Ներբող

Ասված Քրիստոսի Ծննդյանը

 

Սկիզբը՝ 2009 թ. թիվ 23-24, 2010 թ. թիվ 1

 

Լրացան Եղիսաբեթի օրերը՝ ծնելու ճշմարտության քարոզչին: Նա եկավ ընկավ Մարիամի առջեւ, աղաչեց նրան ու ասաց. «Եկար ողջույնով, գնա՛ խաղաղությամբ, մե՛ծ Թագավորի մայր, քանզի պատշաճ չէ, որ Արքան ծառայի ծառային: Լավ չէ, որ ծառան բազմի, իսկ նրա Տերը կանգնի նրա առջեւ, եւ անհնարին է, որ կրակը ծառայի հարդին: Վե՛ր կաց, վերցրո՛ւ արդարության Արեգակիդ եւ գնա՛, քանզի եթե փոքրիկ ճրագս տեսնի Նրան, կաղոտանա Նա լույսից»:

Թագավորը դարձավ ծառայի տնից եւ եկավ Իր մոր տուն:

Եվ Կույսը, ով կրում էր բազմօրյա Մանկանը, եկավ Հովսեփի մոտ: Արդար Հովսեփը տեսավ նրան եւ հույժ զարմացավ: Նայում էր նրա հեզությանն ու ամոթխածությանը եւ մեծապես զարմանում, որ նա հղի է: Գիտեր, որ սուրբ է հոգով եւ մաքուր է սրտով, եւ չգիտեր՝ ինչ անի, քանզի Մանուկը խաղում էր նրա որովայնում: Պայծառ էր տեսքով եւ պարկեշտ կերպարանքով, բայց որովհետեւ կրում էր Մանկանը, արդարը չէր հանդարտվում: Տեսնում էր նրա առաքինի ու հրաշալի վարքը եւ զարհուրում, նայում էր նրա հղիությանն ու խռովվում: Որքան Հովսեփը երկայնամիտ էր լինում եւ անտեսում, որովայնն ինքնին աղաղակում էր Մանկան մասին: Եվ որքան նա կամենում էր պահել իր խորհուրդները, որպեսզի չհանդիմանի, տեսնում էր ուրիշներին, որոնք ակնարկ էին անում իրար: Եվ որքան խորհում էր չհանդիմանել սրբուհուն, տեսնում էր շատերին, որ մատնացույց էին անում նրան: Նեղվում էր Հովսեփը Մարիամի հղիության պատճառով. սրբությունից երկնչում էր խոսել, իսկ լռել չէր համբերում: Հեզությամբ եկավ եւ սկսեց խոնարհությամբ ասել.

«Ասա՛ ինձ, Տալիթա՛, անգիտությամբ ի՞նչ պատուհասի հանդիպեցիր:

Երեւելի՛ նավ, ո՞ւր ընկղմվեցիր արագ ընթացքիդ ժամանակ, եւ կամ ո՞ր ծովը խորասույզ արեց քո թանկարժեք գնումը:

Անբի՛ծ աղավնի, ո՞վ կտրեց քո գեղեցիկ թեւերը, ո՞վ հանեց քո երիտասարդության ծաղկագույն փետուրը: Հեզ ու հանդա՛րտ ծով, ո՞վ գողացավ քո մարգարիտները, ո՞ր ավազակը հափշտակեց քո մատանու կնիքը: Ամո՛ւր քաղաք, ո՞վ կործանեց քո պարիսպներն ու գերեվարեց ավարդ: Բարի՛ հող, ո՞վ սերմանեց քո մեջ նենգության սերմը, քանզի այդ խուրձդ մերից չէ»:

Մարիամը պատասխան տվեց ու ասաց. «Բավական է, Հովսե՛փ, մի՛ շարունակիր: Իմ Տերը վկա է, որ սխալ չեմ գործել: Իմ մեջ պահված է մարգարիտը եւ գողացված չէ, կնքված են մատանիները, եւ ոչ ոք չի քանդել այն: Ոչ ոք չառավ պայծառ մարգարիտը, որ քեզ համար էր խոսված: Պատվական քարը, որ քեզ էր ավանդված, կոտրված չէ: Իմ մեջ հաստատուն է իմ կուսության պսակը, եւ մեծագին զարդը կողոպտված չէ»:

