Սկիզբը՝ թիվ 4 (2010 Փետրվար Բ)

 Այդ շրջանում լուրեր ստացվեցին, որ թուրքական մի մեծ բանակ Ջղալօղլի Սինան փաշայի գլխավորությամբ արշավում է Երեւան, եւ քանի որ պարսից շահը նրան դիմադրելու բավարար ուժեր չուներ, Շահ-Աբասը որոշեց երկիրն անապատի վերածել՝ Պարսկաստանի խորքը քշելով հայ բնակչությանը։ Նպատակը թշնամուն պարենից զրկելն էր։ 1604 թվի աշնան սկզբներին նա ձեռնամուխ եղավ իր զարհուրելի ծրագրի իրականացմանը։ Նա Աղջակալայում (հին Երվանդակերտ) իր միտքը հայտնեց հայ մեծամեծներին, որոնք ձմեռը պատճառ բերելով՝ խնդրեցին դա տեղափոխել գարուն։ Իրականում պարսից շահին հենց ձմեռն էր հետաքրքրում։Ամիրգունա խանը նշանակվեց այդ ձեռնարկի իրագործող։ Հրաման տրվեց, որ քաղաքների եւ գյուղերի բնակիչները ճամփա ելնեն Այրարատյան դաշտ՝ այնտեղից միացյալ Պարսկաստան մեկնելու համար։ Բռնագաղթն իրագործվում էր խայտառակ մեթոդներով եւ վայրագություններով։ Այրում էին արտերը, մթերքի պաշարները։ Այրարատյան դաշտում հավաքվածներին քշեցին Պարսկաստան։ Բռնագաղթեցվածների կարավանը մի քանի օրվա քայլի երկարություն ուներ։ Առջեւից քայլում էին բռնագաղթեցվածները, նրանց ետեւից՝ պարսից զորքերը, որոնց հետապնդում էին թուրքական զորքերը։ Բռնագաղթը կատարվում էր ուշ աշնանը եւ վաղ ձմռանը՝ սկսած հոկտեմբերի 21-ից։ Իհարկե, դիմադրության շատ դեպքեր եղան, ինչը ճնշվում էր ահավոր դաժանությամբ։ Գանահարում էին մարդկանց, կտրում էին նրանց ականջները եւ մարմնի այլ մասեր։ Մեծ կորուստներ եղան Արաքսն անցնելիս։ Գետն անցնելու համար բավարար թվով լաստեր, նավակներ չկային,

բայց պարսկական զորքերը, վախենալով, որ թուրքերը բռնագաղթեցվածներին ետ կվերադարձնեն, նրանց քշում էին գետը, որը ծածկվեց դիակներով։ Մինչեւ թուրքերի տեղ հասնելը պարսիկները բռնագաղթեցվածներին, ավելի ճիշտ՝ նրանց մի մասին, անցկացրին Արաքսի մյուս ափը։ Այստեղ Ամիրգունան հրաման ստացավ վերադառնալ Երեւան, եւ բռանգաղթի կազմակերպումը դրվեց Էլիազ Խալիֆալուի վրա։ Նրանց քշում էին Պարսկաստանի խորքերը՝ գրեթե անմատչելի ճանապարհներով, այն դեպքում, երբ Շահ-Աբասը եւ նրա բանակը Թավրիզ շարժվեցին արքունի ճանապարհով։ Բռնագաղթեցվածները մեծ դժվարությամբ հասան Ահար եւ Մուշկուն գավառները եւ այլեւս ի վիճակի չէին առաջ գնալու՝ սառնամանիքների պատճառով։ Ուստի նրանց որոշ ժամանակ այդտեղ տեղավորեցին։ Երեւի դա եղավ, ըստ Մ. Օրմանյանի, 1606 թվի հունվարի վերջերին։ Բազմության հետ էին նաեւ Դավիթ եւ Մելքիսեդեկ կաթողիկոսները, սակայն վերջինս կարողացավ ետ դառնալ Էջմիածին եւ տիրել կաթողիկոսությանը։ Ըստ որում, դա կատարվեց առանց շահի գիտության։ Մելքիսեդեկը բնակություն հաստատեց Երեւանում եւ իր ազգականների ու մտերիմների հետ ճոխ կյանք էր վարում Մայր Աթոռի հաշվին։

