Տյառնընդառաջի տոնը նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն եւ անվանվում է «Տօն քառասնօրեայ գալստեանն Քրիստոսի ի Տաճարն»:

Երբ Հիսուսը ծնվեց, Նրան, ընդունված կարգի համաձայն, տարան Երուսաղեմի տաճարը, քանի որ ըստ Մովսիսական օրենքի՝ «Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի եւ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկաս Բ 23-24, տե՛ս եւ Ղեւտացոց ԺԲ 8):

Տաճար բերված Հիսուսին ընդառաջ են ելնում Սիմեոն ծերունին եւ Աննա մարգարեուհին: Սիմեոն ծերունին արդար ու աստվածավախ մարդ էր եւ Սուրբ Հոգուց նրան հրամայված էր այնքան ապրել, մինչեւ տեսնի Տիրոջ Օծյալին: Եվ երբ ծնողները Հիսուսին տաճար են բերում, Սիմեոնը գնում է Մանկանն ընդառաջ, գրկում, օրհնում Աստծուն եւ ասում. «Այժմ, ո՛վ Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային՝ ըստ Քո խոսքի, որովհետեւ աչքերս տեսան փրկությունը Քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար եւ փառք Իսրայելի Քո ժողովրդի համար»:

Նույն ձեւով իր գոհությունն է մատուցում նաեւ տաճարում գտնվող Աննա մարգարեուհին:

Տյառնընդառաջի պատկերներում ավետարանական պատմության հետեւողությամբ ընծայումը տեղի է ունենում Երուսաղեմի տաճարը խորհրդանշող կառույցի ներքո: Պատկերի կենտրոնում ցիբորիումն է (հովանոցաձեւ ծածկ), որի ներքո սուրբ խորանն է: Ինչպես որ ծննդյան մանրանկարներում մսուրը նաեւ ապագա զոհասեղանն էր խորհրդանշում, իսկ խանձարուրը՝ պատանքը, այնպես էլ այստեղ խորանի սեղանը, որպես զոհասեղան, խորհրդանշում է այս ընծայումից հետո սպասվելիք զոհաբերությունը՝ խաչելությունը:

Խորանի սեղանի երկու կողմերում համապատասխանաբար Մարիամն ու Հովսեփը եւ Սիմեոն ծերունին ու Աննա մարգարեուհին են: Մանուկ Հիսուսը պատկերվում է Մարիամի կամ Սիմեոն ծերունու գրկում եւ կամ էլ ձեռքից ձեռք է փոխանցվում:

Սիմեոն ծերունին մանրանկարներում պատկերվում է սպիտակամորուս, մեկ ձեռքով Հիսուսին գրկած, իսկ մյուսով՝ մի գալարափաթեթ բռնած:

Սիմեոնի փոխարեն ձեռքին նման մի գալարափաթեթ բռնած է ներկայացվում Աննա մարգարեուհին: Այս հանգամանքը պայմանավորված է թե՛ Սուրբ Գրքի՝ հինկտակարանյան եբրայական ձեռագրային ավանդույթով եւ թե՛ Սիմեոն ծերունու մասին պատմվող եկեղեցական ավանդությամբ:

Հին Կտակարանի գրքերից յուրաքանչյուրը հրեաները գրում էին առանձին գալարափաթեթների վրա: Միջնադարյան պատկերագրությունում այս գալարափաթեթները խորհրդանշում էին Հին Ուխտի տարբեր գրքերը, որի համար էլ Հիսուսի կյանքի տարբեր դրվագները ներկայացնելիս նկարի մի անկյունում հաճախ պատկերվում էր հիշյալ դրվագն ակնարկող մարգարեական կանխասացությունը՝ այն ասած մարգարեի ձեռքում բացված գալարափաթեթի վրա գրված մարգարեական բնորոշ տողով, ինչպես օրինակ՝ Ավետման մի շարք մանրանկարներում եւ կտավներում նկարի անկյուններում եւ ստորին մասում Հիսուսի ծննդյան համար մարգարեացած մարգարեներն են եւ նրանց ու հատկապես Եսայու «Ահա կույսն կհղիանա եւ կծնի որդի» (Եսայի Է 14) խոսքերը՝ գրված ձեռքերին պահած գալարափաթեթին:

Տյառնընդառաջի մանրանկարներում եւս Աննա մարգարեուհու ձեռքի գալարափաթեթին հաճախ տարբեր մարգարեական կանխասացություններ եւ բնորոշումներ են լինում, ինչպես օրինակ՝ 11-րդ դարում գրված Մուղնիի Ավետարանում Աննա մարգարեուհու ձեռքի գալարափաթեթին երկաթագիր դրոշմված է. «Այս տղայ է Արարիչ երկնի եւ երկրի»:

Սիմեոն ծերունին պատկերվում է առանձնակի ալեհեր, սպիտակամորուս ու ծերացյալ տեսքով, որը պայմանավորված է եկեղեցական հետեւյալ ավանդությամբ: Ասվում է, որ Սիմեոնը մեկն էր այն յոթանասուներկու թարգմանիչներից, որոնց ի մի էր հավաքել Եգիպտոսի Պտղոմեոս թագավորը մի կղզում, որպեսզի նրանք եբրայերենից հունարենի թարգմանեին Հին Կտակարանը: Ասվում է, որ Հին Կտակարանի գրքերից յուրաքանչյուրի թարգմանությունը հանձնարարված էր երկուական թարգմանիչների, որոնք առանձին էին մնում եւ թարգմանության ընթացքում միմյանց չէին տեսնում, ապա Պտղոմեոսի ներկայությամբ համեմատվում էր նրանց միմյանցից անկախաբար կատարած թարգմանությունները:

Սիմեոնին հանձնարարված էր թարգմանել Եսայու մարգարեությունը, որը թարգմանելով, երբ հասնում է «Ահա կոյսն յղասցի եւ ծնցի որդի» (Է 14) տողին, այն գրելուց հետո մտածում է, որ հեթանոսները կարդալով չեն հասկանա, ուստի ջնջում է այդ խոսքերը: Այնուհետեւ այն մտավախությունն ունենալով, որ այդ դեպքում էլ իր թարգմանությունը կտարբերվի իրեն զուգահեռ թարգմանող մյուս թարգմանչի թարգմանությունից, նորից վերականգնում է, քնելուց առաջ, սակայն, ջնջում է եւ տրտմած անկողին մտնում: Առավոտյան արթնանալով՝ տեսնում է, որ ջնջված տողը մագաղաթի վրա դրոշմված է ոսկեգիր եւ հիացած երանի է տալիս նրան, ով կտեսնի «զմանուկն կուսածին»: Այդժամ Սուրբ Հոգին նրան ասում է, թե մահ չես տեսնի, մինչեւ չտեսնես «զտղայն կուսածին, որ է օծեալ Տեառն»: Սիմեոնը այդ ժամանակ երիտասարդ էր եւ 344 տարի անց գալիս է այդ օրը, երբ Հովսեփն ու Մարիամը տաճար են բերում Մանկանը: Այդժամ Սուրբ Հոգուց Սիմեոնին ասվում է. «Արի՛, ծե՛ր, եկ ի տաճարն եւ առ ընկալ զոր հայցէիր, ահա կոյսն եւ Որդի իւր»: Ասվում է, որ Մանկանը գրկելուց հետո ծերունին խաղաղված սրտով ու հոգով վախճանվում է հենց տաճարում:

Մանկանը գրկելուց ծերունու ապրած ցնծությունը մանրանկարիչները վարպետորեն պատկերում են մարմնի դիրքով պայմանավորված ներքին ռիթմով եւ գունային խաղով: Այդ ցնծությունը պայմանավորված էր մարդկության Փրկչին գրկելով, որով եւ վերջ գտավ ծերունու տեւական սպասումը, ինչպես որ Ղուկասի Ավետարանում է գրված, թե Սիմեոնը, փառք տալով Աստծուն, ասում է. «Այժմ, ո՛վ Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային՝ ըստ Քո խոսքի, որովհետեւ աչքերս տեսան փրկությունը Քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ»:

Քանի որ Ավետարանում ասվում է, թե Սիմեոն ծերունին, իր գիրկն առնելով քառասնօրյա Հիսուսին, օրհնեց Աստծուն, այս խոսքերից ենթադրում են, թե նա Զաքարիայի նման հոգեւորական է եղել եւ տաճարի սպասավոր, որովհետեւ հոգեւորականներին է վերապահված օրհնելը: Վաղ քրիստոնեական ավանդությամբ Կյուրեղ Երուսաղեմացին եւս Սիմեոնին հոգեւորական է ներկայացնում՝ նրան Տիրոջ սպասավոր անվանելով՝ «Խոսք մեր Տիրոջ եւ Փրկչի Տաճար ընծայման եւ Սիմեոն աստվածազգյացի» ճառում: «Զգենուլ» գրաբարում նշանակում իրենում կրել, եւ Սիմեոնն այստեղ աստվածազգյաց է անվանվում, քանի որ կրեց, գրկեց մանուկ Հիսուսին:

Սիմեոնին հոգեւորական ու տաճարի սպասավոր համարելը միջնադարյան խորհրդաբանությամբ իր հերթին խորհրդանշում է Հին եւ Նոր Կտակարանների հանդիպումը, երբ Սիմեոնը գրկում է Մանկանը: Այս տեսարանը խորհրդանշում է եւ այն պահը, երբ եկեղեցին ընդունում է Քրիստոսին:

Նույն այս պատճառով Տյառնընդառաջի տեսարանում, որպես Հին եւ Նոր Ուխտերի խորհրդանիշ, խորանին պատկերվում են մանանայով սափորը եւ Հին Ուխտի տապանակը:

Ինչպես տեսանք, «Ղեւտացոց գրքում» պատվիրվում է, որ քառասնօրյա մանկանը տաճար բերելիս մայրը «մեկ տարեկան գառ թող ողջակեզ անի, մի զույգ աղավնի կամ տատրակ թող բերի մեղքերի քավության համար վկայության խորանի դուռը, քահանայի մոտ» (Ղեւտ. ԺԲ 8): Քրիստոնեական խորհրդաբանությամբ ասվում է, որ ինչպես Տերը մսուրում ծնվեց եւ ոչ պալատում, այնպես էլ Նրա ընծայման ժամանակ գառան փոխարեն ծնողներն աղավնի եւ տատրակ բերեցին, որովհետեւ ունեւոր չէին:

«Երգ երգոցի» նշանավոր «Ձմեռն անցավ, տատրակի ձայնը լսելի եղավ մեր երկրում» (Բ 12) տողի հետեւողությամբ Գրիգոր Տաթեւացին ասում է, որ տատրակի ձայնն ազդարարում է գարնան գալուստը, իսկ գարունը, որպես բնության հարության եղանակ, խորհրդանշում է Քրիստոսին:

Տաճար բերելիս տատրակների այս ընծայումը բացատրվում է մի շարք խորհուրդներով եւս: Նախ, որ տատրակը ողջախոհ է, ընկերոջը կորցնելիս միայնակ է շրջում, եւ նույն ողջախոհությամբ իրենց երկրային կյանքն անցկացրեցին Հիսուսը եւ Տիրամայրը:

Նույն այս պատճառով տատրակը նաեւ Եկեղեցու խորհուրդն ունի, թե ինչպես ընկերոջը կորցրած տատրակն է շրջում միայնակ եւ տրտում, այնպես էլ Փեսայից՝ Քրիստոսից, անջատ լինելով՝ Եկեղեցին է տրտմում եւ օրերը պահքով անցկացնում, մինչեւ որ հասնի երկնային Փեսային:

Նույն այս համաբանությամբ ու առավել մեծ ընդհանրացվածությամբ Տաթեւացին ասում է, որ երբ աղավնու ձագին մորթում են, աղավնին այլեւս չի հեռանում այն տեղից, ուր կաթել է իր ձագի արյունը, եւ որ համանման ձեւով Քրիստոսը հանապազ տեսնում է խաչի վրա հեղված Իր արյունը քրիստոնյաների համար եւ չի հեռանում խաչափայտից, եւ Հայր Աստված տեսնում է Իր Միածին Որդու արյունը պատարագի ժամին եւ պահպանում Սուրբ Եկեղեցին:

Ինչպես որ Տյառնընդառաջի տոնին խարույկ է վառվում, այնպես էլ մանրանկարներում պատկերվում են վառվող մոմեր: Տյառնընդառաջի վառվող կրակը եւ այս թեմայով պատկերներում վառվող մոմը պայմանավորված են Սիմեոն ծերունու հետեւյալ խսքերով. «Լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար, եւ փառք՝ Իսրայելի Քո ժողովրդի համար»:

Տյառնընդառաջի պատկերները իմաստային-գեղարվեստական մի ընդհանրություն են գծում ծննդյան պատկերների մոգերի երկրպագության հետ: Մոգերին առաջնորդեց բեթղեհեմյան աստղը, իսկ Սիմեոն ծերունին տաճար եկավ՝ առաջնորդված Սուրբ Հոգուց: Երեք մոգերից Մելքոնն իր ընծան տալուց հետո խոնարհվեց եւ գրկեց Հիսուսին, ինչպես Սիմեոն ծերունին:

Մոգերի գալով՝ խռովվեց ողջ Երուսաղեմը: Ինչպես Մատթեոս ավետարանիչն է գրում. «Երբ Հերովդես արքան լսեց այս, խռովվեց, նրա հետ եւ Երուսաղեմի ամբողջ ժողովուրդը» (Մատթ. Բ 3): Համանման ձեւով, ինչպես ասվում է եկեղեցական սրբազան ավանդության մեջ, ողջ Երուսաղեմը հուզվեց, երբ Հիսուսը տաճար բերվեց, եւ այս հանդերձանքով են պայմանավորված տոնի «Քառասնօրյա ընծայումն ի տաճար» անվանմանը զուգահեռ տրվող Տյառնընդառաջ անունը եւ այս տոնին բնորոշ լույսն ու կրակը:

Տաթեւացին բացատրելով, թե ինչու է կրակի հրավառություն տեղի ունենում այս տոնին, եւ ինչու է այն Տրնդեզ անվանվում, ասում է, որ երբ Տերն ընծայման բերվեց, տաճարի դուռն ինքն իրեն բացվեց, եւ ահագին ճայթյունով դղրդաց ողջ քաղաքը, եւ բոլորը վառված լույսով եկան տաճար՝ «ընդառաջ Տեառն» եւ ասացին. «Տէր էանց ընդ այս դուռս» (Տերն անցավ այս դռնով), որի համար այս տոնն անվանվեց Տյառնընդառաջ կամ «Տէր ընդ այս», որը ծեքծեքելով ու կրճատելով ասում ենք. «Տէր ընդես»:

Տաճարին ընծայմամբ կատարվեցին Մաղաքիայի մարգարեության հետեւյալ խոսքերը. «Եվ հանկարծակի Իր տաճարը կգա Տերը, Որին դուք փնտրում եք, եւ ուխտի Պատգամաբերը, Որին կամենում եք դուք» (Մաղաքիա Գ 1):

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ

Բանասիրական գիտ. թեկնածու

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s