Սկիզբը՝ 2009 թ. թիվ 24

 

Քանի որ մեր Եկեղեցին հունվարի վեցին տոնում է նաեւ Աստվածհայտնության տոնը, ուստի թե՛ տոնախոսական բնույթի գործերում Ս. Ծննդյանը նվիրված քարոզներին եւ ճառերին հաջորդում են մկրտությանը նվիրվածները, եւ թե՛ տերունական պատկերների շարքում սուրբծննդյան մանրանկարների եւ որմնանկարների կողքին ներկայացվում են մկրտության պատկերները, որոնց կենտրոնում մինչեւ ուսերը կամ գոտկատեղը Հորդանանի մեջ ընկղմված Քրիստոսն է: Տիրոջ ձախ կողմում Հովհաննես Մկրտիչն է, իսկ աջում՝ մկրտվող Հիսուսին սպասավորող հրեշտակները: Գետում Հիսուսի շուրջը խայտացող ձկներ են, ոտքերի տակ՝ հաղթված վիշապը, որի փոխարեն երբեմն պատկերվում է նաեւ Հորդանանի արքա անվանվող անձնավորությունը, ափին ծառի կամ թփուտների մեջ խրված մի կացին եւ վեր խոյացող խաչ, իսկ վերեւից՝ կենտրոնում գտնվող Հիսուսի վրա է իջնում աղավնակերպ Սուրբ Հոգին:

Հովհաննես Մկրտչի ծնունդից մինչեւ նրա քարոզությունն ընկած շրջանի մասին միակ ավետարանական վկայությունը Ղուկասի Ավետարանի «Եվ մանուկն աճում ու զորանում էր հոգով եւ մնում էր ամայի տեղերում՝ մինչեւ Իսրայելում նրա երեւալու օրը» (Ա 80) խոսքերն են, որոնցից երեւում է, որ Հովհաննես Մկրտիչը միայնակ մեծացել է անապատում: Այս, ինչպես նաեւ «Հովհաննեսն ուղտի մազից զգեստ ուներ եւ կաշվե գոտի՝ իր մեջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր» (Մատթ. Գ 4) խոսքերում նա պատկերվում է որպես մազախռիվ միայնակյաց մի անապատական:

Ժամանակի տարածված ըմբռնմամբ, Մեսիայի գալստյանը նախորդելու կամ համընկնելու էր Եղիայի գալը, որն օծելու էր Մեսիային եւ հավաստելու Նրա մեսիականությունը: Ահա այս պատճառով Հովհաննես Մկրտիչը նույնացվում էր Եղիայի հետ: Անգամ հրեշտակի՝  Զաքարիային տրված ծննդյան ավետիսում է ասվում. «Նա Եղիայի հոգով եւ զորությամբ պիտի գնա Նրա առջեւից» (Ղուկ. Ա 17):

Նման զուգահեռին նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ Եղիան Հին Ուխտի անապատականն էր, իսկ Հովհաննեսը՝ Նորի, եւ երկուսն էլ խարազանում էին կեղծիքն ու անարդարությունը:

Երբեմն Հովհաննեսը ներկայացվում է ձեռքում մկրտության կոնք՝ մկրտիչի իր առաքելության խորհրդանիշը:

Հովհաննեսն անապատից դուրս է գալիս երեսուն տարեկանում, քանի որ համաձայն եբրայական օրենքի՝ քարոզել կարելի էր միայն այդ տարիքից: Նույն այս պատճառով երեսուն տարեկանում է մկրտվում նաեւ Հիսուսը, քանի որ այս մկրտությամբ սկսվելու էր դեպ խաչի ճանապարհը տանող քարոզությունը:

Մկրտությամբ Տիրոջ՝ դեպի խաչելություն ընթանալն է խորհրդանշում Հորդանանի վրա պատկերվող խաչը, որը միաժամանակ հիշատակությունն է այն խաչի, որը կանգնեցված է եղել Հորդանան գետում՝ Հովհաննես Մկրտչին նվիրված տաճարի մոտ:

Հովհաննես Մկրտչի՝ Հորդանանում մկրտելու ժամանակ ասած՝ «Կացինն ահա ծառերի արմատին է դրված, ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում եւ կրակն է գցվում» (Մատթ. Գ 10) խոսքերի հետեւողությամբ, գետի ափին ծառի բնի կամ թփուտների մեջ խրված մի կացին է պատկերվում:

Գետում մկրտվող Հիսուսի երկու կողմերում գտնվող ափերն անսովոր կտրտվածություն ունեն, ասես ցնցվում ու փլվում են: Արվեստագետ Լեւոն Չուգասզյանի բնորոշմամբ նման պատկերումը պայմանավորված է Դավթի սաղմոսների հետեւյալ տողերով.

