր առնում այն կրակից ու դնում նրա բերանը՝ մեղքերն այրելու եւ սիրտը մաքրելու համար։ Դրանից յետոյ Եսային ստանում է մարգարէական շնորհ։ Այս բանը մեր հայրապետ Շնորհալին շարականի մէջ այսպէս է երգում. «Յաստուածային կայծակունսն՝ ի սրովբէից անհպելին, անմաքրապէս մերձեցաք, գոլ պարտապան քում խորհրդոյ»։ Տէր Յիսուս, ասում է, քո աստուածային կայծերին, այսինքն՝ մարմնիդ եւ արեանդ անարժանութեամբ մօտեցանք ու պարտապան եղանք։ Հիմա մտածիր դու, եթէ լուսեղէն հրեշտակը ունելիքի էր կարօտ՝ աստուածային կայծը վեր առնելու համար, հապա մենք ի՜նչ պատրաստութեամբ պէտք է մօտենանք՝ նրան մեր մէջ ընդունելու։ Եւ եթէ զատկական գառը ուտելու համար՝ Յիսուս «մի փառաւոր զարդարուած վերնատուն» էր փնտրում, Իրեն մեր ներսը ընդունելու համար, ինչպիսի՜ փառաց տաճար կը ցանկանար ունենալ։ Եթէ Մովսէս մարգարէն օրէնքի տախտակները պահելու համար տապանակ շինելիս՝ ազնիւ անփուտ փայտ էր ընտրում ու մաքուր ոսկով պատում, դու ինչպէ՜ս  պէտք է պատրաստես քեզ՝ օրէնքի Տուողին ընդունելու։ Եթէ հարիւրապետը վայել չէր համարում Յիսուսին իր տանը ընդունել, եթէ Յովհաննէս Մկրտիչը իրեն արժանի չէր համարում Նրա կօշիկի կապերը յետ անելու,- հապա դու, թշուառութեամբ, անգիտութեամբ եւ չարութեամբ լի մի չնչին արարած՝ ի՜նչ պատրաստութիւն պէտք է տեսնես։ Եւ Յիսուս ինչ փառքով որ փառաւորուեց Թաբոր սարի վրայ, ինչ փառքով որ այժմ բազմած է Հօր աջակողմը, նոյն փառքով գտնուում է եւ հաղորդութեան նշխարի մէջ։

Մովսէս մարգարէն Քորեբ անունով մի սարի վրայ տեսաւ մի թուփ, որ վառուում էր, բայց չէր այրուում։ Նա ուզեց մօտենալ՝ այդ հրաշալի երեւոյթը լաւ տեսնելու, յանկարծ թփի միջից լսեց մի ձայն, որ ասում էր. «Մովսէս, կօշիկներդ հանիր, կանգնած տեղդ սուրբ է»։ Միթէ նոյնքան հրաշալի չէ՞ սկիհը, որին դու մօտենում ես։ Թուփը վառող կրակը՝ Ինքը Աստուած, Ինքը Յիսուսն էր. եւ այդ սկիհի մէջ հացի ու գինու տեսակով գտնուում է նոյն աստուածային կրակը, որ արժանաւոր ճաշակուողին մաքրում, զտում, կենդանացնում է, իսկ անարժան ճաշակուողին այրում, կիզում, ոչնչացնում է։ Հանիր, ուրեմն, կօշիկներդ, յետ արա հոգիդ կաշկանդող բոլոր մեղսական կապերը եւ այնպէս մօտեցիր սրբութիւն տանելու։

Մոռացիր քեզ շրջապատող ամեն երկրաւոր բան, այժմ քեզ նայում է քո պահապան հրեշտակը, քեզ նայում են բոլոր երկնային զօրութիւնքը։ Դու այժմ, ասես թէ, վերջին դատաստանի առաջն ես կանգնած, այժմ վճռուելու է քո վիճակը, եւ դու հաղորդուելու ես՝ կա՛մ յաւիտեան ապրելու, կա՛մ յաւիտեան մեռնելու։ Ուրեմն, ասա քեզ ու քեզ. Տէր Յիսուս, յոյսս դնելով Քո անսպառ բարութեան վրայ, եւ անսահման ողոմութեան վրայ՝ ես գալիս եմ, ինչպէս հիւանդը՝ իր Փրկչի մօտ, ինչպէս քաղցածն ու ծարաւը՝ կեանքի աղբիւրին, ինչպէս աղքատը՝ երկնային թագաւորին, ինչպէս արարածը՝ իր Արարչին։ Ի՜նչ եմ ես, որ մօտենում եմ Քեզ, եւ ի՜նչ ես Դու, որ հաճում ես խոնարհել դէպի ինձ, ինձ համար կենաց հաց եւ հոգեւոր փրկութիւն դառնալու։ Հոգիս բորբոքւում է մարմինդ ընդունելու ցանկութեամբ, սիրտս ծարաւ է սրտիդ հետ միանալուն։ Ինչպէ՜ս կարելի է ճանաչել քեզ ու չսիրել։ Տէր, ինչպէ՜ս կարելի է սիրել ու չմիանալ Քեզ հետ։ Զարթեցրո՛ւ սիրտս թմրութիւնից, որ հոգով ճաշակեմ քաղցրութիւնդ, լուսաւորիր աչքս, որ լաւ տեսնեմ այս մեծ խորհուրդը, ամրացրո՛ւ ինձ, որ չտատանուեմ հաւատիս մէջ։ Մեղաւոր եմ, Տէր, առաջին մեղաւորը աշխարհիս վրայ, բայց է՛լ չեմ ուզում մեղաւոր մնալ։ Հաւատում եմ քեզ, Տէր, օգնիր անհաւատութեանս։ Չեմ համբուրում քեզ Յուդայի համբոյրով, չեմ փոխի քեզ ողջ աշխարհի հետ, չեմ ծախի քեզ ոչ մի գնով, միայն օգնիր ինձ, որ անդատապարտ հաղորդուեմ քո սուրբ խորհրդին։ Լուսաւորիր միտքս, փոխիր սիրտս, ուղղիր կեանքս, սանձիր կրքերս եւ իբրեւ Աստուած՝ թագաւորիր վրաս։

