Ներբող

Ասված Քրիստոսի Ծննդյանը

 

Սկիզբը՝ 2009 թ. թիվ 23-24

 

Մանուկների Ստեղծիչը քեզնից կգոյացնի Իր մարմինը, կհագնի այն, եւ Կույսիցդ կծնվի Անծինի Որդին: Աշխարհի Ճարտարապետը, իջնելով քո սուրբ արգանդի եւ քո որովայնի ոստայնի մեջ, կհյուսի Իր հողեղեն ձորձը եւ կհագնի այն: Բարձրյալի զորությունը կմարմնանա քեզնից եւ չի փոփոխվի, եւ քո սրբությունից կթանձրանա անեղ Բանը եւ կմարդանա: Քո մաքուր բովի մեջ կձուլի ու կքանդակի Ադամի պատկերը եւ ամենակալ Աստված կխոնարհվի՝ ծնվելու քեզնից: Նկարագիրը, որ եղծեց չարը, կնորոգի ու կմիավորի Իր էությանը եւ Նրանով կգնի աշխարհը բռնակալի ծառայությունից: Անժամանակը կսկսվի քո որովայնում եւ մարմնանալով՝ իբրեւ մարդ կելնի աշխարհ: Ահա բնակվել է քո մեջ եւ չի բաժանվել Հորից, եկել է Քո մեջ, եւ երկինքն ու երկիրը լի են Նրանով: Քեզ պետք չէ մերձավորվել եւ ապա հղանալ, քանզի դա է սահմանված քո ամուսնության պարագայում։ Քեզ այր չի մերձենա՝ պտղաբերելու իրենից, քանզի Բարձրյալի զորությունն է քո կուսության պտուղը: Չի լուծվի քո կուսության կնիքը, քանզի լուսափայլ ճառագայթը կծագի եւ կբնակվի քո մեջ: Քո մտքից հանի՛ր մարմնավոր խորհուրդները, քանի որ քո Մանկուկը Աստծո Որդին է, եւ այլեւս մի՛ քննիր եւ մի՛ խորհիր, թե ինչպե՞ս, ո՞ւր, ինչպե՞ս եւ ինչի՞ համար, որովհետեւ Հորից Ծնվածն անքննելի է ու անհասանելի: Եվ որպեսզի հայտնապես հավատաս իմ խոսքերին, եւ քո սիրտը հաստատվի [այդ հավատի մեջ], ցույց տամ քեզ նշան. ահա Եղիսաբեթը՝ քո ազգականը՝ ծեր ամուլը, հղի է. նա իր օրերի վախճանին մանուկ կծնի, եւ այս ամուլ կոչվածի վեցերորդ ամիսն է, քանզի Աստծո համար անկարելի բան չկա: Նա կվկայի քեզ իմ խոսքերի մասին. Աստծո համար ամեն բան դյուրին է: Եթե գոսացած ամուլ որթն է պտուղ տալիս, ապա կույսիդ հղանալն ինչո՞ւ է անհնարին: Քո Զավակը անքննելի է ու անզննելի, եւ Նրա մասին այլ կերպ չպետք է հարցնել, այլ միայն սիրով: Երբ ես առաքվեցի՝ բերելու Նրա ավետիսը, չհամարձակվեցի քննել, այլ առանց հակառակվելու ավետարանեցի քեզ, ինչ որ լսեցի Նրանից: Չհամարձակվեցի հարցնել, թե ինչո՞ւ կամ ինչպե՞ս, այլ լուռ ընդունեցի Ահավորի հրամանը»:

Տեսե՛ք, քննողնե՛ր, որ հարցում կա, որ օգտակար է, եւ հարցում կա, որ չարիքի պատճառ է դառնում: Մարդ կա, որ քննում է եւ չի պակասում, քանզի ճշմարիտ է, եւ մարդ կա, որ քննում է եւ տարակուսանքի է տանում նրա գործը: Հարցվածքների խոսքերը երկու պատկեր են. մեկը՝ սիրո, մյուսը՝ հակառակության: Մարիամը, որ սիրով հարցրեց, չմեղադրվեց, քանզի իմաստությամբ կամեցավ ճշմարտությունն ուսանել, իսկ Զաքարիան, որ երկմտությամբ հարցրեց, պապանձվելով՝ իր դատապարտությունն ընդունեց: Նույն վարդապետին երկուսը միապես հարցրեցին, եւ նա երկուսին նույն կերպ չպատասխանեց: Հրեշտակը դատապարտեց քահանային, քանզի նա ասաց, թե՝ «Ես ի՞նչ կերպ կիմանամ այդ» (Ղուկ., Ա 18), իսկ Կույսին առանց մեղադրանքի տվեց մեկնության պսակը: Դարձյալ՝ գովվեց Թովմասի հավատը, ով չհավատաց, քանզի նրա անհավատության որովայնը ծնեց ճշմարտությունը: Եվան, որ չերկմտեց, մահ ճաշակեց, քանի որ հարցրեց, բայց չքննեց, եւ քանի որ հավատաց եւ չհարցրեց, կործանվեց: Ծերունի Զաքարիան համրացավ, որովհետեւ հարցրեց. քանզի տեղ կա, ուր չպետք է հարցնել: Մարիամը, որ հարցրեց, փակեց հերձվածողների քննությունը, քանզի եթե նա հարցրած չլիներ, նրա Զավակի պատճառով աշխարհում մեծ գայթակղություն կլիներ: Երբ լսեր, թե՝ «Տերը քեզ հետ է» (Ղուկ. Ա 28), եւ լռեր, հայհոյությունները, իբրեւ ծովի ալիքներ, կխեղդեին աշխարհը: Եթե հրեշտակի մեկնությունից հետո էլ դեռ շատ են գայթակղվողները, ապա եթե Կույսը հարցրած, եւ հրեշտակը բացատրած չլիներ, ի՞նչ չէին անի:

Կանանց մեջ օրհնյալ է Մարիամը, ով քննեց ճշմարտությունը եւ հրեշտակից սովորեց կատարյալ ճշմարտությունը: Առանց հարցման չէր լինի պատասխան, եւ առանց քննողի չէր լինի մեկնություն: Երբ հարցրեց. «Ինչպե՞ս կլինի ինձ այդ», լսեց, թե՝ «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, եւ Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ» (Ղուկ., Ա 34-35): Արդ, եթե Կույսի մեջ բնակվեց Սուրբ Հոգին եւ Բարձրյալի զորությունը, ապա ո՞վ կհամարձակվի Հորից կրտսեր ասել Նրան, քանզի Բարձրյալի զորությունը սիրելի Որդին է, եւ հենց Ինքն է Աստծո իմաստությունն ու բազուկը: Գաբրիելից առավել ո՞վ կներբողի ճշմարտությունը, եւ կամ հրեշտակապետի պես ո՞վ խոսքերով կկշռի ստուգությունը: Ո՞վ էր հասու հոգեղեն խորհուրդներին հոգեղենի պես, եւ կամ ո՞վ էր լողում կայծակների խորքերում, եթե ոչ հրեղենը: Ո՞վ կարող էր պատմել Աստծո Որդու մասին Նրա կարապետի պես, եւ կամ ո՞վ էր Իր Հոր սպասավորից առավել հավատարիմ: Եթե Նրա խորհրդակիցը հայտնեց, որ Նա Բարձրյալի զորությունն է, եւ տակավին ոմանք համարձակվեցին նվաստացնել Նրա ծնունդը, ինչպիսի՜ չարիքներ չէին գործի հերետիկոսները, եթե նա լռած լիներ: Տե՛ս, թե որքան լավ է, որ Մարիամը հարցրեց, քանզի եթե լռած լիներ, այդպիսի ճշմարտությունը երկրի վրա ծագած չէր լինի: Հարցրեց, սովորեց եւ այնուհետեւ չթերացավ: Փակեց հերձվածողների բերանները եւ կնքեց խոսքերը, որպեսզի ոչ ոք չքննի անքննելին: Իր սրտից դուրս հանեց բոլոր խորհուրդները եւ սիրով ցողեց իր ներքին սենյակը սուրբի առջեւ: Իր տունը լցրեց սրբությամբ ու առաքինությամբ եւ նրա պատերը զարդարեց արդարության գործերով: Նրա մեջ լուսավոր մարգարիտներ կապեց խոնարհությամբ, ակներ՝ հեզությամբ եւ անուշահոտ ծաղիկներ՝ լռությամբ: Կուսական պատմուճաններով փափկեցրեց արքունական հողը եւ նրա վրա սփռեց ճշմարտության պայծառ ձորձերը: Իր լապտերի մեջ լցրեց գովելի ողորմածության ձեթը եւ իր տաճարը լուսավորեց աստվածային իմաստությամբ: Իր բուրվառը վառեց ջերմ հավատով եւ անուշահոտություն բուրեց իր աղոթքներով: Նրա մեջ ընդունելի խունկ լցրեց օրհնության երգով, եւ նրա տաճարից անդադար փառաբանության ձայն հնչեց:

Մեծ Թագավորից հրամանը ելավ, եւ դրանից հետո լսելիքի դռներով մտավ Թագավորի Որդին: Երբ Կույսը հրեշտակին ասաց, թե՝ «Ահա ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ., Ա 38), տվեց խոսքը եւ Մանկանն ընդունեց իր մեջ: Այնպես չէ, ինչպես ոմանք են ասում, թե՝ հրեշտակի գալուց առաջ իջավ Կույսի մեջ. եթե այդպես լիներ, զարմանալի չէր լինի: Բայց պետք էր նախ ավետել Կույսին, իսկ նա իր բարի կամքով եւ սուրբ ազատությամբ ընդուներ Նրան: Գովելին այն է, որ Նրա գալուստը խոնարհությամբ եղավ։ Ինչպես Մովսեսը, ով ժողովրդին ավետեց, թե իջնում է Բարձրյալը, եւ երբ մաքրվեցին ծերերն ու Մովսեսը, Բարձրյալն իջավ Սինեական լեռան վրա, այդպես էլ Գաբրիելն ավետեց, եւ նա մաքրվեց Սուրբ Հոգով եւ եղավ աստվածաբնակ տաճար: Լուսափայլ ճառագայթը ծագեց Մարիամի մեջ եւ չբաժանվեց Հոր էությունից: Իջավ եւ բնակվեց անարատ սրբուհու մեջ եւ բարձունքներում ճոխանում էր Իր Հոր աջ կողմում: Մտավ հողեղեն արգանդի մեջ, եւ երկինքն ու երկիրը լի են Նրա փառքով, Կույսի ծոցում էր եւ քերովբեական կառքին, ամբողջովին Մարիամի մոտ եւ ամբողջովին Իր Հոր մոտ եւ բոլորի մոտ: Նստած քերովբեների վրա եւ մարմին հագած, բայց գտնվում է բոլոր սահմաններում: Զարհուրում են դասերը, հիանում են հույլերը, սքանչանում են զորությունները, դողում են լեգեոնները, գոչում են գնդերը, բարբառում են հրեշտակները, օրհնում են քերովբեները, սրբասաց սերովբեները Նրա մեծության փառաբանությունն են վեր առաքում, եւ Ինքը բնակվում է Կույսի որովայնում՝ երկրորդ երկնքում, որ հաճեց արարել երկրի վրա: Իր ձեռքով բռնեց աշխարհի երասանակները եւ տնտեսում է դրանք, եղավ Մանուկ Կույսի մարմնեղեն արգանդում: Չափել է ամբողջ աշխարհը թզով եւ այն տարել փոքրիկ մի տեղ՝ Մարիամի գիրկը: Նրա իշխանությունը սփռված է երկնքում ու երկրի վրա, իսկ Ինքը բազմած է Իր աղախնի եւ մոր արգանդում: Ինքն է ստեղծում մարդկանց պատկերը արամբիների որովայնում եւ նույն Ինքը նկարում է Իր մարդեղության պատկերը: Ինքն է ձուլում բանականների անձերը կանանց որովայնում եւ Ինքն է նյութում Իր մարմինը Մարիամից, միավորում Իրեն եւ Կույսից դրոշմում Իր անդամներն ու զգայարանները: Կենդանություն է փչում բոլոր մարմիններին եւ Ինքը շնչավոր մարմին առնում մարդկային ազգից:

Լուսավորվեցին սրբուհու միտքն ու խորհուրդները Աստվածորդով, Ում կրում էր: Պայծառացավ ու փայլեց նրա գեղեցկությունը, ցնծաց եւ ուրախացավ թագավորների Տիրոջով, Ով բնակվում էր իր մեջ: Եվ առավել էր զարմանում ու զարհուրում, ամաչում, երկնչում եւ դարձյալ քաջալերվում, զվարճանում, մեծանում, պայծառանում: Վեր կացավ, գնաց Եղիսաբեթի մոտ եւ ողջունեց ամուլին նրա տանը: Կույսը, կրելով խաշների Տիրոջը, ելավ՝ տեսնելու ամուլ ոչխարին, որ պատրաստվում էր ծնելու գեղեցիկ գառանը: Անբիծ աղավնին Հոգու զորությամբ թռավ թեւերով եւ հասավ Հուդայի քաղաքը՝ տեսնելու ծեր արծվի ձագին եւ ուրախանալու նրանով: Ընթացավ եղնիկը՝ տեսնելու ամուլին, ով կրում էր գեղեցիկ եղջերուին, գնաց՝ տեսնելու Ահարոնի դստեր մանուկ որթին: Թագավորը, նստած Իր փառքի կառքը, գնաց՝ տեսնելու եւ ողորմածությամբ ողջունելու Իր ծառային: Աստվածաբնակ տաճարը հետիոտն գնաց, որպեսզի լուսավորի աղքատի որդի կարապետին իր հոր տանը:

Երբ ծառան Թագավորին մոտ տեսավ, հույժ զարհուրեց եւ դողալով երկրպագեց Նրան: Փայլեց Արարչի զորությունը, եւ մանուկը խաղաց, խայտաց ու ցնծաց իր մոր արգանդում: Առյուծի կորյունը, որի մասին գրեց Հակոբը (տե՛ս Ծննդ., ԽԹ 9), ծածկաբար մռնչաց, եւ նրա ձայնից սարսափեց ղեւտացի որթը: Թագավորի Որդու առջեւ ուրախությամբ խայտաց մանուկը, ինչպես որ տապանակի առջեւ խայտաց նրա հայր Դավիթը: Նեղեց իր մորը՝ շուտափույթ ելնելու եւ երկրպագելու Թագավորին ու Նրա մորը:

Այնժամ Սուրբ Հոգին շնորհ պարգեւեց Եղիսաբեթին՝ քարոզելու եւ Նրա մորը հայտնելու ճշմարտությունը: Ահարոնի դստեր քնարին շարժվեց մարգարեության մատը, եւ նա սկսեց բարձր ձայնով երգել կատարվելիքի մասին.

«Որտեղի՞ց է այս ինձ, որ իմ Տիրոջ մայրը գա ինձ մոտ, Հզորի Որդին գա աղքատիս որդու մոտ:

Որքա՛ն երանի է ինձ, որ տեսա քեզ՝ երանելիիդ, նոր երկնքիդ, որ եղար երկրի վրա եւ եկար ինձ մոտ:

Քերովբեական կառքը փոքր է քեզնից, քանզի նա նմանությամբ է կրում քո Որդուն, իսկ դու՝ ճշմարտությամբ:

Քո զգայարաններն առավել պայծառ են, քան բոցեղեն անիվները, քանզի դրանք շարժում եւ վարում է Նա Ինքը, Ով բնակվում է քո մեջ:

Ահավոր ես դու Սինեական լեռան ամպից ու մեգից առավել, քանզի ահա քո մեջ է իջել Նա, Ով, ինչպես ասաց Մովսեսը, էր եւ է:

Ահա երբ քո ողջույնի ձայնը ընկավ իմ ականջը, իմ որովայնում ցնծալով խաղաց մանուկս եւ մեծապես նեղեց ինձ, որ ելնեմ, եթե քո Որդու զորությունը չարգելեր ինձ»:

Մարիամը հույժ ուրախացավ, որ ամուլը նույնպես վկայեց իր հղիության մասին:

Մարիամը նրա մոտ մնաց երեք ամիս:

Շարունակելի

Գրաբարից փոխադրեց Մարթա ԱՐԱԲՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s