Հարություն Կալենցը (Խարմանդայան) ծնվել է Սեբաստիայի (Կիլիկիա) Կյուրին գյուղաքաղաքում Հարության տոնի ճրագալույցի օրը` ապրիլի 18-ին (հին տոմարով), որի պատճառով էլ անվանակոչվեց Հարություն։ Հայրը՝ Տիրատուրը, բավականին ունեւոր մարդ էր։ Եթե 1915 թվականի արյունոտ անցքերը՝ եղեռնը չլիներ, գուցե այլ կերպ դասավորվեր Կալենցի կյանքը։ Հինգ տարեկանից որբության դառնությունը կրած ապագա արվեստագետը 8 տարեկանում ապաստան է գտնում Հալեպի ազգային որբանոցում եւ նախնական կրթությունն էլ ստանում այդ հաստատության դպրոցում, իսկ 1924 թվականին կարճ ժամանակով ուսանում նկարիչ Օնիկ Ավետիսյանի մոտ, ապա շարունակում ինքնուրույն կատարելագործվել։

1931-ին տեղափոխվում է Լիբանան եւ Բեյրութում մի քանի ամիս աշխատում ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Միշլեի արվեստանոցում։ 1932 թ. մի խումբ համախոհների հետ հիմնում է «Արվեստի բարեկամների միությունը» եւ ակտիվ մասնակցում միության ցուցահանդեսներին։ Ունենում է նաեւ մի շարք անհատական ցուցահանդեսներ։ 1946 թվականին ընտանիքով ներգաղթում է Հայաստան։ 1962 Երեւանում առաջին անգամ բացվում է նրա անհատական ցուցահանդեսը։ 1963-ին արժանանում է վաստակավոր նկարչի կոչման։ 1967-ին վախճանվում է եւ նույն թվականին էլ հետմահու արժանանում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի կոչմանը։

 

Հարություն Կալենցն այս աշխարհի երկարակյացներից չէր եւ սակայն հասցրեց թողնել այնպիսի մի ժառանգություն, որի արժեքն անգնահատելի է նախ եւ առաջ իր գեղարվեստական խոսքի որակական կուլտուրայով, գույնի ազնիվ, մետաքսափայլ «հնչյուններով»։ Այն, ինչ թողեց նկարիչն ապրողներիս, կարող էր կրկնապատկվել, կարող էր ավելի ճախրող ու ազատախոհ ընդգրկումներ ունենալ, եթե չլիներ խորհրդային գաղափարախոսության այն մթնոլորտը, որում ճշմարիտ ստեղծագործական թռիչքները թեւատվում էին ու հալածվում։ Եթե այդ երկրում ծնված ու մեծացած արվեստագետն ի սկզբանե հարմարվել էր դրան ու այլ նկրտումներ կարծես թե չուներ, ապա Սփյուռքից հայրենիք ներգաղթածների համար այդ սկզբմունքները դժվարամարս էին՝ բոլոր առումներով։ Նրանցից շատերի ճակատագրերն այնպես խեղվեցին, որ նույնիսկ կյանքը դարձավ անիմաստ ու անտանելի։ Կալենցի կյանքն էլ անցավ դառնությունների ու հուսալքումների միջով, անցավ հոգեկան, ստեղծագործական ու սոցիալական գողգոթայի միջով. նա շուրջ յոթ տարի դադարեց նկարելուց. ստեղծագործող անհատի համար սա հավասարազոր էր մահվան։

Եվ, սակայն, շարժվեց նկարչի վրձինը, եւ ի հեճուկս դժվարությունների, հալածանքների, պիտակավորումների՝ նկարիչն ստեղծեց անկրկնելի գործերի մի ողջ պատկերասրահ, որն այսօր իր մնայուն ու մշտնջենավոր տեղն ունի հայկական կերպարվեստի գանձարանում։

