Միքայել Ա Սեբաստացին, ըստ Առաքել Դավրիժեցու, առաջին գահակալող կաթողիկոս է դարձել  1567 թվին։ Նրա աթոռակիցներն էին Բարսեղ Գ եւ Գրիգոր ժԲ կաթողիկոսները։ Սակայն Բարսեղ Գ-ն մահացավ 1567 թվին, որի փոխարեն Միքայել Սեբաստացին աթոռակից դարձրեց Ստեփանոս Զ Առնջեցուն։

Ստեփանոս Զ Առնջեցի կաթողիկոսի գործունեության մասին հիշատակներ չեն պահպանվել։ Անտարակույս, երկար չի ապրել, քանի որ երբ Գրիգոր ԺԲ-ն աթոռակալեց, այլեւս նա չի հիշատակվում, ինչը հավաստում է, որ նա մահացել է դեռեւս Միքայել կաթողիկոսի օրոք։ Ինքը՝ Միքայելը, մահացավ 1576 թվին, եւ առաջին գահակալ դարձավ Գրիգոր ԺԲ-ն։

Թուրքական սուլթան Սուլեյմանը մահացավ 1566 թվի սեպտեմբերի 6-ին՝ Հունգարիայում, իսկ նույն ամսի 24-ին նրա որդին՝ Սելիմ Բ-ն, թագավորեց Կոստանդնուպոլսում։ Պարսից շահ Թահմազը շտապեց առատ ու թանկարժեք նվերներով դեսպանություն ուղարկել Կոստանդնուպոլիս՝ Երեւանի կուսակալ Շահկուլի սուլթանի գլխավորությամբ։ Դրանով հաշտությունը երկու երկրների միջեւ նորոգվեց։ Այնպես, որ Միքայելի գահակալության տասը տարիները խաղաղությամբ անցան։ Որ Միքայելը գործել է, կասկածից վեր է, բայց տեղեկություններ մեզ չեն հասել։ Հասկանալի է, որ պահպանվում էին հարաբերությունները կաթողիկոսի եւ Աբգարի միջեւ։ Ինչպես նշել ենք Ստեփանոս Ե Սալմաստեցու կապակցությամբ, Աբգարը 1565-ին գնում է Վենետիկ, որտեղ 1253 թվից հայերը հատուկ հյուրանոց ունեին, որը գտնվում էր հայ վերակացուի կամ հայ եպիսկոպոսի հսկողության ներքո։ Նրանցից 1561-ին հիշվում է Նիկողայոսը, իսկ 1565-ին՝ Մելքիսեդեկ եպիսկոպոսը։ Ինչպես ասացինք, Աբգարը վախից երկար ժամանակ հայրենիք չվերադարձավ եւ որպես իր արդարացման միջոց՝ ձեռնամուխ եղավ տպագրության գործին, թե դա է եղել իր ուղեւորության պատճառը։ Մ. Օրմանյանը հակված է կարծելու, որ Աբգարի վախը լոկ պատրվակ էր, որ խափանի Միքայել կաթողիկոսի ժամանումը Հռոմ։ Պատճառը Պիոս Ե-ի պապ դառնալն էր, որը փոխում էր Աբգարի պլանները։ Մեծ ինկվիզիտորը նոր քաղաքականություն էր սկսել, իսկ Վենետիկը լիովին ենթարկվել էր դրան։ Այլ խոսքով՝ Աբգարը չէր կամենում վտանգի ենթարկել կաթողիկոսին։ Աբգարն էլ գտնվում էր ծանր կացության մեջ եւ չէր կարողանում հրատարակել ծիսական գրքերը։ Դրան խանգարում էին Վենետիկի եւ Հռոմի գրաքննադատները։ Նա կարողացավ միայն «Սաղմոսը» տպել։ Դրանից հետո նա հավաքեց իր գույքը՝ տպարանով հանդերձ, եւ եկավ Կոստանդնուպոլիս, որը հարմար էր որպես տպագրության կենտրոն եւ հնարավորություն էր տալիս արդարանալու օսմանյան իշխանությունների առաջ։ Անստույգ զրույց կա, թե նա սկզբում ձերբակալվեց, սակայն տպարանի փաստով ազատ արձակվեց։ Նա իր տպարանը հաստատեց հայոց Սբ Նիկողայոս եկեղեցում, այսինքն՝ Վլանկայի Սբ Նիկողայոս եկեղեցու բակում կամ մոտակայքում։

