Մեծ պահքն սկսվում է Բուն բարեկենդանով: Այն խորհրդանշում է նախաստեղծների՝ Ադամի ու Եվայի դրախտային անհոգ եւ ուրախ կյանքը, իսկ հաջորդ օրվա երկուշաբթիով սկսվող Մեծ պահքը՝ պատվիրանազանցությամբ դրախտից վտարվելը, որի համար Մեծ պահքի երկրորդ կիրակին արդեն անվանվում է Արտաքսման եւ նվիրված է Ադամի ու Եվայի՝ դրախտից արտաքսմանը:

Այսպիսով, ինչպես որ մարդը չպահեց առաջին՝ աստվածադիր պահքը՝ չուտել դրախտի բարու եւ չարի իմացության ծառից եւ վտարվեց դրախտից, այնպես էլ դրախտին վերստին արժանի ենք դառնալու պահքով, զղջմամբ ու ապաշխարությամբ առ Աստված դառնալով:

Ադամն ու Եվան դրախտում թեմայով նկարները հիմնականում գտնվում են կա՛մ Աստվածաշնչի արարչագործության պատկերների շարքում եւ կա՛մ էլ՝ Բուն բարեկենդանին նվիրված գործերի սկզբում, ինչպես որ նկարազարդ շարակնոցների՝ Բուն բարեկենդանի կանոնի սկզբում դրված են այս թեմայով նկարները, իսկ պատկերների ներքո գրված է. «Կանոն Բուն բարեկենդանի»:

Մարդու ստեղծումը, լինելով արարչագործության պսակը, պատկերվում է վեցօրյայի շարքում, ուր յուրաքանչյուր օրը ներկայացվում է մի առանձին դրվագով, եւ կինոյի դիպաշար հիշեցնող այս պատկերաշարի յուրաքանչյուր դրվագում պատկերվում է Աստված՝ արարչագործության տվյալ օրվա կատարած արարմամբ:

Արարչագործության առաջին օրը, ինչպես Աստվածաշնչում է ասվում, «Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը. երկիրն անձեւ ու անկազմ էր, խավար էր տիրում անհունի վրա, եւ Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա: Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»: Եվ լույս եղավ: Աստված տեսավ, որ լույսը լավ է, եւ Աստված լույսը բաժանեց խավարից»:

Այս տողերին համահունչ է ներկայացրել Հովհ. Այվազովսկին քաոսից, անկերպությունից ու խավարից աշխարհի ու տիեզերքի արարումը: Երկնային անհունի ընդհանուր համապատկերին՝ կտավի վերեւում, Հայր Աստված է, որ ճառագում է որպես լույս:

Եղիշեն իր «Արարածոց մեկնության», այսինքն՝ «Արարչագործության բացատրությունը» գործում գրում է, որ լույսը հրից է ծնվում, եւ հուրը մոտիկից են ճանաչում, իսկ լույսը՝ հեռվից տեսնում: Եվ այս կտավին աստվածային անհաս լույսը Հայր Աստծուց որպես ոսկեդեղին լույս է տարածվում՝ իրենով լցնելով երկինքն ու երկիրը, լույսի ցոլքերը տարածելով մինչեւ ջրերի անդունդները:

8-րդ դարի կաթողիկոս մատենագիր Զաքարիա Ձագեցին գրում է, որ երկիրն անձեւ ու անկազմ էր, որովհետեւ ջուրը ծածկել էր երկիրը: Եվ այս նկարում ջրային անկերպ հորձանքն աշխարհաստեղծ կարգի մեջ է դրվում լույսի տարածմամբ:

Ձագեցին այնուհետեւ գրում է, որ լույսը երկրի անդունդների վրա հետապնդեց խավարին՝ հալեցնելով ցրելով այն, եւ խավարը կուլ գնաց գիշերին, ու լույսը տարածվեց մինչեւ անդունդների խորքերը: Այս կտավում Այվազովսկին իրեն բնորոշ հանճարի ուժով պատկերել է լույսի այս տարածումը Հայր Աստծուց դեպ տիեզերքի անհունները եւ երկրի ջրային անդունդները:

Մանրանկարներում արարչագործության առաջին օրը պատկերող տեսարաններում աշխարհը պատված է ջրով, եւ ջրերի վրա Հայր Աստված է, ինչպես որ Աստվածաշնչում է ասվում. «Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա»: Աստված ահա այսպես՝ որպես լույս է ճախրում ջրերի վրա:

Երկրորդ օրն Աստված բաժանեց երկինքն ու երկիրը: Ինչպես որ արարչագործության առաջին օրվա համար ասվում է. «Եվ Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա», այնպես էլ մանրանկարներում Աստծո շրջող Հոգին է աստվածության լույսի ոսկեդեղինով բաժանում երկինքն ու երկիրը:

Երկնքի ու երկրի բաժանումը մանրանկարների մեկ այլ խմբում արտահայտվում է ջրբաժան կամարով, ինչպես որ երկրորդ օրվա համար ասվում է. «Աստված տարածության ներքեւում եղած ջրերն անջրպետեց տարածության վրա եղած ջրերից»:

Աստված երրորդ օրը ցամաքն անջատեց ջրերից եւ ստեղծեց բուսական աշխարհը, որի համար երրորդ օրվա պատկերներում ջրային հորձանքն է եւ բույսերով պատված ցամաքը:

Աստված չորրորդ օրն ստեղծեց երկնային լուսատուները՝ Արեգակը, Լուսինը, ու մյուս մոլորակները եւ աստղերը: 13-րդ դարի մատենագիր Վարդան Արեւելցին գրում է, որ լուսատուների ստեղծմամբ ստեղծվեց եւ ժամանակը, քանի որ ժամանակը լուսատուների ընթացքն է:

Աստված հինգերորդ օրն ստեղծեց ջրային կենդանիներին, զեռուններին եւ թռչուններին, որոնք էլ պատկերված են այս օրը ներկայացնող տեսարաններում:

Արարչագործության պսակը դարձավ վեցերորդ օրը, երբ Աստված նախ ստեղծեց սողուններին ու գազաններին եւ ընդհանրապես՝ չորքոտանի բոլոր կենդանիներին, եւ ապա մարդուն։ Եվ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով։

Ձեռագրային արվեստում վեցերորդ օրը եւ հատկապես մարդու արարումն ընդգծելու համար արարչագործության մյուս հինգ օրերը պատկերվում են բացվող ձեռագրի մեկ, իսկ վեցերորդ օրը՝ կից էջում:

Մարդու արարումը թեեւ հաջորդեց կենդանիների ստեղծմանը, սակայն, ինչպես որ մարդն է գերադաս եւ իշխանը ողջ կենդանական աշխարհի, այնպես էլ մի շարք մանրանկարներում՝ վեցերորդ օրվա պատկերներում, վերեւում Ադամի ստեղծումն է, իսկ ներքեւում՝ կենդանական աշխարհը: Տարբեր տեսակի եւ չափերի կենդանիների պատկերմամբ նկարիչը ցանկացել է ցույց տալ կենդանական աշխարհի ողջ բազմազանությունը:

Մարդու՝ Ադամի արարումը ներկայացվում է համաձայն Ծննդոց Գրքի երկրորդ գլխի, որում ասվում է. «Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց, եւ մարդն եղավ կենդանի էակ»:

Աստվածային շունչ փչելը խորհրդանշում է ոչ միայն կենդանություն, կյանք, այլեւ բանականություն պարգեւելը: Ինչպես գրում է առաջին դարի հեղինակ Փիլոն Ալեքսանդրացին Ծննդոց Գրքի իր մեկնությունում, Ադամը ոչ միայն կենդանության, այլեւ բանականության շունչ ստացավ, եւ նրա գլուխը դարձավ մտքի տաճար:

Թե ինչու մարդուն վերջում եւ ոչ թե սկզբում ստեղծեց, Եղիշեն եւ հաջորդ մեկնիչները գրում են, որ ինչպես բոլոր պատրաստությունները տեսնում են եւ նոր են թագավորին կանչում եւ ոչ թե հակառակը, այնպես էլ Աստված նախ աշխարհն ստեղծեց կենդանիներով ու բույսերով եւ հետո նոր՝ մարդուն:

15-րդ դարի բանաստեղծ եւ մեկնիչ Առաքել Սյունեցին «Ադամգիրք» վերնագրված իր չափածո գործում, որը նվիրված է արարչագործությանը, Ադամի ու Եվայի արարմանը, ապա եւ դրախտից վտարմանը, Ադամի արարման համար տասը հատկանիշ է բերում.

