ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ

 Ընտրական իրավունքի համար ոտքի ելած անգլիացի սուֆրաժիստուհիներին անհրաժեշտ եղան պայքարի տասնյակ տարիներ, որպեսզի հասնեն ցանկալի արդյունքի։ Անգլիական պառլամենտն Ալբիոնի դուստրերին ձայնի իրավունք շնորհեց միայն 1918 թվականին։ Արեւմտյան կանանց համեմատ հայուհիների քաղաքական հավակնությունները թեեւ անհամեմատ համեստ էին, սակայն ընտրական իրավունք հայ կանանց շնորհվել է ավելի վաղ, քան Անգլիայում։ Հակառակ կանանց համար սահմանած միջնադարյան խստաբարո կանոնների` հայուհիներին այդ իրավունքն առաջին անգամ շնորհել է հենց Հայ Եկեղեցին։

Դեռեւս 20-րդ դարասկզբին Հայ Եկեղեցում մշակվում են ծխական համայնքների համար քահանայացուների ընտրության եւ պատրաստման կանոնները։ 1905-ին հրապարակված այդ նախագծում մասնավորապես նշվում է. «Քա­հա­նա­յա­ցո­ւի ընտ­րու­թեան ժա­մա­նակ իւ­րա­քան­չիւր տնից կա­րող է ներ­կայ գտնո­ւել միայն տան մի ան­դա­մը, ո­րը 25 տա­րե­կա­նից պա­կաս չպէտք է լի­նի, ե­թէ տան այր ան­դա­մը բա­ցա­կայ է, կա­րող է կին ան­դա­մը մաս­նակ­ցել ընտ­րու­թեան»։

Մեկ տարի անց կանանց ընտրական իրավունքը հաստատում է արդեն Ամենայն Հայոց Մկրտիչ Ա Խրիմյան Կաթողիկոսը։ 1906 թվականի մայիսին Խրիմյան Կաթողիկոսը հրապարակում է կոնդակ, որով Ռուսահայաստանի թեմակալ առաջնորդների, հոգեւոր ու վարչական հաստատությունների պաշտոնյաների ընտ­րու­­թյունների իրավունքը տրվում էր ժողովրդին։ Իբրեւ հավելում այս կոնդակի` հունիսի 30-ին հրապարակված մեկ այլ կոնդակով Վեհափառ Հայրապետը ճշտում է նաեւ կանանց ընտրելու իրավունքի հարցը։ «Արդ հարց է յա­րու­ցո­ւած, թէ ար­դեօք ընտ­րե­լու եւ ընտ­րո­ւե­լու ի­րա­ւունք ու­նի՞ն նաեւ կա­նայք, աշ­խար­հիկ եւ կու­սակ­րօն հո­գեւո­րա­կա­նու­թիւ­նը: Մեր տուած կոն­դակ­նե­րի ընդ­հա­նուր ո­գուց ակ­նե­րեւ է, որ ե­կե­ղե­ցու բո­լոր չա­փա­հաս ան­դամ­նե­րը, ա­ռանց խտրու­թեան սե­ռի եւ դա­սա­կար­գի, օգ­տո­ւե­լու են ընտ­րե­լու եւ ընտ­րո­ւե­լու հա­ւա­սար ի­րա­ւունք­նե­րով, ուս­տի եւ՝ թէ կա­նայք եւ թէ հո­գեւո­րա­կա­նու­թիւ­նը հա­ւա­սար աշ­խար­հիկ այր մարդ­կանց ու­նին ընտ­րա­կան (թէ ընտ­րե­լու եւ թէ ընտ­րո­ւե­լու) ի­րա­ւունք»։

Ի լրումն այս ամենի՝ Խրիմյան Հայրիկը նույն թվականի սեպտեմբերին հրապարակում է եւս մեկ կոնդակ՝ ռուսահայոց թեմերում ընտրական ցուցակների կազմման կարգի վերա­բերյալ՝ կրկին չշրջանցելով կանանց իրավունքները։ Կաթողիկոսն այս կոնդակով թեմակալներին պատվիրում է. «Վասն կա­նո­նա­ւո­րե­լոյ զընտ­րո­ղա­կան գործ յա­մե­նայն վի­ճակս Ռու­սա­հա­յոց եւ ու­նե­լոյ զճիշտ շնչագ­րու­թիւն սե­ռից ա­րանց եւ կա­նանց յա­մե­նայն վի­ճա­կաց Ռու­սա­հա­յոց, այ­սու հայ­րա­պե­տա­կան կոն­դա­կաւ Մե­րով պա­տո­ւի­րեմք` Ա. տալ կազ­մել ի ձեռն ա­մե­նայն քա­հա­նա­յից զլրիւ ցու­ցակս ծխա­կա­նաց՝ ա­րանց եւ կա­նանց ցուց­մամբ չա­փու ա­մաց իւ­րա­քան­չիւ­րոց»:

1907 թվականին Մայր Աթոռ Սբ Էջմիածնի «Արարատ» ամսագրում հրապարակված Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու ծխա­կան կա­նո­նադ­րու­թյան մեջ եւս արձանագրվում է կանանց ընտրական իրավունքը. «Ծխա­կան ժո­ղով­նե­րին մաս­նակ­ցե­լու եւ պաշ­տօն­ներ ստանձ­նե­լու ի­րա­ւունք ու­նին 21 տա­րին լրա­ցած բո­լոր ծխա­կան­ներն արք եւ կա­նայք»։

Խրիմյան Կաթողիկոսի գահակալության տարիներին, սակայն, հայրապետական այս որոշումներն այլեւայլ պատճառներով ընդհանրական կիրառություն չեն ստանում։ Մինչդեռ իգական սեռին արականներին հավասար ձայնի իրավունք տալու մասին առաջարկը հնչում է նաեւ 1908-ին` Խրիմյան Հայրիկի մահվանից հետո, երբ Հայ Եկեղեցին նախապատրաստվում էր նոր կաթողիկոսի ընտրության։

Խրիմյան Հայրիկի կողմից կանանց տրված իրավունքը վերջնականապես հաստատվում է շուրջ մեկ տասնամյակ անց։ 1917 թվականի ապրիլի 7-ին՝ Աստվածածնի ավետման տոնին, Ամենայն Հայոց Գեւորգ Ե Կաթողիկոսը հայրապետական իր կոնդակով վերահաստատում է Խրիմյան Հայրիկի որոշումը։ Դիմելով ժողովրդին՝ Վեհափառ Հայրապետը գրում է. «Հա­յոց ժո­ղո­վո՛ւրդ, այս օ­րու­անից սկսած ար­տօ­նում ենք կա­նա­ցի սե­ռի ի­րա­ւունք­նե­րի վե­րա­կանգ­նու­մը հա­մայ­նա­կան գոր­ծե­րի մէջ: Կա­նա­ցի սե­ռի իւ­րա­քան­չիւր ան­հատ ի­րա­ւունք ու­նի՝ տղա­մար­դոց հետ միա­սին մեր հան­րա­կան կեան­քի ա­մէն մի գոր­ծի մէջ հան­դես գա­լու, թէ ձայնտ­ւու­թեան եւ թէ ընտ­րու­թեան ժա­մա­նակ, ի­րա­ւա­տէր լի­նել ե՛ւ ընտ­րե­լու, ե՛ւ ընտ­րո­ւե­լու, մի ար­տօ­նու­թիւն, որ մին­չեւ այժմ այր մար­դոց էր վի­ճա­կո­ւած եւ նո­ցա՛ ի­րա­ւունքն էր հա­մար­ւում:

Հա­յոց ժո­ղո­վո՛ւրդ,

Այ­սու­հե­տեւ հա­սա­րա­կա­կան իւ­րա­քան­չիւր գործ հա­մայն­քի ամ­բողջ կազ­մի ա­զատ ընտ­րու­թեամբ պի­տի կա­տա­րո­ւի: Այս կար­գե­րի եւ կա­նոն­նե­րի նախ­նա­կան ձեւի վե­րա­կանգ­նու­մը՝ մեր հաս­տա­տու­թիւն­նե­րի յա­րա­տեւ եւ կեն­սու­նակ գո­յու­թեան հիմքն ենք ճա­նա­չում. հաս­տա­տու­թիւն­ներ, ո­րոն­ցով փայ­լե­ցին մեր նախ­նի­քը եւ ո­րոնց գո­յու­թեան պահ­պա­նու­թեան հա­մար մեծ յոյ­սեր ու­նենք, որ շատ ա­ռա­ւել նա­խանձ­նախնդ­րու­թիւն պի­տի ցոյց տաք, որ ընդ­հա­նու­րի շա­հե­րի զար­գաց­ման եւ այդ հաս­տա­տու­թիւն­նե­րի կեան­քի խնդիրն է»:

Այսպես Գեւորգ Ե Կաթողիկոսը, իր իսկ խոսքով, վերահաստատում է համայնական հավասարության ոգին, որը մոռացվել էր օտար ազդեցությունների հետեւանքով։

Հեղինե ՄԿՐՏՉՅԱՆ

Advertisements

One response

  1. mar_amirchanyanասում է՝

    Շնորհակալություն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s