Թե ե՞րբ Աբգարը եկավ Կոստանդնուպոլիս, հայտնի չէ։ Հայտնի է, որ նա 1568-ին հրատարակել է «Տօնացոյցը», «Տաղարանը», «Ժամագիրքը», «Պատարագամատոյցը», սակայն փաստեր կան, որ արդեն 1567-ին նրա տպարանը պատրաստ է եղել, որտեղ տպվում է «փոքր քերականութիւն»՝ մանուկների համար։ 1569-ին Աբգարը գնում է Էջմիածին՝ Միքայել կաթողիկոսի մոտ, քանի որ տպագրության գործը Կոստանդնուպոլսում դժվարացել էր, եւ հավանական է կարծել, որ նա նույնիսկ տպարանն Էջմիածին տեղափոխած լինի։ Սակայն այդ մասին ոչ մի տեղեկություն չկա։ Այդ դեպքում էլ անհասկանալի է նրա Էջմիածին մեկնելը։ Շատ չանցած՝ Աբգարը մահանում է։

 

ԳՐԻԳՈՐ ԺԲ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑԻ

(1576-1590)

 

Գրիգոր ԺԲ-ին բախտ էր վիճակված հաջորդելու Միքայել Ա Սեբաստացուն 1576 թվին, երբ մինչ այդ մահացել էին մյուս աթոռակիցներ Բարսեղ Գ-ն եւ Ստեփանոս Զ-ն։ Գրիգոր կաթողիկոսն էլ առաջացած տարիք ուներ եւ աթոռակալեց 78 տարեկան հասակում։ Նա աթոռակից էր դարձել արդեն 1557 թվին եւ այդ կարգավիճակով մնացել էր 19 տարի։ Նա հովվապետելուն պես իրեն երկու աթոռակից նշանակեց՝ Թադեոս Բ-ին եւ Առաքել Ա-ին, ովքեր էջմիածինցիներ էին։ Աթոռակիցների գործունեության բաղկացուցիչն են դառնում գաղթավայրերում քարոզչությունը, նյութական օժանդակություն հավաքելը եւ եկեղեցական հսկողության իրավունքները։ Ճիշտ է, այդ կարող էին անել նաեւ նվիրակները, սակայն կաթողիկոսների՝ թեկուզեւ աթոռակից, այցելությունները գաղթավայրեր ավելի արդյունավետ էին։ Աթոռակից Թադեոսը 1577 թվի հուլիսի 21-ին ուղարկվում է Վենետիկ եւ մասնակցում Ջուդեքա կղզյակում կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքին՝ տեղ զբաղեցնելով Վենետիկի թեմակալ պատրիարքից անմիջապես հետո։ Հարկ է նշել, որ հայազգի Անտոն Սուրյանը կամ Սուրիացին նշանավոր է եղել Վենետիկում՝ նավաշինության բնագավառում։ Նա անգամ դեղ է պատրաստել ժանտախտի դեմ եւ շատերին բուժել ու փրկել մահից։ Եվ այդ կապակցությամբ էլ որոշել էր կառուցել ուխտի եկեղեցին։

Թադեոսի Վենետիկ ուղեւորության պատճառը հայտնի չէ։ Ճանապարհորդությունը կրոնական բնույթ չուներ, որովհետեւ նա Հռոմի պապին չհանդիպեց։ Ղ. Ալիշանն էլ գրում է, որ նրա Հռոմ գնալու մասին ընդհանրապես հիշատակներ չկան։ Թադեոսը Վենետիկում մնաց ընդամենը մի քանի ամիս, իսկ այնուհետեւ անցավ Լեհաստան, որտեղ բազմամարդ էին հայ գաղթավայրերը։ 1583 թվի հոկտեմբերի 21-ին՝ Սուլթանշահ Եվդոկացու կամ Մարգանտոնի գրած նամակի ժամանակ, նա արդեն գտնվում էր Մայր Աթոռում։

Այս շրջանում խաղաղությունն օսմանների ու պարսիկների միջեւ խախտվեց։ Հայաստանը կրկին հայտնվեց պատերազմի հորձանուտում։ Շահ Թահմազը մահացավ 1576 թվին՝ թունավորվելով կամ խեղդամահ արվելով բաղնիքում։ Նա իրեն հաջորդ էր նշանակել Հեյդարին, որը նույն օրը սպանում է իր եղբայր Իսմայիլին։ Սակայն Հեյդարին էլ խեղդեցին՝ ընդամենը 1,5 տարի անց։Գահ բարձրացավ շահ Թահմազի ավագ որդի Մուհամեդ Խուդաբանդան։ Գահակալական այս գզվռտուքին ուշադիր հետեւում էին Օսմանյան կայսրությունում, եւ թուրքերը հարմար գտան վերսկսել պատերազմը Պարսկաստանի դեմ։ Նպատակը, անշուշտ, նոր տարածքներ ձեռք բերելն էր։

