Երեւանի բնակչության թվի փոփոխությունը 20-21-րդ դդ.

 2009 թ. հանդիսավոր կերպով նշվեց Էրեբունի-Երեւանի 2791-ամյա տարեդարձը: Այսօր, տեսնելով այս հսկա միլիոնանոց քաղաքը, դժվար է պատկերացնել, որ դարեր շարունակ հիմնականում այն ունեցել է 10-20 հազար մարդուց ոչ ավելի բնակչություն, եւ միայն վերջին 200 տարվա ընթացքում է Երեւանի բնակչության թիվը կտրուկ աճել եւ հատել 1 միլիոնի սահմանը: Բավական է նշել, որ եթե 19-րդ դարի սկզբնամասում Երեւանը, որ պարսկական տիրապետության տակ գտնվող խղճուկ քաղաք էր, ուներ շուրջ 10 հազար բնակիչ, ապա ԽՍՀՄ-ի փլուզման նախօրյակին Երեւանի բնակչության թիվը 1,315 միլիոն էր կազմում, այսինքն` 130 անգամ ավելի, քան մոտ 200 տարի առաջ:

Ռուսական տիրապետության հաստատման, Թուրքմենչայի պայմանագրով (1828 թ. փետրվարի 10) կազմակերպված պարսկահայության ներգաղթի եւ այնուհետեւ սոցիալ-տնտեսական կյանքի աշխուժացման հետ կապված` 19-րդ դարի ընթացքում Երեւանի բնակչության թիվը շարունակաբար աճել է, սակայն այդ աճը խիստ համեմատական էր, քանի որ ողջ 19-րդ դարի ընթացքում Երեւանի բնակչության թիվն աճեց ընդամենը 3 անգամ` դարասկզբի շուրջ 10 հազար բնակչից դարավերջին հասնելով 29 հազարի: Հարկ է նշել նաեւ, որ եթե դարասկզբին Երեւանի բնակչությունը կազմում էր Արեւելյան Հայաստանի բնակչության մոտ 11 %-ը, ապա 1897 թ. այն նվազել էր` հասնելով 3,6 %-ի: Սա ցույց է տալիս, որ Երեւանի բնակչության թվի աճը 19-րդ դարի ընթացքում խիստ պայմանական էր:

Կապիտալիստական հարաբերությունների զարգացմամբ եւ Առաջին աշխարհամարտի ժամանակ Երեւանի բնակչության թվի մեխանիկական աճով (հարեւան գյուղերից մարդկանց վերաբնակեցում եւ Արեւմտյան Հայաստանից գաղթական բնակչության տեղավորում Երեւանում) պայմանավորված` Երեւանի բնակչության թվի առավել հատկանշական փոփոխություններն սկսել են նկատվել 20-րդ դարի հենց սկզբից: Եթե Առաջին աշխարհամարտի նախօրյակին Երեւանում ավելի քան 30 հազար մարդ էր ապրում, ապա նրա ավարտից հետո բնակչության թիվն անցնում էր 50 հազարից, իսկ 1926 թ. Երեւանի բնակչության թիվն արդեն հասել էր 64,6 հազարի, այսինքն` ավելի քան կրկնապատկվել էր: Եթե ի նկատի ունենանք, որ Խորհրդային Միության 1926 թ. մարդահամարի տվյալներով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում 881 հազար մարդ էր ապրում, ապա ստացվում է, որ 1926 թ. ՀԽՍՀ-ի բնակչության 7,3 %-ն ապրում էր Երեւանում:

Առավել ակնառու է Երեւանի բնակչության թվի աճը 1926 թվականից հետո` կապված խորհրդային իշխանությունների ինդուստրացման քաղաքականության հետ, ինչն ինքնին ենթադրում էր Երեւանի եւ ՀԽՍՀ մյուս քաղաքների բնակչության թվի կտրուկ աճ: Այս նոր գործընթացների ժամանակաշրջանում պատահական չէր Երեւանի կառուցապատման լայնամասշտաբ ծրագրերի իրականացումը, որն իրականացվում էր նաեւ սփյուռքահայության հայրենադարձության ծրագրի շրջանակներում:

Վերոնշյալի փայլուն ապացույցն է Երեւանի բնակչության թվի ավելի քան եռապատկումը 1926-39 թթ. ընթացքում: Այսպես, եթե 1926 թ. Երեւանում, ինչպես վերը նշեցինք, 64,6 հազար մարդ էր ապրում, ապա 1939 թ. Երեւանի բնակչության թիվն անցավ 200 հազարի սահմանը: Ինդուստրացման քաղաքականության կողքին մեծագույն նշանակություն ունեին ծնելիության բարձր մակարդակը եւ մահացության գործակցի, հատկապես` մանկական մահացությունների շարունակական նվազումը:

1920-ական թվականներից սկսած, 1932-36 թթ. շարունակված եւ 1946-48 թթ. իր գագաթնակետին հասած սփյուռքահայերի ներգաղթը եւս նպաստեց Երեւանի բնակչության թվի եւ նոր թաղամասերի (Նոր Մալաթիա, Նոր Սեբաստիա, Նոր Բութանիա, Նոր Արեշ, Խարբերդ, Կիլիկիա, Արաբկիր եւ այլն) ավելացմանը:

Երեւանի բնակչության թիվը շարունակում էր աճել անգամ խորհրդային ժողովրդի Հայրենական մեծ պատերազմի տարիներին:

Երեւանի բնակչության թվի աճի տեմպերը խիստ բարձր էին նաեւ 1945-59 թթ.: 1959 թ. Երեւանում վերջապես ծնվեց քաղաքի 0,5 միլիոներորդ մարդը: Եթե 1959 թ. հունվարին Երեւանում 493 հազար մարդ էր ապրում, ապա 1959 թ. վերջին Երեւանի բնակչության թիվը հասավ 517,7 հազարի, ինչը կազմում էր ՀԽՍՀ-ի բնակչության 28 %-ը: Փաստորեն, 1926-59 թթ. Երեւանի բնակչության թվի աճը երեւում է նաեւ հարաբերական ցուցանիշներով, քանի որ եթե 1926 թ. Երեւանում էր բնակվում ՀԽՍՀ-ի բնակչության ընդամենը 7,3 %-ը, ապա 1959 թ.` արդեն 28 %-ը:

Խորհրդային տարիներին Երեւանի բնակչության թվի աճը պայմանավորված էր նաեւ նորանոր թաղամասերի` քաղաքի շրջագծի մեջ ընդգրկմամբ (այս երեւույթը հատկանշական էր Երեւանի համար ողջ 20-րդ դարի ընթացքում): Հատկանշական է նաեւ այն, որ մեծ թվով հայեր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարբեր շրջաններից բնակեցվել են Երեւանում: Բացի հատուկ վերաբնակեցումից` մեծ թվով հայեր իրենք էին տեղափոխվում Երեւան: Այս գործընթացներում իր ծանրակշիռ խոսքն էր ասում արդյունաբերության արագ զարգացումը Երեւանում: Խորհրդային տարիներին Երեւանի բնակչության թվի մեխանիկական աճին նպաստող հանգամանքների մեջ կարեւոր տեղ է գրավում նաեւ Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից եւ Սփյուռքից մեծ թվով հայերի ներհոսքը Երեւան:

Չնայած 1960-ական թթ. կեսերից նկատվել է ծնելիության նվազում եւ մահացության կայունացում` 1959-70 թթ. Երեւանի բնակչության թիվն աճեց ավելի քան 250 հազարով, եւ Երեւանի բնակչությունը 1970 թ. կազմեց 775,2 հազար մարդ: Սա նշանակում է, որ 1970 թ. Երեւանում էր ապրում ՀԽՍՀ-ի բնակչության արդեն 31,1 %-ը: Երեւանի բնակչության ազգային կազմի պատկերը, 1970 թ. մարդահամարի տվյալների համաձայն, հետեւյալն էր`

1. հայեր` 738,05 հզր (Երեւանի բնակչության 95,21 %-ը),

2. ռուսներ` 21,8 հզր (2,81 %),

3. եզդիներ եւ քրդեր` 3,8 հզր (0,49 %),

4. ադրբեջանցիներ` 2,72 հզր (0,35 %),

5. ուկրաինացիներ` 2,64 հզր (0,34 %),

6. հույներ` 0,9 հզր (0,12 %),

7. հրեաներ` 0,63 հզր (0,08 %),

8. ասորիներ` 0,59 հզր (0,08 %),

9. վրացիներ` 0,38 հզր (0,05 %),

10. այլ ազգություններ (բելառուսներ, լեհեր եւն)` 3,52 հզր (0,46 %):

Այս եւ հաջորդ 10 տարվա ընթացքում Երեւանի բնակչության թվի կտրուկ աճի հիմնական պատճառը վերը նշված մեխանիկական աճի տարատեսակներն էին: Պատահական չէ, որ 1970-76 թթ. ընթացքում Երեւանի բնակչության թիվն ավելացավ եւս շուրջ 150 հազարով` հասնելով 928 հազարի (1976 թ. հուլիսի 1-ի դրությամբ), 1976-77 թթ.` եւս մոտ 40 հազարով (967,2 հազար մարդ, 1977 թ.), իսկ 1979 թ. Երեւանում ծնվեց արդեն միլիոներորդ բնակիչը, ինչն էլ հնարավորություն ստեղծեց, որ Երեւանն ունենա Մետրոպոլիտեն:

Այսպիսով, տեսնում ենք, որ ընդամենը 20 տարվա ընթացքում Երեւանի բնակչության թիվը կրկնապատկվեց` 517,7 հազարից (1959 թ.) հասնելով 1,033 միլիոնի (1979 թ.), ինչը կազմում էր ՀԽՍՀ-ի բնակչության 34,1 %-ը:

Հաջորդ տասնամյակի ընթացքում, չնայած ծնելիության մակարդակի մի փոքր աճին, Երեւանի բնակչության թվի աճի տեմպերը դանդաղեցին` կապված մահացության մակարդակի աճի եւ մեխանիկական աճի տեմպերի նվազման հետ: Եվ չնայած աճի դանդաղեցմանը` 1979-87 թթ. Երեւանի բնակչության թիվն աճեց եւս 140 հազարով` 1,033 միլիոնից (1979 թ.) հասնելով 1,168 միլիոնի (1987 թ.):

1989 թ. համամիութենական մարդահամարի տվյալներով Երեւանի բնակչության թիվը հասել էր արդեն 1,219 միլիոնի, ինչը կազմում էր ՀԽՍՀ-ի բնակչության 37 %-ը: Հետաքրքիր է դիտել նաեւ Երեւանի բնակչության ազգային կազմի պատկերը 1989 թ. դրությամբ.

1. հայեր` 1,18 մլն (Երեւանի բնակչության 96,8 %-ը),

2. ռուսներ` 22,2 հզր (1,82 %),

3. եզդիներ եւ քրդեր` 7,1 հզր (0,58 %),

4. ուկրաինացիներ` 3,8 հզր (0,31 %),

5. հույներ` 1 հզր (0,08 %),

6. հրեաներ` 0,6 հզր (0,05 %),

7. ասորիներ` 0,5 հզր (0,04 %),

8. վրացիներ` 0,4 հզր (0,03 %),

9. բելառուսներ` 0,4 հզր (0,03 %),

10. լեհեր` 0,2 հզր (0,02 %),

11. այլ ազգություններ` մոտ 3 հզր (0,24 %):

1991 թ. սեպտեմբերի 21-ին ՀԽՍՀ-ում անցկացված հանրաքվեի մասնակիցների 94,4 %-ն արտահայտվեց ԽՍՀՄ-ից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին: Այսպիսով, Երեւանը վերստին դառնում է անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:

1995 թ. հուլիսի 5-ին ընդունված ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածում արդեն իրավականորեն ամրագրվում է Երեւանի` ՀՀ մայրաքաղաք դառնալու փաստը: Սակայն եթե Երեւանը ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածով ստացավ մարզի կարգավիճակ` իր թաղային համայնքներով, ապա 2005 թ. նոյեմբերի 27-ին ՀՀ Սահմանադրությունում կատարված փոփոխության համաձայն` Երեւանն ստացավ համայնքի կարգավիճակ, ինչն ամբողջությամբ իրականություն դարձավ 2009 թ. Երեւանի` ավագանու ընտրություններից հետո, երբ Երեւանի 12 համայնքների համայնքային կարգավիճակը վերածվեց վարչական շրջանների կարգավիճակի:

Այսպիսով, Երեւանը վերածվում է ՀՀ եւ համայն հայության քաղաքական եւ մշակութային կենտրոնի` լինելով ՀՀ ղեկավար մարմինների, այդ թվում` նախագահի նստավայր: Այստեղ է կազմակերպվում համահայկական միջոցառումների մեծագույն մասը:

Խորհրդային Միության փլուզման նախօրյակին Երեւանի բնակչության թիվը հատեց 1,3 միլիոնի սահմանը` հասնելով 1,315 միլիոնի, ինչը կազմում էր ՀԽՍՀ-ի բնակչության ավելի քան 38 %-ը, սակայն 1990-ական թթ. գրանցվեց Երեւանի բնակչության թվի կտրուկ անկում: Մեզ հայտնի պատճառներով (սոցիալ-տնտեսական ծանր վիճակ եւն) հարյուր հազարավոր մարդիկ լքեցին Երեւանը` մեկնելով արտասահման: Արտասահման մեկնած երեւանցիների թիվը հստակ հայտնի չէ, եւ տարբեր ուսումնասիրողներ բերում են տարբեր թվեր` 200 հազարից մինչեւ կես միլիոն եւ ավելի: Այնուհանդերձ ճշմարտությանը մոտ տարբերակ կարելի է համարել շուրջ 400 հազարը, որոնց տեղը լրացնելու եկան ՀՀ մարզերից տեղափոխվածներն ու Ադրբեջանից եկած փախստականների մի մասը: Արդյունքում միգրացիայի կորը բացասական է ստացվում` — 200 հազար:

ՀՀ-ում 2001 թ. անցկացված մարդահամարի արդյունքներից պարզ է դառնում, որ 2001 թ. Երեւանում 1,1035 միլիոն մարդ էր ապրում (տղամարդիկ` 46,54 %, կանայք` 53,46 %, ողջ ՀՀ-ում` տղամարդիկ` 48 %, կանայք` 52 %), այսինքն` ՀՀ բնակչության 34,35 %-ը եւ ՀՀ քաղաքային բնակչության 53,4 %-ը: Համեմատության համար` ՀՀ ամենամարդաշատ մարզում` Լոռիում, բնակվում էր ՀՀ բնակչության միայն 8,9 %-ը: Երեւանի բնակիչների ավելի քան 98,6 %-ը (ավելի քան 1,088 մլն մարդ) հայեր էին: Ազգային փոքրամասնությունների թիվը, միասին վերցրած, ավելի քան 15 հազար էր կազմում:

2001 թ. մարդահամարի արդյունքների համաձայն` բնակչության բաշխումը Երեւանի 12 շրջաններում (այն ժամանակ` համայնքներ) հետեւեւյալ տեսքն ուներ.

1.    Մալաթիա-Սեբաստիա` 142,4 հզր (Երեւանի բնակչության 12,9 %-ը),

2.    Նոր Նորք` 141,9 հզր (12,85 %),

3.    Շենգավիթ` 140,4 հզր (12,7 %),

4.    Արաբկիր` 132,5 հզր (12 %),

5.    Կենտրոն` 130,8 հզր (11,85 %),

6.    Էրեբունի` 119,2 հզր (10,8 %),

7.    Աջափնյակ` 106,7 հզր (9,7 %),

8.    Քանաքեռ-Զեյթուն` 77,7 հզր (7,05 %),

9.    Ավան` 50,1 հզր (4,55 %),

10. Դավթաշեն` 40,6 հզր (3,7 %),

11. Նորք-Մարաշ` 12 հզր (1,1 %),

12. Նուբարաշեն` 9,2 հզր (0,8 %):

Ի դեպ, այն ժամանակ Մալաթիա-Սեբաստիան ՀՀ երկրորդ ամենամարդաշատ համայքն էր` բնակչության թվով զիջելով միայն Գյումրիին:

Կենտրոնը ՀՀ այն եզակի համայնքներից էր (ներկայումս նույնպես), որտեղ առկա բնակչությունը (131,8 հազար մարդ) ավելին էր, քան մշտականը (130,8 հզր):

Ներկայումս (2010 թ.) Երեւանում բնակչության թիվը գնահատվում է շուրջ 1,103 մլն, այսինքն` 2001 թ. համեմատությամբ Երեւանի բնակչության թիվը գրեթե անփոփոխ է մնացել, ինչը պայմանավորված է 2001-09 թթ. Երեւանում միգրացիայի կորի` զրոյին մոտ լինելով, ծնելիության եւ մահացության մակարդակների կայուն եւ միաժամանակ միմյանց մոտ լինելով (ծնելիության մակարդակի շուրջ քառորդ տոկոս առավելությամբ):

Երեւանցիների շուրջ 98,7 %-ը հայեր են (շուրջ 1,088 մլն մարդ): Երեւանում ապրում են նաեւ ազգային փոքրամասնությունների մոտ 15 հազար ներկայացուցիչներ (ռուսներ, եզդիներ, ուկրաինացիներ, հրեաներ, հույներ, ասորիներ եւն): Բնակչության մոտ 97 %-ը հայախոս է: Մեծ թիվ են կազմում նաեւ ռուսախոսները:

Տարբեր հաշվարկներով երեւանցիների 90 %-ից մինչեւ 95 %-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդներ են: Մեծ թիվ են կազմում բողոքականները եւ նորաբուխ կրոնական կազմակերպությունների հետեւորդները: Մեծ թիվ են կազմում նաեւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու հետեւորդները:

Երեւանի բնակչության գրագիտության մակարդակը գրեթե 100 % է:

Ներկայումս Երեւանում է ապրում ՀՀ բնակչության 34,1 %-ը, ՀՀ քաղաքային բնակչության 53,2 %-ը, ՀՀ հայության 34,6 %-ը, ԱՊՀ հայության ավելի քան 15,5 %-ը եւ աշխարհի հայության ավելի քան 11 %-ը:

Երեւանն աշխարհի ամենահայաշատ քաղաքն է եւ համայն հայության սիրտը:

Միքայել ՄԱԼԽԱՍՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s