ՓՐԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

 Մեր հյուրն է Տաթեւի վանքի վանահայր Տ. Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

 

— Հա՛յր սուրբ, ինչո՞ւ անհրաժեշտ եղավ Աստվածորդու մարդեղացումը, եւ ինչի՞ց փրկեց մեզ Քրիստոսը։

— Ինչպես Սուրբ Գիրքն է ասում, երբ պատվիրանազանցության պատճառով մարդն ընկավ դրախտային նախաստեղծ, երանական վիճակից, մեղքը դարձավ պատնեշ մարդու եւ Աստծո միջեւ, մարդն ընկղմվեց անգիտության խավարի մեջ։ Քրիստոսն Իր մարդեղությամբ, երկրավոր կյանքի տնօրինական խորհուրդներով մարդկանց փրկեց մեղքից, սատանայի ծառայությունից, հեթանոսական բազմաստվածությունից, կռապաշտությունից, դժոխքի հավիտենական տանջանքներից՝ բերելով ճշմարիտ աստվածգիտության լույսը։ Տիրոջ փրկագործությունն ինչպես լայն իմաստով ողջ մարդկության, այնպես էլ նեղ իմաստով յուրաքանչյուրիս համար է։ Փարիսեցիների այն հարցին, թե ե՞րբ պիտի գա Աստծո արքայությունը, Քրիստոսը պատասխանում է. «Աստծո արքայությունը դրսից տեսանելի ձեւով չի գալիս…. Աստծո արքայությունը ներսում՝ ձեր մեջ է» (Ղուկ. ժԷ 20-21)։ Պողոս առաքյալն ասում է. «Բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկվեցին Աստծո փառքից, բայց Նրա շնորհիվ ձրի արդարացան Քրիստոս Հիսուսի միջոցով եղած փրկությամբ» (Հռոմ. Գ 23-24)։ Ասում է՝ ձրի, որովհետեւ մենք ոչինչ չէինք կարող վճարել այդ փրկության համար, իսկ Քրիստոսի մի կաթիլ արյունը մեր

փրկության ողջ գինը վճարեց։ Յուրաքանչյուրս մեր մեջ պիտի փնտրենք այդ փրկությունը։ Ինչպե՞ս. նախ պետք է գիտակցենք, որ մեղավոր ենք եւ փրկության կարիք ունենք։ Քրիստոսն էլ եկավ հենց մեղավորների համար. «Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության» (Ղուկ. Ե 32)։ Փարիսեցիներն իրենց արդար էին համարում, ուստի Քրիստոսի բերած փրկությունը նրանց համար չէր։ Ուրեմն փրկության առաջնային պայմանը մեղավոր լինելու գիտակցությունն է, որ առաջնորդում է մարդուն փրկության։

— Հա՛յր սուրբ, իսկ ինչպե՞ս է մարդը գալիս այդ գիտակցությանը։

Յուրաքանչյուր մարդու մեջ դրված է այդ գիտակցությունը, որ խղճի ձայնն է։ Հիշենք Պետրոս առաքյալի ուրացության դրվագը։ Ե՞րբ նրա մեջ գործեց խղճի ձայնը։ Երբ աքաղաղը 3 անգամ կանչեց, «Տերը դարձավ եւ նայեց Պետրոսին», նա զղջաց իր ուրացության համար եւ «դուրս ելնելով՝ դառնորեն լաց եղավ» (Ղուկ. ԻԲ 61-62)։ Այս օրինակը խղճի ձայնի իրագործման ամենահստակ, ճիշտ տարբերակն է։ Խղճի ձայնը փորձեց խոսել նաեւ Հուդա առաքյալի մեջ։ Նա հրաժարվեց վերցնել քահանայապետերի տված 30 արծաթը, որովհետեւ հասկացել էր, որ մեղք է գործել։ «Արդար արյուն թափեցի»,- ասաց նա՝ զղջալով։ Նա ունեցավ մեղքի գիտակցություն, սակայն քանի որ իր հույսն ու հավատն այնքան զորեղ չէին, իսկ զղջումը Սուրբ Հոգու ներազդումով չէր, հուսահատվեց, ընկավ չարի ազդեցության տակ ու կախվեց։ Այս երկու ծայրահեղ դրսեւորումների միջեւ կա խղճի ձայնի դրսեւորման տարբեր կերպեր։ Հիշենք փարիսեցիների, օրենսգետների, քահանայապետերի օրինակը։ Նրանց մեջ գործում էր խղճի ձայնը, նրանք զգում էին, որ սխալ արարք են գործել, բայց Հուդայի նման անկեղծ չգտնվեցին, չխոստովանեցին, որ արդար արյուն թափեցին։ Այսօր շատերն են հրաժարվում Աստծո ընձեռած փրկությունից՝ խլացնելով իրենց խղճի ձայնը, խաբելով իրենց, թե իբր արդար են, նշանակում է՝  չեն զղջում։ Ուրեմն մեր մեջ եղած խղճի ձայնը մի պահակ է, որ մեզ միշտ մղում է զղջման ու ապաշխարության։ Հարկ է ժամանակին անսալ այդ ձայնին։