1574 թ. դեկտեմբերի 21-ին Մուրադ Գ սուլթանը հաջորդեց իր հորը՝ Սելիմ Բ-ին։ Նա Մուստաֆա կամ Լալա անունը կրող փաշային նշանակեց արշավող բանակի հրամանատար, որը 1578 թվի հուլիսի 23-ին փայլուն հաղթանակ տարավ պարսիկների դեմ։ Դրան մեծապես նպաստեց այն հանգամանքը, որ պարսիկների խարդավանքներին զոհ դարձավ պարսից հրամանատար Համզան։ Սեպտեմբերի 8-ին նա կրկին հաղթանակ տարավ պարսիկների դեմ՝ Քանաք գետի ափին։ Հայաստանն ամբողջությամբ նվաճվեց։ Գրավվեցին կովկասյան գավառները։

Հասկանալի է, որ թուրքական տիրապետության տակ անցան նաեւ Երեւանը եւ Էջմիածինը։ Աղբյուրների հաղորդմամբ Լալա փաշան ավերեց Երեւանը եւ գերեվարեց 60000 մարդ։ Սակայն նրան հաջորդած Ֆերհադ փաշան Երեւանում ամուր բերդ կառուցեց։ Այդ նպատակով շատ եկեղեցիներ քանդվեցին, եւ դրանց քարերն օգտագործվեցին բերդի շինության ժամանակ։ Չքանդվեց միայն Երկու երես կոչված մեծ եկեղեցին՝ շնորհիվ Առաքել կաթողիկոսի՝ Ֆերհադին ուղղված խնդրանքի։ Բայց դա չխանգարեց, որ թուրք զինվորներն իրենց ձիերի հետ 30 օր ապրեն եկեղեցում։ Թուրք-պարսկական պատերազմը բավական երկար տեւեց։ Կռիվներում աչքի ընկավ Յուզդեմիր Օսման փաշան, որը հաջորդեց Ֆերհադ փաշային։ Պարսիկների կողմում աչքի ընկավ Մուհամեդ Խուդաբանդայի որդի Համզան, բայց ինչպես վերը նշեցինք, նա խարդավանքների զոհ դարձավ։ Զարմանալիորեն պարսից արքունիքում նրանից ավելի շատ էին վախենում, քան արշավող օսմաններից։ Պատերազմական գործողությունները շարունակվեցին մինչեւ 1584 թիվը։ Պատերազմին հաջորդեց ահավոր սովը, որն սկսեց պարզապես հնձել կենդանի մնացածներին։ Օսման փաշան, որ մի պահ Կոստանդնուպոլիս էր վերադարձել, 1585 թվին նոր արշավանք սկսեց Ատրպատականի ուղղությամբ՝ խորանալով Պարսկաստանի խորքերը։ Սակայն շուտով նա հիվանդացավ եւ մահացավ, իսկ պարսիկները մի քանի հաղթանակ տարան։ Օսմանները շարունակեցին պատերազմը եւ ստիպեցին պարսիկներին հաշտություն կնքել 1590 թվի մարտի 21-ին։ Լուրիստանը, Շահրիզորը, Շիրվանը, Ատրպատականը, Երեւանը, Վրաստանը եւ կովկասյան գավառներն անցան Օսմանյան կայսրությանը։ Պարսից պետության վիճակը ծանրացավ Մուհամեդ Խուդաբանդայի օրոք՝ հատկապես այն բանից հետո, երբ Համզան սպանվեց։ Գահակալական կռիվների ժամանակ մրցակիցների կողմից կուրացվեց Մուհամեդ Խուդաբանդան, եւ փաստորեն իշխանությունն անցավ Համզայի եղբայր Աբասին, որն իր հաջողությունների համար Մեծ տիտղոսն ստացած Շահ-Աբասն էր։ Նրա թագավորությունը, սակայն, գործնականում սկսվեց 1590 թվի հաշտությունից հետո, չնայած 1585 թվից շատ գործեր արված էին նրա անունից։ Հենց նա էլ գնաց հաշտության։

Պատերազմների հետեւանքով խիստ աղետալի վիճակի մեջ հայտնվեց Էջմիածնի Մայր Աթոռը։

Շարունակելի

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s