Արդեն անունը հավաստում է, որ Էջմիածնից էր։ 1584 թվին Գրիգորը նրան աթոռակից էր դարձրել։ Եղել էր փակակալ կամ լուսարարապետ եւ Առաքելի մահից հետո Աթոռի վարչությունը վերցրել էր իր ձեռքը։ Մ. Օրմանյանը նրա գահակալությունը դնում է 1590 թվին։ Երբեմն նրան որոշ հեղինակներ Դավիթ Ե են համարում։ Սակայն, այսպես կոչված, Դավիթ Դ-ն Ամենայն Հայոց կաթողիկոս չի եղել, այլ Աղթամարի։ Հայ ժողովուրդը նրանից առաջ եւ նրա օրոք ծանր ժամանակներ էր ապրում, քանի որ օսմանցիները գրավել էին նաեւ Արեւելյան Հայաստանն ու շրջակա տարածքները եւ հաստատել 5 կուսակալություն, որոնց կենտրոններն էին Թավրիզը, Երեւանը, Գանձակը, Շամախին եւ Դարբանդը։ Վրաստանը կառավարվում էր սեփական իշխաններով, որոնցից մի քանիսն իրենց հորջորջում էին թագավորներ, չնայած դեռ պարսկական տիրապետության շրջանում պարսից արքունիքի աչքում ընդամենը վալիներ էին։ Ծանրացավ հարկային լուծը. մեծ հարկերի տակ ըակավ նաեւ Մայր Աթոռը։ Դրանք վճարելն անհնարին էր, եւ կաթողիկոսները պարզապես փախչում էին հարկահավաքներից։ Դավիթ Դ-ն իրեն աթոռակից դարձրեց Մելքիսեդեկ Գառնեցուն, որը նրան պիտի օգներ դրամ հայթայթելու գործում։ Վերջինս փառասեր էր ու իշխանասեր եւ հասավ աթոռակցի պաշտոնին 1593 թվին։ Վիճակը հազիվ թե լավացավ, քանի որ փողը ծախսողների թիվը կրկնապատկվեց միայն։ Իսկ պարտքերը գնալով աճեցին՝ հասնելով 50 հազար ղուռուշի։ Ղուռուշն այն ժամանակ հավասարարժեք էր իտալական կրոսսո դրամին, ինչը 25 անգամ մեծ էր XX դարի սկզբի ղուռուշի համեմատությամբ։ Վիճակն այնքան բարդացավ, որ թե՛ կաթողիկոսը եւ թե՛ աթոռակիցը փախուստի մեջ էին եւ թաքնվում էին հարկահաններից։ Նրանք շարունակ տեղից տեղ էին փոխադրվում, եւ այն էլ՝ գիշերով, որ չհայտնաբերվեն։ Վիճակը շտկելու համար Կոստանդնուպոլիս գնաց Մելքիսեդեկը՝ հավանաբար 1598 թվին, եւ արժանացավ փայլուն ընդունելության։ Բանն այնտեղ հասավ, որ հայազգի մեծատունները Տիրատուր Սսեցուն զրկեցին պատրիարքությունից եւ նրան պատրիարք հռչակեցին 1599 թվին։ Սակայն Մելքիսեդեկի առաքելությունն առանձին օգուտ չբերեց։ Հայ մեծամեծները կամենում էին նրանից օգտվել, իսկ նա՝ նրանցից։ Այդ ամենի արդյունքում նա իր հարգը կորցրեց եւ արդեն 1600-ին հեռացվեց պատրիարքությունից։ Նա ստիպված էր վերդառնալ Էջմիածին՝ առանց Մայր Աթոռին օգուտ բերելու։

Այդ օրերին հիշվում է մի աթոռակից կաթողիկոս եւս՝ Ավետիս անունով, որի ով եւ որտեղից լինելը, ինչպես նաեւ աթոռակից դառնալու թվականը հայտնի չեն։ Նա հիշվում է հարեւանցիորեն Զաքարիա Քանաքեռցու կողմից, նրան գիտի Գրիգոր Դարանաղցին։ Բայց որքան էլ տարօինակ լիներ, նրա գոյությունը հայտնի չէ Դավրիժեցուն։ Վերջինս միշտ հիշատակում է Դավթին եւ նրա աթոռակից Մելքիսեդեկին։ Մ. Օրմանյանը, հենվելով Դավրիժեցու վրա, Ավետիսի աթոռակալությունը չի ընդունում եւ նրա խնդիրը թողնում է ապագային։

