«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ»

զրուցաշար

 ԸՆՏԱՆԻՔ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

 

— Մարդ անհատի, ընտանիքի, նաեւ հասարակության, որեւէ ազգի իրական առաջադիմության եւ առողջության կարեւոր չափորոշիչը բարոյականությունն է, եւ այս առումով նրա անմիջական առնչությունը կրոնի հետ ընդհանրապես եւ մասնավորապես՝ քրիստոնեության, անժխտելի իրողություն է։ Ըստ Գարեգին Ա Հովսեփյանց Հայրապետի՝ մարդկային գերակա գաղափարների (իմա՝ իդեալների) շարքում ամենաբարձրը բարոյական իդեալն է։ Իսկ մեկ այլ առիթով նա ասում է. «Անբարոյական սկզբունքներով առաջնորդվող քաղաքակրթության հետեւանքը մահն է»։

Տե՛ր հայր, կարելի՞ է հետեւություն անել, որ ասվածը նույն չափով վերաբերում է նաեւ հասարակության մեկ կարեւոր բջջին՝ ընտանիքին։

— Անկասկած։ Երբ Աստված մարդուն արարեց եւ առաջին ընտանիքը կազմավորեց, միաժամանակ նրանց օժտեց բնական իրավունքներով ու պարտականություններով, Իր պատկերով ու նմանությամբ ստեղծած արարածին պարգեւեց խիստ որոշակի մտավոր կեցվածք ու հոգեկերտվածք։ Սրանց ամբողջությունն էլ հենց բարոյականության չափորոշիչն է. մարդը պիտի ապրեր այնպես, ինչպես Աստված կամեցավ տեսնել Իր արարչագործության պսակին։ Սակայն մարդու մեղանչման հետ խաթարվեց նաեւ աստվածադիր բարոյականությունը, ինչը շարունակում է իր այլազան դրսեւորումներով ավերածություններ գործել նաեւ այսօր։ Բայց անկասկածելի է, որ Աստված ամեն մարդու հոգու մեջ դրել է բարոյականության հունդերը, բարոյականի ճշմարիտ ընկալումը։

Բարոյական սկզբունք, բարոյական չափանիշներ, բարոյական արժեքներ. այս եզրերը, կարծեմ, անփոփոխելի են քրիստոնեական վարդապետության մեջ։ Բարոյականության աշխարհիկ ընկալումները, սակայն, անհամեմատ տարբեր են. շատ երեւույթներ, որոնք անընդունելի, ավելին՝ դատապարտելի էին համարվում, ասենք, 100 տարի առաջ, այսօր չեն դատապարտվում, անգամ խրախուսվում են հանրության կամ դրա որոշ շերտերի կողմից…