— Ճշմարիտ զղջմամբ եւ ապաշխարությամբ մարդը դարձի է գալիս առ Աստված, կտրվում է հին կյանքի կապերից, վերածնվում իբրեւ նոր մարդ՝ ընթանալով փրկագործության ճանապարհով։ Սակայն գիտենք, որ «անձուկ է դուռը, եւ նեղ՝ ճանապարհը»՝ լի փորձություններով ու դժվարություններով։ Ինչպե՞ս են հաղթահարվում դրանք, եւ ի՞նչ զոհողությունների պիտի գնա փրկության ուղիով ընթացող մարդը։

— Շատ կարեւոր է, որ մեր մեջ դրված Աստծո սերմն ընկնի պարարտ հողի մեջ եւ խոր արմատ ձգի, ինչպես Քրիստոսի պատմած առակում։ Աստծո Խոսքը սերմանվում է բոլոր մարդկանց մեջ։ Քրիստոսն ասում է, որ մի մաս սերմ ընկավ փշերի մեջ, որոնք եւ խեղդեցին այն։ Փշերն այս աշխարհի գայթակղություններն են, վայելքները, մեղքերը։ Նա, ով փրկության փափագ չունի, ով չի ցանկանում երկնքի արքայությունն ավելի, քան փողը, քան աշխարհային վայելքները, չի գիտակցում փրկության դերն ու նշանակությունն իր կյանքում, չի կարող հասնել փրկության։ Այդպես եւ Ադամը չգիտակցեց իրեն շնորհված մեծ պարգեւը՝ դրախտային շնորհները, ուստի կորցրեց դրանք։ Քրիստոսն ասում է. «Ո՛չ ոք իր ձեռքը մաճի վրա կդնի եւ ապա ետ կնայի, եթե հարմար է Աստծո արքայությանը» (Ղուկ. Թ 62), այսինքն՝ փրկության ուղիով ընթացող մարդն այլեւս ետ նայելու խնդիր չունի։ Այն մարդը, որ մեկ անգամ եւ ընդմիշտ ճանաչում է ճշմարտությունը եւ գնում այդ ճանապարհով, ճաշակում է աստվածային սերը, այլեւս հրաժարվում է այն ամենից, ինչը հեռացնում է իրեն Աստծուց, փրկության ճանապարհից։ Ձկնորսներն էլ, երբ լսեցին Քրիստոսի խոսքը, թողեցին ամեն ինչ ու դարձան մեծագույն առաքյալներ։

— Հա՛յր սուրբ, որքանո՞վ են կարեւոր մարդու ջանքերն ու աշխատանքը՝ Աստծուց իրեն տրված շնորհները պահելու եւ շատացնելու համար։

— Ինչպես Եկեղեցու սուրբ հայրերն են ասում, Ադամի դրախտից հետո Աստված մի նոր դրախտ տնկեց երկրի վրա, որը Եկեղեցին է։ Եվ ինչպես Ադամի դրախտում բոլոր ծառերը պտղաբեր էին, այնպես էլ նոր դրախտում՝ Եկեղեցում, անպտուղ ծառ չի կարող լինել։ Մեզ ամեն հնարավորություն տրված է պտղաբեր լինելու համար։ Եթե բարի պտուղ չտանք, մեր հավատի ծառը կչորանա, իսկ անպտուղ ծառն Աստծո պտղալից դրախտում երկար մնալ չի կարող։ Ադամն էլ, երբ անպտուղ դարձավ, կտրվեց եւ հանվեց դրախտից։

— Սբ Պողոս առաքյալը պատվիրում է. «Ահով եւ դողով դուք ձեր փրկության համար աշխատեցեք» (Փիլ. Բ 12)։ Ինչպե՞ս։

— Սբ Պողոս առաքյալը մեկ այլ տեղ պատվիրում է նաեւ մեղքի դեմ արյուն թափելու աստիճան պայքար մղել (տե՛ս Եբր. ԺԲ 4)։ Նախ պետք է պայքարել մտքի մաքրության ու սրբության համար, քանի որ յուրաքանչյուր մեղք նախ խորհում ենք մտքով, նոր միայն գործում։ Մաքուր միտքն աղոթքից առավել մեծ զորություն ունի։  Այնուհետեւ աշխատենք մեր լեզվի մաքրության համար, որովհետեւ «լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության…., որ ապականում է ամբողջ մարմինը» (Հակ. Գ 6)։ Երբ մարդն իր մեջ զգում է աստվածային շնորհների, Սուրբ Հոգու ներկայությունը, պետք է ահ ու դողով պայքարի՝ դրանք պահելու համար։  Եվ քանի որ մտավոր պայքարը շատ ավելի արագ է տեղի ունենում, քան մեր ֆիզիկական շարժումները, ուստի չարի դեմ պայքարը մղենք մտային արագությամբ, ուշիմ եւ զգոն լինենք, որ հաղթանակենք ու չպարտվենք։

