«Հայր մեր զՍուրբ Աւետարանը գիտեմք եւ Մայր՝ Առաքելական Եկեղեցի Ընդհանրական»

Եղիշէ

 

Սուրբ Եղիշե վարդապետի այս՝ միանգամայն ինքնօրինակ բնորոշումը՝ իբրեւ հիմնական գաղափար եւ շարունակություն առաքյալների ու մարգարեների այն քարոզչության, որի նպատակն էր հավատքով ու տեսիլքով վերագտնել տալ ժամանակի ոգին, արմատախիլ անել մտածողության եւ զգացումի թերարժեք դրսեւորումները, մահվամբ ու մարտիրոսությամբ անմահությունը ժառանգել՝ վասն Քրիստոսի Եկեղեցու, այս էլ որերորդ անգամ լուսավորում եւ հուզավառում է մեզ զորությամբ ու փառքով ամենախնամ, ինչպես Ավետարանն է պատգամում. «Երանի որ քաղցեալ եւ ծարաւի իցեն արդարութեան» (Մատթ. Ե 6), քանզի՝ «Ոգի առաւել է, քան զկերակուր, եւ մարմին՝ քան զհանդերձ» (Ղուկ. ԺԲ 23)։

Մեր մատենագրության մեջ սակավաթիվ չեն այնպիսի դեպքերն ու իրադարձությունները, ինչպիսիք այնքան էլ չեն կարեւորվել, այնքան էլ նշանակալից արձագանք չեն ունեցել գուցե հարեւան այս կամ այն երկրում, սակայն մեր փոքր ու մեծ հայրենիքի կյանքում դարձել են նշանակալից հանգրվաններ եւ անմահացել։ Քանզի սրանք այլ բան չեն, եթե ոչ լույս ու լուսե խորհուրդներ՝ ինքնիշխան կամքի ու վերակերտման արդար իրավունքի, որովհետեւ ինքնության եւ ազգային ինքնագիտակցության վառ ու անկրկնելի վկայություններ են՝ վասն կենաց ազգիս եւ հայրենյաց, վասն հավատի ու հայապահպանության։ Մեկ անգամ չէ, որ ապրելը մեզ համար հավասարապես նշանակել է լինել ազատ ու արժանապատիվ հայրենիքի զավակ, իսկ ամենից առաջ՝ քրիստոնյա եւ Հայ Եկեղեցու որդեգիր, քանի որ մեզ համար չի եղել երբեւէ այլ ճանապարհ, դիտակետ ու ելակետ։ Ինչպես հավաստում է մեր, հիրավի, բազմադարյան պատմությունը, մեր ժողովրդի այն հատվածը, որը փորձել է այլ կերպ կամ այլ հենակետով առագաստ մեկնել դեպի առաջ ու «լայն ուղեծիր», կորցրել է իր ինքնահատուկ տարբերությունն ու հունցվել համընդհանուրի մեջ։ Ահա թե ինչու շարունակ խոսելով այս կամ այն իրողության մասին՝ մենք մեր բոլոր զգայարաններով հանգում ենք մի եւ նույն ճշմարտությանը. «Հայր մեր զՍուրբ Աւետարանը գիտեմք եւ Մայր՝ Առաքելական Եկեղեցի Ընդհանրական»։ Այս ճշմարտությունն այնքան ակներեւ է, որ մինչ մեզանում ոմանք կգիտակցեին, դրսում արդեն մտածում էին, թե ինչպես կարելի պիտի լիներ փոխել մեր մաշկի գույնն ու դեմքը։ Այս հարթության վրա ամենեւին էլ զարմանալի չպիտի նկատվեր, եթե որեւէ երկիր, ծածկելու համար իր ամոթը կամ վերանայելու իր վերաբերմունքը, չհրաժարվեր այնպիսի դրսեւորումներից, որոնք կարող էին ուղղակիորեն ստվեր գցել մեզ վրա։ Եվ եթե այս ամենին գումարենք ժամանակի քաղաքական կացությունը, դավանանքի տարբերությունների խնդիրն ու սրանցից բխող հետեւանքները, այսօրվա հեռավորությունից ընդհանուր եզրահանգումներ պետք է երեւան գային՝ շատ ավելի պարզորոշ ու տեսանելի։ Այսու՝ մեզ համար եւս մի կարեւոր հայտարար. ողջախոհ լինելու համար եւ զգույշ լինելուց առաջ նույնքան անհրաժեշտ է տարբերակել մեզանում կենցաղավարող գաղափարախոսությունների ու հետաքրքրությունների աղբյուրը։ Վերջինը եւս ավետարանական հիմք ունի. «Ծառը պտղից է ճանաչվում»։ Ահավասիկ այն շարժումը, որն ըստ էության ընդգրկել է մեր ժողովրդի բոլոր շերտերը եւ որը հայտնի է Ղեւոնդյանց եւ Վարդանանց պատերազմ անունով, հիրավի, եղել եւ մնում է այսօրինակ դրսեւորումներից ամենաինքնօրինակն ու ամենալուսավորը. «[Սուրբ Հովսեփն ու սուրբ Ղեւոնդը] խրատեցին, ամրապնդեցին եւ բոլորին Քրիստոսի զինվորը դարձրին, այնպես որ կարելի էր զարմանալ նրանց աներկյուղ համարձակության վրա… [Կանայք] մոռացան իրենց կանացի տկարությունները եւ տղամարդիկ դարձան հոգեւոր պատերազմի մեջ… »։ Դեպքերի անմիջական մասնակից Եղիշե վարդապետի նկարագրությունն այնքան պատկերավոր է, որ պարզապես դավանաբանական ձեռնարկ կամ ճառ է հիշեցնում՝ այդուհանդերձ մնալով գրական այնպիսի ժանրային համակարգում, որտեղ հաշված ու հայտնի ստեղծագործություններ են մտել՝ անգամ համաշխարհային գրականությունից։ Ողջ պատմության ընթացքում անսայթաք շարունակությամբ նկարագրվում են այնպիսի տեսարաններ՝ զգացմունքի ու կամքի այնպիսի նվիրական ոգեկանությամբ, որ թվում է, թե բնությունն իրեն հատուկ եղանակային պայմանների ավանդությունը վերանորգել ու շարունակել, ամբողջացրել է Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում։ Երեւակայել կարելի է, թե հավասարապես վարդապետ, բանասեր, պատմիչ, բանաստեղծ ու փիլիսոփա հեղինակը ինչպիսի ներանձնական ապրումով եւ որքան խորախորհուրդ բովանդակությամբ է արձանագրում իր աչքի տեսածը՝ իրավամբ դառնալով հայ մտքի թարգմանն ու քնարերգուն։ Գեթ մեկ նախադասությամբ՝ «Երբ Արշակունյաց ցեղը վերացավ, Հայոց աշխարհին տիրեց պարսիկ Սասանի ցեղը», իր պատմության հենց առաջին գլխում՝ հենց առաջին մտքի շարադրանքում, հեղինակը միանգամից անդրադառնում է մի քանի