Հովսեփն ասաց. «Մինչ այժմ ճշմարիտ էիր, եւ քո սրբության մասին բոլոր մարդկանցից առավել ես էի վկայում եւ ամեն ժամ ուրախանում էի քո արդարությամբ, եւ որ ստախոս չէիր, հաստատապես գիտեի: Բայց այժմ անհնարին է, որ ես հավատամ քո խոսքերին, քանի որ խոսքերից առավել գործերն են արժանահավատ: Ինչպե՞ս ընկալեմ քո առասպել խոսքերը, քանզի հաստատապես քո մեջ մանուկ եմ տեսնում: Պոռնկությանը մշտապես կցորդվում է սուտը, եւ խաբեությունը լծակից է գողությանը: Շնացողը, եթե անգամ երդվում է, սուտ է, քանզի մեկ չարիքը կարող է բազում չարիքներ ծնել: Քո խոսքե՞րը լսեմ, թե՞ հաստատ կատարած գործիդ հավատամ»:

Կույսը պատասխանեց ու ասաց. «Իմ խոսքերի [ճշմարտացիությունը] կուսությունս կվկայի, եւ այն, որ հղիացել եմ, ո՛չ ինձնից է եւ ո՛չ քեզնից: Եվ որ տղամարդու չեմ մերձեցել, ճշմարիտ է, հավատա՛ ինձ՝ ամուսնություն երբեք չեմ տեսել: Եթե ինձ չես հավատում, մեր ազգի մեջ իմաստուն կանայք կան. մի՞թե միայն ես ունեմ կուսության կնիք կանանց ազգի մեջ:

Եվ դարձյալ՝ տո՛ւր ինձ՝ խմելու փորձության ջուրը՝ ըստ Մովսեսի օրենքի: Ուրիշ ի՞նչ հավատարիմ վկա բերեմ քեզ, քան կուսությունն ու փորձության ջուրը: Իսկ եթե ե՛ւ ինձ, ե՛ւ նրանց սուտ ես համարում, իմ Որդին, որ Բարձրյալի զորությունն է, կվկայի, որ տղամարդ չեմ ճանաչում»:

Հովսեփն ասաց. «Ո՞վ կարող է հավատալ այդպիսի խոսքերի, քանզի ուրիշ նման օրինակ չկա: Ո՞վ է տեսել կուսությունն ու մանուկը մեկ որովայնում, եւ կամ ո՞վ է լսել լցված ստինքներն ու մատանիների կնիքը մեկ մարմնում: Կանանց մեջ երբեք չի եղել այդպիսի բան, որ կույսը հղիանա առանց տղամարդու: Ինձ համար դժվարին է հավատալ նոր ու օտար գործիդ, որին ո՛չ բնությունն է վկայում, եւ ո՛չ էլ՝ Գրքերը»:

Մարիամն ասաց. «Եթե իմ խոսքերին վկա ես փնտրում, դյուրությամբ կուսանես ե՛ւ Գրքերից, եւ բնությունից: Ո՞վ ամուսնացավ կույս հողի հետ, որ ծնեց Ադամին, եւ ինքը՝ Ադամը ո՞ր մերձավորությամբ ծնեց Եվային: Ո՞վ ամուսնացավ ծառի հետ, որ ծնեց խոյին, եւ կամ ո՞վ մերձեցավ վեմին, որ վտակներ բխեցրեց: Ո՞ր հողը հղացրեց գավազանին տապանակի մեջ, եւ կամ ո՞ր զորությունից ջուր բխեց էշի ծնոտից: Ո՞վ այսքան որովայններում այսպիսի զավակներ սերմանեց, որ դու միայն իմն ես անհնարին համարում: Եվ եթե չես հավատում բնությանը, լսի՛ր Սուրբ Գրքերին ու հոգեշունչ մարգարեներին: Չե՞ս կարդացել, թե ինչ է ասում Եսային. «Ահա կույսը կհղիանա եւ կծնի Էմմանուելին» (Ես. Է 14): Այս մարգարեն Քեզ ճշմարի՞տ է թվում, թէ՞ սուտ, հավատո՞ւմ ես արդյոք, թե՞ սրտիդ մեջ կասկած կա»:

Հովսեփն ասում է. «Երկուսից էլ վախենում եմ, եւ հարկ է, որ ես ստուգապես փախչեմ քեզնից: Քանզի եթե քո մանուկը ամուսնությունից է, քա՛վ լիցի ինձ՝ իմ սրբությունը միավորել այն անձին, որ ուրիշին մերձեցավ, իսկ եթե Սուրբ Հոգուց է, նույնպես արժանի չեմ՝ բնակվելու քեզ հետ: Այլեւս չեմ քննի, թե ով է կամ որտեղից է»:

Այս ասաց Հովսեփը եւ լռեց, որովհետեւ խորհում էր արձակելու Մարիամին:

Իսկ Մարիամը շատ վշտացավ նրա տրտմության համար, մայրաբար աղաչեց իր Որդուն եւ աղոթեց Նրան՝ իբրեւ Աստծու, հառաչեց՝ իբրեւ աղախին, ծնաղաբար խնդրեց Նրանից, ծածկապես հայցեց Նրանից, սիրով խոսեց Նրա հետ, իր մտքում իմաստությամբ խորհեց, քանզի մեծապես հուսացել էր իր Որդուն: «Ո՛վ ճշմարիտ Որդի իմ եւ Հոր Բան, Ում համար բազում զրպարտություններ կրեցի, ծագեցրո՛ւ Քո լույսը եւ լուսավորի՛ր Հովսեփի մտքի խավարը: Քանզի նա երկրավոր կարծիքով հայր անվանվեց Քեզ, հայտնի՛ր նրան Քո մոր ճշմարտութունը: Գթա՛, ողորմա՛ծ, արդարին ու անբիծին եւ մի՛ հեռացրու նրան քո աստվածային հայտնությունից, մի՛ թաքցրու նրանից Քո խորհուրդը, որպեսզի չկորչի, այլ հայտնի՛ր նրան Քո հայտնության մասին եւ ուրախացրո՛ւ նրան, որպեսզի մոռանա իր տրտմությունը:

Եվ քանզի արժանի եղա ես՝ նրա նշանածը, կրելու Քո Մեծությանը, մի՛ թողնիր, որ նա խեղդվի հերձվածի ալիքների մեջ, այլ խաղաղեցրո՛ւ նրան Քո հուսալից հավատով: Եղի՛ր, Տե՛ր իմ, Քո մոր վկան, քանզի շատ զրպարտեցին ինձ, եւ հավատացրո՛ւ Հովսեփին, որպեսզի նա շատերին հավատացնի»:

Եվ մինչ Հովսեփը տագնապում էր այսպիսի խորհուրդներից, քուն մտավ եւ ննջեց արդարն իր անկողնում:

Այնժամ Կույսի Որդին հրեշտակապետին հրամայեց հասնել նրա մոտ: Իջավ կարապետը, ով բերեց Թագավորի մոր ավետիսը, հայտնելու խորհուրդը Հովսեփ աստվածահորը: Հոգեղենը թռավ եւ արագորեն հասավ նրա մոտ՝ գիշերով երեւալով, որպեսզի նրա սրտից կորզի, հանի երկբայության խորհուրդը: Ահավոր փառքով երեւաց նրան, որպեսզի երկյուղից ճշմարտապես ընդունի նրա խոսքերը: Փչեց, ինչպես հողմը, փայլեց, ինչպես կայծակը, կայծեր թափեց իր թեւերից, ծագեց, ինչպես արեգակը, եւ տունը լցրեց իր ճառագայթներով: Փայլեց հրաշալի լույսը եւ զարհուրեցրեց Հովսեփին: Սկսեց խոսել եւ ասաց նրան. «Մի՛ վախենա, Հովսեփ՝ Դավթի՛ որդի»: Իր խոսքերի սկզբում մխիթարեց նրան. նա Դավթի որդի էր, եւ տեղեկացրեց նրան, որ Դավթի տնից է ծագելու Արքան, որի մասին գրեց Հակոբը (տե՛ս Ծննդ. ԽԹ 10), եւ որ Ռուբենի, Շմավոնի կամ Ղեւիի տնից պիտի լինի քո նշանած Մարիամը. հայտնի է, որ նրանցից չի ծնվելու Իշխանը, որ պիտի գա, այլ Հուդայից ու Դավթից պիտի լինի նրա տոհմը, ճշմարտապես նրանից պիտի ծագի Նա, Ով Տերն է թագավորությունների: «Արդ, դու մի՛ վախենա քեզ մոտ առնել Մարիամին, որովհետեւ նրանից Ծնվածը Բարձրյալի Որդի պիտի կոչվի. Նա պոռնկությունից չէ, ինչպես որ կարծում եք, քանզի նրա Որդին պիտի ջնջի պոռնկությունն աշխարհից: Նա Այն է, Ում մասին գրեց Եսայի մարգարեն. «Ահա կույսը պիտի հղիանա եւ որդի պիտի ծնի, եւ Նրա անունը Էմմանուել պիտի կոչվի, որ թարգմանվում է՝ Աստված մեզ հետ է» (Ես. Է 14): Եվ եթե այս բանը չլիներ, ապա Եսայիի մարգարեությունը սխալ կլիներ: Ահա խառնվեց Աստված մարդկանց հետ, ինչպես որ գրված է. «Ելա Հորից եւ եկա աշխարհ» (Հովհ. ԺԶ 28): Եվ այս ասելով՝ հրեշտակը գնաց:

Հովսեփն արթնացավ վախեցած, դողալով, ապշած ու զարմացած եւ փութապես խոնարհելով գլուխը՝ երկրպագում էր Կույսին, խոստովանում, փառաբանում եւ ասում էր. «Ողջո՛ւյն քեզ, սրբուհի՛, մեծ Թագավորի՛ մայր, երկրպագում եմ քեզ, քանզի կրողը եղար տերերի Տիրոջ, Ով բնակվում է քո մեջ:

Նա ստուգապես հրեշտակների Տերն է, Նրան են ծառայում հրեղենների դասերը, եւ Ինքն է Արարիչը բոլոր հոգեղենների»:

«Բայց ես կարծում եմ, որ դու չգիտես Նրա զորության մասին, քանզի ծածուկ է քեզնից»:

«Բայց ես Իր հրեշտակից իմացա Նրա մեծությունը: Եվ արդ, այժմ, որ գիտեմ, չեմ դադարի փառաբանել ու Նրա ճշմարտության մասին քարոզել զրպարտողներին: Եվ որովհետեւ երկմտեցի քո հղիութան պատճառով, ո՛չ կրակը, ո՛չ սուրը եւ ո՛չ էլ մահը չեն բաժանի ինձ Նրա սիրուց: Եվ որովհետեւ կամեցա արձակել քեզ, իբրեւ մեղավորի, քա՛վ լիցի ինձ, որ մինչեւ մահ չեմ թողնի քեզ՝ սրբուհուդ, այլ որպես աստվածաբնակ տաճարի՝ ուրախությամբ ու սրբությամբ կծառայեմ քո մեծությանը»:

Ընդունեց Հովսեփը Մարիամին եւ բնակվում էր սրբուհու հետ՝ պահպանելով նրան, հնազանդվում, հավանում, պատվում, երկրպագում, մեծացնում, սպասավորում, երկնչում, լսում էր նրան մեծ դողությամբ:

Սուրբ էր անձով եւ մաքուր սրտով ու մտքով: Մարմնավոր քերովբե եղավ աշխարհում Ճարտարապետի հյուսնը: Սերովբեները, թեւերով ծածկված, սրբասացությամբ փառաբանում են Նրան, եւ Կույսը աղքատի հարկի տակ կրում է Նրան, ինչպես բոլոր մանուկներին [են կրում]:

Երկինքը նեղ է՝ Նրա մեծությունը կրելու համար, իսկ աղքատի դուստրը կրում է Նրան իր ծոցում:

Նա, Ում հրամանով սնվում են բոլոր մանուկները իրենց մայրերի որովայնում, սնվում էր Կույսի որովայնում:

 

Շարունակելի

Գրաբարից փոխադրեց Մարթա ԱՐԱԲՅԱՆԸ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s