Գարնանը բռնագաղթեցվածները քշվեցին Պարսկաստանի տարբեր կողմերը, մասնավորապես՝ Սպահան։ Քաղաքացիներին բնակեցրին քաղաքի մեջ, իսկ գյուղական բնակչությունը զետեղվեց Լնջան, Ալնջան, Գանդիման, Ջղախոռ, Փարիա եւ Բուրվարի գավառներում։ 500 տուն հաստատվեց Շիրազում։ Հայերը հաստատվեցին նաեւ Ահար, Ապահի, Համադան, Գուլփեքան, Քրման, Խունսար, Խոյիկան եւ Շխշաբան վայրերում։ Բռնագաղթեցվածների մեջ մեծ թիվ էին կազմում նաեւ արեւմտահայերը։

Սպահանի հարեւանությամբ քաղաքաբնակ հայերը, որ Ջուղայից էին, կառուցեցին Նոր Ջուղա քաղաքը, որն այժմ ներառվել է Սպահանի մեջ։ Ջուղայեցիներին բերեցին Պարսկաստան՝ համեմատաբար տանելի պայմաններում։ Նրանց երեք օր տրվեց, որ քաղաքը թողնեն, այլապես դրանից հետո այն ավարառվելու էր։ Նրանց ուղեկցելու համար անգամ զինվորներ էին հատկացված։ Բնության աղետները մեծ տառապանքներ պատճառեցին ջուղայեցիներին մինչեւ Սպահան հասնելը։ Ջուղայեցիները չէին ուզում հեռանալ հայրենիքից, նրանք տների դռները փակեցին եւ բանալիները նետեցին գետը։ Շահ-Աբասի հրամանով բոլոր թաքնվածներին գաղթեցրին եւ քաղաքը կրակի տվեցին։ Ջուղայեցիների մի մասը բնակվեց Թավրիզում, Ղազվինում, բայց հիմնական մասը հաստատվեց Սպահանում։ Հայ բնակչությունը Նոր Ջուղան դարձրեց բարգավաճ եւ հարուստ քաղաք։

Ինչպես տեսնում եք, այս դեպքերը նկարագրելիս Շահ-Աբասի՝ հայերի նկատմամբ ունեցած բարյացակամությունից հետք չի մնում։ Նրա նպատակը Պարսկաստանը տնտեսապես շենացնելն էր՝ հայ տարրի միջոցով։ Պարսկաստանում նա աշխատում էր իր բարյացակամությունը ցույց տալ հայերին, սակայն պատճառն այն էր, որ հայերը հանկարծ չմտածեն ետ վերադառնալ հայրենիք։ Նույնիսկ Հայաստանի եւ այդ թվում Էջմիածնի եկեղեցիներից քարեր բերվեցին եւ դրվեցին Նոր Ջուղայում կառուցված հայկական եկեղեցիների պատերի մեջ։ Հայերին Պարսկաստանին կապելու համար նա թույլ էր տալիս ամենուրեք եկեղեցիներ կառուցել։ Հայերը կարող էին ազատորեն իրենց ծեսերը կատարել։ Շահ-Աբասը դա անում էր ոչ թե հայերի համար, այլ պարսկական պետության։ Սակայն ավելի ուշ այդ քաղաքականությունն սկսեց փոխվել։

Ամիրգունա խանը, որ ուղարկվել էր Երեւան, կարգադրություն էր ստացել թաքնված հայերին բռնել եւ ուղարկել Պարսկաստան։ Գառնին դիմադրեց եւ պարսիկ զորամասերը քշեց։ Ամիրգունան մեծ զորքով արշավեց Գառնի եւ բնակչության մեծ մասին քշեց Պարսկաստան, սակայն նրանց մյուս մասը կարողացավ փախչել եւ ամրանալ Գեղարդի քարանձավներում։ Նրանց մեջ կային զգալի թվով հոգեւորականներ։ Ամիրգունան նրանց կոչ արեց ենթարկվել եւ գաղթել, սակայն հայերը չենթարկվեցին եւ դիմադրեցին։ Ամիրգունա խանի զինվորները, հարձակման անցնելով, շատերին կոտորեցին եւ մնացածին քշեցին Պարսկաստան։ Ջարդեր կազմակերպվեցին նաեւ այլ վայրերում։ Երկիրը վերածվեց կատարյալ անապատի։

