«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ»

զրուցաշար

 

ԸՆՏԱՆԻՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

  — Այն բանից, թե ինչ արժեքներ ենք դավանում մենք՝ ծնողներս, հավաքական առումով, ինչ եւ ինչպես ենք փոխանցում դրանք մեր զավակներին, կարծում եմ, ուղղակիորեն եւ մեծապես կախված է մեր ազգի, ժողովրդի, մեր պետության բարոյական առողջությունը, որը նաեւ հզոր պետականության կարեւորագույն պայման է։

  Տե՛ր հայր, ի՞նչ ասել է քրիստոնեական դաստիարակություն. իրականում կա՞ այդպիսի հասկացողություն, եւ ընդհանրապես ո՞րն է տարբերությունը քրիստոնեական եւ ոչ քրիստոնեական կամ «ոչ այնքան» քրիստոնեական դաստիարակության միջեւ։

— Մենք՝ քրիստոնյաներս, հավատում ենք, վստահ ենք, որ քրիստոնեական արժեքներն իրենց խորքում համամարդկային են։

Դա Ավետարանից բխող լույս ճշմարտությունն է, դա Քրիստոս Աստվածորդու եւ ճշմարիտ Աստծու պատվիրաններն ու ուսուցումներն են։ Դա մեր Փրկչի պարգեւած հավիտենական կյանքի Հույսն է, անսասան Հավատը եւ Սերը։ Դա մխիթարիչ Սուրբ Հոգու պարգեւած շնորհն ու իմաստությունն է… Մեկ խոսքով՝ ա՛յս արժեքների սերնդեսերունդ փոխանցումն է քրիստոնեական դաստիարակությունը։ Մեր նախնիները 17 դար շարունակ այդ ոգով են կրթել ու դաստիարակել իրենց զավակներին, եւ գոնե մեզ՝ հայերիս համար այն մի տեսակ միս ու արյուն է, մեր էության ու ինքնության անբաժանելի մասը։ Անշուշտ, աշխարհում եղել են ու կան այլ ընկալումներ, տարբեր կրոններ, նաեւ զանազան աղանդներ, անաստվածության տարբեր դրսեւորումներ։ Դրանցից յուրաքանչյուրը դաստիարակության իր սեփական ըմբռնումներն ու մոտեցումներն ունի, ապագա սերունդների վրա ազդելու սեփական կերպն ու եղանակը՝ կախված իր դավանած արժեքներից եւ հետապնդած նպատակներից։ Սա առանձին խոսակցության նյութ է, ուստի գոնե այս առիթով զերծ պիտի մնամ համեմատության եզրեր անցկացնելուց։ Մի բան, սակայն, անհերքելի է. ի տարբերություն մյուս վարդապետությունների՝ քրիստոնեությունը ողջ մարդկության փրկության վարդապետությունն է, այլ ոչ թե «ընտրյալների», որովհետեւ Քրիստոսը խաչվեց բոլորիս՝ ողջ մարդկության փրկության համար։

— Վերադառնանք դաստիարակության խնդրին։ Այնուամենայնիվ, տե՛ր հայր, ինչպե՞ս է հնարավոր իրականացնել ճիշտ դաստիարակությունը, ըստ Ձեզ՝ որո՞նք են դրա հիմնական նախապայմանները։

