Ներբող

Ասված Քրիստոսի Ծննդյանը

 

Սկիզբը՝ 2009 թ. թիվ 23-24, 2010 թ. թիվ 1-2 (Հունվար Ա-Բ)

 

Իսկ երբ ավարտվեց Նրա մարդեղության ժամանակի սահմանը, հաստատեց Իր անդամները, մարմինը լցրեց բանավորության զգայարաններով, Իր իմաստությամբ նկարեց Իր պատկերը եւ Իր Աստվածությանը միավորեց մարմինը, որ առավ Կույսից, եւ երբ ավարտվեցին Մարիամի հղության ինն ամիսները, ճշմարտապես ծնվեց Նա, Ով գոյացրեց Ադամին, եւ Իր ծննդյամբ գերողից ազատեց արարածներիս: Եվ երբ կամենում էր կյանքի գրքում գրել Ադամին, [թագավորից] հրաման ելավ, որ մարդկանց գրում էր աշխարհի գրքում: Երկու՝ երկնավոր ու երկրավոր թագավորների հրամանները հանդիպեցին միմյանց. կայսրը գրում էր մարդկանց՝ իրեն հարկեր տալու, Աստծո Որդին Ադամի որդիներին գրում էր կյանքի գրքում: Մի թագավորը հնարներ էր մտածում մարդկանց իրեն պարտական դարձնելու, Մյուսը՝ ողորմում ու պարտականներին ազատում է պարտքերից:

Առաջին եւ նոր էր աշխարհագիրն այն, եւ նախնի եւ նոր էր փրկական ազատությունը, որ եղավ մեզ: Արտաքինով օրինակում էին ծածուկը եւ երկրավորով գուշակում էին երկնավորը: Ելան հրամանները եւ յուրաքանչյուրին գրեցին իր գավառում. Ադամին գրեցին Եդեմում, քանի որ այն է նրա գավառը. նրա Տերը նրան գրեց փափկության դրախտում եւ մեծ քաղաքում՝ [նրա] առաջին բնակավայրում եւ այնտեղ ծանոթների մեջ պատվեց նրան: Եվ երբ կայսրը հրամայեց յուրաքանչյուրին գրել իր գավառում, [հրամանը հասավ] եւ Հովսեփին, որ ելնի՝ իր անունը գրելու Դավթի քաղաքում: Եվ նա, Մարիամին վերցնելով, գնաց Բեթղեհեմ:

Մարիամը, որ կրում էր Թագավորին, գնում էր թագավորների քաղաք, որ այնտեղ ծնի Նրան, Ով Իր հայտնությամբ մարդկանց գրելու էր կյանքի գրքում:

Երբ նրանք եկան Եփրաթա՝ Դավթի քաղաք, կույս Աստվածամոր ծննդյան երկունքը հասավ: Եվ քանի որ Բեթղեհեմում նրանց համար տուն չկար՝ իջեւանելու, նրանք գնացին քարափոր տուն՝ մի քարայր, եւ իջեւանեցին այնտեղ: Մեծատունն աղքատների հետ իջավ դատարկ տուն, Հզորը՝ տառապողների հետ՝ վեմի ծերպի մեջ, ծնվելիս նեղեց Իր մորը երկունքով եւ ցավով (իմա՛, ոչ ինչպես բոլոր ծննդկանները, այլ ազդմամբ եւ պատրաստությամբ կուսական ծննդյան՝ ըստ աստվածահրաշ խորհրդի), որպեսզի սուրբ Կույսը չկարծի, թե միայն հոգի է ծնում: Ամուլ ոչխարը ծնեց առյուծի կորյունին՝ զորություններից Հզորին, որի մասին գրեց Հակոբն իր օրհնության մեջ (տե՛ս Ծննդ. ԽԹ 9): Անբիծ աղավնին կանգ առավ եւ մանուկ ձագին՝ թռչունների թագավորին, հանեց փոքրիկ բնում: Երինջը կուսությամբ բազմեց՝ ծնելու պարարտ եզին, որ եկավ՝ մեղավորների համար ողջակեզ լինելու: Մանուկներին Ստեղծողը մարմնապես ծնեց Իր անձը, ելավ որովայնից, եւ ամբողջ մնաց կուսության կնիքը:

Աստվածային ու մարդկային է Նրա ծնունդը եւ չի բաժանվում, քանի որ սահմաններից վեր է: Աստվածային է, քանզի Կույսից ծնվեց Անհասանելին, եւ մարդկային է, քանզի մարմնացած ծնվեց Անքննելին: Մի է, Միածին Որդու մի ծնունդ՝ կատարյալ, բովանդակ, երեւելի, սքանչելի, տեսանելի, իմանալի, ծնված Հորից, անտեսանելի զվարթուններին, երկրպագելի մարդկանց, Էությունից ու մարդկությունից, մեկ Միածին՝ մեծությունից ու փոքրությունից, մեկ Փրկիչ՝ Բարձրյալից եւ Կույսից, մեկ Զորավոր՝ հրեղեններից եւ հողեղեններիցս: Մեկ Ամենակալ՝ ծածուկ՝ էությամբ, եւ հայտնի՝ մարդկությամբ։

Ո՞վ կհամարձակվի քննել Նրան. անծանոթ է բնությամբ եւ ճշմարիտ՝ մարդեղությամբ։

Ո՞վ կհամարձակվի քննել Նրան. լույս է հագել եւ դրվել է խանձարուրում։

Ո՞վ կսահմանի Նրան. բազմած է փառքի աթոռին եւ դրվել անասունների մսուրում։

Ո՞վ կարող է իմանալ Նրան. դողացնում է քերովբեներին եւ հագել է մարմին։

Ո՞վ կպատմի Նրա մասին. շարժում է բանական անիվներն ու վերցվել է Մարիամի գիրկը։

Ո՞վ կճառի Նրա մասին. հագեցնում է տոհմերին եւ սնվում է կաթով։

Ո՞վ է տեղյակ Նրան. ճոխանում է քերովբեական կառքերին եւ նստում է Մարիամի ծնկներին։

Ո՞վ հասու կլինի Նրան. զարհուրեցնում է քերովբեներին եւ հանձն է առել աղքատություն։

Ահա մեծ զարմանք. բխեցնում է անձրեւները եւ կաթ է ուտում ստինքներից։

Ահա հիացմունք. որոտեցնում է երկինքը, սարսափեցնում զորություններին եւ գգվվում է մորից։

Ահա սքանչելիք. զվարթունները ծածկվում են, իսկ Հովսեփը երկրպագում է։

Ահա շնորհ. [երկնային] դասերը երգում են, եւ մարդիկ փառաբանում են։

Ահա խոնարհություն:

Օրհնեցին քերովբեներն ու սրբաբանեցին սերովբեները, գովեցին հրեշտակները, բարեբանեցին իշխանությունները, փառաբանեցին պետութունները, գոչեցին գնդերը: Ժողովվեցին լեգեոնները եւ իջան երկիր, փայլեցին հրեղենները, փչեցին հոգեղենները, երգեցին հազարներն ու բյուրերը՝ նորածին Արքային նոր օրհնությունները: Դղրդաց անապատը երկնավորների ձայներից, եւ զվարթունների փայլը ճեղքեց գիշերը, վառվեցին կրակներն ու պաշարեցին քաղաքը, ծագեցին լույսի շողերը, եւ խավարը նվաղեց: Իջան երկնային զորքերը եւ երկիրը երկինք դարձրին. երկնավորներն ու երկրավորները խառնվեցին իրար եւ փառաբանության պսակներ մատուցեցին մեծ Թագավորին: Գաբրիելյաններն ավետեցին ադամյաններիս, թե՝ արթնացե՛ք եւ սովորեցե՛ք նոր օրհնությունները: Քաղցրաձայն մեղեդիներով բարբառեցին Միքայելի դասերը եւ մարդկանց սովորեցրին իրենց օրհնության երգերը: Քերովբեների օրհնության ձայները զորությամբ գոչեցին, որպեսզի բացվեն մարդկանց փակված բերանները՝ փառաբանելու: Իբրեւ քաղցրաձայն փող՝ հնչեց սերովբեների սրբասացությունը, որպեսզի քնից արթնացնի մարդկանց որդիներին: Երգ հորինեցին երկնային զորություններն իրենց քնարներով եւ ասացին. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում, երկրի վրա խաղաղություն, իսկ Ադամին՝ հաշտության մեծ հույս» (Ղուկ. Բ 14):

