Նռնենին, իր ծաղկաբույլերի շառագունող գեղեցկությամբ, իր հյութեղ, թթվանուշ պտուղներով, բուժական հատկանիշներով, մարդկությանը հայտնի է դեռեւս անհիշելի ժամանակներից։ Նուռն աշխարհի ամենախոշոր հատապտուղն է, հատապտուղ, քանզի նռնենիները, ի տարբերություն մնացյալ պտղատու ծառերի, թփեր են կամ էլ թփանման ծառեր։

Ընձյուղները բարակ են՝ պատված փշերով, պտուղը, ինչպես նշեցինք, խոշոր է, գնդաձեւ՝ թեթեւակի նիստերով ու գլխամասում թագ հիշեցնող գավաթիկով, հաստ պտղամաշկում դասդասված է հյութեղ, թափանցիկ 400-800, ավելի խոշորներում՝ 1000-1200 հատիկ, որոնց «կույտերը» միմյանցից բաժանված են բարակ թաղանթավոր միջնապատերով։ Նռնենիները հողի եւ խնամքի նկատմամբ քմահաճ չեն, սակայն արեւասեր են եւ շատ ցուրտ վայրերում չեն աճում։ Նռնենու չորացրած ծաղիկներից պատրաստում են թեյ, որը ոչ միայն օգտակար է, այլեւ ունի խիստ հաճելի համ։ Իսկ հատիկների թթվանուշ հյութը ծարավը հագեցնող հրաշալի ըմպելիք է։ Նռան հյութն ու չորացրած հատիկներն օգտագործում են մի շարք ճաշատեսակներում, պտղամաշկից ու արմատներից պատրաստում են բուժիչ եփուկներ, այն նաեւ հրաշալի ներկանյութ է, օգտագործվում է նաեւ կոսմետիկ նպատակներով։ Նուռը լայնորեն օգտագործվում է նաեւ գինեգործության մեջ։

Նուռն արեւելյան ժողովուրդների մոտ համարվել է բոլոր պտուղների արքան՝ ոչ միայն նրա՝ քիմքին հաճելի համի, բուժիչ հատկությունների, այլեւ նռան գլխամասում գտնվող թագանման հավելույթի պատճառով՝ այն ամենեւին պատահականություն չդիտելով։ Տեսակետ կա, որ արքայական թագի նախատիպը հնում վերցրել են նռան «թագից»։

Մերձավոր ու Միջին Արեւելքին նուռը հայտնի էր դեռեւս Ք. ծ. ա. 12-7-րդ դդ.։ Մեծ համբավ ուներ կարթագենյան նուռը։ Այս պատճառով էլ հին հռոմեացիները նուռը կոչեցին Malum punicum «կարթագենյան (փյունիկյան) խնձոր» եւ malum granatum «հատիկավոր խնձոր» անվանումներով։ Վերջինս հետագայում ավելի մեծ տարածում գտավ եւ շատ ու շատ ժողովուրդներ փոխառան հենց «granatum» տարբերակը (անգլ.- pomegranate, գերմ.- granatapfel, իտալ.- melograna, իսպ.-granada, ֆր.- granade, ռուս.- гранатեւ այլն)։ Իսկ պարսկերենում, ինչպես նաեւ պարսկալեզու մյուս ժողովուրդների մոտ նուռը կոչվում է անար (anar), որը նշանակում է կարմրահատ, հրակերտ, հրահատ։ Ի դեպ, կարծիք կա, որ նռան հայրենիքը հենց Պարսկաստանն է։ Իսկ հայերեն նուռն բառը, ըստ Մագիստրոսի, առաջացել է «կուռ» բառից, ինչը Հ. Աճառյանը հավաստի չի համարում։