Դավթի հովվապետությունը համընկավ պարսից Շահ-Աբասի գահակալությանը։ Վերջինս 1590 թ. հաշտություն կնքեց շատ ծանր պայմաններով, սակայն այլ ելք չուներ՝ իր տերությունը կրկին զորացնելու համար։ Նրան հաջողվեց կամաց-կամաց տերությունը դուրս բերել ծանր վիճակից։ Մ. Օրմանյանի կարծիքով՝ դրան նպաստեց նրա բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ, սակայն եթե հիշենք հայերի՝ նրա կազմակերպած տեղահանությունը XVII դարի սկզբներին, հազիվ թե դա կարելի է բարյացակամություն համարել։ Չենք ժխտում, որ շատ դեպքերում նա հովանավորում էր հայերին։ Պատրաստվելով պատերազմի օսմանների դեմ՝ նա կամենում էր ձեռք բերել հայերի օժանդակությունը թե՛ առեւտրական եւ թե՛ արհեստագործական ասպարեզներում։ Դրա արդյունքն այն եղավ, որ թե՛ մահմեդականները եւ թե՛ քրիստոնյաները սկսեցին գաղթել Պարսից սահմանները։ Նրանք այդ ճանապարհով փորձում էին խուսափել օսմանյան լծից եւ հարկահանությունից։ Հականե-հանվանե հիշվում են Ղազի խանը եւ Հայաթ բեկը, որ քուրդ ցեղապետներ էին, վրացի շատ իշխանավորներ նույնպես Սիմոն խանի բանտարկությունից ու սպանությունից հետո Պարսկաստանին ապավինեցին, հայազգի իշխանավորներից՝ Սարուխան բեկը եւ նրա եղբայր Նազար բեկը Ոսկանապատ գյուղից, Օղլան քեշիշը եւ նրա եղբայր Ղուլու բեկը Հաթերք գյուղից, Ջալալ բեկը եւ նրա եղբորորդիները Խաչեն գավառից, Սուջում մելիքը Դիզակից, Փաշիկ մելիքը Քյոչեչ գյուղից, Բաբկեն մելիքը Բրտիս գյուղից, Մելիքսեթ եպիսկոպոսը Մելիքզադե գյուղից, Հայկազն մելիքը Խանածախ գյուղից եւ այլն։ Բացի անհատներից, պարսկական տիրույթներ տեղափոխվեց Դիզակի չորս գյուղերի եւ Ագուլիսի Դաշտ գյուղի բնակիչների երեք քառորդը։ Շահ-Աբասը նրանց սիրով ընդունում էր եւ տեղավորում Սպահանի կողմերում կամ հենց մայրաքաղաք Սպահանում։ Այս պայմաններում Դավիթը եւ Մելքիսեդեկ աթոռակիցը նույնպես սկսեցին ուղիներ փնտրել՝ Շահ-Աբասի բարեկամությունը ձեռք բերելու համար։ Նրանք հասկանում էին, որ պարսից շահը պատրաստվում է արշավել Հայաստան։