Նկարչի՝ մեզ ժառանգածը կերպավորման, գունային ու հորինվածքային սքանչելի լուծումների յուրօրինակ մի աշխարհ է, մի աստնվոր՝ տոգորված այն շունչ ու շնչառությամբ, այն էներգիայով, որը բնորոշ է ճշմարիտ ստեղծագործական երկունքի խելահեղ, բայց մեծապես ապրեցնող ցավին։ Այս ցավը Կալենցի համար լոկ ֆիզիկական զգացում չէր, այս ցավը մարդկային հոգեւոր ընկալումների մաթեմատիկական մի լիցք էր, աշխարհի փիլիսոփայական մի ընկալում, որը շարժում, ի մի էր բերում եւ ապա պաստառի վրա ամբողջացնում լույսն ու խավարը, հարթությունն ու ծավալը, գույն ու գիծը, որոնց ներդաշն փոխներգործություններից ու հակադրություններից, զուգորդումներից ու համադրություններից ծնունդ էր առնում մարդու ու բնության, մարդու ու տիեզերականի անքակտելիությունը՝ ներփակված կեցության ու մատերիայի խորքերում, եւ հասու է միայն ներքին «տեսողություն» ունեցող ստեղծագործողին։ Գուցե այս հատկանիշներն էին պատճառը, որ նրա արվեստը հայրենիքում առավելապես եւ առաջին հերթին գնահատվեց ոչ թե կերպարվեստագետների, այլ այն մի բուռ մտավորականների կողմից, որոնք դեռեւս ուեին ներքին ազատություն, անկաշկանդ էին ու բաց՝ նորն ընկալելու ու գնահատելու առումով։ Այս անհատները եղան նրա առաջին համախոհներն ու բարեկամները, ինչու չէ՝ նաեւ մեծապես սատարողները։

Կալենցի աշխարհընկալման դրամատիզմն անձնական շեշտադրումներ չունի, թեպետ, ինչպես ասացինք, չի անցել երկրային կյանքի լուսավոր ու հեշտին ճանապարհներով։ Դրա արմատները թաղված են իր հոգեմտավոր ընկալումների, տեսանելի աշխարհի անտեսանելի երեւույթների անբացատրելի ոգեղենութան մեջ, որոնց օրգանականությունը որքան էլ տրամաբանական է, նույնքան էլ անբացատրելի՝ մարդկային բանականության համար։ Իմ առջեւ գրող Խաչիկ Դաշտենցի դիմանկարն է, մի անձնավորություն, ում շատ շատերը գիտեին ու սիրում էին։ Սակայն Կալենցի ճանաչած Դաշտենցն իր կորցրած երկրի, բնաշխարհի ցավի մասին չէ միայն, որ պատմում է, այլ կյանքի այն ունայնության, որն իր բազում ու բազմապիսի հարցականներով սկիզբ է առնում անձնականից ու վերածվում ազգային ու համամարդկային դեգերումների անորոշության։ Մարդկային անզորության հոգեբանական ենթաշերտերից Կալենց արվեստագետն արտաքին աշխարհ է դուրս բերել այն ողջ լարումը, որ խտացված ծվարել է Դաշտենց անհատի կկոցված կոպերի, կախ ընկած հոնքերի տակ, սեղմված շուրթերի արանքում, ու թվում է, եթե լայն բացի աչքերը, եթե շուրթերը հեռացնի իրարից, այտոսկրերից անգամ դուրս կհորդի մարդկության դարավոր թախիծը։ Սա Կալենցն է, կալենցյան հոգու լռությունն ու ճիչը։ Սկսեցինք դիմանկարներից, քանզի նկարչի գեղարվեստական ակնառու ուժը, նրա վարպետությունն ու գեղարվեստական աշխարհզգացողության ամենից հուժկու լիցքը զգացվում են դիմանկարում, ժանր, որն ամենաբարդն ու ամենադժվարինն է՝ մարդ առեղծվածի խորքն ու բարոյահոգեբանական աշխարհը, նրա երկբայական հոգու խորխորատները թափանցելու առումով։ Եթե ուշադիր զննելու լինենք Կալենցի դիմանկարային գործերը («Արտեմի Ալիխանյան», «Գեւորգ Էմին», «Ալեքսանդր Գիտովիչ», «Գոհար Գասպարյան», «Ավետ Գաբրիելյան», «Իրինա Լունաչարսկայա», «Մարգարիտա Կորաբելնիկովա», «Օհան Էգինյան», «Քնարիկ Հովհաննիսյան» եւ այլք), ապա հստակ կզգանք բնատուր այն շնորհը, որ կոչվում է գեղարվեստական հոգեվերլուծում, գեղարվեստական մարդակերտում։ Ով է մարդը, ինչո՞ւ է աշխարհ եկել եւ ի՞նչ է ուզում աշխարհից, ի՞նչ առաքելություն ունի, ի՞նչ աղարսներ՝ հեռավոր անցյալի ու ապագայի հետ։ Սա փիլիսոփայական հարցադրում է, փիլիսոփայական խնդիր, որի լուծումն էր անվերջ փնտրում նկարիչը։ Բնորդի ներաշխարհը թափանցելու, նրա հետ ներքին երկխոսության մեջ մտնելու կարողությունն ասես Կալենցի տարերքն է։ Եվ այս պարագան ավելի է սրում նկարչի պատասխանատվությունը, վերլուծողի քանքարը՝ պատկերվողի աշխարհը ներկայացնելիս։

