«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ»

զրուցաշար

 ԸՆՏԱՆԻՔ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

 — Որեւէ բարոյական եզրի, այդ թվում եւ պատասխանատվության մասին խոսելիս,  խնդիրը տեղափոխելով ընտանիքի ոլորտ՝ ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք շատ են մեզանում այն ծնողները, ովքեր տեսնելով ու նաեւ հասկանալով մեր կյանքում առկա բազմաթիվ վատ երեւույթներ ու դրանց պատճառները, իրենց զավակներին դաստիարակում են քրիստոնեաբար։

— Այդ դեպքում ինչպե՞ս եւ որտեղի՞ց  են ծնվում անձնազոհության ու սխրանքի դրսեւորումները…

Կարծում եմ՝ այդ երեւույթի արմատները շատ խոր են։ Չպետք է մոռանանք, որ այսօր շատերն անաստվածության մթնոլորտում կրթված մարդիկ են։ Իրենք մի քանի «շշմելու օրենք» գիտեին։ Դրանցից մեկը, օրինակ, այսպես էր հնչում. «Պետությունից գողանալը գողություն չէ»։ Մարդիկ շատ նորմալ ու հանգիստ էին ընդունում այս «ասույթ-օրենքը»։ Ավելին. շատ լավ ուսումնասիրելով ու ընկալելով իրենց ժամանակները՝ մարդիկ եկել էին այն եզրահանգմանը, որ եթե չգողանաս, չստես, զանազան ճարպկություններ չբանեցնես, բա ո՞նց պիտի ապրես։ Սա ընդհանրական մի կենսափիլիսոփայություն էր, որ շատերի մեջ էր արմատացած։

Եվ եթե այսօր այդ ծնողը նույնիսկ հաղորդ է հոգեւոր արժեքներին ու շնորհներին, այդուամենայնիվ նրա մեջ դեռեւս ինչ-որ չափով առկա եւ ա՛յն մտածողության շոշափուկները՝ մի տեսակ իներցիայի օրենքով… Ուստի այս ծնողի՝ հոգեւորին միտված խոսքը զավակի համար այլեւս չի կարող համոզիչ լինել։ Այսպիսի ծնողը սրտանց չի ցանկանալու, որ իր զավակն ազնիվ մեծանա, ոչ այն պատճառով, որ իր զավակի լավը չի ուզում, այլ որովհետեւ կասկածում է, որ ազնիվ ապրելով՝ զավակը կարող է երջանիկ լինել եւ հաջողություններ ունենալ։ Կասկածում է, չի հավատում։ Էլ ինչպե՞ս պիտի զավակը վստահի ծնողին, նրա «համոզմունքներին»։ Լավագույն ելքն այս թնջուկից՝ սեփական անձի ապաշխարության ճանապարհն է։ Երբեմն ոմանք ինձ խորհուրդ են տալիս. «Տե՛ր հայր, սրանց դարն արդեն անցել է, դու ուշադրությունդ կենտրոնացրո՛ւ մատաղ սերնդի վրա, նրա՛նց քրիստոնյա դարձրու»… Բայց մի՞թե Աստծու համար տարիքային խնդիր կա։ Տիրոջ ողորմածությամբ մարդը փրկության կարող է արժանանալ ցանկացած տարիքում, եթե ապաշխարի ու առ Աստված դառնա։ Եվ եթե տարեց մարդը թեկուզ իր կյանքի մայրամուտին մի աղոթք արեց, դա արդեն մեծ դաս կարող է լինել իր զավակների ու թոռների համար։ Այնպես որ, հավատքը՝ որպես աստվածային մեծագույն շնորհ, չափազանց անհրաժեշտ է թե՛ մատաղ սերնդին, թե՛ առավել եւս՝ մեծերին։ Ինչպե՞ս կարելի է հանգիստ խղճով թույլ տալ, որ մեր ծնողները եւ տատիկ-պապիկները առանց խաչակնքելու, առանց «Հայր մերն» ասելու այս աշխարհից հեռանան։

— Տե՛ր հայր, մեր ժողովրդի մի զգալի հատվածի մոտ (ընդ որում, նաեւ կրթված հատվածի) այն մտայնությունը կա, որ իրենք հոգեւոր բավարար կրթվածություն ունեն, այսինքն՝ այնքան, որքան «պետք է»։ Նրանցից շատերն իրականում պարզապես չգիտեն, որ չգիտեն։ Արդյո՞ք սա հոգեւոր անպատասխանատվության ցայտուն օրինակ չէ։