Հրեշտակներն ընթացան եւ ավետեցին հովիվներին, թե՝ եկավ քաջ Հովվապետը՝ ժողովելու Իր ցրված բանական խաշներին: Ձեզ ավետում ենք մեծ ուրախություն. այսօր Դավթի քաղաքում ծնվեց ձեր Փրկիչը՝ օծյալ Տերը:

Նա Փրկիչն է, Ով բռնակալի ձեռքից պիտի հափշտակի գերվածներին եւ պիտի ազատի խավարային կապանքներով կապվածներին:

Նա Հզորն է, Ով Իր սպանմամբ պիտի վերադարձնի ավարը եւ Իր չարչարանքներով պիտի հաղթի թշնամուն ու հալածչին:

Ինչո՞ւ եք լռում, մարդի՛կ. ահա եկել է ձեր Թագավորը. գնացե՛ք, տեսե՛ք եւ երկրպագեցե՛ք Նրան: Հեզ է ու խոնարհ, չունի իշխանի փառավորություն: Սուսեր ու վահան չկա Նրա ձեռքին, պատերազմողների նման, եւ ո՛չ էլ զարդարված ձի՝ նրա տակ: Ձիեր ու ջորիներ չունի եւ Թագավոր է, արագընթաց նժույգներ չունի եւ իշխան է: Նրան կգտնեք խանձարուրով փաթաթված եւ մսուրում դրված. չերկբայե՛ք Նրա աղքատանման տեսքի պատճառով:

Հովիվներն իրենց խաշների հետ ցնծացին ավետիսից, անբիծները հավատացին եւ իրենց ընծաներն առնելով՝ գնացին Նրա մոտ: Արդարներն ընտրեցին, ուղիղները տասանորդ տվեցին՝ մատուցեցին իրենց ընծաները՝ գառը՝ իբրեւ Քահանայի, կաթը՝ իբրեւ ծծկեր Մանկան, եւ փառքը՝ իբրեւ Աստծու: Առաջին ընծաները Նրան մատուցեցին հովիվները. նրանք իրենց ընծաներով մտան քարայր եւ երկրպագեցին Նրան: Մաքիների գառ մատուցեցին Աստծո Գառին, Ով եկավ՝ լինելու զենումն եւ պատարագ Աստծուն եւ դադարեցնելու (Հին Ուխտի) գառների զոհաբերությունը: Հովիվները խառնվեցին հրեշտակներին եւ փառաբանեցին Նրան: Մեծ սքանչելիք եղավ, քանզի երկնավորների ձայները միացան երկրավորների ձայներին, եւ անմարմինների երգերը՝ մարմնավորների երգերին: Եվ բոլոր բերաններից ելնող փառաբանությունները միաբանեցին երկինքն ու երկիրը՝ երգելու օրհնությունները մեկ Միջնորդի, Ով հաշտեցրեց նրանց Իր ծննդյամբ: Մանուկը լուռ էր, իսկ հույլերը զարհուրում էին, ձայները բարձրանում էին, զվարթունները՝ բարբառում, մարդիկ՝ գոհանում, քարայրը՝ փոքր, մսուրը՝ աղքատիկ, Հովսեփը՝ ուրախացած, Մարիամը՝ զարմացած, եւ Որդին՝ աղքատացած:

Մարիամը, այս սքանչելիքը տեսնելով, իրեն քաջալերեց, եւ երկունքն ու ցավերը հեռացան նրանից, ոտքի կանգնելով եւ խոնարհվելով իր Որդու առջեւ՝ երկրպագեց Նրան, ընկավ Նրա առջեւ, ծնողական սիրով աղոթեց եւ ասաց. «Տե՛ր իմ եւ Որդի՛ իմ, հրամայի՛ր Քո աղախնուն ու մորը՝ խոսելու Քեզ հետ: Արձակի՛ր լեգեոններին, որ գնան Քո երկիրը, քանզի այնտեղ ես, սաստի՛ր հրեղեններիդ, որ ինձ տեղ տան՝ մոտենալու Քեզ: Ասա՛ սերովբեներին, որ բարձրացնեն իրենց թեւերը, որպեսզի Քեզ մոտ գամ: Թո՛ւյլ տուր, որ կուսական կաթս հասնի Քո բերանին, շնորհիր ստինքներիս, որոնց սնուցեցիր, որ սնուցեն Քեզ:

Երկնավորների գոչյուններից պատռվեց երկիրը, հրամայի՛ր նրանց՝ հավաքելու [երկնային] լուսեղեն առագաստն բարձանց:

Տո՛ւր իմ ձեռքերին քերովբեների զորությունը, որպեսզի կարող լինեն բարձրացնել Քեզ:

Պարգեւի՛ր իմ լեզվին սերովբեների սրբասացությունը, որպեսզի իմ բերանը անդադար սրբ[ասաց]ություն երգի Քեզ:

Տո՛ւր իմ ծնկներին բանական անիվների կարողությունը, որպեսզի կարող լինեն շարժելու մեծությանդ:

Տո՛ւր ինձ զորություն, քանզի Քո զորությունը չեմ կարող տանել:

Դո՛ւ պատվիր Քեզ, քանզի եւ երկինքը չի կարող տանել Քեզ:

Քո ծննդյան այս օրը թող ցնծա՛ երկիրը իր ամբողջությամբ եւ փշերի փոխարեն բարի բերք բուսցնի:

Այսօր թող ուրախանա՛ Ադամը՝ տոհմերի նախահայրը, քանզի Աստծուն ընդունեց իր ծնունդից, ինչպես ցանկացավ:

Այսօր թող Եվան ցնծա առավել, քան Ադամը, քանզի նրանից ծնվեց Մանուկ, Ով լուծեց նրա անեծքի ցավը:

Այսօր թող ուրախանա՛ դրախտը ծառերի հետ միասին, քանզի հեռացած դրախտապանը վերադարձավ դեպի Իր ժառանգությունը:

Այսօր թող ցնծան բոլոր հեթանոսները, որոնք ցրված էին ամբողջ աշխարհում, քանզի Քեզնով հավաքվեցին:

Այսօր Հեսսեի արմատից բուսեց Ճյուղը, Ով քաղցր գինի է խմեցնում ծարաված հեթանոսներին:

Այսօր հաստատուն դարձավ երերուն ոտքը, եւ զորացավ թուլացած գարշապարը:

Այսօր գերված հեթանոսները խաղաղությամբ վերադարձան, եւ ամուլը բազում ծնունդներ ունեցավ:

Այսօր թող ուրախանա՛ն մարգարեների գնդերը, քանզի Քո ծննդյամբ իրագործվեցին նրանց խոսքերը:

Այսօր Քո հայր Դավիթը թող կարգավորի՛ իր տասնալարյան [նվագարանի] լարերը եւ նոր երգեր երգի Քո ծննդյանը:

Այսօր թող Եսայիին գերեզմանում ազդարարվի՛, որ ահա իմ առջեւ է Էմմանուելը, Ում մասին մարգարեացավ ինքը:

Այսօր թող փառաբանի՛ Ամովսի որդին, քանզի ծնեցի Մանկանը եւ կույս մնացի, ինչպես որ գրեց ինքը:

Այսօր առավե՛լ թող ցնծա Զաքարիա մարգարեն, քանզի Դու ես այն Այրը, Ում անունը ծագումն է, ինչպես ասաց ինքը (տե՛ս Զաք. Գ 8):