Բազմաժանր է Կալենց նկարչի ժառանգությունը։ Նրա պատկերասրահում կողք կողքի իշխում են դիմանկարն ու բնանկարը, կոմպոզիցիոն գործերն ու նատյուրմորտները, շատերին դեռ անծանոթ գրաֆիկական գործերը։

Նրա բնանկարներում հրավառվում են գույներն ու դրանց զսպող գծերը՝ հիմնահենքից դուրս բերելով ժայթքող ձեւերի բարդ, բայց ճշգրիտ, կառուցողական շերտերի անցումները։ Այդ անցումները գույնից գույն եւ գծից գիծ այնքան առինքնող են ու հուժկու, որ թվում է՝ կտավին պատկերվածը բնատուր մի համաձուլվածք է, որի յուրաքանչյուր տարրն իր մեջ կշռաչափ ունի, ունի իր անփոխարինելի ու անբեկանելի դերն ու արժեքը։ Այս տպավորությունը չի ստեղծվել ինքնաբերաբար. սրան նկարիչը հասել է իր առջեւ հստակորեն դրված գեղարվեստական խնդրի լուծման, գունային համադրությունների, գծային կառույցների ճշգրիտ հաշվարկումների շնորհիվ։ Սա է պատճառը, որ նկարչի՝ նույնիսկ փոքրաչափ կտավները ձեռք են բերել մոնումենտալ հնչեղություն՝ միաժամանակ չկորցնելով իրենց անսքող քնարականությունն ու բանաստեղծականությունը («Հրազդանի ափին», «Խոսրովաձորը», «Գարուն» (1960), «Գարուն» (1966), «Բնանկար», «Աշուն», «Սեւանի Սբ Նշան եկեղեցին», «Սեւանա կղզին» եւ այլն)։

Կալենցի ստեղծագործության մեջ առանձնակի տեղ ունեն նատյուրմորտները։ Այստեղ կրկին պետք է անդրադառնալ նկարչի վերլուծական քանքարին։ Նատյուրմորտն առաջին հայացքից հեշտին թվացող, սակայն կերպավորման առումով բավականին բարդ գունածավալային լուծումներ պահանջող ժանր է։ «Մեռյալ» կոչվող բնությունը «կենդանացում» է պարտադրում, եւ եթե հանձն ես առել, պիտի ենթարկվես այդ «խնդրի» լուծմանը, պիտի ջանաս, որ ծաղիկը, իրը, պտուղը, անշունչ առարկան խոսեն, շնչեն, ապրեն՝ գույնի ու գունաթույրի վրձնահարվածներից, ձեւերը շարժունություն ձեռք բերեն, օդն ու լույսը խաղան ու խաղարկվեն այնպես, որ լսվի ներքին երաժշտությունը, մեղեդայնությունն իր մեջ կլանի գույնի շղարշը եւ հակառակը։ Կալենցի նատյուրմորտները հենց այսպիսին են, հենց այս լուծումներով են գերում դիտողին։ Հիշենք նրա «Ալպյան մանուշակները՝ սեւ ֆոնի վրա», «Մրգերով նատյուրմորտ», «Ֆիգուրով նատյուրմորտ», «Կակաչներ», «Նատյուրմորտ», «Վարդեր» եւ ուրիշ այլ նատյուրմորտներ։

