Սկիզբը՝ թիվ 4-5 (2010 Փետր. Բ — Մարտ Ա)

 Գրիգոր Կեսարացին, որ Կ. Պոլիս էր եկել որպես Երուսաղեմի նվիրակ, շահեց բոլորի համակրանքը՝ իր փառավոր կերպարանքով, ճգնությամբ եւ գիտունությամբ։ Նա 1601-ին տապալեց Հովհաննես Խուլին եւ հռչակվեց պատրիարք։ Նա եպիսկոպոս էր ձեռնադրվել 1598 կամ 1602 թվին Սսում՝ Հովհաննես Այնթապցու կողմից։ Ժամանակակիցները, անգամ նրան չհամակրողները, նրա պատրիարքական շրջանը դրական են գնահատում։ Բայց թե ինչո՞ւ, հայտնի չէ։ Հայտնի է, որ օգնել է մայրաքաղաքում ապաստանած փախստականներին։ Նշանավոր եղավ Կամախից եկած Ռոտոսթոյի գաղթականությունը, որին օգնեց Գրիգոր Դարանաղեցին։ Կեսարացին աթոռակալեց 9 տարի, եւ 1609 թվին կրկին Հովհաննես Խուլը տիրացավ պատրիարքությանը։ Կեսարիայի առաջնորդությունն իր  ձեռքում պահելու համար Կեսարացին հաճախ մեկնում էր Կեսարիա, ինչը եւ թուլացրեց նրա դիրքերը։ Հովհաննես Խուլը 1610 թվին Գումգաբու թաղում կառուցում է Ս. Աստվածածին անունով մատուռը կամ փոքրիկ եկեղեցին։ Այն կառուցվեց հույների գերեզմանի վրա՝ 40 օրում։ Փաստորեն դա պատրիարքանիստ մայր եկեղեցու հիմնադրումն էր, որից առաջ պատրիարքի աթոռանիստը եղել էր Սամաթիայի Ս. Գեւորգը։

Վիճակը լավ չէր նաեւ Էջմիածնում։ Դավիթ կաթողիկոսը բռնագաղթի ժամանակ քաշվել էր Սպահան եւ մնացել այնտեղ։ Շահ-Աբասն ավելի ընդունում էր Դավթին, քան Մելքիսեդեկին, սակայն վերջինս, Մուշկունից փախչելով Այրարատ, Ամիրգունա խանի օգնությամբ տիրացել էր Էջմիածնին՝ կաշառելով նրան եւ նրա մերձավորներին։ Ձեռք բերելով Ամիրգունայի հովանավորությունը՝ նա փորձեց չենթարկվել Դավթին եւ զրկել նրան հասույթներից։ Բանն այնտեղ հասավ, որ Դավիթն սկսեց գանգատվել, թե եթե իրեն զրկում է կաթողիկոսությունից, գոնե չզրկի ապրելու միջոցներից։ Էջմիածնում էր նաեւ Ավետիս աթոռակիցը, սակայն նրա գործունեության մասին ոչինչ հայտնի չէ։ Հավանաբար նա, սրբասեր, խրատիչ եւ ուսյալ լինելով հանդերձ, համակերպվում էր նրան։ Նա չէր մասնակցում նրա խախտումներին, բայց չէր էլ համարձակվում ընդդիմանալ։ Մելքիսեդեկի անկարգ ու շվայտ կյանքն առաջ բերեց Էջմիածնի միաբանների զայրույթը, սակայն Մելքիսեդեկը դրան բանի տեղ չէր դնում։ Այդ ժամանակ Կարապետ, Մարտիրոս եւ Հովհան եպիսկոպոսները, որոնք բոլորն էլ Էջմիածնից էին, մեղադրանքով ներկայացան Ամիրգունա խանին, որը Մելքիսեդեկին 60 թուման տուգանեց, որի համար Մելքիսեդեկը հեռացավ Վրաստան՝ առաջ բերելով պարսկական իշխանությանների դժգոհությունը, քանի որ ցամաքում էր նվերների աղբյուրը։ Եպիսկոպոսներին մեղադրեցին Ամիրգունայի մոտ, որն առիթ գտավ եպիսկոպոսներին տուգանել, հեռացնել եւ Մելքիսեդեկին ետ բերել։ Կարապետը քաշվեց Ավան, Մարտիրոսը՝ Սպահան՝ Դավթի մոտ, իսկ Հովհանի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Հայտնի չէ, թե այդ դեպքերի ժամանակ ինչ դիրք է գրավել աթոռակից Ավետիսը։