 

Երկիրը սասանվեց Տիրոջ դիմաց՝

Հակոբի Աստծու դիմաց՝ Նրա՛ դիմաց,

Ով ժայռը դարձրեց ջրի վտակ

Եվ ապառաժն աղբյուրի ակունք:

 

Գետի երկու ափերը նման ընդգծված են, որովհետեւ Հորդանանում մկրտությունը մեկնիչները համեմատել են հրեաների՝ Կարմիր ծովն անցնելու հետ, քանի որ Կարմիր ծովով անցնելը մարմնավոր փրկության ազատությունը բերեց Մովսեսի առաջնորդած ժողովրդին, իսկ Հորդանանում մկրտությունը փրկություն բերեց մեղքերի գերությունից:

Ինչպես Կարմիր ծովով անցնողները հասան Ավետյաց երկիր, այնպես էլ մկրտությամբ Հորդանանն անցնողներն են արժանի դառնալու երկնքի արքայությանը:

Ինչպես Կարմիր ծովում փարավոնը խեղդվեց, այնպես էլ Հորդանան գետում կործանվեց մեղքի իշխանը՝ սատանան: Ինչպես որ ծովն էր կարմիր կոչվում, այնպես եւ Հորդանանը խորհրդանշող ավազանի ջուրն էր կարմիր՝ Քրիստոսի թափված արյամբ:

Գետում Հիսուսի շուրջը պատկերվում են խայտացող ձկները, իսկ ոտքերի տակ՝ կծկված կամ օձագալար մարմնով հանգույց եղած վիշապը՝ սատանան: Ձկները խորհրդանշում են Հիսուսի մկրտությամբ փրկված հոգիները, քանի որ Ավետարանում ձկներ են անվանվում մարդկային հոգիները, իսկ այդ հոգիների որսորդ առաքյալները՝ ձկնորսներ: Մանրանկարներում վիշապի փոխարեն երբեմն պատկերվում է Հորդանանի արքա անվանվող կերպարը, որն անբնական դիրք ունի եւ սատանայի գեղարվեստական կերպավորումներից մեկն է:

Նրա դիրքի անբնականությունը եւ ոչ պատշաճությունն արտահայտվում են նրանով, որ ի տարբերություն հայացքը Հիսուսին հառած մյուս կերպարների, նա շրջված դիրքով է եւ պատկերային արտահայտությունն է սաղմոսի «Հորդանանը ետ դառավ» տողի:

Ութերորդ դարի եկեղեցական մատենագիր եւ կաթողիկոս Զաքարիա Ձագեցին Քրիստոսի մկրտությանը նվիրված ճառում Հիսուսի անունից ասում է. «Եկա ջրով սատակելու մարդկանց կործանողին, Հորդանանի ջրերում փշրելու վիշապի գլուխը եւ հեթանոսների համար բացելու երկինք տանող ճանապարհը»:

Ավետարաններում թեեւ հիշատակություն չկա մկրտության ժամանակ հրեշտակների ներկայության մասին, սակայն նրանք, որպես Աստծո սպասավորներ, ներկա են Քրիստոսի կյանքի գլխավոր շատ դրվագներում: Այլ դեպքերում, սակայն, եթե նրանք փառաբանող հրեշտակներ են, այստեղ՝ սպասարկող, եւ սպասավորում են մկրտվող Հիսուսին: Այդ պատճառով նրանց ձեռքերին մկրտության ժամանակ անհրաժեշտ սրբիչներ, հանդերձներ եւ յուղի սրվակներ են:

Հրեշտակների դասը ներկայացվում է մեկ կամ մի քանի հրեշտակով: Նրանք Հիսուսին սպասավորում են կա՛մ գետի ափին կանգնած, կա՛մ էլ համաձայն իրենց երկնային բնույթի՝ վերեւից դեպի երկիր թեքված:

Մկրտության թեման եւ նրա վրա խարսխված մանրանկարները նշանավորվում են նաեւ նրանով, որ առաջին անգամ նրանցում է Սուրբ Երրորդությունը պատկերվում երեք անձերով՝ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի:

Մանրանկարների կենտրոնում գտնվող Հիսուսի գլխավերեւում՝ երկնքում, հայրական Աջն է, որից բխում եւ Հիսուսի վրա է իջնում աղավնակերպ Սուրբ Հոգին՝ համաձայն «Դա է Իմ սիրելի Որդին» խոսքերի:

Աստծո ձեռքը, լույսի ճառագայթները, որոնք իջնում են Հիսուսի վրա երկնքից եւ աղավնուց, ավելի են ընդգծում մկրտության տեսարանի աստվածահայտնության բնույթը:  Հայրական Աջից այս լուսագծերով վայր իջնող եւ Հիսուսի վրա հանգչող Սուրբ Հոգին տարածական միեւնույն հարթության վրա իրար է կապում Հայր Աստծուն եւ Որդուն՝ խորհրդանշելով միասնական եւ անբաժանելի Սուրբ Երրորդությունը:

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ

Բանասիրական գիտ. թեկնածու

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s