Կալենցի պատկերասրահում հանգրվանած գործերի մեջ երկուսն ինձ անակնկալի բերեցին. դրանք Տիրամայրեր էին, մեկը՝ թղթի վրա՝ անավարտ, ցավոք, նաեւ վնասված, մյուսը՝ գեղանկարչական մի չքնաղ գործ, որի կողքով դժվար է հպանցիկ անցնել։ Եթե առաջինում նկարիչը փորձել է հավատարիմ մնալ հայկական մանրանկարչության պատկերագրական ավանդական կառուցվածքին ու գունային լուծումներին՝ դրանք մասնակիորեն մոտեցնելով գեղանկարչականի հնչեղութանը, ապա երկրորդում Կալենցը միանգամայն այլ մոտեցում է որդեգրել եւ հասել այնպիսի մի որակի, երբ արդեն գեղանկարչական լուծումներն են թելադրում ավանդականի առկայությունը։ Տիրամայրը գահի փոխարեն նստած է գորգածածկ թախտին, գրկին՝ չորս-հինգ տարեկան (սովորաբար ավելի մանկահասակ է պատկերվում) Հիսուսը՝ աջ ձեռքն օրհնության նշանով, ձախում՝ ծնկի վրա պահած Սուրբ Հոգու խորհրդանշան աղավնին։ Տիրամայրը զգեստավորված է փիրուզի, կանաչի եւ կապույտի գունաթույրերով, իսկ Որդին՝ կարմրանարնջագույնով։ Երկուսի դեմքերն էլ լուծված են հիմնականում դեղնադարչնագույնի եւ փիրուզի թույրերով։ Տիրամոր հայացքը թախծոտ է ու աջագնա՝ անխուսափելին ընդունող ու նաեւ անհանգիստ զգացումներով, Հիսուսինը՝ սեւեռուն ու պայծառ՝ մանկանը բնորոշ անհոգությամբ եւ կամ Աստծո Որդուն հասու կանխազգացությանը պատրաստ։ Հետնապլանում դարչնաշագանակագույնի եւ դեղինների լուծումներով արված պատերից դուրս են նայում խորանանման երկու պատուհաններ՝ լուսավորված կապույտներով, որտեղից երեւում են վիմասյուներ հիշեցնող կառույցներ։ Դրանք պարզորոշ նախանշում են ապագա եկեղեցին։ Այդ է փաստում նաեւ Տիրամոր ձախ ձեռքի դիրքը, որով նա ուշադրություն է հրավիրում դրանց վրա։ Պատկերի խորհրդանշային, կառուցվածքային ու գունային լուծումներն ամբողջության մեջ իրենց վրա են կրում եզակիից ընդհանականին, աստվածայինից մարդկայինին տանող հոգեբանական լիցքը, այն գերլարումը, որ կողք-կողքի է բերում, իրար  մերձեցնում արարչականն ու մարդկայինը։ Սա խորապես ապրված, խորապես զգացված պատկեր է, որի լուծմանը նկարիչը հասել է ոչ պատահականորեն։

Անշուշտ, դժվար է թերթային մի հոդվածում լրջորեն խոսել կալենցյան աշխարհի ու ավանդած ժառանգության գեղարվեստական ու գաղափարական բովանդակության ու շարժերի մասին։ Դրանց ըստ հարկի անդրադառնալու համար հատորներ ու մանրազնին ուսումնասիրություններ են պետք։ Սակայն այսօր ունենք մի հրաշալի հնարավորություն՝ լինելու կալենցյան համահավաք աշխարհում, զգալու նկարչի շնչառությունը, հրճվելու նրա զարմանալի ներկապնակի ճառագումներով։ Որդու՝ նկարիչ Սարո Կալենցի անմիջական ջանքերով շուտով՝ ապրիլի վերջերին, իր դռները կբացի Կալենցի թանգարանը՝ կառուցված համանուն փողոցի վրա գտնվող իրենց տան հիմքի վրա։ Թանգարանը ոչ միայն լավագույն հուշարձան է լինելու նկարչի հիշատակին, այլեւ դառնալու է մեր քաղաքի այն աննախադեպ «օջախը», ուր նաեւ ապրելու եւ ստեղծագործելու հնարավորություն կունենան Հայաստան այցելող օտարերկրացի նկարիչները։

Աստղիկ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s