«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ»

զրուցաշար

 ԸՆՏԱՆԻՔ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

  — Տե՛ր հայր, ընտանիքի կայացման, ընտանեկան ներդաշնակ հարաբերությունների ձեւավորման կարեւորագույն նախապայմաններից մեկն է դրա յուրաքանչյուր անդամի՝ մյուսների հանդեպ ունեցած պարտքի գիտակցությունը եւ պատասխանատվությունը։ Ի՞նչ է այն, առաքինությո՞ւն, թե՞ շնորհ…

— Թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Կարելի նաեւ այսպես ձեւակերպել. Տիրոջ կողմից շնորհված, պարգեւված առաքինություն։ Զուտ բնազդական ոլորտում այն Աստծուց տրված բնական պարգեւ է, որը հատուկ է նաեւ կենդանիներին, թռչուններին, ցանկացած շնչավոր արարածի։ Ամենքդ էլ տեսած կլինեք՝ ինչպիսի ջերմեռանդությամբ են նրանք խնամում ու պաշտպանում մեկմեկու, մանավանդ իրենց ձագուկներին… Մյուսը, որի մասին պիտի խոսենք, եւ որն անկասկած ավելի բարձր մակարդակի՝ բանական, գիտակցական ոլորտի պատասխանատվությունն է, բնորոշ է միմիայն մարդուն։ Կարծում եմ՝ երկու դրսեւորումներն էլ (բնական եւ բանական) չափազանց կարեւոր են ամենամտերմիկ հարաբերություններ ենթադրող այնպիսի ոլորտում, ինչպիսին ընտանիքն է, որով էլ մեծապես պայմանավորված է հասարակության բնույթը։

«Պատասխանատվություն» բառն արդեն իսկ ամենայն պարզությամբ ցուցանում է երեւույթի էությունը՝ պատասխան տալ։ Պատասխան տալ ամեն ինչի՝ ապրածդ կյանքի, արածներիդ ու չարածներիդ, խոսքերիդ ու մտածումներիդ, սրտիդ խորհուրդների համար։ Պատասխան տալ ծնողիդ, զավակիդ, ամուսնուդ, ընկերոջդ, մերձավորիդ եւ պարզապես մարդկանց առաջ, պատասխան տալ խղճիդ եւ մեծ հաշվով՝ Աստծուն։ Եթե Աստված մարդուն զավակ պարգեւեց, ուրեմն ծնողը պատասխանատու դարձավ Աստծու առաջ։ «Ես այս ընտանիքի հայրն եմ (կամ մայրն եմ), ես ունեմ որոշակի պարտականություններ այս ընտանիքի հանդեպ, դրանց ո՞ր մասն եմ կատարում, ո՞ր մասը չեմ կատարում, ինչո՞ւ չեմ կատարում». այս մտածուներն ու խոհերը պիտի ուղեկցեն մարդուն ողջ կյանքի ընթացքում, քանի որ պատասխանատվության երեւույթը երբեք չի վերանում, քանի դեռ մարդն ապրում է այս աշխարհում։ Մի փոքր ձեւափոխելով հայտնի ասացվածքը՝ կարող ենք վստահաբար ասել. «Պատասխանատու ես, ուրեմն կաս, ապրում ես»։

— Տե՛ր հայր, կարելի՞ է ասել, որ ընտանիքի պարագայում պատասխանատվությունն սկսվում է հենց սուրբ պսակի խորհրդից եւ տարիների հետ ոչ թե նվազում, այլ ավելանում է։

— Միանգամայն իրավացի  եք. չէ՞ որ հենց պսակի խորհրդի ժամանակ է տեղի ունենում այն խորիմաստ խոստովանություն-խոստումը, որով նորապսակներն Աստծու առաջ պատասխանատվություն են ստանձնում մինչեւ կյանքի վերջը սիրել, հավատարիմ մնալ, տեր ու հնազանդ լինել միմյանց։ Ցավոք, ոմանք ընտանիք են կազմում՝ առանց խորապես գիտակցելու այդ ծանր, բայց վսեմ, «դառն ու անուշ» լուծը։ Արդյունքը լինում է այն, որ «կոտրվում է» ընտանիքի մեջքը։

— Տե՛ր հայր, արդյո՞ք պատասխանատվության բոլոր տեսակի դրսեւորումներն են օգտակար. ասենք՝ ոմանք, ընտանիքում թե ընտանիքից դուրս, պատասխանտվության ավելորդ չափաբաժին ստանձնելով, դիմացինին, ըստ էության, զրկում նե ազատ կամքից, ընտրության հնարավորությունից, նույնն է թե՝ ինքնուրույնությունից։ Սա նույնպե՞ս պատասխանատվություն է։