Ջղալօղլին, հասնելով Արաքս եւ տեսնելով, որ գաղթականները հեռացված են անմատչելի ճանապարհներով, իսկ պարսիկներն ամուր դիրքեր են զբաղեցնում, այլեւս առաջ չշարժվեց։ Նա իր զորքերը շարժեց դեպի Վան, որտեղ եւ անցկացրեց ձմեռը։ Պարսից շահը փորձեց հարձակվել Վանի վրա, բայց քաղաքը գրավել չկարողացավ։ Գարնանը Սինան Ջղալօղլին եկավ Կարին եւ սկսեց ուժեր հավաքել՝ նոր արշավանքի համար։ Սակայն Շահ-Աբասը ռազմական իր հնարամիտ շարժերով նրան տկարացրեց, իսկ 1605 թվի հոկտեմբերի 25-ին փայլուն հաղթանակ տարավ նրա դեմ՝ ստիպելով նահանջել Դիարբերքիր, որտեղ էլ մահացավ սրտի ցավից՝ 1606 թվի փետրվարի 6-ին։ Կարծիք կա, որ անձնասպան է եղել։ Այս հաղթանակից հետո Շահ-Աբասը հաստատեց իր իշխանությունը 1590 թ. կորսված երկրամասի վրա։ Երեւանը եւ Էջմիածինը կրկին հայտնվեցին պարսից տիրապետության տակ։ Թե՛ թուրքերի եւ թե՛ պարսիկների տիրապետությունը Հայաստանում սպանիչ էր հայ ժողովրդի համար։

Այս ամենը քիչ էր կարծես թե, երբ դրան գումարվեց ջալալիների շարժումը, որը զարհուրելի տառապանքներ բերեց հայ ժողովրդին։ Շարժումն իր անունն ստացել է քրդական ջալալի ցեղի անունից։ Ցեղապետն էր Թոփալ Օսմանը։ Օսմանյան կայսրության փոքրասիական փաշայությունները ոտատակ էին գնում ջալալի ավազակների կողմից։ Ապստամբել էին Բրուսայից մինչեւ Բաղդադ եւ Տրապիզոնից մինչեւ Դամասկոս, սակայն շարժումն ահավոր էր Հայաստանի եւ նրա մաս կազմող Կիլիկիայի հայության համար։ Պետական մեքենան թուլացել էր, եւ գլուխ էր բարձրացրել անիշխանությունը։ Ջալալիները կարգ հաստատելու միտք չունեին, այլ զբաղվում էին ավազակությամբ։ Թե ինչ վայրագություններ էին նրանք իրագործում, չենք մանրամասնում՝ ընթերցողին ազատելով այդ հալածանքներն ու տանջանքները վերապրելուց։ Սովորական բան էր աղջիկների եւ տղաների առեւանգումը, գրեթե անապատի վերածված երկիրը գործնականում լրիվ անապատ դարձավ։ Հայերը ոչ միայն բռնագաղթեցվել էին Պարսկաստան, այլեւ փախչում էին Ասորիք, կովկասյան երկրներ, Լեհաստան, Հունգարիա եւ նշանակալից չափով՝ Կոստանդնուպոլսի շրջակայքը։ Ջալալիների շարժումը շարունակվեց տասը տարուց ավելի։

Պատերազմական գործողություններին ու ջալալիների շարժմանը հաջորդեց անտանելի սովը։ Այս սկսվեց 1606 թվին, մի փոքր թուլացավ 1609-ին եւ վերացավ 1610-ին։ Բավական է ասել, որ ոչ միայն կատու ու շուն չմնացին ուտելու, այլեւ քիչ չէին մարդակերության դեպքերը (Օշական, Բջնի, Կարին, Սեբաստիա եւ այլն)։ Սովի տարիներին ավազակությունն ավելի սաստկացավ։

Ջալալիների ապստամբությունը ոչ միայն ծանր հետեւանքներ ունեցավ հայերի եւ ընդհանրապես ժողովրդական զանգվածների, այլեւ Օսմանյան կայսրության համար, որը դուրս գալով թմբիրից՝ քայլեր ձեռնարկեց այն ճնշելու ուղղությամբ։ Գործը հանձնարարվեց Կույուջու Մուրադ փաշային, որը կարողացել էր 1606 թվի նոյեմբերի 11-ին պատվավոր հաշտություն կնքել Ռուդոլֆ Բ կայսեր հետ եւ 1607 թվի հունվարին մեծ եպարքոս էր նշանակվել։

