Միջնադարյան նուրբ ու պայծառ բանաստեղծի` Հովհաննես Թլկուրանցու վիպական ստեղծագործություններում կան նաեւ աստվածաշնչյան մոտիվներով մշակումներ: Ահա այդպիսի գեղարվեստական արժեքավոր մի գործ է «Վասն սուրբ Յովհաննու գլխատման» (Տե՛ս Ա. Չոպանյան, Յովհաննէս Թլկուրանցի («Անահիտ», Փարիզ, 1931, N 5-6): Այս տաղը հրատարակված է 1513-ին Վենետիկում տպագրված «Տաղարանում»: Տաղի իր օրինակը Չոպանյանը գտել է Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի N 615 ձեռագրում (Էրզրում, 1592): Ուրիշ օրինակ նրան հայտնի չի եղել) վիպական տաղը: Մատթեոսի Ավետարանում սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման մասին պատմող դրվագի հիման վրա ստեղծված այս գեղեցիկ տաղը մի յուրօրինակ քերթված է միջնադարյան գրականության մեջ:

Ուշ միջնադարում ստեղծված այս պատկերավոր ու հետաքրքիր տաղի աղբյուրը մասամբ Եփրեմ Ասորու հայտնի ճառն է` «Ի Յովհաննէս Մկրտիչն եւ իր կաքաքւումն Հերոդիադայ»(տե՛ս Հ. Հովհաննիսյան, Թատրոնը միջնադարյան Հայաստանում, Երեւան, 1978, էջ 222), մասամբ էլ հիշողություններով փոխանցված, իրականությունից ստացած հեղինակի կենդանի տպավորությունները, նրա վառ երեւակայությունը: Այս տաղը հրատարակող մեծանուն գրականագետ Արշ. Չոպանյանը ենթադրում է, որ որոշ մանրամասնություններ բանաստեղծը «թերեւս ինք երեւակայած է, կամ հայ ժողովրդական ավանդութիւններէ քաղած է, կամ թերեւս անվաւեր Աւետարաններու կամ Յայսմաւուրքներու մէջ գտած է» (տե՛ս «Անահիտ», էջ 5):

Այս թեմայով մեզ հասել է նաեւ երկու ուրիշ տաղ. մեկը Գրիգոր Նարեկացուն է վերագրված, մյուսն անանուն է (տե՛ս Ա. Չոպանյան, Հայ էջեր, Փարիզ, 1912, էջ 60-61 եւ 71-72): Իսկ «Թլկուրանցիի քերթուածը, աւելի ժողովրդական ոճով, երրորդ գեղեցիկ արտադրութիւնն է` նուիրուած Աւետարանի այդ խորախորհուրդ դրուագին, որ ԺԹ դարուն ֆլոպէրներու եւ Օսքար Ուայլտներու պիտի թելադրէր իրենց գրական հրաշակերտներէն երկուքը, եւ Կիւսթավ Մորօին` իր նկարներուն ամենէն մոգիչներէն մէկ քնինի» (տե՛ս «Անահիտ», էջ 5):

Բացառիկ նրբությամբ ու քնարականությամբ մեծատաղանդ Թլկուրանցին նկարագրում է ե՛ւ Հովհաննես Մկրտչի ծնունդը (Ղուկ. Ա), ե՛ւ սրբի գլխատվելու տեսարանները (Մատթ. ԺԴ): Հրեաստանի թագավոր Հերովդեսի ժամանակներում ապրող Զաքարիա քահանան ու նրա կինը` Եղիսաբեթը, զավակ չունեին, քանի որ կինն ամուլ էր: Եվ ինչպես Ալեքսիանոս ճգնավորի ծնողները, այնպես էլ նրանք տաճարներում խունկ էին ծխում, անվերջ աղոթում, կատարում Տիրոջ բոլոր պատվիրանները` զավակ ունենալու ցանկությամբ: Ինչքա՜ն նուրբ է բանաստեղծը պատկերում նրանց որդու` Հովհաննեսի ծնունդը.

