Սկիզբը՝ թիվ 4-6 (2010 Փետ. Բ — Մարտ Բ)

 Կեսարացին, տեսնելով Դավիթ պատրիարքի անկար վիճակը, նրան ստիպում է պաշտոնից քաշվել եւ վանքն ու առաջնորդությունը վերցնում է իր ձեռքը։ Մատակարարությունը նա հանձնում է Գրիգոր Պարոնտերին, որ աբեղա լինելու ժամանակներից աթոռի վերակացուն եւ հոգաբարձուն էր եղել։ Դավիթը ձեւականորեն մնում է պատրիարք, այնպես որ Կասարացին դարձել էր աթոռակից։ Ինչ վերաբերում է Գրիգորին, ապա նա Գանձակի Սպիտակաշեն գյուղից էր՝ Վարդանյան տոհմից։ Մանուկ հասակում ընկել էր թոնիրը եւ անվնաս մնացել, ինչը ստիպել էր նրա ծնողներին ուխտել, որ նրան նվիրեն Երուսաղեմին։ Ծնողները վաղաժամ մահանում են, եւ Գրիգորն ինքն է իրականացնում ծնողների ուխտը։ 1581 թվին գալիս է Երուսաղեմ, հետո լինում է Հռոմում, Սսում եւ վերադառնալով Երուսաղեմ՝ իր ձեռքն է վերցնում մատակարարության գործը։ Նրա գործունեությունը շատ օգտակար է եղել Երուսաղեմի պատրիարքությանը, քանի որ կարող անձ էր։ Դա էր պատճառը, որ Կեսարացին էլ նրան նշանակում է նույն պաշտոնին։

Հովհաննես Խուլը երկար չմնաց Կ. Պոլսի պատրիարքի աթոռին։ Կեսարացու կողմնակիցները նրան տապալեցին եւ պետության կողմից վավերացրին Կեսարացու պատրիարքությունը Կ. Պոլսում։ Նա էլ 1611 թվի սկզբներին հաղթական մուտք գործեց կայսրության մայրաքաղաք։ Այս անգամ նա ավելի խիստ եղավ իր հակառակորդ խմբավորման նկատմամբ։ Շատ չանցած՝ Տրապիզոնի վրայով 1612-ին Կ. Պոլիս եկավ Գրիգոր Դարանաղեցին, իսկ հունիսին էլ՝ Զաքարիա Վանեցին՝ Հռոմից, ուր նա գնացել էր որպես նվիրակ։ Կեսարացին նրանց հետ վարվում է կասկածով եւ խստությամբ։ Սակայն նրա այս ընթացքն իր օգտին չեղավ։ Հակառակը՝ հիշյալ անձինք միացան Հովհաննես Խուլին եւ դրանով իսկ խախտեցին Կեսարացու դիրքերը։ Նա, ձանձրացած այդ ամենից, թողնում է պատրիարքությունը եւ վերդառնում Կեսարիա։ Հաղթող եռյակը որոշեց պատրիարքության հասույթները հավասարաչափ բաժանել միմյանց միջեւ՝ իրականացնելով հսկողություն հարակից թեմերի վրա։ Կ. Պոլիսը՝ պատրիարքության նախնական հրովարտակի սահմաններով, բաժին է ընկնում Զաքարիա Վանեցուն՝ դիտելով որպես պատրիարք։ Խուլին բաժին է ընկնում Ռումելիան՝ բացառությամբ Ըռատողուսի, այսինքն՝ եվրոպական թեմերը՝ բացառությամբ Ռոտոսթոյի, քանի որ այն, լինելով Դարանաղեցու հայրենական գաղութը, թողնվում է նրան։ Դրան գումարվեցին փոքրասիական թեմերը։

