Օգտակար մտքերի գրառումների օրինակներ, որ ծագում են Աստծո մասին խորհրդածությունների եւ աղոթքների ժամանակ

 
Մեկ անգամ չէ, որ գրել եմ ձեզ այն մասին, թե ինչպես պետք է որեւէ տետրում հատուկ կերպով գրառեք այն մտքերը, որ ծագում են աղոթքների ընթացքում, ինչպես նաեւ այն մտքերը, որոնք հանկարծ ծագում ու այլեւս արագորեն չեն անցնում, երկար ժամանակ զբաղեցնում ձեր միտքն ու սիրտը, մտքեր, որոնք բարեկարգում են ձեր հոգին։ Որպեսզի ձեր մեջ արթնանա ջանասիրություն՝ նման զբաղմունքի հանդեպ, ձեզ օրինակ եմ բերում մի տետր, որում մեկը երբեմն գրառել է նման մտքեր։ Նայեք, թե ինչպես է դա արված, եւ նույնը արեք նաեւ ձեզ համար։

1.    Սիրտը մի սպունգ է՝ լի տարբեր հեղուկներով։ Ճզմի՛ր, եւ կհոսի։ Սրտի այդ սեղմիչը ընթացող կյանքի տպավորություններն ու իրադրություններն են, որոնք սրտից դուրս են բերում մեկ լավը, մեկ էլ՝ վատը՝ կախված այն բանից, թե ինչ է պարունակում այն կողմը, որը սեղմում ես։ Իմացի՛ր՝ դա կարող է քեզ տանել լավագույն ինքնաճանաչման։

2.    Պատահում է այնպես, որ մեկը, ուր էլ որ խցկվում է, նրանից բոլորը խորշում են։ Դա անհանգիստ խիղճ ունեցող մարդու պատկերն է, որը, եթե Աստծուն է նայում, Աստված նրան տեսնում է զզվելի դեմքով, դառնում է դեպի հրեշտակները կամ սրբերը, սրանք էլ նրա երեսը տեսնել չեն ուզում, իր հետ ապրող մարդկանց է դիմում՝ թվում է՝ սրանք էլ են իրեն կասկածամտորեն վերաբերվում, իրեն է նայում, ոչինչ չի տեսնում, գեթ մի բան, որը քիչ թե շատ մխիթարող լինի։ Եվ սա դեռեւս այստեղ, իսկ ի՞նչ է լինելու այնտեղ։ Հաճախ խորհի՛ր այդ մասին։

3.    Երբեւէ ապրե՞լ ես հուսախաբություն։ Ավաղ, շշմեցուցիչ է այն։ Այս զգացումն ապրեցին այն հիմար կույսերը, որոնք ակնկալում էին տեսնել Փեսային, բայց չստացվեց։ Սա այդ ժամանակ այնքան էլ ծանր չէր. նրանք կարող էին հույս փայփայել, որ դեռեւս մի օր կարող էին տեսնել Նրան։ Սակայն դժբախտությունն այն է, որ Փեսան մեկընդմիշտ հրաժարվեց նրանց տեսնելուց։ Կույսերն իհարկե ապականված չէին, սակայն ինչ-որ կարեւոր մի բան պակասում էր նրանց։ Իսկ ի՞նչ։ Այդ մասին արժե մտածել այժմ եւ նախապես լրացնել այն, որպեսզի մեզ էլ նույն բաժինը չհասնի։

4.    Դպրոցում քննությունների ժամանակ երբեմն պատահում է, որ բոլորն այլ կերպ են մտածում, սակայն երբ կանչում են բուն քննության՝ արդեն ոչ մի խոսք. զրո են ստանում։ Նայի՛ր, որ դու էլ չտուժես նույն կերպ, երբ քեզ էլ քննության կանչեն այնտեղ, որտեղից վերադարձ չկա։ Այստեղ դեռեւս կարող ես գործը շտկել, իսկ այնտեղ այլեւս անհնարին է։

5.    Քեզ արդյոք սպառնո՞ւմ է մերժվածության վիշտը։ Իհարկե։ Չէ՞ որ հենց սատանան ինքը մերժված է։ Եվ դու չունես որեւէ հիմնավոր արտոնություն, որ մերժված չես լինի, չէ՞ որ մեղսագործ ես։ Ի՞նչ անել։ Հարկ է շտկվել եւ փայփայել արդարացվելու հույսը եւ այնպիսի համառությամբ, ինչպես վարվում էր այրի կինը անիրավ դատավորին դիմելիս։

6.    Քո մեղքերով դու գլխովին այրված ես, փքված մի դիակ ես՝ կապտած ու լցված գարշահոտությամբ, խավար ես խավարչտին, ուր լույսի ոչ մի նշույլ չկա։