«Յորժամ ծընաւ զՏէրն եւ զծառան,

Երկինք ‘ւ երկիր շնորհօք լըցան

Հովիւքն եւ մոգքըն շարժեցան`

Երկըրպագեն սուրբ ծընընդեան»

(տե՛ս «Անահիտ», էջ 6: Տաղից հետագա մեջբերումները եւս այստեղից են):

Մեծանում է սուրբը, քարքարոտ լեռներն անում իրեն բնակարան, ճաշակում «մարախ եւ մեղր», քարոզում մկրտություն եւ Հորդանանի ջրերում մկրտում Աստծո Որդուն` Քրիստոսին, որ «բառնայ ըզմեղըս զամենայն»:

Հովհաննես Մկրտիչը հանդիմանում է Հերովդեսին, որը կնության էր առել իր եղբայր Փիլիպոսի կնոջը` Հերովդիային.

«Օրէնք չէ քեզ առնուլ

Զեղբօրըդ կինն իժ ու գազան»:

Հերովդեսը բարկանում է նրա այս խոսքերից եւ նրան փակում բանտի մեջ, բայց ժողովրդից վախենում էր, որովհետեւ նորան ընդունում էին որպես մարգարե (տե՛ս Մատթ. ԺԴ): Իսկ Հերովդիան, որ անպատասխան սիրել էր Հովհաննեսին, վճռում է իր վրեժն առնել բանտարկված սրբից: Եվ թագավորի ծննդյան օրը նա զարդարում է իր դստերն ու պատվիրում.

«Գընա՛ եւ անդ խաղա՛,

Հանց որ ժողովքըն հիանան.

Խնդրէ՛ զգըլուխըն զՅովհաննու

Յորժամ պարգեւք քեզ խոստանան»:

Եվ չքնաղ աղջիկը պարում է այնպես գեղեցիկ, որ «յիմարեցոյց զթագաւորն», ու այնքան հաճելի թվաց նրան, որ Հերովդեսը խոստանում է տալ այն ամենը, ինչ որ նա ցանկանա: Իսկ աղջիկն արդեն գիտեր իր խնդրելիքը` Հովհաննես Մկրտչի գլուխը: Դժվարանում է մի պահ Հերովդեսը գոհացնել նրան, սակայն չէր կարող դրժել իր արքայական խոստումը եւ «առաքեաց դահիճ»` կատարելու հրամանը: Եվ ահա բերում են սրբի գլուխն ու տալիս աղջկան, իսկ նա էլ այն հանձնում «ի մայրն ամբարտաւան»:

Գլխատված Հովհաննես Մկրտչի մարմինն իր աշակերտները դնում են գերեզման, իսկ «հոգին գընաց առ մարգարէքն»։

Ասաց.

«Կուգայ անման արքայն.

Գայ եւ ամէնքս ազատ առնէ

Ի դըժոխոցն անդնդական.

Տանի ի դասն ի հրեշտակաց,

Ուրախութիւն եւ անվախճան»:

Իսկ Հերովդիայի դուստրը`

«Զիւր գործ չարիքն ի պաղն եհան.

Պաղըն եբաց ըզիւր բերանն,

Մէկ շուն մարմին երկու եղան,

Լաշըն գընաց ի կեր ձըկանցն,

Գըլուխըն մընաց սառցին բերանն»:

Աղջկա վիճակը տեսնելով` մայրը սարսափում է, զայրացած բողոքում Աստծու դեմ, անիծում Հովհաննես Մկրտչին, բարկությունից խելքը կորցնում է, իսկ դեմքը` կապտում.