— Դուք խոսում եք չափազանցված պատասխանատվության մասին, որը ոչ միայն օգտակար չէ, այլեւ մեծ վնաս կարող է հասցնել։ Ամեն բան պետք է իր չափի մեջ լինի, այդ թվում՝ պատասխանատվությունը։

Պատասխանատվության այդպիսի չափազանցված զգացում հաճախ ունենում են ծնողները՝ զավակների, կամ եղբայրները՝ քույրերի հանդեպ։ Անշուշտ, շատ լավ է, երբ եղբայրը տեր է կանգնում քրոջը։ Մյուս կողմից, սակայն, դա չի նշանակում, որ բոլոր հարցերում քույրը պիտի շարժվի եղբոր ուզածի նման։ Օրինակները բազում են ու տարբեր…

— Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղված իր Ա թղթում, խոսելով պատասխանատվության մասին, գրում է. «Եթե մեկը յուրայիններին եւ մանավանդ ընտանիքին խնամք չի տանում, հավատն ուրացել է եւ ավելի չար է, քան անհավատը» (Ա Տիմոթ. Ե 8)։

Տե՛ր հայր, մեր օրերում էլ քիչ չեն նման երեւույթները։ Այդ մարդիկ հավատուրացնե՞ր են, ինչպես առաքյալն է ասում։

— Իսկ ուրիշ ի՞նչ անուն տալ դրան։ Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ. մարդը, կարիքից դրդված, մեկնում է արտերկիր՝ օտարության մեջ ապրուստ վաստակելու եւ ընտանիքի հոգսերը հոգալու։ Նպատակն ինքնին բարի է. հո չի՞ թողնելու, որ ընտանիքը սովի մատնվի։ Ժամանակավոր բաժանումը, սակայն, հաճախ ցավալիորեն տխուր հետեւանքներ է ունենում. ընտանիքի հոգսերը դարմանելու համար մեկնած մարդն օտարության մեջ մխրճվում է այլ տեսակի կյանքի մեջ, ինչի արդյունքում անտեսում է ընտանիքը, երեխաներին՝ լավագույն դեպքում երբեմն-երբեմն փող ուղարկելով։ Գիտե՞ք՝ որքան շատ են նման ընտանիքները Հայաստանում։ Ընտանիքը կա եւ… չկա։ Հակոբոս առաքյալն ասում է. «Հավատը դատարկ բան է առանց գործերի», նաեւ. «Ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատն առանց գործերի» (Հակ. Բ 26)։ Պատահական չէ, որ առաքյալները, հատկապես Պողոսը, մարդկանց անդադար հիշեցնում էին իրենց պարտականությունների մասին։ Թռվառակա՛ն, չգիտեի՞ր, որ ընտանիքը սուրբ է, ինչպես որ Սուրբ է նրա Ստեղծողը, չգիտեի՞ր, որ ծնող լինելու պատվին արժանացար՝ Աստծուց շնորհ ընդունելով։ Բայց չէ՞ որ Աստված Իր ծառայի բերանով զգուշացրել էր ամեն ինչի մասին՝ համընդհանուր ուրախության մեջ հիշեցնելով, որ կա հիվանդություն, կան նեղություններ, զանազան փորձություններ, այդ թվում՝ ժամանակի եւ տարածության փորձությունը։ Ինչո՞ւ չհամբերեցիր։ Ինչո՞ւ ուրացար Աստծուն տված խոստումդ։ Ուրեմն երիցս ճշմարիտ է առաքյալը…

— Մենք սովորություն ունենք դատելու ուրիշներին, մանավանդ մեր մտերիմներին, ում հետ անմիջական շփում ունենք, հատկապես նրանց, ովքեր որոշակի իշխանություն, հեղինակություն կամ նյութական կարողություն ունեն՝ ասելով, որ նրանք լավ չեն կատարում իրենց պարտականությունները, թերանում են այս կամ այն հարցում եւ այլն։ Եվ միշտ մոռանում ենք մեր պարտականությունների մասին։ «Դե՜, դրանք փոքր են,- ասում ենք,- պատասխանատվությունը՝ նույնպես. մեզնից շատ քիչ բան է կախված»։ Տե՛ր հայր, ո՞վ է որոշում, կամ ինչպե՞ս է որոշվում այդ քիչը եւ շատը։ Այդ քիչը գոնե մենք կատարո՞ւմ ենք, թեկուզ երեխաներին ճիշտ դաստիարկելու հարցում։

