Ապաշխարեցե՛ք, որովհետեւ երկնքի արքայությունը մոտեցել է…

 Մեր հյուրն է Տաթեւի վանքի վանահայր հոգեշնորհ Տ. Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ


— Հա՛յր սուրբ, ինչո՞ւ է ապաշխարությունը խորհուրդ համարվում եւ սուրբգրային ի՞նչ հիմնավորում ունի։

— Քրիստոնեական կյանքի սկիզբն ապաշխարությամբ է դրվում, ինչպես ուսուցանում է Ավետարանը. «Ապաշխարեցե՛ք, որովհետեւ երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. Գ 2)։ Ապաշխարել նշանակում է ափսոսալ, զղջալ նախկինում գործած մեղքերի ու սխալների համար՝ շտկելով մեր ընթացքը։ Ապաշխարությունը մեր Եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է, որի էական մասերն են՝ սրտի զղջումը, բերանի խոստովանությունը եւ գործերով հատուցումը։

Ապաշխարության սկիզբը մեղավոր լինելու գիտակցությունն է, սրտի զղջումը, որը մեզ մղում է ինքնաքննության, մտածելու, թե ինչ մեղքեր ենք գործել, որքանով ենք գիտակցում դրանց խորությունն ու մեծ վնասը, որ հասցրել ենք մեր հոգուն, արատավորել մեր խիղճը, նաեւ վնասել Աստծու պատկերով եւ նմանությամբ ստեղծված մարդկանց։ Սրտի զղջումն էլ մեզ մղում է խոստովանելու մեր մեղքերը օծյալ հոգեւորականի առջեւ՝ առանց ամաչելու, որպեսզի քահանան Աստծուց իրեն տրված իշխանությամբ թողություն տա մեր մեղքերին։ Խոստովանությամբ մեղավորն իրապես կարող է իր հոգին վերագտնել։ Ապաշխարության խորհուրդը կարեւոր է հատկապես մեր օրերում, որովհետեւ շատ մարդիկ, ովքեր մեծ մեղքեր չեն գործել, իրենց անմեղ են կարծում։ Այս գիտակցությունը վտանգավոր է, քանի որ անմեղ մարդ չկա։ Այս կերպ մտածող մարդիկ մերժում են Քրիստոսի փրկագործությունը։

— Ցավոք, իրենց անմեղ համարող մարդիկ չեն գիտակցում, որ մեղք է նաեւ բամբասելը, չարախոսելը, բարկությունը, նախանձը եւ այլն, որոնցից անմասն չէ ոչ ոք։ Ուրեմն ինչպե՞ս կարող է մարդը գալ այդ գիտակցությանը։

— Այս մտայնությունը գալիս է Սուրբ Գրքի չիմացությունից։ Եթե մարդը հավատով ընթերցի Սուրբ Գիրքը, կհասկանա, որ որեւէ մեկը զերծ չէ մեղքերից։ Շատերն էլ թեթեւամտորեն են նայում այդ ամենին՝ մտածելով, որ այդպես էլ կարող են ապրել։ Սակայն նրանք երբեք մեղքերի թողություն չեն ունենա, չեն վայելի իրական երջանկության բերկրանքը։ Դրա համար էլ Տերն Ավետարանում ասում է, որ «մաքսավորներն ու պոռնիկներն ավելի շուտ պիտի հասնեն արքայություն» (Մատթ. ԻԱ 31), այսինքն՝ մեծամեծ մեղավորներն ավելի շուտ կգիտակցեն իրենց մեղավորությունն ու դարձի կգան, քան իրենց արդար համարող մեղավորները։ Աստծու առջեւ ավելի մեծ արժեք ունի իմաստուն մեղավորը, քան տգետ «արդարը»։ Աստված է մարդկանց դարձի բերողը, սրտերը քննողը եւ յուրաքանչյուր մարդու դարձի է բերում մի ճանապարհով։ Մարդը մեղավոր լինելու գիտակցությանը կարող է գալ Ավետարանի պատվիրանների, հայրերի խրատների միջոցով՝ խորապես ճանաչելով իր մեղավոր վիճակը, հասկանալով, թե որքան ցավ ու վիշտ ենք պատճառել Տիրոջը, որովհետեւ ամեն անգամ մեղք գործելով՝ վերստին խաչում ենք Նրան։