կարեւոր հանգրվանների՝ միաժամանակ ակնարկ նետելով առիթ-պատճառ-հետեւանք հարթություններին, ինչպես նաեւ հետեւեցնելով խրատն ու խորհուրդը. «Մի աշխարհ երկու իշխող չի ունենա»։ Հար եւ նման քերթողահայր Խորենացուն, Եղիշեն եւս ողբում է, բայց այս ողբն այլ է. արյունով ու կենդանի նահատակությամբ հերոսացածների ու վկայությամբ մարտիրոսվածների վրա իր լուսալիր ճառագայթներն է նետում արեգակը՝ որպես երկնաբնակների, եւ իբրեւ «նահատակք պանծալիք» եւ «մարտիրոսք ցանկալիք», ինչպես գրում է շարականագիրը, երկնաքաղաքացիները տեսանելի ջերմությամբ գիրկընդխառն բռնում են հավերժի ճանապարհը՝ ավելի խորացնելով այն համոզումը, թե երկնի եւ երկրի միջեւ եւս մի Եկեղեցի գոյություն ունի, որտեղ էլ աղոթքով հանդիպում են զինվորյալ եւ հաղթական Եկեղեցու առաքյալները՝ մահվամբ միանալու եւ անմահությունն իբրեւ արդար իրավունքի զորության աղբյուր հռչակելու։

Հայ Եկեղեցու վարդապետն ամեն ինչ անում է՝ շեշտելու համար հավատքի ու դավանանքի կարեւորությունն ու միաբանության առավելությունները։ Եվ եթե այսօր փորձ է նկատվում մի հարթության վրա դիտելու Վարդանին ու Վասակին կամ եւս առավել՝ արդարցնելու Վասակին՝ ի խնդիր Վարդանի, կարեւոր է հաշվի առնել հետեւյալը. Վարդանն ու Վարդանանք մեր Եկեղեցու սրբերն են, եւ այս իրողությունը ենթակա չէ կասկածի կամ ճշգրտման։ Եվ երկրորդը՝ ոչ պակաս կարեւոր. Վարդանանք խորհուրդ ունեն, պատկերավոր արտահայտությամբ՝ իբրեւ լույս խավարի մեջ։ Այս ամենից հրաժարվելը հավասարարժեք է մեր ինքնությունից հրաժարվելուն եւ կարող է նշանակել մեր անցած ճանապարհի մերժումը։ Հետեւապես ազգային-եկեղեցական արժեքների նկատմամբ վերաբերմունքը կարող է եւ պետք է ցուցաբերվի համապատասխանաբար՝ երբեւէ երկրորդականը չնախադասելով առաջնայինից, ինչպես որ օրինակեցին հենց իրենք՝ Վարդանանք։

