Սուրբ վարդապետ Խաչիկը, որ շրջելով քարոզում էր հավատացյալներին

աստվածային գրերի մասին եւ ուսուցանում, սուրբ թարգմանիչներ Սահակի եւ Մեսրոպի աշակերտներից էր: Աստվածահայտնության տոնին եկավ ավագ Մասիսի լանջին գտնվող Ակոռի գյուղ, որը ստուգաբանվում է Արկ ուռի, քանի որ Նոյը տապանից ելնելիս եւ լեռից իջնելիս այնտեղ այգի տնկեց եւ տեղանքն անվանեց Արկուռի: Եվ այդ օրը, երբ սուրբ վարդապետ Խաչատուրն այնտեղ էր, գիշերը քնի մեջ տեսիլք ունեցավ. կենդանացած մեռելների մի բազմություն՝ փառավոր եւ պատվական մարդիկ, խմբված էին մի մեծ ու վայելուչ դարպասից ներս: Եվ բոլորի առաջ կար ամեն տեսակի ազնիվ կերակուրներով ու ըմպելիքներով առատ սեղան: Մեծ ուրախությամբ բոլորն ուտում ու խմում էին, վայելում մեծամեծներն ու փոքրերը, որոնցից շատերին սբ վարդապետ Խաչիկը ճանաչում էր եւ գիտեր, որ մեռած էին: Դարպասից դուրս Ղազար անունով մի մարդու էլ տեսավ` նույն Ակոռի գյուղից, ով ձեռքը ծնոտին դրած դեգերում էր տխուր ու տրտում դեմքով: Եվ Խաչատուր վարդապետը հարցրեց նրան.

— Ո՛վ մարդ, ինչո՞ւ չես ուտում, խմում եւ վայելչանում նրանց հետ, այլ տրտում կանգնած ես դրսում:

— Որովհետեւ չունեմ բարի հիշատակ, որ հրճվեմ նրանց հետ, ովքեր վայելում են իրենց բարի հիշատակը, հանգստանում դրանց տվածներով եւ օրհնում իրենցից հետո մնացողներին: Իսկ ես անիծում եմ իմ հիշատակը, քանի որ ես Ակոռի գյուղի տանուտերն էի, եւ անունս էլ Ղազար է: Ունեմ մի որդի` Դավիթ անունով, որին մեռնելիս թողել եմ շեն տուն` լի բոլոր բարիքներով, եւ վեց հազար դեկան արծաթ: Բայց նա բնավ չհիշեց ինձ՝ աղքատներին եւ քահանաներին ողորմություն տալով, դրա համար էլ տխուր ու տարակուսած կանգնած եմ եւ չեմ խառնվում նրանց, որոնք վայելում են իրենց հիշատակի համար տրված ողորմություններով եւ օրհնում նրանց, իսկ ես անիծվում եմ իմ որդու կողմից:

Սբ վարդապետ Խաչիկն այս տեսավ մեռելոցի գիշերը: Եվ առավոտյան ժամերգությունից հետո պահեց ժողովրդին եւ պատմեց նրանց տեսիլքը: Բոլորը, լսելով այս, փառք էին տալիս մեր Աստծուն: Այդ ժամանակ Դավիթը հրապարակի մեջ աղաղակեց՝ ասելով.

— Արդարեւ այդպես է, եւ ճշմարիտ է այն, ինչ ասաց այդ վարդապետը:

Եվ նույն օրը բազում քահանաների ու ժողովրդի, կրոնավորների ու աղքատների հավաքեց եւ շատ խոյեր ու զվարակներ մորթեց՝ աղոթքով ու արտասուքով: Կերակրեց բոլորին զանազան եւ համեղ խորտիկներով ու անուշ ըմպելիքներով:

Եվ նորից Խաչիկ վարդապետը տեսավ նույն տեսիլքը. Ղազարն արդեն մյուսների հետ էր՝ ուրախ դեմքով, քանի որ գոհանում էր Աստծուց եւ օրհնում իր Դավիթ որդուն, նրա համար օգնություն եւ ողորմություն էր հայցում Աստծուց, Ով ցույց տվեց վարդապետին այդ սքանչելի տեսիլքը:

 

(Ա. Սրապյան. «Հայ միջնադարյան զրույցներ»)

 

Գրաբարից փոխադրեց Արսեն ուրկ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

ԳՀՃ  Դ լսարանի սան

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s