Իր հերթին հանգիստ չմանց նաեւ Կեսարացին։ Նա բանակցություններ սկսեց Հովհաննես Այնթապցի կաթողիկոսի հետ՝ կամենալով օգուտ քաղել Սսի կաթողիկոսության՝ Կ. Պոլսի պատրիարքության նկատմամբ ունեցած գերակայությունից։ Նա համոզեց Այնթապցուն գնալ սուլթանության մայրաքաղաք եւ ուժեղացնել իր դիրքերը։ Նա  գնաց՝ իր հետ վերցնելով ոչ միայն Կեսարացուն, այլեւ Մինաս Քացախ եւ Մինաս Կարնեցի եպիսկոպոսներին։ Պայքարը ծավալվեց նոր թափով. մի կողմում՝ Զաքարիա Վանեցի եւ Խուլ, մյուս կողմում՝ Կեսարացի եւ Այնթապցի։ Խուլը նույնիսկ Ադրիանուպոլսում ներկայացավ սուլթան Ահմեդին եւ ստացավ իր համար նպաստավոր հրովարտակ, որով մյուսները պիտի դառնային իրենց տեղերը։ Եռյակից հաջողություն ապահովել էր Խուլը, ուստի որոշվում է թեմերի վերաբաժանում կատարել։ Զաքարիա Վանեցին Խուլին է հանձնում Կ. Պոլիսը՝ հարակից շրջաններով, այսինքն՝ Կուտինայով, Սեբաստիայով եւ Կաֆայով։ Զաքարիան ստանում է Անատոլիան՝ Սկյուտարից մինչեւ Մերձավոր Ասիակողմը, իսկ Դարանաղեցին՝ Ռումելիան՝ Ղալաթիայի հետ միասին։ Միայն այս բաժանումից հետո Խուլը դիտվեց հիմնական պատրիարք։ Որքան էլ զարմանալի լինի, ինչպես հաղորդում է Գրիգոր Դարանաղեցին, 1615 թվին կրկին Կեսարացին տիրանում է պատրիարքությանը։

Լավ չէին գործերը նաեւ Էջմիածնում։ Մելքիսեդեկը ձերբակալվել էր Շահ-Աբասի կողմից, իսկ Զաքարիա Վանեցին, օգտվելով դրանից, մի երրորդ նամակ ուղարկեց Հռոմ։ Հասկանալի է, որ դա էլ առանձին կարեւորություն չունեցող գրություն էր։ Եվ, իհարկե, չնայած հռոմեադավանների պնդումներին, պաշտոնական նամակ չէր։

Այս ընթացքում պարսից շահը փորձեց զրկել Վրաստանն իր իշխանավորներից եւ իշխանությունից։ Կախեթի թագավոր Թամրազը փախավ Կովկասյան լեռներ, իսկ Քարթլիի թագավոր Լավասափը գերի ընկավ եւ սպանվեց։ Թամրազի տղաները ներքինացվեցին ու մահմեդականացվեցին, իսկ նրանց մայրը, չուզենալոջ մահմեդականանալ, կտտամահ արվեց։ Թուրքերը դա հարմար առիթ սեպեցին՝ պատերազմը վերսկսելու համար։ 1611 թվին Կույուջու Մուրադ փաշան մեծ բանակով արշավեց դեպի Թավրիզ։ Դրան ի պատասխան՝ պարսից շահն առաջարկեց հաշտությունը թարմացնել, որպեսզի նոր խնդիրներ չծագեն։ Փաստորեն՝ նոր հաշտություն կնքվեց 1612 թվին՝ վեց տարի ժամկետով։ Պարսիկներն ամեն տարի սուլթանին պետք է ընծա ուղարկեին։ Մելքիսեդեկի բռնած դիրքը մղեց Երեւանի եւ Նոր Ջուղայի մեծամեծներին, որ ստիպեն Դավիթ կաթողիկոսին վերադառնալ Էջմիածին, եւ կարողացան նրան օժանդակություն ցուցաբերել։ 1612 թվի սկզբներին Դավիթը վերադարձավ Էջմիածին՝ Մարտիրոս եպիսկոպոսի հետ։ Այդ բանը տեսնելով՝ Մելքիսեդեկն ինքն էլ Երեւանը թողեց եւ եկավ Էջմիածին։ Դրանով նա միայն խարդավանքների աղբյուր դարձավ՝ ծնելով նախանձ, ոխակալություն եւ հակառակություն։ Նա կրկին ուժեղացավ եւ անգամ ձերբակալեց Դավթին, քանի որ Ամիրգունան նրան էր պաշտպանում։ Դավիթը ստիպված դիմեց Շահ-Աբասին, որը Գորիում էր գտնվում։ Բողոքը լավ ընդունվեց, եւ որոշվեց Մելքիսեդեկին պատժել, քանի որ նրա նկատմամբ հակակրանք ուներ։ Այս ընթացքում Ավետիս աթոռակիցն անգամ փորձեց հակաթոռ կաթողիկոս դառնալ։ Դավթի եւ Մելքիսեդեկի Էջմիածին գալն ստիպեց Ավետիսին հեռանալ Էջմիածնից եւ գնալ Ամիդ, այնտեղից էլ՝ Երուսաղեմ։

