Մեծ պահքի երրորդ կիրակին անվանվում է Անառակի եւ նվիրված է Անառակ որդու առակին՝ Մեծ պահքի կիրակիների ոսկի շղթայի հետեւյալ ընթացքով:

Առաջին կիրակին՝ Բուն բարեկենդանը, խորհրդանշում է դրախտային երջանիկ եւ անհոգ կյանքը, երկրորդ կիրակին՝ պատվիրանազանցությամբ դրախտից վտարվելը, եւ երրորդ այս կիրակին՝ անառակի նման զղջմամբ եւ ապաշխարությամբ վերստին առ Հայրը դառնալը:

Անառակ որդու առակին Ղուկասի Ավետարանում նախորդում են կորած՝ մոլորյալ ոչխարի եւ տասը դրամների առակները:

Նույն ձեւով միջնադարյան պատկերագրությունում այս երեք առակների նկարազարդումները հաջորդում են իրար, ինչպես Ավագ ծաղկողի՝ 1337 թ. Թավրիզում ընդօրինակած Ավետարանում, որն ունի 79 թեմատիկ մանրանկար՝ ավետարանական շարադրանքի համապատասխան հատվածներում:

Ավագ ծաղկողն առակի շարադրանքին համապատասխան պատկերել է լեռնային արոտավայրը, եւ պատկերից դուրս բարի ու քաջ հովիվն է՝ Քրիստոսը՝ ուսերին պահած մոլորյալ ոչխարին, նրան բերում է միախառնելու Իր հովված հոտին:

Այս առակին անմիջապես հաջորդում է կորած դրամի առակը։

Ավագ ծաղկողն այս առակի նկարազարդման մեջ առակին համահունչ ձեւով պատկերել է կորած դրամը ճրագի լույսի ներքո տունն ավլելով որոնող կնոջը: Ավելի վերեւում ինը դրամներն են, իսկ ներքեւում՝ գտնված այն դրամը, որը կորել էր: Այս պատկերին կից ներկայացված է տունը լուսավորող ճրագը:

Այս երկու առակներին հաջորդում է Անառակի առակը։

Ավագ ծաղկողն այստեղ եւս, օգտվելով Ավետարանի թերթերի երկսյուն գրության ընձեռած հնարավորությունից, առաջին սյան լուսանցքում պատկերում է մեղքի բեռի տակ կքած, ուժասպառ եւ խոզարած դարձած անառակին՝ նրա արածեցրած խոզերի հետ:

Այստեղ տեսանելի է նաեւ անառակի զղջումը, դեպ հայրական տուն դառնալը: Էջի երկրորդ սյանն արդեն պատկերված է հայրական տուն դարձած եւ հոր գիրկն ընկած անառակը: Նա գլուխը վեր՝ դեպ երկինք՝ դեպ Հայր Աստված է պարզել, եւ Հայրը՝ երկնային Տերը, Իր գլուխը վար է հակել դեպ անառակը, որը խորհրդանշում է հայրական անսահման գթասրտությունը եւ ներողամտությունը:

Անառակի դեմքն արտահայտում է անսահման զղջում եւ մեղավորություն, իսկ հայրական հայացքը՝ սեր, գորովանք եւ ներողամտություն:

Քանի որ այս առակում հայրը խորհրդանշում է Հայր Աստծուն, □հայր□ բառը բոլոր տեղերում գրված է աստվածային լույսը եւ փառքը խորհրդանշող ոսկեդեղինով:

Հայ ձեռագրային արվեստի անգին գոհարներից է ութ մանրանկարիչների Ավետարանը, որի նկարազարդմանը մասնակցել է ութ նկարիչ, այդ թվում՝ Թորոս Ռոսլինն ու Սարգիս Պիծակը:

Այս ձեռագիրն ունի թեմատիկ 179 պատկեր, որոնցից երեսուներեքը ներկայացնում են Քրիստոսի առակները: Այս ձեռագիրը Ղրիմ է տարվել, ուր 17-րդ դարում այն նույնությամբ ընդօրինակել է Նիկողայոս Մելանավորը: Թե՛ ութ մանրանկարիչների Ավետարանում եւ թե՛ այս ձեռագրում ներկայացված է նաեւ Անառակի առակը:

Երկմաս այս մանրանկարի առաջին մասում՝ ձախ կողմում, գահավորակին նստած հայրն է, եւ նրա առջեւ՝ երկու որդիները, որով ներկայացվում է կրտսեր որդու՝ անառակի՝ իրեն հասանելիք ունեցվածքը հորից խնդրելը: Մանրանկարի երկրորդ մասում՝ աջ կողմում, հայրական տուն գլխիկոր դարձած անառակն է՝ մեղքից կորացած եւ վաղաժամ ծերացած:

Բարոյական դաստիարակիչ խոր նշանակությունից բացի, այս առակն այլաբանորեն է բացատրվել միջնադարյան մեկնիչների կողմից: Նման բացատրությամբ հայրը Հայր Աստված է, անառակը՝ մեղուցյալ մարդկությունը, հայրական տունը՝ եկեղեցին, օտար աշխարհ գնալը՝ Աստծուց հեռանալը, եւ մեղքին տրվելը, ստացած հայրական ժառանգությունը վատնելը՝ աստվածային շնորհից մեղքով զրկվելը, սաստիկ սովը՝ ոգու սովը, եւ աստվածային խոսքին ու շնորհին վերստին ձգտելը, հայրական տուն դառնալը՝ զղջմամբ եւ ապաշխարությամբ առ Աստված դառնալը: Ահա այս պատճառով մանրանկարում հայրն աստվածության լուսապսակով է, նա անառակին դիմավորում է եկեղեցու մուտքին եւ ոչ թե անառակի պարանոցով է ընկնում, այլ օրհնում է նրան՝ մեղքերին թողություն տալիս:

Անառակի տուն դառնալուն հաջորդող ընթացքն արդեն շեշտված ծիսական մեկնաբանությամբ է բացատրվում՝ զուգահեռի մեջ դիտվելով սբ պատարագի հետ, որի համար Անառակի առակը ներկայացվում է ոչ միայն ավետարանական մանրանկարներում, այլեւ սբ պատարագի ընթացքը պատկերող Խորհրդատետրում՝ այն հատվածի դիմաց, ուր ասվում է, որ մատուցվող հացն ու գինին խորհրդանշում են Տիրոջ մարմինն ու արյունը եւ մեղքերի քավության դեղ են այն ճաշակողների համար:

1647 թ. Նոր Ջուղայում գրված եւ այժմ Երեւանի Մատենադարանում պահվող այս Խորհրդատետրում (ձեռ. հմր 389) աստվածությունը խորհրդանշող «Տեր», «մարմին», «արյուն», «հաց», «բաժակ», «Փրկիչ», «Հիսուս», «Քրիստոս», «Հայր», «Սուրբ Հոգի» բառերը դարձյալ գրված են ոսկեդեղինով: Անառակի առակում, ընդունելով տուն դարձած որդուն, հայրն ասում է. «Անմիջապես հանեցեք նրա նախկին պատմուճանը եւ հագցրեք նրան, մատանին նրա մատը դրեք եւ նրա ոտքերին՝ կոշիկներ, բերեք պարարտ եզը, մորթեցեք, ուտենք եւ ուրախ լինենք»:

Խորհրդատետրի այս եւ համանման մյուս պատկերներում, որպես ծեսի իրարահաջորդ՝ շարունակական ընթացք, ներկայացվում են հայրական խոսքերը՝ համաձայն վերջիններիս միջնադարյան մեկնությունների:

«Բերեք պարարտ եզը, մորթեցեք» խոսքերը խորհրդանշում են Հայր Աստծո՝ Իր Միածին Որդուն ի խնդիր անառակի՝ մեղուցյալ մարդկության, որպես բանական զոհ եւ պատարագ երկիր ուղարկելը: Համանման ձեւով այստեղ է պատկերված պարարակ եզան զենումը, Ում արյունը հավաքվում է հաղորդության սկիհում, որ որպես կյանք՝ բաշխվի այն ճաշակողներին:

Նախկին պատմուճանը հագցնելը խորհրդանշում է, որ անառակը զղջմամբ եւ ապաշխարությամբ արժանի դարձավ այն լուսեղեն պատմուճանին, որն Ադամն ու Եվան կրում էին դրախտում՝ մինչեւ պատվիրանազանցությունը:

Ահա այս պատճառով առանձնակի հանդիսավորությամբ է ներկայացվում պատմուճանի մատուցումը:

Նույնը վերաբերվում է եւ կոշիկներին ու մատանուն: Կոշիկները մատուցվում են պատմուճանի վրա դրված, որով շեշտվում է վերջիններիս առանձնակի կարեւորությունը՝ պայմանավորված հետեւյալ հանգամանքով: Միջնադարյան խորհրդաբանությամբ կոշիկները խորհրդանշում են հավատի ամրությունը, քանի որ օձը՝ գայթակղիչը, մարդու գարշապարն է խայթում, ինչպես նաեւ սկսած «աքիլլեսյան գարշապար» արտահայտությունից, մարդու խոցելի տեղը համարվում է գարշապարը: Ուստի, որքան ամուր լինի կոշիկը, այնքան մարդն ավելի հաստատուն հավատով կդիմակայի գայթակղության խայթոցին:

Գրիգոր Տաթեւացին իր Քարոզաշարի «Ձմեռան» հատորում Անառակին նվիրված քարոզում գրում է, որ ստրուկներն իրավունք չունեին կոշիկ հագնելու եւ մատանի կրելու, ուստի դրանք անառակին տալը խորհրդանշում է մեղքի ստրկությունից նրա ազատագրվելը:

Իրար կողքի գտնվող երեք ծառաներից առաջինը հանդիսավորությամբ պահել է մատանին՝ այն անառակին հանձնելու համար: Մատանին խորհրդանշում է նաեւ թագավորական իշխանությունը եւ, ըստ այդմ, եւս մեկ խորհուրդ ունի: Ինչպես դրամի, այնպես էլ մատանու վրա, որպես կնիք, պատկերվում էր թագավորը, եւ կորած դրամի գտնվելն ու մատանու հանձնելը խորհրդանշում են աստվածային պատկերի վերականգնումը, որը խաթարվել էր Ադամի պատվիրանազանցությամբ:

Այս մանրանկարում վերից վար զարգացող գործողությունների ընթացքը, սկսվելով անառակի զղջմամբ ու հայրական ներողամտությամբ, շարունակվում է պարարակ եզան զենմամբ, ապա եւ մատանու, պատմուճանի եւ կոշիկների մատուցմամբ, եւ վերին՝ ոսկեփայլ մասում վերջանում խնջույքի եւ ուրախության տեսարանով՝ համաձայն հոր՝ «Պարարտ եզը մորթեցեք, ուտենք եւ ուրախ լինենք» խոսքերի:

Կորած ոչխարի, դրամի եւ անառակի՝ իրար հաջորդող երեք առակները միմյանց կապված են նաեւ նրանցից յուրաքանչյուրի պարունակած այլաբանական խորհրդով:

Երեք առակների վերջում էլ ուրախանալու հրավեր է ուղղվում: Կորած ոչխարի եւ դրամի առակներում վերջիններիս գտնվելու համար ասվում է, որ երկնքում նման ուրախություն կլինի գտնված յուրաքանչյուր մեղավորի համար: Այսինքն՝ հրեշտակները կուրախանան գտնված մեղավորների համար:

Հարյուր ոչխարից կորել էր մեկը, եւ մնացել էր իննսունինը: Երկու առակներում էլ իննի եւ մեկի կրկնությունը պատահական չէ: Սկզբնապես հրեշտակներն ինն էին, մինչեւ որ սատանան ապստամբեց եւ երկնքից երկրի խորխորատը նետվեց, եւ մարդով պետք է լրանար տասը թիվը, սակայն իր անկման ու մարդու բարձրացման համար չարությամբ լցված սատանան օձի միջոցով գայթակղեցրեց Ադամին, եւ նա զրկվեց աստվածային շնորհից: Նույն այս պատճառով ագարակի տերը՝ սատանան, դաժանորեն է վարվում անառակի հետ, որովհետեւ Աստծուց չկարողանալով վրեժ լուծել իրեն երկնքից վար նետելու եւ հրեշտակային պատվից զրկելու համար՝ վրեժը փորձում է լուծել աստվածային պատկերով ստեղծված մարդուց:

Եվ երեք առակներում էլ, կորսվածի գտնվելով, լրանում է հրեշտակային տասը թիվը՝ ուրախություն պատճառելով հրեշտակներին: Ահա այս պատճառով Խորհրդատետրի այս մանրանկարի վերին մասը ոսկեդեղին է՝ խորհրդանշելով աստվածային երկինքը, ուր խնջույքի փող փչողները ներկայացնում են հրեշտակների ուրախությունը:

Մարդկային խոր ապրումներով եւ հոգեբանական անակնկալ շրջադարձերով այս առակը գրավել է նաեւ վերածնության եւ նոր շրջանի նկարիչների ուշադրությունը: Պայմանավորված առակում գործողություների զարգացման ընթացքով՝ նկարիչները պատկերել են այս առակի հետ կապված հինգ տեսարան:

Առաջին՝ անառակը հայրական տանը:

Երկրորդ՝ հայրական հարստությունն օտար աշխարհում վատնելիս:

Երրորդ՝ թշվառության մեջ հայտնված եւ օտար ագարակում խոզերով շրջապատված:

Չորրորդ՝ դարձ առ հայրական տուն, ինչպես 16-րդ դարի սկզբին հոլանդացի նկարիչ Հերոնիմ Բոսխի կտավում, ուր աղքատ եւ բոլորից մերժված անառակը թողնում է վատահամբավ տունը՝ նրա վայելքներով, եւ միայն շունն է, որ նրան ուղեկցում է մինչեւ դարպասը, եւ որին անառակը հրաժեշտ է տալիս գլխարկը պահած: Այստեղ անառակի դեմքը ծաղրի, թախծի եւ անորոշ ապագայի հանդեպ մտահոգության հավաքական մի արտահայտություն ունի: Նրա այս ժպիտն առաջին հերթին իրեն է ուղղված՝ իր փշրված ու խորտակված պատրանքների եւ ի դերեւ ելած հույսերի համար, որովհետեւ օտար աշխարհը նրա համար դարձավ աղքատության եւ մեղքի աշխարհ, եւ արդեն ողջ աշխարհն է նրան այսպես թվում, որի համար այս նկարն աշխարհի նման գնդաձեւ է:

Իրենց առանձնակի հուզականությամբ, սակայն, առանձնանում են հինգերորդ խմբի նկարները, որոնք ներկայացնում են վերադարձած որդու հայրական գիրկն ընկնելը, որն արտահայտվում է ստեղծագործական ամենատարբեր լուծումներով:

Անառակի կյանքի այս փուլերը ոչ միայն ներկայացրել, այլեւ իր կյանքով, ասես, կրկնել է 17-րդ դարի հոլանդացի հռչակավոր նկարիչ Ռեմբրանդտը:

Անառակ որդու կողմից հայրական ունեցվածքի՝ զվարճությամբ վատնումը Ռեմբրանդտն իր կյանքի շռնդալից վերելքի շրջանում՝ 1635 թ., պատկերել է ներկայացնելով իրեն եւ իր բնորդուհի, ապա եւ կինը դարձած Սասկիի միջոցով: Կտավից մեզ է նայում իրապես զվարթ եւ ամբողջապես վայելքին տրված մի անձնավորություն: Այս նկարում, սակայն, կտավի չափերի համամասնությունների խախտմամբ ուշադրություն է գրավում նկարչի ձեռքի անսովոր մեծ բաժակը, որի կեսից ավելին լցված է: Այս բաժակը գավաթ չէ, այլ չափման միավոր, որը խորհրդանշում է ինքնազսպման չափը, որն ինչպես նկարից իսկ երեւում է, պահված չէ եւ չափից ավելի լեցուն է:

Չափի գավաթի չափից ավելի լցվածությունը կանխորոշեց նաեւ նկարչի ճակատագիրը: 1640-ական թթ. սկսվեց նրա աստիճանական վայրէջքը, եւ այս տարիներին Ռեմբրանդտն ստեղծեց թշվառության մատնված եւ խոզերով շրջապատված եւ որպես ելք ստեղծված իրավիճակից հայրական գիրկը դարձող անառակի կերպարը՝ ամեն ինչ կորցրած եւ ամենագութ Հորն ապավինող մեղուցյալի կերպարը:

Մահվանից մեկ տարի առաջ՝ 1668 թ., նա կորցնում է իր որդուն եւ նույն տարում նկարում «Անառակ որդու վերադարձը»: Ողջ նկարը շնչում է ողբերգական մի վեհությամբ:

Թեեւ Ղուկասի Ավետարանում ասվում է. «Եվ մինչդեռ հեռու էր, հայրը տեսավ նրան եւ գթաց, վեր կացավ եւ վազեց նրան ընդառաջ», Ռեմբրանդտի կտավում հայրը կույր է: Նա ոչ թե տեսնում է վերադաձած որդուն, այլ զգում նրան, ձեռքով շոշափում նրա թշվառությունը եւ առնում հայրական գրկի ու հովանու ներքո:

Համաշխարհային արվեստում ինչպես որ «Պայծառակերպությունը» կապվել է Ռաֆայելի, իսկ «Խորհրդավոր ընթրիքը»՝ Լեոնարդոյի հետ, այնպես էլ «Անառակ որդու վերադաձը»՝ Ռեմբրանդտի անվան հետ, եւ այս թեմաների մարմնավորումն այլ կերպ, քան այս հեղինակների գործերում է, թերեւս, դժվար է պատկերացնել:

 

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ

Բանասիրական գիտ. թեկնածու

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s