Ակտիվացան կաթոլիկ քարոզիչները, որոնք երկրով մեկ ցրվելով՝ զբաղված էին մարդաորսով, անտեր ունեցվածքների հափշտակումով եւ լքյալ տաճարների սրբությունները հավաքելով։ Նրանցից մի քանիսը Կարենիս գյուղի Սբ Առաքելոց վանքում գտնում են Անդրեաս առաքյալի գլուխը, բայց Երեւանի եպիսկոպոսը կարողանում է նրանցից ետ խլել մասունքը։ Մյուսները Սբ Հռիփսիմեի ավեր տաճարում փնտրում են Հռիփսիմեի ոսկորները եւ գաղտնի պեղումներով հասնում են իրենց նպատակին։ Կողոպտիչները Գուլիելմոսը եւ Արքանչելին էին։ Սակայն պեղումների ժամանակ վրա են հասնում Գրիգոր եւ Վարդան եպիսկոպոսները եւ մեծ կռվից հետո մասունքները նրանցից քլելով՝ դրանք տեղափոխում են Էջմիածին։ Լուրը հասնում է Մելքիսեդեկին, որին կաթոլիկ կրոնավորները մինչ այդ կաշառք էին տվել, որ նա չհետաքրքրվի իրենց գործերով։ Մելքիսեդեկն այստեղ էլ աչք է փակում եւ թույլ տալիս, որ կրոնավորները մասունքի մի մասը վերցնեն։ Մնացած մասը միաբանները նորից ամփոփում են իր տեղում՝ ամրացնելով խճով եւ կրով։ Իսկ կաթոլիկ կրոնավորները գնում են Երնջակի Ապարաներ գյուղը՝ ունիթորների կենտրոնը։ Այստեղից էլ ուղեւորվում են Սպահան, որպեսզի նշխարների մի մասը տանեն Հնդկաստանի Գոա, որը պորտուգալական գաղութ էր։

Սպահանում իմանում են այդ մասին։ Դավիթ կաթողիկոսի սպասավորներից Գրիգոր անունով մեկը, որ գիտեր ֆռանկների լեզուն, իմանում է այդ մասին հենց կրոնավորներից եւ տեղյակ է պահում Դավիթ կաթողիկոսին։ Սա էլ տեղյակ է պահում խոջա Սաֆարին, որը Նոր Ջուղայի քաղաքագլուխն էր, եւ քաղաքի ավագերեցին։ Սրանք էլ դիմում են կուսակալ Միրզա Մահմեդին, որի հրամանով կաթոլիկ վանքը շրջապատվում է զինվորներով, հայտնաբվերում ոսկորների սնդուկը։ Կնքելով այն՝ հանձնում է խոջա Սաֆարին՝ մինչեւ Շահ-Աբասից հրաման ստանալը։ Շահին միջնորդում է Թավրիզում գտնվող խոջա Սաֆարի եղբայր Նազարը, եւ շահը կարգադրում է իր մոտ բերել կրոնավորներին։ Ուղարկված Ալթուն անունով անձը, որը մահմեդականացած հայ էր՝ Ավետիք անունով, գալիս է Ապարաներ եւ կարողանում է գտնել մասունքները, որոնց մի մասը Բելու լեռան քարանձավի մեջ էին թողել։ Այդ ընթացքում շատերը կտտանքի են ենթարկվում, եւ Ալթունը, կրոնավորներին ու մասունքները վերցնելով, վերադառնում է Թավրիզ։ Աստապատ գյուղում Ալթունը որոշում է գլխատել կրոնավորներին եւ լոկ նրանց գլուխները բերել շահին, սակայն Պողոս Մոկացի վարդապետը նրան ետ է պահում այդ քայլից։ Շահ-Աբասը կրոնավորներին ազատ է արձակում եւ մասունքներն ուղարկում է Սպահան՝ խոջա Սաֆարին։ Սակայն հետո այդ գող կրոնավորները սպանվեցին ավազակների կողմից, իսկ նրանց ոսկորները՝ իբրեւ նշխարք, Եվրոպա ուղարկվեցին։ Նույնիսկ տեղեկություն կա, որ Սպահան ուղարկված նշխարների մի փոքրիկ մաս էլ շահի թույլտվությամբ ուղարկվում է Եվրոպա եւ դրվում Գոայի եկեղեցու հիմքում։ Այնպես որ սբ Հռիփսիմեի մասունքների մի  մասը ցրվել է աշխարհով մեկ։ Որոշ մասունքներ Նախիջեւանի Գյուլթափա գյուղում են, որոշը տարված են Իտալիա՝ Զմյուռնիայի եպիսկոպոս Մինաս Ակնեցու կողմից, որոշը՝ Բաղդադ՝ խոջա Սաֆարի թոռան՝ Պետրոս Խալարենցի կողմից։ Մասունքների գողության ճիշտ թվականը հայտնի չէ։ Մ. Օրմանյանն այն թեականորեն դնում է 1607-ին։