Պարսկաստան տարված հայերը, չնայած շահի՝ իրենց նկատմամբ ցուցաբերած բարյացակամությանը, շարունակում էի մտածել վերադարձի մասին, ինչը ե՛ւ զարմացնում, ե՛ւ զայրացնում էր Շահ-Աբասին։ Վերադարձի մասին էին մտածում ոչ միայն ստորին խավերը, այլեւ նշանավորները եւ  գիտունները։ Հոգեւոր անձանցից իմանալով, որ հայը չի կարող կտրվել Էջմիածնից, Մայր Աթոռից եւ Լուսավորչի Աջից, շահը որոշում է Սպահան բերել ոչ միայն Լուսավորչի Աջը, այլեւ քանդել Էջմիածնի տաճարը եւ դրա քարերով եկեղեցի շինել Սպահանում, որպեսզի հայերն այլեւս չձգտեն հայրենիք վերադառնալ։ Դավրիժեցին ասում է, որ այդ մասին շահին ասել էր անգամ Դավիթ կաթողիկոսը։ Երբ շահն այդ որոշումը հայտնեց խոջա Նազարին, վերջինս ամեն կերպ փորձում էր նրան ետ կանգնեցնել այդ մտքից՝ ասելով, թե քարերը տեղափոխելու կարիք չկա, քանի որ շահը կարող է ոսկուց ու արծաթից տաճար կառուցել։

Այսուհանդերձ շահը կարգադրեց Մելքիսեդեկին պատժել, տանջել եւ անգամ իր մարմնի միսը ուտեցնել, իսկ Լուսավորչի Աջն ուղարկել Գորի։ Մելքիսեդեկին Երեւանում ձերբակալեցին, բերեցին Էջմիածին եւ սկսեցին կտտանքների ենթարկել։ Թահմազղուլի բեկը կտտանքների էր ենթարկում նաեւ մյուս հոգեւորականներին, որ Լուսավորչի Աջը հանձնեն։ Տանջանքներին չդիմանալով՝ նրանք տեղը հայտնեցին, եւ պարսիկ բեկը դարանից դրա հետ միասին վերցրեց մի թանկարժեք Ավետարան ու արծաթյա մի խաչ։ Մելքիսեդեկին բերում են Երեւան եւ իր իսկ միսն իրեն ուտեցնում։ Հետո նրան շղթայակապ բանտարկում են՝ շահի մոտ ուղարկելու համար։ Այս ամենը տեղի ունեցավ 1612 թ. օգոստոսի 9-ին։ Եթե Ամիրգունայի միջնորդությունը չլիներ, շահը կամենում էր անգամ նրան սպանել։ Հետո կարգադրում է եղած ավանդները, Էջմիածնի տաճարի նշանավոր քարերի հետ միասին, ուղարկել Սպահան։ Նա կամենում էր Մելքիսեդեկին դատել պատերազմն ավարտվելուց հետո։ Հրամանը կատարվում է։ Լուսավորչի Աջը, Ավետարանն ու խաչը, սբ Հռիփսիմեի նշխարների հետ միասին, պահ են տրվում խոջա Սաֆարին։ Կաթողիկե եկեղեցու քարերի ուղարկվելը հետաձգվում է, մինչեւ որ դրանք հանվեն եւ կառքերով տարվեն։ Եկեղեցական իրերը բերվեցին Սպահան 1613 թվի սկզբներին։

Մելքիսեդեկի ձերբակալության ժամանակ Դավիթ կաթողիկոսը Գորիում էր։ Շահը նրան կարգադրեց վերադառնալ Էջմիածին։ Սակայն նա  վախենում էր Ամիրգունայից, ուստի խնդրեց շահին, որ նա Ամիրգունային կարգադրի իրեն  ավ վերաբերվել։ Քանի  Շահ-Աբասը Հայաստանի շրջականերում էր, Ամիրգունան պատվով էր վերաբերվում Դավիթ կասթողիկոսին, բայց երբ շահը գնաց Սպահան, նրա վերաբերմունքը Դավթի նկատմամբ վատացավ։ Իսկ Մելքիսեդեկին հաջողվեց հայերի միջնորդությամբ ազատվել եւ ճոխ կյանքով ապրել։ Նա գաղտնի նամակագրություն ուներ Ամիրգունայի հետ. կամենում էր նորից վերադառնալ Էջմիածին եւ տիրել Մայր Աթոռին։ Նույնիսկ մտածում էին Ամիրգունայի ձեռքով Դավթին սպանելու մասին։