— Հա՛յր սուրբ, կարելի՞ է ասել, որ այս ժամանակավոր կյանքը տրված է մեզ՝ փրկությունը, հավիտենականությունը ժառանգելու համար։

— Այո՛։ Համեմատենք ժամանակավորը հավիտենականի հետ։ Մեր կյանքը, որքան էլ լինի, 70-100 տարի է, մի ակնթարթ՝ հավիտենականության համեմատ։ Որքա՜ն մեծ շնորհ, մեծ հնարավորություն է տվել մեզ Աստված։ Տվե՛ք մի ակնթարթ եւ շահեք հավիտենականությունը։ Եվ եթե հանուն հավիտենականության ուզում եք զոհել այդ ակնթարթը, իմացեք, որ այդ էլ ապրած կլինեք, բայց եթե հանուն մի ակնթարթի անտեսեք հավիտենականը, այդ մի ակնթարթն էլ ապրած չեք լինի, որովհետեւ առանց Աստծո ապրած որեւէ կյանք ոչինչ է, իսկ Աստծով ապրած ամենակարճ կյանքն անգամ իմաստավորված եւ իսկապես ապրված կյանք է։ Հիշենք մի հետաքրքիր պատմություն. մի նշանավոր զորավար, շրջելով վանքի գերզմանոցում, գերեզմանաքարերի վրա տեսնում է տարօրինակ արձանագրություններ։ Նշված են լինում ծննդյան եւ մահվան տարեթվերը. բավական երկար ապրված կյանքեր, սակայն գրված է լինում. «Ապրեց 3 ամիս», կամ՝ «Ապրեց 5 ամիս»։ Զորավարը հարցնում է վանահորը, թե ինչ են նշանակում այդ արձանագրությունները։ Վանահայրը բացատրում է, որ այդ ննջեցյալների ապրած երկարատեւ կյանքի միայն այդ կարճ ժամանակահատվածն է եղել իսկապես ապրված, որովհետեւ նրանք այդ մի քանի ամիսն են ապրել իմաստավորված՝ աղոթքներով, Աստծով, բարեգործությամբ։ Այսօր եթե քննենք մեզ, կտեսնենք, թե մեր կյանքում որքա՜ն զուր ժամանակ ենք անցկացրել։

— Աստվածհայտնության քաղցրությունն ապրած, փրկության լուսավոր ուղին ընտրած մարդն ինչպե՞ս կարող է իր երախտագիտությունն ու շնորհակալությունն արտահայտել Փրկչի հանդեպ եւ երբեւէ կարո՞ղ է…

— Նախ՝ իր աղոթքներով, գոհաբանություններով։ Եվ ինչպես Աստված, Իր սիրուց մղված, ստեղծեց ողջ աշխարհը, այնպես էլ փրկությունը ճաշակած քրիստոնյան պիտի ցանկանա, որ ուրիշներն էլ լուսավորվեն, ճաշակեն աստվածգիտության քաղցրությունը։ Նա պետք է աղոթի նրանց համար, ջանա իր օրինակով, բարի գործերով լուսատու կանթեղ լինել՝ մարդկանց դեպի արդարության Արեգակն առաջնորդելու, փրկության ճանապարհին կանգնեցնելու համար։ Քրիստոսն ասում է. «Ճրագ վառելով՝ կաթսայի տակ չեն դնում, այլ աշտանակի վրա, եւ նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են» (Մատթ. Ե 15)։

Մեր ողջ կյանքը՝ ծնունդից մինչեւ մահ, փրկության ճանապարհ պիտի լինի, այսինքն՝ մենք մեր կյանքի ամեն վայրկյանը, յուրաքանչյուր պահը պիտի ապրենք հանուն երկնքի արքայության, մեր կատարած յուրաքանչյուր գործ պիտի հավասարակշռված լինի։ Մենք պիտի խորհենք. արդյո՞ք մեր մտածածը, մեր գործածը առաջնորդում է մեզ փրկության, բարի՞ է, Հիսուս Քրիստոսն այդպե՞ս կուզեր, որ մենք անեինք։ Եթե ապրենք այս կերպ, ապա երկնքի արքայությունը կհաստատվի մեր մեջ։

 

Հյուրընկալեց Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s