Ամեն պարագայում մեկ բան եւս անմերժելի է։

Սբ Ղեւոնդյանք եւ սբ Վարդանանք մեր ժողովրդի, մեր Եկեղեցու բարոյական իդեալների կրողներն են ու նահատակները։ Հպարտ, «աներկյուղ, համարձակ», խաղաղասեր, որ իրենցմահվամբ ու ապրումով խորհրդանշում են ու կարեւորում մեր Եկեղեցու զավակների միասնության անհրաժեշտությունն ու առվելությունը։ Այս է պատճառը նաեւ, որ թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում հատկապես հարյուրամյակներ շարունակ մի առանձին շուքով է տոնախմբվում մեր քաջարի հերոսների ոգեկոչումն ու հիշատակը։ Վարդանանք մեր ժողովրդի, հայ ազգի բարեխոսներն են ու բարոյախոսները՝ հար եւ նման մեր հավատքի Զորագլխին, ինչպես «Սբ Հավատամքի» մեջ ենք հաստատում, «մահուամբ զմահ կոխելով»՝ նոր շունչ, նոր առաքելություն ներբերեցին հանդեպ եւ ի սեր առ լեզուն, հայրենիքը, ընտանիքն ու քրիստոնեական հավատքը՝ հաղթական դուրս գալով եւ հանդիսանալով թարգմանները Աստծո խոսքի, եւ սա՝ ոչ պատահականորեն։ Վարդանանք մեր ժողովրդի այն զավակներն են, որ իրենց ապրած կյանքով կենդանի քարոզ եւ անգերազանցելի օրինակ ապահովեցին առարկայականորեն՝ համաձայն Տիրոջ խոսքի թե՝ «Եթե հավատաք, ավելի մեծ գործեր պիտի կատարեք»։ Վարդանանք, հիրավի, «կենդանի նահատակությամբ» համալրեցին Քրիստոսի ավետարանական հրավերը՝ «Եվ մարդն այնպես սիրեց Աստծուն, որ ինքն իրեն չխնայեց» (հմմտ. Հովհ. Գ 16)։ Կասկածի ենթարկել այս իրողությունը մեզ համար հավասարարժեք է ուրանալ Ճշմարտությունը։

 Երեւակայել կարելի է, թե ինչպիսի անգերազանցելի օրինակ են ապահովել երեկ, այսօր ու հավիտյան մեր սրբազան նախնիք։ Եվ փառք Աստծու, ինչպես պիտի նկատեր բանաստեղծը, որ մեր երեւակայությունը միայն ինքն իրենով չէ սահմանափակվում, «… որովհետեւ կյանքն- ի՜նչ էլ լինի- ընդլայնում է մեզ…» (Պ. Սեւակ)։ Որքան սերունդներ են դաստիարակվել այս անկորնչելի ճանապարհով։ Նորապսակ հարսներն իրենց հետ, իբրեւ սրբություն, վերցրել են սբ Վարդանի կամ սբ Ղեւոնդի պատկերը, տղամարդիկ ռազմի դաշտ մեկնելիս ապավինել են նրանց բարեխոսությանը, եւ այսօր նոր խոսք ասելու պարագայում պարտքն է ամենքիս անմոռանալի՝ նախ եւ առաջ ըստ ամենայնի հաշվի նստել այս ամենի հետ։ Մեր պատմության այն անմերժելի վկայություններից է, որը շահեկանորեն փաստում է եւ հաստատում, թե հոգեւորական եւ աշխարհական ուս ուսի եւ հավասարապես ռազմի դաշտ են մեկնել՝ որպես սրբազան ուխտի։ «Զուգութիւն է մայր բարեաց, անզուգութիւն՝ ծնողն չարեաց»։ Եվս մի կարեւոր հանգրվան. երբեւէ նկատելի չէ, որ մեզանում «հավատք եւ հայրենիք» սրբությունները առանձին-առանձին կենցաղավարելիս լինեն։ Հայ մարդու համար հավատքը հայրենքի մեջ է, հայրենիքը՝ հավատքի։ Եվ ամեն անգամ ոգեկոչելով մահվամբ անմահացած մեր սրբազնասուրբ վկաների ու մարտիրոսների արժանի հիշատակը՝ արժե որ մենք էլ մեզ հարց ուղղենք. «Որքանո՞վ մենք էլ ծառայեցրինք մեր անձն Աստծուն ու մեր ժողովրդին, ավելացրի՞նք արդյոք մենք էլ այս աշխարհի լավն ու բարին, կարո՞ղ ենք մենք էլ ակնկալել այն բարեխոսությունը, որը նախ եւ առաջ ենթադրում է ազնիվ կամքի դրսեւորում՝ հանդեպ արդարի հիշատակը։ Որովհետեւ արդարի հիշատակը սուրբ է, կենդանի ու պարտավորեցնող։ Խունկ, լույս ու բյուր աղոթք օրհնության ակնկալիքով մեր նահատակաց արժանաժառանգ հիշատակին։ Եվ թող մեծն Աստված հավիտյանս հավիտենից օրհնի այն ազգը, այն Եկեղեցին, որը երբեւէ չի մոռանում իր ծառայությունը, իր ինքնաընծայումն ու իր երախտարժան նահատակ-ննջեցյալներին, քանզի «մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն»։

 

Իսահակ աբղ. ՊՈՂՈՍՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s