Առաջին՝ Աստված Ադամին հողից ստեղծեց:

Երկրորդ՝ փչեց կենդանարար շունչ:

Երրորդ՝ բանական հոգի տվեց:

Չորրորդ՝ ստեղծեց արարչական Իր ձեռքերով:

Հինգերորդ՝ ստեղծեց ըստ Իր պատկերի:

Վեցերորդ՝ լուսափայլ մարմնով, որի լույսը խամրեց պտուղի ճաշակելուց հետո:

Յոթերորդ՝ փչմամբ նաեւ աստվածային շնորհը տվեց:

Ութերորդ՝ դրեց դրախտում:

Իններորդ՝ հրեշտակներից վեր դասեց, ինչպես որ Տնտեսի առակում է ասվում, թե մարդու որդիներն առավել են լույսի որդիներից:

Տասներորդ՝ իշխան կարգեց կենդանական աշխարհի, թռչունների եւ ջրային աշխարհի վրա:

Եվայի ստեղծման մասին էլ Աստվածաշնչում ասվում է, թե Տեր Աստված Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց:

Ինչպես որ Ադամի ստեղծումն է ներկայացվում մայր հողից վեր ելնող աճում, այնպես էլ Եվայի ստեղծումը՝ որպես բխում, ելնում Ադամի կողքից: Այսինքն՝ ոչ թե պատկերվում է կողոսկրից ստեղծվող Եվան, այլ Ադամի կողից ելնող ձեւավորվող Եվան:

Նման ձեւով պատկերումը պայմանավորված է Ադամ-Քրիստոս հետեւյալ զուգահեռով: Ինչպես որ Ադամը թմրեց, այնպես էլ Քրիստոսը՝ խաչափայտի վրա, եւ ինչպես որ Ադամի կողից ստեղծվեց նրա կինը՝ Եվան, այնպես էլ Քրիստոսի կողից բխած արյամբ՝ Քրիստոսի հարսը՝ Եկեղեցին:

Թե ինչու Աստված Եվային Ադամի նման հողից չստեղծեց, այլ նրա կողից, Գրիգոր Տաթեւացին տալիս է հետեւյալ խորհրդաբանական ու բարոյաբանական բացատրությունը: Աստված Եվային Ադամի կողից ստեղծեց, որպեսզի բոլոր մարդիկ իրար սիրեն՝ որպես մի հորից ծնված:

Ադամն ու Եվան անվանվում են ոչ թե ծնված, այլ արարված:

Ադամի՝ հողից, ու Եվայի՝ նրա կողից ստեղծվելուն նվիրված միջնադարյան մի շարք հանելուկներ կան, որոնք «Հայ միջնադարյան հանելուկներ» գրքում հրատարակել է Աս. Մնացականյանը: Դրանցից առաջինը վերագրվում է Անանիա Շիրակացուն: Այս հանելուկում ասվում է.

«Ծնվեցի առանց հոր,

Եվ իմ կինը ծնվեց ինձնից,

Եվ իմ դուստրը ծնեց իմ Հորը»:

Այս եւ մի շարք նման հանելուկների բացատրությունում ասվում է, որ Աստված Ադամին արարեց հողից, Եվան ծնվեց նրա կողից, իսկ Ադամի սերունդներից՝ սուրբ Կույսից, ծնվեց Աստծո մարդեղացած Որդին:

Համանման ձեւով մեկ այլ հանելուկում Ադամի ու Եվայի համար ասվում է.