Այսօր թող ծագի՛ Քո լույսը մարգարեների գերեզմաններում եւ արթնացնի՛ նրանց իրենց փառավորված քնարներով:

Այսօր թող ուրախանա՛ Քո հայր անվանվող Հովսեփը, ով քեզ համար շատ նախատվեց եւ արժանացավ տեսնելու Քո փառքը:

Այսօր, երբ ես ծնեցի Քեզ, բարձրացավ Քո փառաբանությունը, քանզի երկնավորներն ու երկրավորները երգեցին նոր օրհնությունը»:

Այսօր Մարիամը՝ անբիծ աղավնին, այսպիսի խոսքեր ասաց իր սիրելի Որդուն, եւ նրա գգվանքի խոսքերը միավորվեցին հրեղենների երգերին: Նրա ձայնը խառնվեց սերովբեների սրբասացությանը, եւ նրա երգը հաղթեց բոցեղենների որոտումներին, քանզի գորովով լի էր օրհնաբանում իր սիրելի Որդուն: Կույսի քնարը հնչեց՝ միավորվելով հրեշտակների հետ, քանզի նա կուսությամբ եւ սրբությամբ հաղորդակից էր նրանց:

Նորոգվեց մեղքերից հնացած երկիրը, Աստծո Որդու ծննդյամբ վերստին ստեղծվեց: Այսօրվա փառքը մեծ է, քան բոլոր օրերինը, եւ այս տոնի պայծառությունը հրաշալի է, քան բոլոր տոներինը:

Արթնացի՛ր, Եկեղեցի՛, քո գեղացկազարդ երգերով եւ օրհնության պատարագնե՛ր մատուցիր քո Տիրոջը Նրա ծննդյան օրը:

Այսօր ելնում է Սիոնը եւ մտնում է հեթանոսների Եկեղեցի, եւ բարձրանում է նրա զավակի խոնարհված գլուխը:

Այսօր հարս դարձած Եկեղեցին ուրախանում է Փեսայի տունդարձով, Ում ինքը թողել էր եւ գնացել դիվամոլ կռապաշտության ետեւից:

Այսօր ցնծում է վաղուց ի վեր վշտացածը, քանզի եկավ Փեսան՝ հանելու իրեն դեւերի խավարային մոլորությունից:

Այսօր գոհանում է բռնակալի կապանքներով կապվածը, քանզի եկավ Ազատիչը, քանդեց անգիտության կապանքները եւ ազատեց իրեն:

Այսօր Ստեղծիչը վերստին նկարեց Իր ապականված պատկերը եւ նրան խառնեց անմահության դեղը, որպեսզի հավիտյան այլեւս չեղծվի:

Այսօր իմաստուն Քահանայապետը շինեց ընկած տունը եւ նրա մեջ դրեց աստվածային անշարժելի սյունը:

Այսօր Տերը հաշտվեց Ադամի հետ, քանզի Որդին, Ով ծնվեց, խաղաղություն հաստատեց Հոր եւ Ադամի միջեւ:

Այսօր Տերը գտավ մոլորված ոչխարին եւ վերցնելով Իր ուսերի վրա՝ վերադարձրեց Եդեմի դրախտ:

Այսօր վերադարձան հեթանոսների հոտերը, քանզի քաջ Հովիվը հալածեց հոշոտող գայլերին եւ փրկեց նրանց:

Այսօր արտաքինները ներքիններ եղան (այսինքն՝ հեթանոսներն Աստծո ժողովուրդ եղան — Մ. Ա.), իսկ մերձավորները խռովվեցին ու դուրս ելան Թագավորի տնից:

Այսօր զորությունների Տերը իջնելով՝ կործանեց մեհյանները եւ ջնջեց նրանցից չաստվածների անունները: Այսօր հայտնվեց աշխարհը գերությունից [ազատող] հզոր Պատերազմողը, Ով կապեց ապստամբ գերողին եւ Իր զորությամբ վերադարձրեց գերվածներին:

Այսօր եկավ հիվանդների ու վիրավորվածների բժիշկը, Ով բժշկում ու առողջացնում է ձրի, եւ Ինքն է վարձք տալիս նրանց, ում բժշկում է:

Այսօր կինը մեր զանգվածի մեջ թաքցրեց կյանքի թթխմորը՝ աստվածային գիտությունը, որից ունայնացել էր մարդկային ազգը, մինչեւ այն ամբողջությամբ խմորվեց:

Այսօր կենդանի աղը իջավ Բարձրյալից եւ համեմեց մեր անհամությունը՝ ըստ Եղիսեի առակի:

Այսօր Հորից կյանքի առհավատչյա [տվող] հրաման ելավ, քանզի Որդու ծննդյամբ մարդկային ազգը հրավիրեց երկինք:

Այսօր՝ այս անպտուղ ամսին, Երկնավորից մեզ կյանքի Պտուղ առաքվեց:

Այս ամսին, որ դատարկ է ամենայն եկամուտից, մեզ առաքվեց կյանքի Խուրձը եւ հագեցրեց մեզ:

Այս ամսին, երբ աղքատանում են բոլոր տառապողները, Մեծատունն իջավ եւ Իր գանձերը բաշխեց բոլոր տնանկներին:

Այս ամսին, երբ այգին դատարկ է խաղողից, կույս որթատունկն իր արգանդից մեզ Ողկույզ պարգեւեց:

Այս ամսին, երբ թափվում են ծառերի տերեւները, լուսեղեն զգեստների փոխվեցին Ադամի տերեւները:

Այս ամսին, երբ սառնամանիքը կապում է սերմերը, ծարավուտ ու անբերրի հողից բարի Սերմը տրվեց մեզ:

Այս ամսին, երբ երկիրը սպառվում է բարիքներից, երկնավոր Բարիքը առաքվեց մեր հոգիներին:

Այս ամսին, երբ լույսի աստիճաններով բարձրանում է արեգակը, մեզ համար ծագեց արդարության Արեգակը եւ լուսավորեց մեզ:

Այս ամսին, երբ խավարը տեղի է տալիս եւ ետ դառնում՝ հաղթվելով լույսից, պարտվեց չարը, ետ դարձավ եւ զրկվեց իր իշխանությունից:

Այս ամսին, երբ կարճանում է գիշերը, կրճատվում լիությունից, եւ աճում է առավոտը, մարդկանց միջից ջնջվեցին չարի թակարդներն ու որոգայթները:

Այս ամսին, երբ խավարը դատապարտվում է լույսից, անեղ լույսից դատապարտվեց խավարի իշխանությունը:

Այս ամսին, երբ հնացածները նորոգվում են իրենց մեջ, մեր Տերը նորոգեց առաջիններին:

Այս ամսին, երբ թագավորները տալիս են նոր հրամաններ, մեծ Թագավորից երկրին խաղաղության հրաման ելավ:

 Այս տոնին, երբ բարձր ձայներով երգում են հրեշտակները, իրենց ովսաննաներով գոհանում են հեթանոսների հավաքված բազմությունները:

Այս տոնին, որ սպասավորվեց երկնավորների կողմից, ծնված Աստված ընդունում է երկրավորներիս երկրպագությունը:

Այս տոնին Քո ծննդյան փառաբանությունը երգեցի. Քո երեւալու ահեղ օրը՝ Քո Աստվածության ողորմությունը:

Այս առավոտյան սակավ խոսքերով օրհնեցի Քեզ, արժանացրո՛ւ ինձ՝ օրհնելու Քեզ մեծ եւ անսպառ առավոտյան:

Այս առավոտյան Քո Եկեղեցուն մատուցեցի իմ խոսքերի պատարագը, հավիտենից առավոտյան դասի՛ր ինձ Քո առագաստ հրավիրվածների դասում:

Այս առավոտյան փառաբանություն Քո Հորը, անդադար օրհնություն Քեզ եւ երկրպագություն Սուրբ Հոգուն, իսկ մեզ՝ հավատացյալներիս, ողորմություն այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Գրաբարից փոխադրեց Մարթա ԱՐԱԲՅԱՆԸ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s