— Շատ ծնողներ այսօր, ցավոք, չափազանց թյուր պատկերացում ունեն պատասխանատվության հոգեւոր կողմի մասին։ Լավագույն դեպքում միայն մեկ հոգեւոր պատասխանատվություն են զգում՝ երեխային կնքել։ Սքանչելի է, փառահեղ է… Բայց դրանով էլ վերջանում է հոգեւոր պարտքի կատարումը։ Թե դրանից հետո երեխան ինչպիսի՞ հոգեւոր սնունդ կստանա, ումի՞ց կամ ինչպե՞ս, իրենց չի հետաքրքրում։ Իրենք դա չեն տալիս մի պարզ պատճառով. որովհետեւ չունեն։ Ու երբեւէ չեն էլ ուզեցել ունենալ։ Ահա եթ ինչու, երբ զրուցում ենք աղանդավոր երիտասարդների հետ, ասում են. «Մեր ծնողները չհասկանալով մի բան են արել». նկատի ունեն իրենց մկրտելը։ Սա ի՞նչ է, եթե ոչ ծնողական պատասխանատվության թերացում. ծնողը չի կարողացել իր զավակի մեջ զորացնել այն հավատքը, որին հաղորդ է դարձրել նրան՝ մկրտության սուրբ ավազանով վերստին ծննդյան արժանացնելով։ Եվ ահա արդյունքը. «Չհասկանալով մի բան են արել»…

Մեկ այլ օրինակ. հայկական օջախները տարին առնվազն երկու անգամ օրհնվել են։ Փա՜ռք Աստծո, այսօր գնալով ավելի ու ավելի լրջորեն է գիտակցվում տնօրհնեքի կարեւորությունը։ Բայց ոմանք դարձյալ մատների արանքով, եթե չասեմ՝ քամահրանքով են նայում ընտանիքի հոգեւոր բարօրության համար հույժ կարեւոր այդ արարողությանը։ Իսկ ո՞ւմ, եթե ոչ ծնողի պարտականությունն է աստվածային օրհնությունն ընտանիք բերելը։ Այլապես որտեղի՞ց ակնկալել խաղաղություն, սեր ու հարգանք միմյանց նկատմամբ։ Ծնողը նախ եւ առաջ հավա՛տք պիտի փոխանցի զավակին։ Բայց ինչպե՞ս փոխանցի, եթե ինքն աղոթել չգիտի։ Մինչդեռ «Հայր մեր»-ի ամենօրյա մրմունջը միայն չափազանց կարեւոր հոգեւոր սնունդ պիտի լիներ, օրհնություն պիտի լիներ ընտանիքի համար։ Անկեղծ լինենք. քանի՞ հայ ընտանիք է այսօր հացի նստում աղոթքով։ Սրանք ամենեւին էլ մանրուքներ չեն։ Աղոթքը, հոգեւոր մթնոլորտը գերակա պիտի լինեն ընտանիքում՝ որպես ընտանեկան երջանկության, օրհնության, խաղաղության առհավատչյա։ Իսկ դրա պատասխանատուն ծնողն է, հատկապես հայրը, ով, մանավանդ հայ իրականության մեջ, ընտանեկան կարգ ու կանոնի «օրենսդիրն» է։

— Որքանո՞վ է կարեւոր ինքնազոհողության խնդիրն ընտանեկան հարաբերություններում՝ որպես պատասխանատվության դրսեւորում։

— Չափազանց։ Ինքնազոհողությունը, կարելի է ասել, պատասխանատվության բարձրագույն դրսեւորումն է։ Չմոռանանք՝ դա նաեւ Տիրոջ պատգամն է։ Դա հենց ճշմարիտ սերն է։ Եթե որեւէ ծնող պատրաստ չէ զոհողության՝ հանուն իր զավակի, չի կարող ծնող կոչվել։ Զոհողության պետք է պատրաստ լինեն բոլորը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամ։ Քրիստոսն ասաց. «Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու» (Մատթ. Ե 39)։ Որքա՜ն կարեւոր զոհողություն է սա, գիտե՞ք։ Եվ այս պատվիրանն ասվեց առաջին հերթին ընտանիքի՛ համար, մերձավորների՛ համար։ Ուստի եթե մարդը կարողանա Աստծու այս պատվիրանը գոնե դույզն-ինչ կատարել, մեծ բարիք պիտի բերի իր ընտանիքին՝ իր անձը, իր եսը խոնարհեցնելով նախ Աստծու առաջ, ապա եւ՝ մերձավորների։

Շարունակելի

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s