Սա արտակարգ արագությամբ պատրաստություններ տեսավ եւ Կոստանդնուպոլսի շրջանից սկսած՝ ամենայն խստությամբ հանդես եկավ ապստամբների դեմ։ Նրան հաջողվեց ջախջախել ջալալիներին, ձերբակալել ու սպանել շարժման առաջնորդներին եւ, թեկուզ դրակոնյան մեթոդներով, կարգ ու կանոն հաստատել։ Արդեն 1608 թվի դեկտեմբերի 18-ին՝ ընդամենը մեկուկես տարվա կռիվներից հետո, նա հաղթանակով վերադարձավ մայրաքաղաք՝ իբրեւ հաղթանակի նշան՝ առջեւից տանելով ջալալիներից գրավված 400 դրոշ։ Քիչ թե շատ կյանքը խաղաղվեց, եւ բնակիչները կարողացան վերադառնալ իրենց բնակավայրերը եւ զբաղվել երկրագործությամբ։ Քաղաքներում նորից զարգացավ արհեստագործությունը։ Կանոնավորվեց առեւտուրը։

Թվում էր, որ այդ՝ իրոք դժնդակ ժամանակներում Պոլսի Հայոց պատրիարքությունը պետք է ջանքեր գործադրեր՝ հատկապես գավառաբնակ հայերին օգնելու խնդրում։ Դժբախտաբար մայրաքաղաքի հայությունը զբաղված էր անձնական վեճերով եւ իշխանություն ու ազդեցություն ձեռք բերելու համար խարդավանքներով։ Եկեղեցական դասի գործիչներից չորսը՝ իրենց աշխարհիկ կողմնակիցներով, պայքարում էին միմյանց դեմ։ Հովհաննես Կոստանդնուպոլսեցին, որ վատ լսողության պատճառով հայտնի է Խուլ մականունով, Մելքիսեդեկի՝ մայրաքաղաքում գտնվելու ժամանակ ձեռնադրվել էր եպիսկոպոս։ Գրիգոր Կեսարացին, որ ծնվել էր Կեսարիայում եւ աշակերտել էր Սրապիոն Ուռհայեցուն, 1595-ին վարդապետ էր ձեռնադրվել եւ դարձել Կեսարիայի առաջնորդ ու մասնակցել էր Երուսաղեմի գործերին։ Բուք մականունով հայտնի Գրիգոր Դարանաղեցին ծնվել էր Կամախում, մի որոշ ժամանակ գտնվել էր Սաղմոսավանքում եւ հետո հաստատվել էր Բաբերդում ու վարդապետ ձեռնադրվել՝ Սրապիոն Օձտեղացի վարդապետի կողմից, որը Վահանաշենի առաջնորդն էր։ Նա չէր կարողացել վերադառնալ Երեւան՝ պատերազմական գործողությունների պատճառով եւ բռնագաղթից խուսափելով՝ եկել էր Կոստանդնուպոլիս։ Չորրորդ հոգեւորականը Զաքարիա Վանեցին էր՝ Գեշոյանների ընտանիքից, որը Վարագավանքում աշակերտել էր Բարսեղ Ավանցուն եւ վարդապետ ձեռնադրվելուց հետո եկել էր Պոլիս։ Նա 1606-ին Վանի առաջնորդն է եղել, սակայն 1608-ին ստիպված է եղել գնալ Էջմիածին եւ այնտեղից Մելքիսեդեկի կողմից նվիրակ էր ուղարկվել Ֆրանգստան՝ այցելելով նաեւ Հռոմ։ Ինչպես վերը նշել ենք, Պոլսի պատրիարքն էր Տիրատուր Սսեցին, որին գահընկեց էր արել աթոռակից կաթողիկոս Մելքիսեդեկ Գառնեցին, որը եկել էր Կոստանդնուպոլիս՝ 50 հազար ղուռուշ գումարը հավաքելու։ Նա դարձել էր պատրիարք, սակայն մեկ տարի անց նրան էլ էին հեռացրել պատրիարքությունից։ Այդ կատարեց Հովհաննես Խուլը, որն էլ 1600 թվին տիրեց պատրիարքությանը։ Դրան մեծապես նպաստեց նրա տեղացի լինելը, սակայն նրա հաջողությունն էլ երկար չտեւեց։

Շարունակելի

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s