Նուռը, վաղնջական ժամանակներից ի վեր, ունեցել է նաեւ առանձնահատուկ ու հարուստ սիմվոլիկա։ Դա մեծապես պայմանավորված է եղել նռան գունային երանգներով (մուգ մոշագույնից մինչեւ բաց կանաչավարդագույն), յուրօրինակ ծավալաձեւով, բազմահատիկների «ճարտարապետական» կառուցվածքով ու միասնականությամբ։

Ըստ հին հույների՝ նռնենին աճել է բուսականության աստված, խաղողագործության ու գինեգործության հովանավոր Դիոնիսոսի արյան միջից, փյունիկեցիների համար ունեցել է կենաց ծառի խորհրդանիշ։ Նուռը՝ որպես պտղաբերության, մաքրագործության խորհրդանիշ, բուդդիզմի երեք սրբազան պտուղներից մեկն է՝ ցիտրուսների եւ դեղձի կողքին։ Նուռը ձոնված էր հունական սիրո եւ գեղեցկության աստվածուհի Ափրոդիտեին (հռոմ. դիցարանում՝ Վեներա), ինչպես եւ մայրության եւ հողագործության աստվածուհի Հերային (Յունոնա)։ Սկանդինավյան ժողովուրդների ավանդության մեջ նուռն է համարվում դրախտի արգելված պտուղը։

Նուռը պտղաբերության, առատության, մեծահոգության, մաքրագործության (իսլամում) ընդհանրական խորհրդանիշ է։ Նուռը գլխին «թագ» ունենալու պատճառով համարվել է նաեւ իշխանության նշան, իսկ պտղի՝ հաստ կեղեւի մեջ պարփակված բազմաքանակությունը խորհրդանշել է տիեզերքը՝ մոլորակներով ու աստղերով։

Նռան սիմվոլիկան բավականին տարողունակ է նաեւ քրիստոնեության մեջ. այն մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է՝ Իր՝ գավաթում հեղված արյամբ, իսկ կերպարվեստում, երբ պատկերել են Տիրոջը՝ նռով, արտահայտել են Քրիստոսի հարության գաղափարը։ Նուռը խորհրդանշում է Աստծո շնորհների բազմազանությունը, Եկեղեցին՝ իր բազմաթիվ հոտով։

Նուռը, ե՛ւ իր հորհրդանշական իմաստով, ե՛ւ որպես ազգային զարդամոտիվ, լայն տարածում է ունեցել հայկական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստի մնացյալ տեսակների եւ մանրանկարչության մեջ (Գրիգոր Խլաթեցու, Թորոս Տարոնացու, Թորոս Ռոսլինի նկարազարդած, Հաղպատի եւ այլ Ավետարաններ)։ Հայ Եկեղեցու խորանների մեկնություններում նռնենիները մեկնվում են իբրեւ մարգարեների խոսքը, որոնք առակի նման, իրենց հաստ ու դառը կեղեւով ծածկում էին քաղցրության Ավետիսը, անմահության պտուղը՝ Քրիստոսին։

Նուռը՝ որպես Հայաստանում տարածված պտուղներից մեկը եւ որպես հետաքրքիր ծավալաձեւ, մշտապես գրավել է հայ նկարիչներին ու քարագործ վարպետներին, իսկ որպես բանաստեղծի, ստեղծագործող անհատի հոգեկան աշխարհի բազմանիստ արտահայտություն, տեղ գտավ նաեւ Սերգեյ Փարաջանովի հանրահայտ ֆիլմում։ Արդի հայ կիրառական արվեստում, որպես հայկական հուշանվեր, մեծ տարածում ունեն փայտից եւ կերամիկայից պատրաստված նռան նմուշները, քիչ չեն նաեւ արծաթե զարդանախշերը։

Հայաստանում նուռն ինչպես անցյալում, այսօր եւս կիրառվում է բուժական նպատակներով, իսկ նռան գինին մշտապես իր ուրույն տեղն է ունեցել եւ ունի հայկական գինեգործության մեջ։

 

Աստղիկ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s