Թե երբ կարշավեր պարսից շահը Հայաստան, շատ անորոշ էր, իսկ օսմանյան հարկերը պետք էր մուծել։ Դավիթ Դ-ն որոշեց մի նոր աթոռակից էլ ունենալ, որը կզբաղվեր դրամ հայթայթելու խնդրով։ Աթոռակից դարձավ Սրապիոն Ուռհայեցի մեծ վարդապետը, որն Ամիդի կամ Դիարբեքիրի եպիսկոպոսն էր։ Նա հարուստ ծնողների զավակ էր եւ աշակերտել էր Ղուկաս Կեղեցի վարդապետին, որը մեծ հռչակ ուներ այդ օրերին։ Նրա աշակերտներից էին Գրիգոր Կեսարացին, Բարսեղ Ամդեցին, Հովհաննես Ուռհայեցին, Արիստակես Տարոնեցին, Մովսես Տաթեւացին եւ շատ ուրիշներ։ Սրապիոնը մեծ համբավ ուներ ոչ միայն հայերի, այլեւ հոռոմների, ասորիների եւ անգամ մահմեդականների մեջ։ Թե՛ Դավիթը եւ թե՛ Մելքիսեդեկը մեծ հույսեր էին կապում Սրապիոնի հետ, քանի որ նրան հրավիրելով՝ խոստացան նրան տալ բոլոր գործերը՝ պատրաստակամություն հայտնելով հեռանալ կաթղիկոսական գործերից։ Իհարկե նրանք կաթողիկոսությունը զիջելու միտք չունեին, այլ պարզապես նրա վրա էին դնում Մայր Աթոռի գործերը։ Եթե հավատանք Դավրիժեցուն, ապա Սրապիոնը դրան համաձայնեց հանուն Մայր Աթոռի։ Նա գալիս է Ջուղա, ուր նրան դիմավորում են երկու կաթողիկոսները, Հավուցթառի Մանվել, Խորվիրապի Մանվել եւ Գեղարդի Աստվածատուր եպիսկոպոսները։ Սրապիոնը ծանր խոսքեր է ասում, ինչը դուր չի գալիս երկու կաթողիոսներին եւ կաթողիկոսարանի ներկայացուցիչներին։ Բանակցությունները, փաստորեն, ձախողվեցին, եւ Դավիթ կաթողիկոսն ու Մելքիսեդեկ աթոռակիցը մեկնեցին Տաթեւի վանք։ Սրապիոնը մնաց Ջուղայում, որի բնակիչները զմայլվեցին՝ նրան լսելով։ Ի վերջո Էջմիածնում Սյունհոդոսը Սրապիոնին կաթողիկոս օծեց 1603 թ. օգոստոսի 14-ին։ Դրանով Սրապիոնը դարձավ Դավիթ Դ-ի աթոռակից։ Ստացվեց, որ Սրապիոնը դարձավ կաթողիկոս ոչ այնպես, ինչպես կուզենային Դավիթը եւ Մելքիսեդեկը, որոնք քաշվել էին Տաթեւ։ Նրանք նույնիսկ սկսեցին վախենալ, որ իրենց կզրկեն կաթողիկոսությունից, ուստի որոշեցին առաջինը դիմել Շահ-Աբասին եւ նրա միջոցով ամրապնդել իրենց դիրքերը, ինչպես նաեւ ազատվել օսմանյան պարտքերից։ Մելքիսեդեկ աթոռակիցը Հավուցթառի եւ Գեղարդի եպիսկոպոսներով մեկնում է Սպահան, իսկ Դավիթը Խորվիրապի եպիսկոպոսի հետ մնում է Հայաստանում։ Շահ-Աբասը նրանց լավ ընդունեց եւ, Դավրիժեցու հաղորդմամբ, արշավանք ձեռնարկեց։ Նա ջախջախեց թուրքերի հրամանտար Ալի փաշային, որը Թավրիզի կուսակալ էր դարձել եւ արշավանքի 20-րդ օրը տիրացավ Թավիզին, հետո՝ Նախիջեւանին, իսկ Ջուղայի հայերը նրան քաղաք հրավիրեցին եւ այն նրան հանձնեցին։ Նրան հյուրընկալեց խոջա Խաչիկը։ Նույն թվականի նոյեմբերի 16-ին պարսից շահը բանակ դրեց Երեւանի հանդեպ։ Օսմանյան արքունիքը, ինչ խոսք, խիստ անհանգստացավ, իսկ Մեհմեդ Գ սուլթանը, որ միայն 1595-ին էր գահ բարձրացել, մահացավ 1603 թվի դեկտեմբերի 22-ին։ Գահ բարձրացավ 14 տարեկան Ահմեդ Ա-ն։ Մի քանի ամսյա պաշարումից հետո ընկավ Երեւանը, իսկ շատ չանցած՝ Կարսը, սակայն Ախալցխան դիմադրեց, իսկ Էրզրումում թուրքերը ուժեր կուտակեցին։ Պարտքատերերը դեռ մինչեւ Երեւանի՝ պարսիկների կողմից գրավելն սկսեցին նեղել Սրապիոնին՝ հին պարտքերի համար, որոնք Սրապիոնը չէր ուզում ընդունել, բայց ի վերջո խոստացավ վճարել եւ այդպես, գոնե առժամանակ, խուսափեց խնդիրներից։ Երեւանի գրավումից հետո Սրապիոնը՝ որպես կաթողիկոս, նվերներով ներկայացավ Շահ-Աբասին, սակայն շահը նրան բանի տեղ չդրեց, քանի որ մինչ այդ հանդիպել էր Մելքիսեդեկի հետ եւ ճանաչել էր նրան □շահսեւան□, այսինքն՝ իր կողմնակից։ Սրապիոնին մնում էր լոկ գնալ Ջուղա՝ Դիարբեքիր վերադառնալու համար։