— Պատմությանը ծանոթ են նմանատիպ փոփոխություները հասարակության հոգեւոր եւ բարոյական ընկալումներում, ընդ որում, երկու ուղղությամբ էլ՝ ե՛ւ վերընթաց, ե՛ւ վայրընթաց։ Առաջին դեպքում, երբ հասարակությունը հավատքով զորացած է եղել, տեղի է ունեցել աստվածադիր բարոյական չափանիշների վերականգնում, առողջացում։ Մյուս դեպքում, երբ մարդկանց սրտերում երերացել են հավատքն ու սրբությունները, մեծապես տուժել է նաեւ բարոյականությունը։ Նման մի հարված չէ՞ր արդյոք անաստվածության շրջանի հասարկությունը՝ մինչեւ օրս իր կենսունակությունը չկորցրած աղետալի հետեւանքներով։ Հոգեւոր արարողությունների ժամանակ՝ մկրտություն, պսակ, հուղարկավորություն, սովորաբար ցանկանում եմ, որ «Հայր մեր» աղոթքը միասին ասենք, եւ ցավոք, քիչ չեն դեպքերը, երբ որեւէ մեկը ինձ հետ չի աղոթում։ Իրենց քրիստոնյա համարող այդ մարդկանց մեծ մասը հազար տեսակի հայհոյանք կասի, բայց մի աղոթք չի ասի… Հոգեւոր գիտակցությունից հեռացած մարդու մեջ սասանվում է սրբությունը։ Իսկ եթե սասանված է գլխավոր Սրբությունը՝ Աստված, բարոյականության սասանումն ու աղճատումը դրա ընդամենը տրամաբանական հետեւանքն են։ Եթե արմատին ես հարվածում, ճյուղերը, բնականաբար, պիտի թոշնեն ու չորանան, որովհետեւ ճյուղերն արմատի՛ց են սնվում։ Այսօր շատերն են բողոքում ծնող-զավակ հարաբերությունների, մեղմ ասած, անկատարությունից։ Է՜հ, զավակը ո՞նց հասկանա, սիրի ու հարգի ծնողին, եթե չգիտի, որ Աստվա՛ծ պարգեւեց այդ ծնողին։ Նույնը՝ ծնողի պարագայում։ Այս դեպքում մենք գործ ունենք «մահամերձ» քրիստոնեության հետ։ Չկա մեկը, Քրիստոսի անունը լսած չլինի, չկա ընտանիք, որտեղ մկրտության մասին չխոսվի կամ Աստվածաշունչ չլինի… Այսինքն՝ նվազագույն շնորհ, կարծես թե, կա ամեն ընտանիքում։ Բայց դա շատ քիչ է։ Շնորհը պիտի աճի, իսկ աճն աստվածպաշտությամբ ու աղոթքով պիտի լինի։ Միայն այդ պարագայում կարող է վերականգնվել, վերակենդանանալ ճշմարիտ բարոյականությունը։

— Եկեղեցու վարդապետները հաճախ են նույնացնում անհավատություն եւ անբարոյականություն եզրերը։ Կարելի՞ է ասել, որ միայն առ Աստված դառնալով է հնարավոր վերագտնել բարոյական նկարագիրը։

— Միանշանակ է, որ աստվածպաշտությունը վերանորոգում է մարդու բարոյական կերպարը։ Սա կարող ենք փաստել ինչպես այլոց, նույնպես եւ մեր իսկ տկար անձի օրինակով։ Ասենք՝ մենք հայհոյում ենք կամ չենք հայհոյում։ Ինչո՞ւ։ Ո՞վ համոզեց 16 տարեկան մի պատանյակի չհայհոյել այն դեպքում, երբ շրջապատում գրեթե բոլորը հայհոյում են. միանշանակ՝ աստվածպաշտությունը, հավատքը, սրբությունը… միմիայն հավատքից է գալիս համատարած անբարո մթնոլորտում չսայթաքելու զորությունը։

— Տե՛ր հայր, ասում են, որ անհավատ մարդիկ նույնպես կարող են բարոյական բարձր արժեքներ դավանել…

— Խնդիրն այն է ,որ մերօրյա իրականության մեջ չափազանց դժվար է զանազանել հավատավոր եւ անհավատ եզրերը։ Շատերը ծածուկ ձեւով հավատավորին հատուկ կյանք են վարում։ Ոմանք էլ բոլորի աչքին երեւցնում են, թե իբր հավատավոր են, բայց իրականում հավատքի հետ ոչ մի կապ չունեն. ընդամենն ինչ-ինչ շահադիտություն կա, ուրիշ ոչինչ։ Մաքուր հավատքը մշտապես ունի մեծ զորություն եւ բարոյական ամուր հիմք։ Իրենց անհավատ համարող շատ մարդիկ կան, որոնց հոգում աղճատված է հավատքի դավանությունը, բայց հավատքի հիմքերը դեռեւս ամբողջությամբ քանդված չեն։ Սակայն այսպիսի մարդկանց բարոյականությունը տանիք չունի եւ մշտապես ենթակա է քայքայման։

Բարոյականությունը սնող կարեւորագույն հանգամանք է ինքնազոհողության, ինքնազրկման դրսեւորումը։ Միայն մեկ օրինակ բերեմ. ընտանիքի հայրը երբեք չի կարող իր ընտանիքին հավատարիմ լինել, եթե ինքնազրկմամբ իր համար չբացառի շնությունը։