Սբ Հռիփսիմեի մասունքների խնդիրն անարգանքի սյունին գամեց Մելքիսեդեկի անունը։ Նրան տրվեց Սմուկ սաթան խալիֆա մականունը, այսինքն՝ ոսկոր ծախող կաթողիկոս։ Սակայն Մելքիսեդեկի կարծիքով դա իր դիրքին չէր հարվածում, իսկ Դավիթ կաթողիկոսը դեռեւս մնում էր Սպահանում։ Ավետիս աթոռակիցն ընդհանրապես ազդեցություն չուներ, ուստի Մելքիսեդեկն իրեն տեր ու տիրական էր զգում Էջմիածնում։ Չբավարարվելով շվայտ կյանքով ու կաշառքներ վերցնելով, եկեղեցական հասույթներն իր ուզած ձեւով տնօրինելով եւ վայելելով Ամիրգունա խանի աջակցությունը՝ նա որոշում է դավանաբանական խնդիրները դարձնել շահավաճառի միջոց։ Մելքիսեդեկն կաշառքներ էր ստանում կաթոլիկ քարոզիչներից, ուստի որոշեց ավելի մերձավորություն հանդես բերել Արեւմուտքի նկատմամբ։ Այդ հարցում նրան աջակից էր Զաքարիա Վանեցին, որը վտարվել էր իր աթոռից եւ հաստատվել Էջմիածնում։ Վերջինս՝ որպես նվիրակ, 1610 թ. մայիսի 1-ին ուղարկվեց Լվով, Կամենեց, Սուչավա եւ Յաշ՝ միջոցներ հավաքելու համար։ Նա դրանից հետո պետք է գնար Իտալիա, մասնավորապես՝ Հռոմ, եւ շահավետ կապեր հաստատեր պապականության հետ։ Մելքիսեդեկը նամակ է ուղարկում Պողոս Ե պապին՝ գրված արեւելյան շողոմ լեզվով։ Սակայն Մ. Օրմանյանը հակված է կարծելու, որ նամակն ավելի շուտ գրված է Զաքարիայի կողմից, որպեսզի իր առաքելությունը հաջողեցնի։ Ինքը՝ Մելիքսեդեկը, հրաժարվել է այդ նամակի հետ աղերս ունենալուց։ Թե ինչ արդյունքների հասավ Զաքարիան, պարզ չէ։ Համենայն դեպս, նրան ոսկյա խաչ նվեր տրվեց, եւ պատրաստակամություն հայտնվեց Շահ-Աբասին հանձնարարական նամակ գրել, սակայն պապն էլ պահանջեց, որ Մելքիսեդեկը հավատո դավանություն գրի։ Պարզից էլ պարզ է, որ Զաքարիայի շողոմ նամակն անգամ հավատ չի ներշնչել Մելքիսեդեկի կրոնական հայացքների նկատմամբ։ Շահամոլ Մելքիսեդեկի հեղինակազուրկ անձը բավական է, որ հերքվեն հռոմեադավանների շահարկումները նրա վերաբերյալ։ Մելքիսեդեկը լոկ աթոռակից էր եւ ոչ անգամ հիմնական կաթողիկոս, ուստի նա չէր կարող առանց ժողովի եւ Մայր Աթոռի միաբանության համաձայնության որեւէ վճիռ կայացնել։