Դավիթ եւ Մելքիսեդեկ կաթողիկոսները, պարսից կողմն անցնելով, հույս ունեին ոչ միայն ամրապնդել իրենց կաթողիկոսությունը, այլեւ ազատվել պարտքերից։ Սակայն Շահ-Աբասը, ետ գրավելով իր կորցրած երկրները, իրեն տեր հայտարարեց նրանց, այսինքն՝ օսմանների հարկային պահանջներին եւ պարտադրեց, որ երկու կաթողիկոսները չվճարված հարկերը վճարեն։ Սրանք էլ բանակցությունների ժամանակ ոչ միայն տվեցին Սրապիոնի անունը, այլեւ նրան հռչակեցին պարտապան։ Հատկապես Մելքիսեդեկը կամենում էր այդ ճանապարհով ազատվել վտանգավոր մրցակցից։ Հասկանալի է, որ դրանից հետո պարսից շահը հարկահավաքներին ուղարկեց Սրապիոնի ետեւից, որին Ջուղայում ձերբակալեցին եւ մեծագին հարկեր պահանջեցին։ Սրապիոնը ինչ-որ բան վճարեց, սակայն հարկահանները դրանով չգոհացան եւ նրան սկսեցին տանջել ու գանահարել։ Հետո բրածեծ արեցին, ինչն ստիպեց Սրապիոնին մեծ գումար փոխ առնել՝ վճարելու համար։ Դրանից հետո նա ազատվում է, գալիս Վան, այնուհետեւ՝ Դիարբեքիր, որտեղ հաստատվում է առաջնորդ, ինչը ցույց է տալիս 1605 թվին գրված մի հիշատակարան։ Սակայն արդեն 1606 թվի ապրիլի 23-ին՝ առաջացած տարիքում, առողջությունը կորցրած Սրապիոնը մահացավ։ Նա թաղվեց Դիարբեքիրի հասարակաց գերեզմանատանը։ Նրա կաթողիկոսությունն առանձնապես աչքի չընկավ, սակայն նա լավ հիշատակ է թողել։ Նա անգամ հակաթոռ կաթողիկոս չի դիտվել։ Այդ իսկ պատճառով Մ. Օրմանյանը պահում է նրա անունը որպես օրինավոր կաթողիկոսի՝ Գրիգոր ԺԳ Սրապիոն անվանումով։

Սրապիոնի նկատմամբ տեղ գտած հալածանքներն ստիպեցին պարտքերը վճարել, սակայն իր հերթին Շահ-Աբասն էլ դրա վրա շատ չծանրացավ, քանի որ նրանք իրեն աջակցել էին։ Այսուհանդերձ երկու կաթողիկոսները հանգիստ կյանք չունեցան եւ ստիպված էին աստանդական կյանք վարել։ Մ. Օրմանյանի կարծիքով՝ հենց այդ ժամանակ էլ Ավետիս Ա-ն հռչակվեց աթոռակից։ Իսկ դատելով Դարանաղեցու հաղորդումից՝ նա անգամ հակաթոռ կաթողիկոս է եղել։ Սակայն նա վայելել է ժողովրդի համակրանքը՝ հակառակ առաջին երկուսի։ Մ. Օրմանյանի կարծիքով՝ Ավետիսի հակաթոռությունն է պատճառը, որ Դավրիժեցին նրան չի հիշում։

Շարունակելի

 Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s