7.    Տերը գամված է խաչին։ Մտովի կանգնիր Նրա առջեւ ու խորհիր, թե ի՛նչ հայացքով է դիմավորելու քեզ Տերը խաչի վրայից։ Այդ դիրքով մի քիչ ավելի երկար կանգնելու դեպքում քո խիղճը հավանաբար կասի ամեն բան այդ մասին։

8.    Հին Իսրայելի մասին ասված է. «Գիրացավ, հաստացավ ու լայնացավ եւ լքեց Տեր Աստծուն»։ Նույնը վերաբերում է նաեւ Նոր Իսրայելի զավակներին, եթե նրանք էլ, գոհանալով իրենց ունեցածից, տրվեն անհոգության ու ծուլության՝ Տիրոջը հաճո լինելու հարցում։ Նրանք կուշտ էլ կմեռնեն։

9.    Ինչին հույսով ապավինում ես, այն էլ քո աստվածն է։ Եթե ապավինում ես հարստությանը, հարստությունն է քո աստվածը, ապավինում ես իշխանությանը՝ իշխանությունը, եթե մեկ այլ բանի ես ձգտում, ձգտելիքդ է քո աստվածը։ Իսկ երբ ճշմարիտ Աստվածը կամենում է մեկին դեպի Իրեն դարձնել, Նա կանխավ ոչնչացնում է կեղծ աստվածներին, որպեսզի, զգալով նրանց անհուսալիությունը, շուտափույթ եւ անկեղծորեն դառնաս դեպի Իրեն։

10. Աշխարհային կյանքում լինում են դեպքեր, որ երբ որեւէ ծառա մեղք է գործում ու վտարվում,նրան տերը կրկին կարող է հետ վերցնել, երբ նա գիտակցի իր մեղքը եւ վստահեցնի, որ շտկվելու է։ Այս ծառան կարող է եւ երկրորդ անգամ ներվել՝ հենվելով իր խնդրանքների ու խոստումների վրա։ Կարող է ներվել երրորդ, չորրորդ անգամ, մի խոսքով՝ այնքան ժամանակ, մինչեւ սպառվի տիրոջ համբերությունն ու նրբանկատությունը։ Եվ եթե ծառան այդպես էլ խելքի չգա, նրան այսպես կասեն. «Գնա ու այլեւս հետ չգաս», եւ հետո որքան էլ նա խնդրի, աղաչի, չեն լսի նրան՝ ասելով. «Մենք արդեն կորցրել ենք հավատը քո նկատմամբ»։ Մի՞թե հնարավոր չէ, որ նույնը կատարվի այն մեղավորների նկատմամբ, որոնք բազում անգամ նույն մեղքը գործում են եւ չեն փորձում դարձի գալ։ Թող նման ընկած վիճակում գտնվող մեղավորները մտածեն այս մասին։

11. Պատահում է, որ մեկին հանձնարարում են վարել որեւէ տնտեսություն, իսկ սա էլ մակերեսայնորեն ծրագրեր է կազմում, իրագործում ու վերափոխում՝ առանց հաշվի առնելու տնտեսության կարիքներն ու անհրաժեշտությունները, սոսկ երեւակայությամբ շատ ու շատ բաներ ձեռք բերում, սակայն ամենը՝ անօգուտ։ Շուտով տնտեսությունը քայքայվում է։ Նույնը կատարվում է նաեւ բարոյական առումով, երբ մեկը տառապում է մտքի այրումով եւ խելքից դուրս գործեր է անում, եւ ոչ մի օգուտ. ոչինչ նպատակային չի լինում, այլ իմիջիայլոց՝ քամուն տված դարմանի պես։

12. Ո՞ւր ես հարսանիք մտել, եթե համապատասխան զգեստ չունես ու դեռ սեղանին էլ նստել ես։ Բա հետո՞։ «Կապեցե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցեք դրան» (Մատթ. ԻԲ 13)։ Այս մասին հաճախ մտածեք, որպեսզի ինչ-որ բան փոխած լինեք։

13. Ինչ-որ մեկի անկվածքը ձեռքից ձեռք է անցնում, եւ բոլորը գովաբանում են այն։ Սակայն հմուտ մասնագետը հենց նայում է, անմիջապես տեսնում է թերությունները, որոնք բխում են բաց թողած սխալից, չիմացությունից կամ էլ միտումնավորությունից։ Նույնը տեղի է ունենում նաեւ բարոյական առումով. ոմանց գործերը համարվում են բարի եւ գովաբանվում, ոմանց էլ դասում են սրբերի կարգը։ Սակայն բանիմաց մեկն անմիջապես հասկանում է ինչն ինչոց է եւ մարդուն ճանաչում նրա՝ ընդամենը մի քանի խոսքից։

 

Թարգմանությունը՝ Ռ. ԱՐՈՅԱՆԻ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s