Նշված ժամանակներում գործել է Գրիգոր Դարանեղեցի վարդապետը, որը 1604-ին Բաբերդից մեկնում է Կ. Պոլիս, ինչպես վերը նշվեց, երբ այստեղ պատրիարք էր Կեսարացին։ Չուզենալով այստեղ մնալ՝ նա ճանապարհվում է Երուսաղեմ, ինչին փափագում էր, սակայն ստիպված հայտնվում է Եգիպտոսում եւ ձեռնամուխ լինում մի ամբողջական Աստվածաշնչի ընդօրինակության, որը թեկուզեւ քայքայված, բայց պահպանվել էր մի քանի թերթերի կորուստով։ Ձեռագիրն ունի նաեւ հիշատակարաններ, որոնցից պարզվում է, որ ընդօրինակությունն սկսվել է 1605 թվի նոյեմբերին։ 1606 թվի հունիսի 15-ին նա գալիս է Երուսաղեմ՝ հիշելով տեղի պատրիարք Դավիթ արքեպիսկոպսին, որը Մերտինից էր։ Նա Երուսաղեմում մնաց մեկ տարի։ Գոնե 1607 թվի նոյեմբերի 24-ին նա դեռ Երուսաղեմում էր, որտեղից գալիս է Կ. Պոլիս, սակայն ջալալիների շարժման պատճառով տեղ չի հասնում։ Ուստի գալիս է Բենկանի վանքը՝ շարունակելով իր ընդօրինակությունը։ Սակայն նեղվելով հալածանքներից՝ հավանաբար 1612 թվին գալիս է Կ. Պոլիս։

Զրկվելով Կ. Պոլսի պատրիարքությունից՝ Կեսարացին, որ կայսրության մայրաքաղաք էր եկել Երուսաղեմի պարտքերը մարելու համար փող հանգանակելու եւ իր պաշտոնն էլ օգտագործել էր այդ նպատակով, գալիս է Եգիպտոս, Ասորիք եւ Միջագետք եւ բավարար գումար հավաքելով՝ վերադառնում է Երուսաղեմ՝ տեղի գործերը կարգավորելու։ Նրան ուղեկցում էր Մովսես Տաթեւացի վարդապետը՝ ապագա կաթողիկոսը։ Վերջինս սյունեցի էր՝ Խոտանան գյուղից եւ աշակերտել էր Սրապիոն Եդեսացի մեծ վարդապետին ու կաթողիկոսին։ 15 տարեկանում ձեռնադրվել էր աբեղա եւ քահանա եւ Սրապիոնի վաղահաս մահվան ժամանակ Գրիգոր Կեսարացու մոտ է զարգացնում իր գիտելիքները։ Ծառայել է Ս. Հակոբյանց վանքում եւ սովորել մեղրամոմը ճերմակեցնելու արհեստը։ Գալիս է Գրիգոր Կեսարացու մոտ նրա պատրիարքության շրջանում եւ վարդապետ ձեռնադրվում՝ Արեւելցիների միջնորդությամբ։ Կեսարացին, 1610-ին գալով Երուսաղեմ, կուտակված պարտքերի մեծ մասը վճարում է, իսկ դրանք հասել էին 8000 ղուռուշի, տարեկան հարկն էլ 600 ղուռուշ էր։

Շարունակելի

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s