Աստծուց երկյուղելը, հավիտենական տանջանքների սարսափը նույնպես կարող են մարդուն մղել ապաշխարության։

— Հա՛յր սուրբ, ասացիք, որ ապաշխարության առաջին հանգրվանն անկեղծ զղջումն է, որին հետեւում է բերանի խոստովանությունը, այսինքն՝ հատուցումը։ Ինչպե՞ս է մարդը հատուցում։

— Բնականաբար, ապաշխարությունը պետք է հաստատի հմուտ խոստովանահայրը, ով լավ է ճանաչում մարդու հոգու ցավերն ու մեղքերը, հասկանում է, թե որ մեղքերի դիմաց ինչ ապաշխարություն է պետք դնել։ Շատ կարեւոր է, որ հոգու հիվանդությունը լավ ախտորոշվի։ Օրինակ՝ եթե մեկը գողություն է արել, պետք է փոխհատուցի՝ վերադարձնելով գողացածը նրան, ումից գողացել է, իսկ եթե վերջինս կենդանի չէ, ապա պետք է աղքատներին ողորմություն տա կամ նվիրի եկեղեցուն։ Շնության պարագայում պետք է աղոթքներով, սրտի զղջումով ու արտասուքներով մաքրվի այդ մեղքից, նաեւ՝  եթե մեկը այլ մարդու վիրավորել է, պետք է ներողություն խնդրի եւ այլն։ Պետք է իմանալ, որ երբ մեղքը գործվում է, գրվում է, այնուհետեւ սահմանվում է հավիտենական պատիժը, իսկ երբ զղջում եւ խոստովանում ենք, մեղքի գիրը ջնջվում է, եւ մնում է հավիտենական պատիժը, որն Աստված Իր մեծ ողորմությամբ դարձնում է ժամանակավոր։ Ճշմարիտ ապաշխարությամբ եւ հատուցմամբ իսպառ փրկվում ենք թե՛ մեղքից, թե՛ մեղքին հետեւող պատժից։

— Հա՛յր սուրբ, իսկ ինչպե՞ս է ճիշտ խոստովանել՝ անհատակա՞ն, թե՞ ընդհանրական խոստովանությամբ։

— Մարդն իր առօրյա կանքում տարբեր մեղքերի մեջ է ընկնում եւ կարիք ունի խոստովանելու։ Ընդհանրական խոստովանությունն ընդհանուր զղջումի մի կարգ է, որը կատարվում է սուրբ Հաղորդությանը մատենալուց առաջ։ Ընդհանրական խոստովանությամբ մենք մաքրվում ենք մեր մեղքերից, թոթափում մեր հոգու փոշին, սակայն մարդու հոգու բժշկությունը դրանով չի իրականանում։ Իրական բժշկություն տրվում է անհատական խոստովանությամբ։ Սբ Գրիգոր Տաթեւացին ասում է, որ 40 օրվա պահքն առանց խոստովանության չի հավասարվի 1 օրվա պահքին՝ խոստովանությամբ։ Պետք է խոստովանել բոլոր մեղքերը, որպեսզի հիվանդությունը ճիշտ ախտորոշվի։ Կարեւոր  է նաեւ, որ ապաշխարողը ճիշտ կատարի քահանայի հաստատած ապաշխարությունը, որպեսզի հոգին բժշկվի։

— Հա՛յր սուրբ, ասացիք, որ պետք է խոստովանել բոլոր մեղքերը՝ առանց ամաչելու։ Իսկ ինչպե՞ս է հաղթահարվում ամոթը, որը հաճախ է խանգարում մարդուն խոստովանելիս։