Ի վերջո Էջմիածնի տաճարից 15 նշանավոր քար հանվեց եւ ուղարկվեց Սպահան։ Դրանց մեջ էին սուրբ սեղանը, որի վրա պատարագ էր մաուցվում, այդ սեղանի սյունը, Քրիստոսի իջման տեղից քարը, ավազանը, մեկ քար բեմի հարավային աստիճանից եւ մեկն էլ՝ հյուսիսային աստիճանից, չորս քար եկեղեցու չորս անկուններից, երկու  քար մոմատնից, երեք քար էլ՝ սալահարկից։ Քարերը դրվեցին կաշվի մեջ, կապվեցին եւ զինվորական պահպանությամբ, Հովհաննես քահանայի հսկողությամբ, սայլերով ուղարկվեցին Սպահան՝ 1614-ին։ Այստեղ դրանք զետեղվեցին մահմեդական Բաթուն կոչված գյուղի մոտ գտնվող գմբեթում, որն ուխտատեղի դարձավ հայերի համար։ Քարերն այնտեղ մնացին մի քանի տարի, մինչեւ որ բաթունցիները դրանք իրենց համար չարագուշակ համարեցի։ Ուստի քարերը բերվեցին Նոր Ջուղայի Խոջենց եկեղեցի, որտեղ Առաքել Դավրիժեցին դրանք իր աչքով է տեսել։

Շահ-Աբասի վերաբերմունքը Պարսկաստան քշված հայերի նկատմամ գնալով վատացավ։ Նա անգամ սկսեց խստություններ կիրառել անիմաստ տեղը։ Շատ հայեր էլ Պարսկաստան էին եկել ջալալիներից նեղվելով։ Նրանք հաստատվել էին Երեւանում, Գանձակում, Թարիզում, Արդաբիլում եւ այլուր։ Շահ-Աբասը նրանց էլ տեղափոխեց երկրի խորքերը՝ մեծ մասամբ Սպահան եւ Ֆահրաբադ եւ մանավանդ Փութկա կամ Գեչգունի ավանը։ Տեղափոխվածների վրա վերակացու էր նշանակվել Շահաբ աղան, որին օգնում էին Ուղուրլու բեկը եւ հայ մելիքներ Մուրադ Ղըրխյալան եւ Հովսեփ Ղարաբաշը։ Այս խումբը շատ շուտով աղքատացավ եւ դիմեց շահի օգնությանը, որը պարտք տվեց՝ առանց տոկոսի։ Եվ եթե հայ մելիքները չկարողանան պարտքը վճարել, ապա մահմեդականան կամ էլ իրենց երեխաներին տան. տղաները՝ 4, աղջիկները՝ 3 թումանով։ Դժբախտաբար հայ մելիքները փողը կերան եւ պարտքը տալ չկարողացան։ Մեծ բռնությամբ այդ փողը գանձվեց ժողովրդից։ Շահը պահանջում էր, որ մահմեդականանան, հայերն ընդդիմանում էին։ Օգնում են կաթոլիկ կրոնավորները, որոնք 200 թուման են տալիս շահին՝ մեկի, եւ 50 թուման՝ մյուսի համար։ Եղան նողկալի մատնություններ եւ բռնություններ, որի արդյունքում ամբաստանյալները մահմեդականացվեցին։ Մելիքներին մեղադրում էին, թե կաթոլիկ են դարձել, ուստի ենթարկում էին կտտանքների, որ մահմեդականանան։ Տանջանքների տակ նրանց մահմեդականացրին։ Մուրադ Ղըրխյալան, այդ տեսնելով, հանձն առավ մահմեդականանալ, եթե Բաղդասար քահանան համաձայնվի։ Քահանային տարան շահի մոտ, որն իր իմաստուն պատասխանով շահի սիրտը շարժեց։ Շահն այս խմբին ազատեց պարտքից։ Կաթոլիկ եպիսկոպոսն էլ շահից պահանջեց իրենց տված փողը ետ տալ, քանի որ մելիքին մահմեդականացրել էին։ Շահը փողը ետ տվեց եւ այլեւս չհետապնդեց մահմեդականացվածներին, որոնք շարունակեցին ապրել քրիստոնեաբար։ Նրանց որդիները մեծացան իբրեւ քրիստոնյաներ։ Մելիք Մուրադը հետո գնաց Թարիզ, իսկ այնտեղից էլ՝ Երուսաղեմ, եւ այնտեղ իր ընտանիքով նույնպես ապրեց քրիստոնեաբար։

Շարունակելի

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s