***

Հաղորդուելուց յետոյ եկեղեցին ձայն է տալիս։ «Դուք որ հաւատով ընդունեցիք աստուածային, սուրբ երկնային, անմահ, անարատ եւ անապական խորհուրդը, շնորհակալ եղէք Տիրոջը»։ Սա մի գոհանալու հրաւէր է, երախտագէտ լինելու յորդոր է։ Յիրաւի, ով որ չէ յիշում իր ստացած բարիքը, նա ոչ միայն արժանի չէ աւելի մեծ բարիք ստանալուն, այլեւ արժանի չէ՛ հէնց նրան, ինչ որ արդէն ստացել է։ Օրինակներ են եղել, որ մարդ իր անձը զոհել է բարեկամի համար, բայց լսե՞լ ես երբեւիցե, որ մէկը մեռած լինի իր թշնամեաց համար, իր թշնամեաց փոխարէն։ Ամէն մեղաւոր՝ Աստուծոյ թշնամին է, բայց Աստուած մեռաւ մեզ համար, մեր փոխարէն։ Եւ ինչպէս մեռաւ. ինչպէս չեն մեռնում այժմ նոյնիսկ աւազակները։ Յիսուս մեռաւ խաչի մահով, անարգ ու խայտառակ մահով։ Լսե՞լ ես, որ մարդ մեռնելիս կտակի, որ իր մարմինը կտոր-կտոր անեն, բաժանեն քաղցածներին, որ նրանք սովամահ չլինին, իր արիւնը խմեցնեն մեռնողներին, որ նրանք շունչ առնեն, կենդանանան։ Իսկ Յիսուս, ինչպէս Սիոնի վերնատան մէջ կտակեց իր աշակերտներին, ամէն օր նորից զենուում է եկեղեցու ս. սեղանի վրայ, մաս-մաս կտրատուելով, եւ մենք ճաշակում ենք, որ մեր հոգին յաւիտեան չմեռնի։ Ահա՛ թէ որքան մեծ է մեր ստացած բարիքը, բայց ինչպէ՛ս պէտք է շնորհակալ լինենք։

Շնորհակալութիւնը պէտք է հաւասարուի ստացած բարիքին, զոհաբերութեանը պետք է պատասխանել զոհաբերութեամբ։ «Մենք էլ Յիսուսի վէրքերի փոխանակ պէտք է վէրքե՞ր կրենք։ Նրա արեան փոխանակ մեր արի՞ւնը թափենք» կը հարցնես դու։ Ո՛չ, չսարսես դրանից. արեան հոտն իսկ սոսկում է պատճառում մեզ։ Մեր ժամանակներում հաւատացեալին էլ խաչը չեն բարձրացնում, այլ խաչով են պսակում։ Մենք ունենք ուրիշ վէրքեր, ուրիշ չարչարանք, ուրիշ մահ։ Կայ մի  ուրիշ Գողգոթա, կայ մի ուրիշ խաչ, որի վրայ կարող ենք բարձրանալ ու խաչուիլ։ Մեր սրտերում բուն դրած չարութիւնները մեռցնելն է այն մահը, որ պահանջում է մեզնից Յիսուս։ Մաքուր, անբիծ կեանքն է այն խաչը, որի վրայ իբր չարչարուելով՝ խաչուում է մեր սիրտը։ Միմեանց օգնելը, իրար սիրելը, սիրով խնդա՛լն է այն սուրբ կեանքը, որ պահանջում է մեզնից անարիւն զոհը։ «Մենք շատ ենք,- ասում է առաքեալը,- բայց միասին կազմում ենք մի մարմին, որովհետեւ մի հացից ենք հաղորդուում»։ Մի հաց ենք ուտում, ուրեմն, ամենքս էլ միեւնոյն զգացմունքը պէտք է ունենանք, միեւնոյնը մտածենք։ Մի բաժակից ենք խմում, ուրեմն մէկ սիրտ պէտք է ունենանք, իրար համար միատեսակ պէտք է բաբախեն մեր սրտերը, մի հոգի պէտք է լինենք շատ մարմինների մէջ, ինչպէս Յիսուս բնակում է մեր մէջ, մենք էլ՝ Նրա մէջ։ Ինքն էլ այդ հրաւէրն է կարդում, այդ խոստումն է անում մեզ՝ «Ով ուտում է Իմ մարմինը եւ խմում է Իմ արիւնը, նա Իմ մէջ կը բնակուի, Ես էլ՝ նրա մէջ»։

«ՊԱՐԶ ՔԱՐՈԶՆԵՐ»

«Ժողովրդական ընթերցանութեան համար» գրքույկից

Վաղարշապատ

1898

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s