— Եթե կա մեղքի գիտակցություն եւ խոր զղջում, ամոթը հաղթահարվում է։ Հիշենք մի օրինակ. մի մեծ մեղավոր գալիս է վանահոր մոտ եւ սկսում իր մեղքերը խոստովանել, իսկ դրանք շատ էին։ Վանահայրը հմուտ ու փորձառու խստովանահայր էր, ուստի գտնում է ճիշտ դեղամիջոցը՝ ասելով. «Պատրա՞ստ ես մեղքերդ խոստովանել եկեղեցում՝ մարդկանց առջեւ»։ Մեղավորը համաձայնում է՝ հաղթահարելով ամոթը։ Հաջորդ օրը, երբ եկեղեցում էր եւ կարծում էր, թե միայնակ է (մինչդեռ վանահայրն էլ էր արդեն եկեղեցում), լսում է մի ձայն. «Կանչե՛ք այդ մահապարտին, բերե՛ք դատաստանի»։ Վանահայրն էր խորանից բարձր ձայնով ձայնում, մինչդեռ մեղավորին թվում է՝ Աստված է խոսում իր հետ։ Այնուհետեւ վանահայրն առաջ է գալիս, ու մեղավորը ողջ միաբանության առջեւ հորդահոս արցունքներով ու մեծ զղջումով խոստովանում է իր բոլոր մեղքերը։ Վանականներից մեկն այդ պահին տեսիլ է տեսնում, թե ինչպես մեղավորի շուրջը խռնված դեւերը, նրա մեղքերի գիրը ձեռքներին, աղմկում ու ծաղրում են նրան, ուրախանում նրա կորստի համար։ Եվ երբ սկսում է խոստովանել, հրեշտակը դեւերի ձեռքից խլում է նրա մեղքերի գիրն ու պատռում։ Այսպիսով՝ Աստված ներում է այս մեծագույն մեղավորին, որովհետեւ նրա զղջումն ու ապաշխարությունը շատ խոր էր։

— Փաստորեն, խիստ կարեւոր է, որ մեղավորն ապավինի Աստծու անսահման ողորմածությանը եւ չհուսահատվի իր մեղքերի ծանրության պատճառով։

— Այո՛, մարդուն զղջման է տանում Աստծու ողորմածությունը։ Իրականում մեծ զոհողություն է նախկին կյանքից հրաժարվելն ու մեղքերը խոստովանելը, հատկապես եթե մարդու համար հաճելի էր այդ կյանքը։ Հիշենք Անառակ որդու պատմությունը (տե՛ս Ղուկ. ԺԵ 11)։ Անառակին զղջումի մղեցին հոր սերն ու գութը, նա հավատում էր, որ հայրը ներելու է իրեն, իսկ հայրն էլ մեծ սիրով եւ գթառատությամբ սպասում էր իր մոլորյալ որդու ապաշխարությանը։ Այդպես եւ մեր երկնավոր Հայրը մեղավորի մահը չի կամենում, այլ նրա դառնալը չար ճանապարհից եւ ապրելը, միշտ պատրաստ է մեր դարձն ընդունելու, եւ ինչպես սբ Գրիգոր Նարեկացին է ասում, «ողջ մարդկության մեղքը մի բուռ հող է Տիրոջ անսահման ողորմության օվկիանոսի մեջ»։

— Հա՛յր սուրբ, ապաշխարությունը կրկնելի խորհուրդ է, ուստի մարդը, չարաշահելով Աստծու ողորմածությունը, անընդհատ կարող է մեղանչել՝ հուսալով, որ նորից կապաշխարի ու կսրբվի։ Որքանո՞վ է վտանգավոր այս մտայնությունը։

— Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ «հույսով մեղանչողն անհույս կմեռնի»։ Այդպիսին իրական զղջում չունի։ Մինչդեռ շատերն էլ անգիտությամբ ու տկարությամբ են մեղանչում։ Այդպիսի մարդիկ չպետք է հուսահատվեն, այլ խոստովանեն, որովհետեւ եթե խոստովանությունից ու ապաշխարությունից հետո նորից են ընկնում նույն մեղքի մեջ, առավել հեշտությամբ դուրս կգան դրանից, որովհետե կա պայքարը, որը հաղթանակի գրավականն է։ Անապատականներից մեկը, գալով վանահոր մոտ, ասում է. «Հա՛յր սուրբ, ընկա, այսինքն՝ մեղանչեցի»։ Վանահայրն ասում է. «Նորի՛ց կանգնիր»։ Անապատականն ասում է, որ հաճախ է ընկնում։ Վանահայրը պատասխանում է. «Որքան ընկնում ես, այնքան ոտքի կանգնիր եւ մի՛ հուսահատվիր»։ Այս պատմությունը սովորեցնում է, որ մեր կյանքը՝ մինչեւ մահ, անընդհատ վայրէջքների եւ վերելքների մի ընթացք է, քանի որ մարդը մեղանչական է։ Սա է փրկության ճանապարհը։ Պատվիրանները պահելը դժվար է, սակայն չպահելն ավելի դժվար է, որովհետեւ երբ փորձում ենք ընթանալ Աստծու ուղենշած ճանապարհով, արդեն փրկության գրավականն է։ Խոստովանությունն արվեստ է, ուստի պետք է սովորել ու հոգին նորոգել խոստովանությամբ։

— «Ապաշխարության կյանքի դուռը չի փակվելու մինչեւ այս աշխարհի վախճանը»,- ասում են Եկեղեցու հայրերը, այսինքն՝ Աստված մեղավորին մի ողջ կյանք է տվել՝ զղջալու, ապաշխարելու եւ Իրեն դառնալու համար, սակայն սատանայի դրդմամբ շատ մեղավորներ հետաձգում են իրենց ապաշխարությունը՝ հուսալով դա անել «վաղը», ինչու չէ՝ նաեւ մահվան մահճում։ Այս մտայնությունն ունեցող մարդիկ, հաճախ հանկարծամահ լինելով, չեն հասցնում մի «մեղա» անգամ ասել…

— Խոստովանությունը չպետք է հետաձգել։ Հիշենք, որ զղջումն ու ապաշխարությունը միայն այս կյանքում է հնարավոր։ Ըստ սբ Գրիգոր Տաթեւացու՝ մարդն ունի երեք հասակ՝ երիտասարդություն, միջին տարիք եւ ծերություն։ Եթե մարդը երիտասարդ տարիքում է հաղթահարում մեղքը՝ կամավորապես ապաշխարելով, աղոթելով, ուխտագնացությունների գնալով, երկրպագություն անելով, մեծ վարձք կունենա, սակայն ծերության ժամանակ ապաշխարությունն ակամա է, քանի որ «ոչ թե ծերն է թողել մեղքը, այլ մեղքը՝ ծերին», հետեւաբար վարձքն էլ ակամա կլինի։ Ուրեմն պետք է երիտասարդ ժամանակ ապաշխարել, երբ կարող ես, ի՞նչ գիտես, որ վաղը կկարողանաս պահք պահել, աղոթել… Եվ քանի որ Սուրբ Հոգին է մարդուն զղջում տալիս, ապա մերժելով զղջումն ու ապաշխարությունը՝ հայհոյում ենք Սուրբ Հոգու դեմ (տե՛ս Մատթ. ԺԲ 31), ծաղրում ենք փրկությունը։ Բայց Տերը ողորմած է եւ այս ամենից հետո էլ փրկության հնարավորություն է տալիս մարդուն, որպեսզի վերջինս արդարանա ու փրկվի։

Հյուրընկալեց Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s