— Տե՛ր հայր, ինչպե՞ս կարող եք բացատրել այն դեպքերը, երբ ամեն մի աննշան առիթ ընտանիքի քայքայման պատճառ կարող է դառնալ։

— Որեւէ աննշան առիթ, նույնիսկ լուրջ առիթ, անգամ վեճ ու կռիվ, որից ապահովագրված չէ ոչ մի ընտանիք, չի կարող ընտանիքի քայքայման պատճառ դառնալ, եթե այն կառուցված է բարոյական ամուր եւ առողջ հիմքի վրա, ինչն արդեն իսկ մեծ շնորհ է տվյալ ընտանիքի համար։ Եվ մեծապես սխալվում են նրանք, ովքեր ընտանիքների քայքայման հիմնական պատճառները փորձում են փնտրել նյութական անապահովվածության մեջ եւ կայուն ընտանիքի գրվական համարում ունեցվածքը, հարստությունը… Ես գիտեմ շատ մեծահարուստների, ովքեր իրենց զավակների նորաստեղծ ընտանիքներին հատկացնում են մեծ գումար, շքեղ բնակարան, մեքենաներ եւ այլն։ Մի կողմից դա շատ լավ է. մարդը կարողություն ունի եւ այն ի սպաս է դնում իր զավակի համար։ Բայց շատ հաճախ հենց այդ ապահովված ընտանիքներն են անհաջողակ դուրս գալիս, եւ մարդիկ սկսում են զարմանալ՝ ի՞նչ պատահեց, ինչո՞ւ այդպես եղավ, չէ՞ որ ամեն ինչ ունեին… Իսկ այդպես եղավ, որովհետեւ իրենց ամբողջ հույսն այդ գումարն էր, նյութն էր։ Նյութը՝ ունեցվածքը, ինքնին ամուր բարոյական հիմք չի կարող ապահովել, որքան էլ որ այն շատ լինի։ Այն ընդամենն ապրելու եւ բարիք գործելու միջոց պետք է լինի մարդու համար։ Սակայն երբ նյութը մարդու ամբողջ հոգեբանության ու մտածողության մեջ բարձրագույն դիրք է գրավում, այլեւս անկումն անխուսափելի է դառնում։ Եվ սրա կողքին տեսնում ենք բազմաթիվ ընտանիքներ, որտեղ փոխադարձ համաձայնությամբ, հանդուրժողականությամբ, սիրով, համբերությամբ, իրար օգնելու վճռականությամբ մարդիկ կարողանում են հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն, նույնիսկ հետին աղքատություն, եւ հոգեբանորեն ու բարոյապես կայուն մնալ։ Եվ գիտե՞ք ինչու։ Որովհետեւ սրանց հույսն Աստված է։ Քավ լիցի, ես աղքատություն չեմ քարոզում, ոչ էլ հարստությանն եմ դեմ։ Խոսքն աստվածադիր բարոյական արժեքների մասին է, որոնք կարող են դավանել կամ որոնցից կարող են զուրկ լինել թե՛ աղքատները եւ թե՛ հարուստները։ Ինչի՞ է նման կամ ո՞ւմ է պետք այն ընտանիքը, որի անդամները, ամեն ինչով ապահովված, իրար երես անգամ չեն ուզում տեսնել, միմյանց հետ մարդավարի չեն շփվում, եւ նրանց՝ իրար հետ կապողը, թերեւս, միայն սնափառությունն է։ Խոսքս անտարբերության մասին է, մի յուրատեսակ չարիքի, որն ինքնին բարոյական անկման չափազանց տխուր մի դրսեւորում է. չտեսնել, չզգալ, չապրել մերձավորի հույզերով ու խնդիրներով, ուրախություններով ու տխրություններով առհասարակ, նույնն է՝ չկարեկցել, չսիրել, չունենալ օգնելու ցանկություն անգամ այն ժամանակ, երբ նա դրա կարիքն ունի։