«Չէին ծնվել եւ մեռան»:

Ադամի կողից Եվայի ստեղծման հայկական հնագույն եւ լավագույն մանրանկարներից է Անանուն անվանվող Սյունեցու նկարազարդած Ավետարանի պատկերը, ուր ներկայացված է այն պահը, երբ Աստված թմրություն է իջեցրել Ադամի վրա, եւ նրա բացված կողից աստվածային Աջով ստեղծվում, վեր է ելնում Եվան:

Այստեղ Ադամն ու Եվան գտնվում են դրախտի պայծառ ու գեղեցիկ համապատկերում, հրեշտակների փառաբանության ու օրհներգությունների ներքո, իսկ կենտրոնում կենաց ծառն է, որի վրա նստած են դրախտի կախարդական թռչունները:

Այս Ավետարանում Անանուն Սյունեցին ներկայացրել է եռամաս կառուցվածք ունեցող դրախտային հետեւյալ պատկերաշարը:

Առաջին՝ Եվայի ստեղծումը:

Երկրորդ՝ մեղսագործությունը՝ արգելված պտղի ճաշակումը Ադամի ու Եվայի կողմից:

Երրորդ՝ իմացության պտուղի ճաշակումից հետո Ադամի ու Եվայի երկնչելը եւ թաքնվելը Հայր Աստծուց:

Այս երեք մանրանկարներում էլ Հայր Աստված պատկերված է Քրիստոսի նմանությամբ, քանի որ մինչեւ 16-17-րդ դարերը Սուրբ Հոգին եւ Հայր Աստված մարդկային անձնավորմամբ չէին ներկայացվում:

Համաձայն Ծննդոց Գրքի նկարագրության՝ դրախտը պատկերվում է դրախտային թռչուններով ու բույսերով, վառ եւ պայծառ գույներով, եւ ինչպես գրում է Փիլոն Ալեքսանդրացին, դրախտը ուրախության եւ զվարթության խորհուրդն ունի:

Վարդան Արեւելցին գրում է, որ դրախտում ամառ ու ձմեռ, գարուն եւ աշուն չկար:

Առաքել Սյունեցին դրախտն այսպես է պատկերում.

«Փառքն դրախտի էր անպատմելի,

Չքնաղատես եւ սխրալի,

Ծաղկունքն տալիս էին փայլն փայլի,

Նման արեգակի եւ լուսնի»:

Ըստ Ծննդոց Գրքի՝ պատկերվում են դրախտից ելնող չորս գետերը, որոնցից յուրաքանչյուրի կողքին գրված է նրա անունը՝ Փիսոն, Գեհոն, Եփրատ եւ Տիգրիս:

Խաչատուր Խիզանցու 1591 թ. նկարազարդած Ավետարանում դրախտի կենտրոնում կենաց ծառն է, որը բարձրանում է խաչադրոշմ վեմ սեղանի վրա, որից են սկզբնավորվում նաեւ դրախտի չորս գետերը:

Պատկերագրական նման կառուցվածքը հիմնված է կենաց ծառ-խաչափայտ զուգահեռի վրա, թե՝ Նոր Կտակարանում Քրիստոսի խաչելությամբ կենաց փրկության նոր ծառը դարձավ խաչափայտը:

Քրիստոսին խորհրդանշող խաչից դրախտի չորս գետերի բխելը դարձյալ կառուցված է Հին եւ Նոր Կտակարանների այն զուգահեռի վրա, որ ինչպես դրախտի չորս գետերը նյութականորեն ոռոգում են աշխարհը, այնպես էլ խաչից՝ Քրիստոսից բխող չորս Ավետարաններն են ոռոգում, հոգեւոր կենդանություն պարգեւում մարդկային հոգուն:

Աստված դրախտն ստեղծեց մարդու համար: Ինչպես Սյունեցին է գրում.

«Ստեղծեց եւ դրախտն բարձրագույն,

Ծառ ու ծաղկունք դրախտում անհուն,

Պես-պես ձեւերով լուսափայլուն,

Որպեսզի բնակություն լինի մարդուն»:

Հայ արվեստում, սկսած 10-րդ դարում կառուցված Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու հարթաքանդակից, դրախտի կենտրոնում՝ իմացության ծառի աջ եւ ձախ կողմերում, պատկերվում են Ադամն ու Եվան՝ որպես հրաշք, բայց եւ այժմ արդեն կորուսյալ մի աշխարհում: Նրանց հետ, սակայն, պատկերվում է եւ օձը՝ իր նենգ ժպիտով, որով գայթակղեց եւ խաբեց նախաստեղծներին՝ պատճառ դառնալով դրախտից նրանց վտարմանը:

Այս վտարմանն է նվիրված Մեծ պահքի երկրորդ՝ Արտաքսման կիրակին:

 

 

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ

Բանասիրական գիտ. թեկնածու

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s