ՉՆԱՅԱԾ եւ ԹԵՊԵՏ (ԹԵՊԵՏԵՎ, ԹԵԵՎ)։ Այժմ արդեն սովորական է դարձել չնայած բառի գործածությունը թեպետ-ի փոխարեն։ Սակայն առավել հայեցի լեզու գործածելուն հետամուտ անձանց խորհուրդ ենք տալիս  ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ չնայած բառն իրականում շաղկապ չէ, ինչպես թեպետ-ը կամ թեեւ-ը. այն նայել բայի հարակատար դերբայի ժխտական ձեւն է։ Իսկ սա հուշում է, որ այս երկու բառերը չեն կարող գործածվել միեւնույն կերպ։

Գործածության հանձնարարելի ձեւեր.

Թեպետ (թեեւ) անձրեւ էր գալիս, (բայց) հողագործը շարունակում էր աշխատել։

Չնայած անձրեւին՝ հողագործը շարունակում էր աշխատել։

Չնայած նրան, որ անձրեւ էր գալիս՝ հողագործը շարունակում էր աշխատել։

Չնայած, որ անձրեւ էր գալիս, հողագործը շարունակում էր աշխատել։

Ոչ նախապատվելի ձեւ.

Չնայած անձրեւ էր գալիս, (բայց) հողագործը շարունակում էր աշխատել։

ՈՐՊԵՍԶԻ եւ ՈՐ։ Հաճախ կարող ենք լսել մի այսպիսի սխալ նախադասություն. «Ուզում ենք, որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի»։ Որպեսզի-ն նպատակի շաղկապ է, այսինքն՝ այն երկրորդական նախադասությունը, որ այս շաղկապով միանում է գլխավոր նախադասությանը, պիտի նպատակ արտահայտի. օրինակ՝ «Գնում ենք, որպեսզի (որ) նամակը բերենք» (Ի՞նչ նպատակով, ինչի՞ համար ենք գնում)։ Երբեմն որպեսզի-ն կարելի է փոխարինել որ շաղկապով,  ինչպես մեր այս օրինակում, բայց նպատակ չարտահայտող նախադասության մեջ որորպեսզի-ով փոխարինելն անթույլատրելի է։ Ուստի ճիշտ է՝ «Ուզում ենք, որ (եւ ո՛չ թե որպեսզի) աշխատանքն արդյունավետ լինի» (ինչ ենք ուզում եւ ո՛չ թե ինչի համար, ինչ նպատակով ենք ուզում)։

ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ եւ Ի ՏԵՍՈՒԹՅՈՒՆ։ Երբեմն կարելի է ցտեսություն բառի փոխարեն լսել ի տեսություն ձեւը։ Պետք է ասել, որ սրանք չունեն միեւնույն իմաստը։ Ցտեսություն նշանակում է «մինչեւ (ց= մինչեւ) տեսություն», այսինքն՝ մինչեւ նորից իրար տեսնելը, իսկ ի տեսություն նշանակում է «տեսության համար» կամ «որպես տեսություն», գրաբար որեւէ նախադասության մեջ գործածվելիս կարող էր նաեւ ուրիշ իմաստներ ունենալ, բայց ո՛չ մի դեպքում չի կարող ունենալ ցտեսություն բառի իմաստը։ Այնպես որ այս ձեւերը գործածելիս պետք է հաշվի առնել նշված հանգամանքը։ Եվ, ուրեմն, ցտեսություն բառի փոխարեն ի տեսություն ձեւը գործածելը ճիշտ չէ։

Ս. Ս.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s