Ի ՇՆՈՐՀԻՎ. պետք է լինի ՇՆՈՐՀԻՎ։

Քանի գնում, այնքան ավելի տարածում է գտնում այս սխալ ձեւը: Շնորհիվշնորհ բառի գրաբարյան գործիական հոլովն է (= շնորհով), իսկ գրաբար գործիական հոլովն ի նախդիրի հետ գործածվել չի կարող։ Ուստի ի-ն այստեղ միանգամայն ավելորդ է:

 ՀԱՆՁԻՆ եւ ՀԱՆՁԻՆՍ։

Հաճախ այս երկու բառերը շփոթվում են միմյանց հետ կամ միեւնույնը համարվում։ Այնինչ հանձին-ը պիտի գործածվի եզակի թվով դրված բառի հետ, իսկ հանձինս-ը՝ հոգնակի։ Այս երկու ձեւերը գրաբարյան անձն բառի եզակի եւ հոգնակի ներգոյական հոլովներն են.  հանձին նշանակում է «անձի մեջ», իսկ հանձինս՝ «անձերի մեջ»։ Ուստի՝ հանձին նրա, Վարդանի, գործչի, բայց՝ հանձինս նրանց, գործիչների։ Այս ձևերի իմաստը հուշում է նաեւ, որ դրանք կարող են գործածվել միայն անձ եւ ոչ թե անշունչ առարկա ցույց տվող գոյականի հետ:

 

ԱԿՆԱՐԿԵԼ եւ ՁԵՌՆԱՐԿԵԼ։

Արդեն սովորական է դարձել այս բայերի գործածումը հայցական հոլովով դրված բառի հետ՝ ակնարկել, ձեռնարկել մի բան (օրինակ՝ խոսքը, գործը)։ Սակայն ավելի հայեցի է տրական հոլովի հետ գործածելը՝ ակնարկել, ձեռնարկել մի բանի (օրինակ՝ խոսքին, գործին)։ Այսպես է թե՛ գրաբարում եւ թե՛ արեւմտահայերենում։ Այս երկու բայերի հիմքի երկրորդ արմատն արկ-ն է, որն արկանել (=գցել) բայի արմատն է. ուրեմն ակնարկել բառի բուն իմաստն է աչք գցել, եւ ձեռնարկել բառինը՝ ձեռք գցել՝ ձեռք զարկել, իսկ աչք եւ ձեռք գցում՝ զարկում ենք մի բանի (տր. հոլով) եւ ո՛չ թե մի բան (հայց. հոլով)։

 

ԱՅԼՈՔ. պետք է լինի ԱՅԼՔ։

Այլ ոք գրաբարում նշանակում է այլ մեկը, մեկ ուրիշը, այլ անձ եւ ո՛չ թե այլ անձինք, ինչպես շատ հաճախ գործածվում է այժմ. օրինակ՝ նախագահը, մի շարք պաշտոնյաներ եւ այլոք։ Ինչպես արդեն ասվեց, այլ ոք-ը հոգնակի իմաստ չունի, հոգնակի իմաստ ունի այլք բառը։ Ուստի ճիշտ է ասել. նախագահը, մի շարք պաշտոնյաներ եւ այլք։

 

ԴԱԴԱՐԵԼ ԱՇԽԱՏԵԼ. ավելի հայեցի է՝ ԴԱԴԱՐԵԼ ԱՇԽԱՏԵԼՈՒՑ։

Արեւելահայերենում դադարել բայը որպես կանոն անորոշ դերբայի հայցական հոլովի հետ գործածելը (օրինակ՝ դադարեցին աշխատել) թերեւս կարելի է վերագրել արեւելահայերենի վրա ռուսերենի ազդեցությանը։ Սակայն հարկ է գիտենալ, որ թե՛ գրաբարում եւ թե՛ արեւմտահայերենում այս բայն առավելապես գործածվում է բացառական հոլովի հետ («դադարեցին յաշխատելոյ» (գրաբ.), «դադրեցան աշխատելէ» (արեւմտ.) եւ հազվադեպ՝ հայցականի, քանի որ դադարել բառի բուն իմաստն է դադար՝ հանգիստ առնել, հանգստանալ, իսկ այս բայերը պահանջում են բացառական եւ ոչ թե հայցական հոլովով խնդիր։

 

Ի ԴԵՄ. պետք է լինի Ի ԴԵՄՍ։

Սրանց գործածությունը նման չէ վերոհիշյալ հանձին, հանձինս բառերի գործածմանը։ Այս դեպքում կա միայն մե՛կ ձեւ՝ ի դեմս, որ գործածվում է թե՛ եզակի եւ թե՛ հոգնակի բառի հետ. ի դեմս նախարարի, ի դեմս նախարարների։ Պատճառն այն է, որ նախ՝ թեեւ գրաբարյան դէմք բառի բուն եզակին դէմ-ն է, սակայն ավելի գործածական է եղել դէմք-ը՝ որպես անեզական (այսինքն՝ եզակի ձեւ չունեցող, ուստի ե՛ւ եզակի, ե՛ւ հոգնակի իմաստով գործածվող) բառ։ Երկրորդ՝ եթե նույնիսկ բուն եզակին (դէմ) լայն գործածություն ունենար, այս դեպքում այն պիտի լիներ ի դիմի եւ ո՛չ թե ի դեմ։ Եվ երրորդ՝ ի դեմս ձեւն այսօրվա իմաստով գործածվում էր նաեւ գրաբարում՝ թե՛ եզակի եւ թե՛ հոգնակի թվով դրված բառի հետ. օրինակ՝ ի դէմս Վարդանայ, ի դէմս առաքելոցն (=առաքյալների)։

 

Ի ՕԳՈՒՏ. պետք է լինի ՀՕԳՈՒՏ։

Գրաբարյան ի նախդիրը ձայնավորով սկսվող բառից առաջ վերածվում է յ-ի, որն արտասանվում եւ ժամանակակից արեւելահայ ուղղագրությամբ գրվում է հ։ Ուստի՝ ի հանգստություն, ի տես, ի նշանավորումն, բայց՝ հուրախություն, հօգուտ, հօրհնություն։

     Ս. Ս.

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s