— Լիովին համամիտ եմ, եւ, ի դեպ, դա խիստ վտանգավոր երեւույթ է։ Այսօր մեր Եկեղեցու մկրտված զավակների առնվազն 70 % այն համոզումն ունի, որ ինքը ճշմարիտ հավատավոր է։ Սակայն իր հոգեւոր կյանքի ամբողջ գործն ընդամենն այն է եղել, որ մկրտվել է, մի քանի տարին մեկ էլ, ասենք, մատաղ է արել, մեկ-մեկ էլ եկեղեցի է մտել՝ մոմ վառելու։ Եվ ընդամենն այսքանով մտածում են, թե հոգեւոր կյանքով են ապրում եւ շատ լավ քրիստոնյաներ են։ Այս մարդիկ չարաչար սխալվում են. սուրբ պատարագին չմասնակցող եւ երբեւէ հաղորդություն չստացող մարդն ինչպե՞ս կարող է ճշմարիտ քրիստոնյա լինել, երբ հաղորդությունից զրկված լինելն արդեն իսկ մեծ պատիժ է։ Երբ նման մարդկանց ասում ես ճշմարտությունը, շատերն առարկում են՝ ասելով, որ իրենք այդ ամենը գիտեն։ Բայց եթե գիտես, ինչո՞ւ այդ գիտեցածդ գործ չես դարձնում, ինչո՞ւ է այդ գիտեցածդ անխորտակելի պատնեշի նման կանգնում քո եւ հոգեւորականի միջեւ։ Ամեն կերպ փորձում ես հասկացնել, որ չգիտե՛ս, իմացի՛ր, թո՛ղ քո կիսատ-պռատ իմացածը, արի՛ ու ճշմարտության ճամփո՛վ քայլիր։ Ապաշխարության խորհրդով ոչ մի անգամ չես սրբվել, մկրտվելուց հետո երբեւէ ծունկի չես եկել Աստծու առաջ, մեղա չես ասել, ոչ մի հոգեւորական չի ասել քեզ համար՝ «Աստված թողություն շնորհեսցե», եւ դու քեզ արդար ու հավատավոր մա՞րդ ես համարում։ Ո՞նց ես ներկայանալու Աստծու Որդու առաջ։ Բայց… մարդը միայն անունով է քրիստոնյա, իսկ աստվածահաճո, քրիստոնեավայել կյանքից իսպառ ջնջված է, սուրբ մյուռոնով օծված բերանից օրհնության փոխարեն հայհոյություններ են դուրս գալիս։ Խաբված է այսպիսի մարդը… Հետեւաբար երբեք չպիտի բավարավել իմացածով, այլ միշտ փնտրել։ Եվ եթե անկեղծ սրտով ես փնտրում, պիտի գտնես՝ ըստ Տիրոջ խոսքի (տե՛ս Մատթ. Է 7-11)։ Նաեւ միշտ պետք է հիշել դժոխքի սարսափը եւ այն, որ Ճշմարտությունից հեռու միմիայն մահ կա, ու ո՛չ միլիոնավոր դոլարներդ, ո՛չ էլ դիրքդ ու իշխանությունդ մի կաթիլ խաղաղություն չեն տա քո սրտին, եթե ապստամբած ես Աստծու դեմ։ Չես հավատում՝ անհավատությանդ համար պիտի պատասխան տես։ Այսօր լսեցի՞ր Աստծու խոսքը՝ պիտի ընդունես, քանի որ դա Աստծո՛ւ խոսքն է։ Եթե չես ընդունում, դրա համար էլ պիտի պատասխան տաս, բայց արդեն ուշ պիտի լինի։ Մեր Տերը մեկ անգամ չէ, որ զգուշացրեց՝ «այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում»։ Այնտեղ՝ արքայությունից դուրս, արտաքին խավարի մեջ, դժոխքում… Մարդը լաց է լինելու սեփական թշվառության վրա, իսկ ատամները կրճտացնելու է խաբված լինելու գիտակցությունից։ Է՜հ, մի՛ խաբվիր սատանայից…

— Տե՛ր հայր, խոսենք մեր զրույցի նյութին առնչվող մի մտահոգիչ երեւույթի մասին եւս, որը, ըստ իս, պատասխանատվությունից խուսափելու դասական օրինակ լինելով, սպառնում է դառնալ բնավորություն, մտածելակերպ։ Գնալով ավելի հաճախ ենք լսում այսպիսի արտահայտություններ. «Ի՞նչ գործ ունես…», «Բա քեզ պե՞տք է …», «Ինչո՞ւ ես կյանքդ պղտորում…», «Քեզ համար սուս-փուս ապրի՛ր. միենույն է՝ ոչինչ չի փոխվի…» եւ այլն, եւ այլն։ Այս խոսքերը լսում ենք ամենատարբեր առիթներով, ամենատարբեր մարդկանց շուրթերից՝ ծնողների, ընկերների, մտերիմների, մեր «լավը ցանկացողների»…