— Շատ է խոսվում այն մասին, որ ԶԼՄ-ներով, ի մասնավորի՝ հեռուստատեսությամբ, այսօր մեզ մեծ մասամբ հրամցվում են հոռի, ապականված բարքեր՝ դրանով իսկ խրախուսելով ամեն տեսակի շեղումներ, անբարոյականություն ու ամենաթողություն՝ իրենց ստորագույն մակարդակում։ Բայց կարծես թե միայն խոսվում է։ Իրո՞ք վտանգված է այսօր հայ ընտանիքը։

— Չափազանց ցավալի հարց է սա, որի լուծումը մեր օրենսդիրները կա՛մ չունեն, կա՛մ չեն ուզում ունանալ, ցավոք։ Մյուս կողմից ցավալիորեն տարօրինակ է մարդկանց կեցվածքը, ովքեր կամովին հանդուրժում, իսկ հաճախ էլ սիրահոժար հյուրընկալում են հեռուստացույցի էկրանից ընտանիք նեխուժող տարատեսակ պղծությունները։ Չէ՞ որ ոչ ոք չի ստիպում սեղմել հենց այն ալիքի կոճակը, որտեղից պղծություններ են հորդում։ Տեսեք՝ որեւէ մեկն իր տան մեջ՝ երեխաների ներկայությամբ, նման պղծություն չի հանդուրժի, իսկ հեռուստատեսությամբ… Ի՞նչ է, էկրանի հանգամանքը մեղմե՞ց պղծությունը, իբրեւ թե այդ մարդիկ ֆիզիկապես ներկա չե՞ն քո տանը։ Շա՞տ մեծ է տարբերությունը։ Մի՞թե պարզ չէ, սա ընդամենը ինքնախաբեություն է։ Եվ քանի որ այլ ելք չունենք, իմ խորհուրդը պիտի լինի հատկապես ծնողներին՝ խիստ ընտրողաբար միացնել այս կամ այն ալիքը։ Շատ է խոսվել սերիալների մասին, դրանց հոգեկործան հետեւանքների մասին, բայց, միեւնույն է, մարդիկ շարունակում են նայել։ Հասկանալի է՝ որոշ մարդկանց՝ սցենարիստների, ռեժիսորների, դերասանների համար դա ապրուստի միջոց է։ Բայց, հավատացեք, եթե չարիքը, վատ օրինակն է գերակայողը՝ քարոզչության նյութը, ապա կամա-ակամա այն իր ավերիչ ներգործությունն է ունենում մարդկանց հոգիներում։ Հատկապես մեր, այսպես կոչված, ազգային սերիալների պարագայում, որոնց գլխավոր նյութը հանցավոր աշխարհն է… Էլ ո՞ւր մնացին քո դարավոր մշակույթը, ազգային արժեքները, բարձր իդեալները, որով սերունդներ են դաստիարակվել։ Մի՞թե ափսոս չեն մեր երեխաները, որ ուրիշ իդեալ չունենալով՝ ուզում են նմանվել հեռուստացույցի էկրանից գողական ժարգոնով զազրախոսող այս կամ այն □հերոսին□, հանցավոր աշխարհի կարկառուն ներկայացուցչին, այն հանցավոր աշխարհի, որը քեզ ստիպում է ընդունել իր «օրենքները»։ Իսկ ի՞նչ են դրանք, եթե ոչ բռնության ու բիրտ ուժի գովք, որոնք հետին պլան են մղում, ավելին՝ ծաղրում ու ոչնչացնում են հոգեւոր ու բարոյական սկիզբ ունեցող ամենայն արժանիք՝ մարդկային արժանապատվությունից սկսած եւ առաքինություններով վերջացրած։ Մեծ հաշվով սրանք նաեւ աստվածմերժության ու աստվածհայհոյության դրսեւորումներ են, եւ մնում է ասել՝ երանի՜ նրանց, ովքեր չեն գայթակղվում։

 

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s