«Ձեռքըն եւ ոտքըն կապւեցաւ,

Ի յառիքէն քար մի անկաւ,

Ի վերայ գլխոյն անկեալ ջարդաւ,

Որպէս պիւղծ շուն սատակեցաւ»:

Տունը փլվում է չար կնոջ վրա եւ գերեզման ունենալուն անգամ չի արժանանում: Իսկ սրբի գլուխը ծառաները դնում են մի պատուհանի առջեւ` խորհելով, թե նրա աշակերտները թերեւս «գին եւ կաշառ» տալով առնեն այն: Շատ ժամանակ անց գալիս են երկու աբեղաներ, որոնք Հովհաննես Մկրտչի գլուխն այնտեղ տեսնելով` վերցնում են ու տանում: Ճանապարհին՝

«Ի բրտին հանդիպեցան,

Վաճառեցին գուհարըն այն.

Բըրուտն առեալ տարաւ իւր տունն,

Նըշան արար խաչանըման»:

Չափազանց հուզական ու զմայլելի այս տաղն ավարտվում է Թլկուրանցուն բնորոշ բարեմաղթանքով.

«Ես` Յովհաննէս Թլկուրանցի,

Կարճ, համառօտ ասցի զայս բան.

Տէրն տայ ձեզ խաղաղութիւն,

Պահէ անփորձ եւ անսասան»:

«Վասն սուրբ Յովհաննու գլխատման» վիպական տաղն «այդ զմայլելի երգչին ամենէն նուրբ էջերէն մին է, ուր իւրաքանչիւր տողը թարմ ու լուսերանգ է գարնան ծաղկի պէս» (տե՛ս Ա. Չոպանյան, Հայ էջեր, էջ ԺԹ): Այս տաղը, կարծես, պատկերների մի հրավառություն է` ապշեցնող գեղեցկություններով համակված ու զարդարված: Մի սքանչելի պատկեր է Հերովդիայի դստեր պարի նկարագրությունը.

«Գընաց մըտաւ պիղծն ի ժողովն,

Հոն, որ իշխանքըն կուտեցան,

Զվիզըն կեռեց քան զքարբի օձ,

Զմէջքն ոլորեց քան զաղեղան:

Աչօք ‘ւ ունօք խնճով նայէր,

Բազուկ ձըգէր քան զուռ ճօճան,

Զոտքըն առեալմանիւ ճեմէր`

Ի լեգէհոն զօրքն ի նման:

Յիմարեցոյց ըզթագաւորն,

Շարժեաց ի ախտ պոռնըկութեան…»:

Այս տեսարանը հիշեցնում է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ հիշատակվող Նազենիկ վարձակի պարը, որի հոյակապ եւ անգերազանցելի նկարագիրը վերստեղցծել է հանճարեղ Դանիել Վարուժանն իր «Հարճը» պոեմում: Այդպես մենապարողները հիմնականում եղել են կանայք, իսկ պարը կոչվել է «Կաքաւ» (տե՛ս Հ. Հովհաննիսյան, Թատրոնը միջնադարյան Հայաստանում, էջ 221), որը շատ դեպքերում ունեցել է զգայական բովանդակություն եւ իմաստ:

Քանի որ եթե Տրդատը, Նազենիկին նայելով, «շամշելով վաւաշէր» (Խորենացի), կամ էլ Հերովդեսը հիացած ու ինքնամոռաց խոստանում է տալ այն ամենը, ինչ աղջիկը ցանկանար, ապա պետք է ենթադրել, որ նկարագրված այս պարը նման է եղել Հռոմի անկումից հետո Առաջավոր Ասիայում, հատկապես Ասորիքում եւ Բյուզանդիայում շատ տարածված կանացի հրայրքոտ ու պագշոտ մենապարերին (հայտնի է, որ արեւմտաեվրոպական հիստրիոնների եւ ժոնգլյորների թափառական խմբերում եղել են այդ պարը ներկայացնող պարուհիներ. տե՛ս նույն տեղում, էջ 222):

Շարունակելի

 

Վարդան ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s