Դուք ինչպե՞ս կգնահատեք այս երեւույթը։

— Եթե խոսքը վերաբերում է ուրիշների գործերին անհարկի միջամտելուն, նրանց ինչ-որ բան թելադրել փորձելուն, անշուշտ, նմանատիպ խորհուրդներն արդարացված են եւ կարող են օգտակար լինել։

— Իսկ եթե, օրինակ, «Բա քեզ պե՞տք է, որ հարեւանի տունը քանդվում է», կամ՝ «փողոցը կեղտոտ է», կամ՝ «այսինչ անմեղ մարդուն դատապարտել են»…

— Նման դեպքերում դա, իհարկե, բոլորովին այլ բան է. դա անտարբերության կոչ է, ինչը չափազանց մեծ մեղք է…

— Խոսենք ավելի առարկայորեն՝ օրինակներով. մենք, բառի բուն իմաստով, թշնամորեն ապականում, հոշոտում ենք մեր շրջապատը՝ մեր բակը, փողոցը, մեր քաղաքը… եւ բողոքում ենք հազար ու մի խնդրից, որոնք լուծելու համար ինքներս մատը մատին չենք տալիս։ Տարիներ առաջ, երբ ուխտագնացության էինք մեկնել Գոշավանք, միջնադարյան այդ անգին գոհարին ուղղակի կից՝ տասը մետրի վրա գտնվող ձորակը տառացիորեն լեցուն էր աղբակույտով ու տարատեսակ աղտեղություններով՝ ուտելիքի մնացորդներ, շշեր, ի՜նչ ասես… Մի պահ այս ամենին փորձեցի նայել օտարի աչքերով, եւ գիտե՞ք՝ ինչ «տեսա»… Որ այն մարդիկ, ովքեր ապրում են այսօր այդ գյուղում, եւ ոչ միայն նրանք (Գոշավանքը բոլորիս հարստությունն է, ուրեմն՝ մենք բոլորս) որեւէ առնչություն չունեն (չունենք) այդ հոգեւոր գանձն ստեղծողների հետ… Հետո հոխորտում ենք, թե թուրքերն Աղթամարի Սուրբ Խաչը թանգարան են դարձրել…

«Ջիփի» պատուհանից մի մարդակերպ քաղաքի կենտրոնում ծխախոտի դատարկ տուփը շպրտում է հենց անցորդների կամ ոստիկանների ոտքերի առաջ, եւ ոչ ոք չի բռնում այդ ձեռքը. չի համարձակվում. չե՜նք համարձակվում՝ մե՞զ ինչ… Սրանք մանրուքնե՞ր են։

— Իհարկե՝ ո՛չ։ Իհարկե դա մեծ չարիք է՝ այդ մտածողությունը, այդ հոգեբանությունը՝ անտարբերությա՛ն, անհաղորդությա՛ն հոգեբանությունը։ Ավելին. քանի դեռ այդ ամենին նայում ենք որպես մանրուքների, մենք չենք կարողանալու հաղթահարել ստրկամտությունը, ինչը, որպես կանոն, ամբողջությամբ «զբաղեցնում է» պատասխանտվության բացակա տարածքը։ Հասկանալի է՝ եթե այդ մարդը ծխող չլինի, կոկա-կոլայի շիշ պիտի շպրտի, մի բան պիտի շպրտի, քանի դեռ չի քաղաքակրթվել։ Ինչ վերաբերում է ձեռքը բռնելուն… օրենքը պիտի յուրաքանչյուրիս սրտի՛ մեջ լինի։ Եվ ինչո՞ւ միայն Գոշավանքը։ Տեսած կլինեք բազմաթիվ սրբավայրերի պատերին յուղաներկով «հավերժացված» անուններ, անգամ պղծություններ… Ուզում եմ զգուշացնել դա անողներին, որ իրենք անեծք են ժառանգելու, որ ոչ թե հավերժանալու են, այլ ընդհակառակը, ջնջվելու են Հավերժությունից։ Ուշքի՛ եկեք, սրբությունը պետք է Աստծու երկյուղով համբուրել, սրբավայրը պետք է մաքրել, բարեկարգել, մի ծուռ բան ուղղել, այլ ոչ թե պղծել… Սրբության Տիրոջը պետք է հավատա՛լ։ Հավատքի պահապան-պատասխանատուներին, հավատքի զորությունը  բազմապատկողներին, հիշո՞ւմ եք՝ Տերն ինչ ասաց. «Բարի՛ եւ հավատարի՛մ ծառա, որովհետեւ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ» (Մատթ. ԻԵ 21)։ Նախ, ուրեմն, կարողանանք գոնե քչի մեջ հավատարիմ լինել եւ հավատանք, որ Աստված Իր անսահման ողորմածությամբ այդ քիչը շատի տեղ պիտի ընդունի։

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

 

Advertisements

One response

  1. lernciասում է՝

    Շնորհակալութիւն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s