Բուն բարեկենդանով սկսվում է Մեծ պահքը: Բարեկենդանը, որպես սկսվող պահքի առաջին կիրակի, խորհրդանշում է նախաստեղծների՝ Ադամի ու Եվայի երանավետ եւ անհոգ կյանքը դրախտում: Մեծ պահքի երկրորդ կիրակին արդեն անվանվում է Արտաքսման եւ խորհրդանշում է Ադամի ու Եվայի արտաքսումը դրախտից՝ պատվիրանազանցության պատճառով, քանի որ նրանք չպահեցին աստվածադիր առաջին պահքը՝ չճաշակել կենաց ծառից՝ բարու եւ չարի գիտության ծառից:

Տարբեր կարծիքներ են հայտնվել դրախտի ծառի եւ նրա պտղի մասին:

Ադամին նվիրված մի պարականոն պատմության մեջ ասվում է, որ չարը պտուղը չէր, քանի որ դրախտում չար ոչինչ չկար, այլ չարն աստվածային պատվիրանի խախտումն էր, երբ Ադամը թողեց Աստծո խոսքը եւ կնոջ խոսքը լսեց (Անկանոն գիրք Հին եւ Նոր Կտակարանաց, հտ. Ա, էջ 309):

Եղիշեն իր «Արարածոց մեկնությունում» եւս գրում է, որ ծառի բնույթը մարդով էր պայմանավորված: Եթե Ադամն ու Եվան պատվիրանը պահեին, ապա ծառը կշարունակեր որպես բարին մնալ: Այն չար դարձավ, երբ խախտվեց պատվիրանը: Նույն ձեւով մարդն իր բնույթով թե՛ մահկանացու էր եւ թե՛ անմահ: Եթե պահեր պատվիրանը, անմահ կմնար: Չպահեց եւ դրախտից վտարվելով՝ մահկանացու դարձավ:

Տարակարծությունների տեղիք է տվել եւ այն, թե որն էր արգելված պտուղը: Եղիշեն, ապա եւ Գրիգոր Տաթեւացին գրում են, թե ոմանք ենթադրում են, որ այն թուզն է եղել: Նման ձեւով մտածողներն ասում են, թե նախաստեղծները նախ թուզն են կերել, եւ ապա ծածկվել թզենու տերեւով, որի համար, երբ Քրիստոսը եկավ որպես երկրորդ Ադամ, անիծեց թզենին:

Ղեւոնդ Ալիշանը, նկատի ունենալով Ադամի ու Եվայի ծածկվելը, «Հայբուսակում» թզենու տերեւն անվանում է թշվառության քող, որով նախաստեղծները ծածկվեցին՝ դրախտի լուսավոր հանդերձը կորցնելուց հետո:

Տաթեւացին գրում է, քանի որ դրախտում իսկ նման երկրորդ ծառը չկար, ուր մնաց թե երկրի վրա, մենք ինչպես կարող ենք ասել, թե այս կամ այն ծառի պտուղն էր:

Ժողովրդական ընդհանրացած մտածողությամբ, սակայն, այդ պտուղը համարվում է խնձորը, որտեղից եւ «կարմիր խնձոր» արտահայտությունը:

Դրախտի պտղի ճաշակման հետ է կապվում եւ «ադամախնձոր» բառը: Ժողովրդական ստուգաբանությամբ ասվում է, որ Ադամը, ցանկանալով կուլ տալ արգելված պտուղը, չի կարողանում, որտեղից է եւ «կոկորդին մնալ» արտահայտությունը: Այնուհետեւ մեծ դժվարությամբ է կուլ տալիս, որի ժամանակ կոկորդի ոսկորներից մեկը դուրս է ցցվում, եւ այն անվանվում է ադամախնձոր:

Պայմանավորված Ադամ-Քրիստոս զուգահեռով՝ ճաշակված պտուղն է համարվում նաեւ խաղողը: Ինչպես 13-րդ դարի բանաստեղծ Հովհաննես Թլկուրանցին է գրում, գովական խաղողը մարդկությանը հանեց դրախտից եւ հետո դրախտի փակյալ դուռը դարձյալ խաղողը բացեց մարդկանց առաջ, քանի որ պատվիրանազանցությամբ դառնաճաշակ պտղի՝ խաղողի փոխարեն նույն որթատունկի գինով հաստատվեց սուրբ Հաղորդության խորհուրդը: Ահա այս պատճառով մի շարք պատկերներում դրախտի ծառը ներկայացվում է կախված ողկույզներով:

Դեռեւս ութերորդ դարում, նույն այս զուգահեռով, Զաքարիա Ա Ձագեցի հայրապետը գրում է, որ կորստյան տանող գիտության ծառի փոխարեն Քրիստոսը հաստատեց երկինք առաջնորդող խաչը եւ դառնաճաշակ պտղի փոխարեն՝ Իր մարմինը:

Ահա այս պատճառով մի շարք մանրանկարներում կենաց ծառը խաչով է պսակվում:

Օձի՝ Եվային գայթակղեցնելու եւ նախաստեղծների՝ դրախտից վտարման պատճառ դառնալու մասին ասվում է. «Օձը երկրի վրա Աստծու ստեղծած բոլոր գազաններից ավելի խորամանկ էր», եւ նա կարողանում է համոզել Եվային:

Օձը պատկերվում է թեւավոր, ինչպես նաեւ նենգ ժպիտով՝ մեղքի մահացու խայթոցը խորհրդանշող դուրս հանված լեզվով:

Դրախտում օձի թեւավոր պատկերվելու մասին Եղիշեն գրում է, որ օձը մագիլներ չունի առյուծի նման եւ ոչ ժանիքներ, ինչպես արջը, եւ ոչ ճիրաններ, ինչպես արծիվը, եւ ոչ էլ ոտքեր, ինչպես չորքոտանիները եւ կամ երկոտանիները, ինչպես մարդը, այլ միայն թեւեր ունի, որոնք կտրվեցին գայթակղեցնելուց հետո:

Միջնադարյան պատկերներում դրախտի ծառին գալար-գալար փաթաթված օձի փոխարեն երբեմն ներկայացվում է օձամարմին հրեշտակ, որը միայն գեղարվեստական արտահայտչամիջոց չէ, այլ պայմանավորված է հետեւյալ ավանդությամբ: Սկզբնապես հրեշտակների դասերը ոչ թե ինն էին, այլ տասը, եւ բոլոր այս դասերն օրհնաբանում էին Աստծուն: Նրանցից սատանային, երբ ապստամբում է, Աստծո հրամանով Գաբրիել եւ Միքայել հրեշտակապետերը երկնքից վար են նետում: Որպեսզի լրանա տասներորդ դասը, Աստված ստեղծում է մարդուն եւ դնում դրախտում, որից չարացած սատանան օձի միջոցով վրեժխնդիր է լինում Ադամից ու Եվայից: Երբեմնի հրեշտակ սատանայի եւ օձի գործակցությունը ներկայացվում է ապստամբ հրեշտակի օձագալար մարմնով:

Եվայի՝ օձի կողմից գայթակղվելն է խորհրդանշում եւ այն, որ ոչ թե Եվան է պտուղը քաղում, այլ օձն է նրան տալիս: Օձի՝ Եվային գայթակղեցնելն արտահայտվում է օձի՝ Եվայի ականջին շշնջալով:

Երբ Ադամն ու Եվան ուտում են արգելված պտուղը, ինչպես Ծննդոց Գրքում է ասվում. «Երկուսի աչքերն էլ բացվեցին, եւ նրանք հասկացան, որ մերկ են: Նրանք թզենու տերեւներն իրար կարեցին եւ իրենց համար գոգնոց շինեցին»:

Ահա այս պատճառով միջնադարյան պատկերներում հատուկ ընդգծվում է Ադամի ու Եվայի՝ թզենու մեծ տերեւներով ծածկվելը:

Արգելված պտղի ճաշակմամբ ոչ միայն Ադամի ու Եվայի աչքերը բացվեցին, ու նրանք զրկվեցին լուսեղեն պատմուճանից, այլեւ գործված այս առաջին մեղքով հեղաբեկվեց ողջ բնությունը: Մինչ այդ չկային գիշեր եւ ցերեկ: Ինչպես Զաքարիա Ձագեցին է գրում, դրախտում խավար եւ աղջամուղջ չկային, այլ ցերեկ էր, եւ արեգակն էր ջահի նման լուսավորում երկնքից, եւ դրախտն այսպես պայծառ ու լուսավոր մնաց այնքան ժամանակ, որքան որ Ադամն ու Եվան պահեցին աստվածային պատվիրանը:

Գրիգոր Տաթեւացին էլ, վկայակոչելով միջնադարյան մի շարք հեղինակների, գրում է, որ դրախտում օդն ինքնին լուսավոր է, եւ դրախտում ծաղիկներն ու ծառերի տերեւները լույս էին արձակում:

Դրախտի հեքիաթային պայծառության այս արտացոլքն ենք գտնում եւ միջնադայան մանրանկարներում:

Գործված առաջին մեղքով խաթարվեց նաեւ բնության ներդաշնակությունը: Մինչ այդ որեւէ կենդանի չուներ գիշատիչ եւ վայրի գազաններին բնորոշ հատկանիշներ, եւ ողջ կենդանական աշխարհը իրար հետ ապրում էր սիրով եւ խաղաղությամբ: Ինչպես Եղիշեն է նույն □Արարածոց մեկնությունում□ գրում, դրախտում ընտանի եւ վայրի կենդանիները միասին ապրում էին սիրով եւ խաղաղությամբ՝ կաքավը բազեի, եզը՝ առյուծի, եւ ուլը՝ հովազի հետ: Ներդաշնակ սիրո այս գաղափարն արտահայտվել է եւ գազաններին ու ընտանի կենդանիներին միասին պատկերելով:

Գործված մեղքը որպես դրախտային ներդաշնակության ձեւեւախեղում է ներկայացված Ռեմբրանդտի 1638 թ. մի նկարում, ուր ամեն ինչ աղճատված է՝ սկսած առավել հրեշավոր թվացող վիշապային օձից մինչեւ անբնական կեցվածքով Եվան ու սարսափած Ադամը:

Գործված առաջին այս մեղքն առաջինը գիտակցեցին իրենք՝ Ադամն ու Եվան, եւ առաջինն իմացավ Աստված:

Ծննդոց Գրքում ասվում է, որ երեկոյան Ադամն ու Եվան □լսեցին Տեր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, եւ Ադամն ու իր կինը Տեր Աստծուց թաքնվեցին դրախտի ծառերի մեջ□:

Երբ Աստված Ադամին հարցնում է, թե ինչու թաքնվեց, Ադամն ասում է, որ մերկ է եւ ամաչում է: Ի պատասխան Աստծո հարցման, թե որտեղից իմացավ, որ մերկ է, Ադամը խոստովանում է, որ Եվայի հետ միասին կերել են արգելված պտուղը՝ խաբվելով օձից:

Ի պատիժ պատվիրանազանցության՝ Աստված օձին ասում է. «Անիծյալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մեջ: Քո լանջի ու որովայնի վրա սողաս, ողջ կյանքումդ հող ուտես»:

Մանրանկարներում օձը դրախտում մինչեւ այս անեծքը պատկերվում է վեր բարձրացած: Որպեսզի նրա կանգնած լինելն անսովոր եւ հակաբնական չթվա, նա ոչ թե կանգնած, այլ ծառին փաթաթված է պատկերվում: Պատվիրանազանցությունից հետո արդեն, համաձայն աստվածային անեծքի, պատկերվում է սողալիս:

Աստվածաշնչում այնուհետեւ ասվում է. «Տեր Աստված Ադամի ու նրա կնոջ համար կաշվից զգեստներ պատրաստեց եւ հագցրեց նրանց» (Ծննդ. Գ 21):

Եթե մինչ պտուղն ուտելը Ադամն ու Եվան մերկ էին պատկերվում, իսկ պտուղն ուտելուց հետո՝ թզենու տերեւով, ապա Աստծո հանդիմանությունից հետո արդեն՝ նման կաշվե հանդերձով: Աստվածաշնչում թեեւ չի ասվում, թե ինչի կաշվից էին նրանց զգեստները, սակայն համաձայն միջնադարում գրված մի շարք գործերի՝ դրանք եղել են այծի կաշվից:

Հայկական միջնադարյան հանելուկներից մեկում ասվում է.

Նրանք սպիտակ զգեստ ունեին,

Հանեցին եւ հագան այծի մորթին:

Պատվիրանազանցությունից հետո Ադամն ու Եվան վտարվեցին դրախտից: Ինչպես Ծննդոց Գրքում է ասվում. «Աստված դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց եւ հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները»։

Արարչագործության վեց օրերի նման, վտարումը եւս միջնադարյան արվեստում պատկերվում է ֆիլմաշարի պես կազմված երկմաս կամ բազմամաս նկարներով: Երկմաս նկարների վերին մասում դրախտն է, իսկ ներքեւում՝ երկիրը: Դրախտում Ադամն ու Եվան մերկ են՝ պատված լուսավոր եւ անտեսանելի պատմուճանով, եւ զվարթ դեմքերով: Ներքեւում՝ երկրում, նրանք արդեն հանդերձներով են եւ տրտմալից ու արտասվախառն հայացքով: Երկնքի ու երկրի միջեւ տարված է բաժանարար մի գիծ, եւ այդ գծի վրա դրախտից դեպ երկիր է նայում Տիրոջ հրեշտակը՝ ձեռքի սրով հսկելով դրախտ տանող ճանապարհը:

Միջնադարյան արվեստում տարածված էր բազմապատկեր նկարաշարում մի պատկերի շրջանակի ներքո ներկայացնել արարչագործության վեց օրը, ապա Ադամի կողից Եվայի ստեղծումը, Աստծո պատվերը Եվային, Ադամն ու Եվան կենաց ծառի մոտ, պտղի ճաշակումը, Աստծո՝ Ադամին ուղղված հարցումը, դրախտից վտարումը եւ դրախտի մուտքի պահպանումը սրով՝ քերովբեի կողմից:

Համաշխարհային արվեստում այս շարքն արտացոլվել է հատկապես պատկերազարդ Աստվածաշնչերի հրատարակությունների փորագրանկարներում: Գերմանացի նկարիչ Հուլիոս Շնոր ֆոն Կարոլսֆելդի 240 պատկերներով 1860 թ. հրատարակած Աստվածաշնչում այս ընթացքը ներկայացված է չորս փորագրանկարներով. մեղանչում, Աստծո հայացքից թաքնվելը, դրախտից վտարումը, հետդրախտային կյանքը:

Աստվածաշնչի փորագրային հրատարակությունների բարձրակետը, սակայն, Դորիեի շարքն է, ուր առաջին երեք նկարները ներկայացնում են աշխարհի արարումը, ուր «եղիցի լույս» խոսքերի հնչմամբ աստվածային լույսը տարածվում է ողջ տիեզերքով՝ հասնելով մինչեւ երկրային անդունդները:

Երկրորդը Եվայի արարումն է Ադամի կողից:

Եվ վերջապես երրորդը՝ դրախտից վտարումը, ուր աստվածային լույսով ողողված դրախտին հաջորդում է երկրային՝ դեռեւս անծանոթ ու անմշակ երկիրը, որն իրենց երեսի քրտինքով մշակելն ու գործելը վիճակված էր նախաստեղծներին ու նրանցով սկզբնավորված մարդկությանը:

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s