— Առաջին եւ գլխավոր նախապայմանը, թերեւս, այն է, որ մարդն ինքը պետք է լինի աստվածպաշտության միջավայրում եւ աստվածպաշտությունն իր ներսում ունենա, որպեսզի կարողանա իր խոսքը համոզիչ կերպով տեղ հասցնել։ Լավագույն եւ արդյունավետ դաստիարակությունը անձնական օրինակն է։ Գաղտնիք չէ, որ երեխան, մանավանդ մատաղ տարիքում, ինչ տեսնում, այն էլ սովորում է։ Հետեւաբար, հոգեւոր դաստիարակության առումով նախ եւ առաջ ծնողը պիտի հանդես գա իբրեւ Աստծու պաշտոնակատար, այսինքն՝ մշտապես պիտի սրբություն տարածի իր զավակների վրա։ Զավակները պետք է ազդվեն ծնողից՝ ելնելով հավատքի շնորհից։ Ուրեմն առաջին հերթին աղոթք ու օրհնություն պիտի հնչի ծնողի շուրթերից։ Չափազանց կարեւոր է, թե նա ինչ է լսում, քանի որ գլխավորապես լսելով է ձեւավորվում մանկան առաջին խոսքը։ Պատկերացրեք՝ ինչպիսի՜ գեղեցկություն, ի՜նչ մեծ շնորհ է, երբ մինչեւ խոսելը երեխան աղոթք է լսում։ Ուրեմն երեխայի ամենաազդու դաստիարակն ընտանիքն է, այսինքն՝ ծնողները։ Դաստիարակության մյուս երկու կարեւոր «օջախներն» են դպրոցը եւ փողոցը։ Ստացվում է երեք կարեւոր միջավայր։ Ցավոք սրտի, Եկեղեցին այս երեքի կողքին չենք կարող հաշվել անգամ որպես դաստիարակության չորրորդ միջավայր, որովհետեւ այսօր շատ ու շատ ընտանիքների օրգանական կապը եկեղեցու հետ չափազանց թույլ է, եթե չասենք, որ հաճախ ուղղակի բացակայում է։ Եվ ես կարծում եմ՝ հենց այդ կապի բացակայությունն է պատճառը բազմաթիվ մեղքերի, շեղումների՝ որպես ուղիղ հետեւանք հոգեւոր սնանկության։ Մինչդեռ եկեղեցին՝ Աստծու տունն ու տաճարը, սրբության օջախը, առաջին տեղում պիտի լիներ՝ գոնե ընտանիքի հետ հավասար։ Անհնար է, որ իր վարքագծով ճշմարտությանը ոչ հետամուտ, ճշմարտությունը մերժող ծնողը կարողանա ճշմարտություն ուսուցանել զավակին։ Եթե մենք գիտենք, որ հարբեցողությունը, ստորաքարշությունը, գողությունը, դավաճանությունը վատ բաներ են, բայց հարբում ենք, քծնում, գողանում ու դավաճանում, կամ եթե գիտենք, որ ստելը մեղք է ու չարիք, բայց ինքներս շարունակ ստում ենք, ինչպե՞ս կարող ենք արդարության ու ճշմարտության ոգին փոխանցել մեր զավակներին։ Նման դեպքերում ծնողի խոսքը բացարձակ անզոր ու անպտուղ է, եւ իզուր են բոլոր տեսակի արդարացումները… Պատահական չէ, որ այսօրվա իրականության մեջ հաճախ զարմանալի իրավիճակների ենք ականատես լինում. թոռնիկն ուսուցանում է պապիկին, կամ զավակը՝ ծնողին… Մեր ծնողների ու պապերի սերնդին զրկեցին հոգեւոր լույսից, հավատքից, աստվածպաշտությունից, եւ եթե այսօր թոռնիկն է ուսուցանում պապիկին, ես դրա մեջ միայն լավ բան եմ տեսնում. թող պապիկը մանկանա, թող սովորի թոռնիկից, եթե վերջինս Աստծու խոսքն է բերում նրան։ Հիշում եմ՝ երբ ես եկեղեցու սպասավոր դարձա, իմ ազգատոհմից շատերը մի տեսակ հակադրվեցին՝ հայր, հորեղբայրներ, պապ… Հարազատ միջավայրն ընդվզեց՝ մոռանալով, որ երբ ես մեկ տարեկան եմ եղել, այս մարդիկ իրենք են, երկար ճամփա կտրելով, քահանա գտել, ինձ մկրտության արժանացրել, քահանային խաչհամբույր տվել, հյուրասիրել ու ճանապարհել։

— Տե՛ր հայր, ինչո՞ւ այսօր շատ ու շատ ընտանիքներ, մտավոր բարձր օժտվածությամբ ծնողներ, խորին հարգանք տածելով մեր Եկեղեցու հանդեպ, սիրելով, ակնածելով, անգամ անթաքույց հպարտանալով հանդերձ մայր Եկեղեցու փառահեղ պատմությամբ, հենց խոսք է բացվում իրենց զավակի հոգեւորական դառնալու մասին, միանգամից տրմագծորեն հակառակ դիրք են գրավում… Այո՛։ Իհա՛րկե։ Բայց… միայն ո՛չ իրենց զավակը։

— Չափազանց ցավոտ մի խնդիր է սա։ Սակայն չէի ասի՝ անհասկանալի։ Հակադրվելու գլխավոր պատճառներից մեկը, թերեւս, իրենց ապրած կյանքի եւ վարքագծի տարբերությունն է Եկեղեցու թելադրած կյանքից։ Երկրորդ պատճառը, որ պակաս կարեւոր չէ, Եկեղեցու քարոզած կյանքի ու կենցաղավարության մասին իրենց թյուր ընկալումն է։ Մի կողմից՝ մարդն իր ամբողջ կյանքում սովոր չի եղել այդ կերպ ապրելուն, չի լսել Աստծու խոսքը, եկեղեցի չի հաճախել, Սուրբ Գիրքը չի ընթերցել երբեւէ։ Եվ ահա, մի տեսակ, տարօրինակ է, որ այդ «նորությունը», ոչ ավել, ոչ պակաս, իր զավակի միջոցով պիտի տարածվի իր վրա։ Առաջին

հայացքից բնական թվացող այս երեւույթն իրականում անբնական է. իսկ ինչո՞ւ ոչ հենց քո զավակը։ Մյուս կողմից՝ քանի որ նա արդեն սխալ պատկերացում ունի այդ կյանքի մասին, մտածում է, որ եթե իր զավակն Աստծու պաշտոնյա դարձավ, ուրեմն կկործանվի, ուրեմն խեղճ ու անպաշտպան կմնա հասարակության մեջ… Ավելորդ է ասել, որ սա խիստ աշխարհական «իմաստություն» է, եթե չասեմ՝ դիվային։ Պարզ է՝ ծնողը զավակի լավն է կամենում, չի ուզում, որ նա խեղճ մնա։ Պարզապես նա չգիտի, որ բարու եւ չարի մասին իր պատկերացումներն են սխալ, չգիտի, որ երբ Աստված բնակվի մեկի սրտի մեջ, նա երբեւիցե չի կարող խեղճ ու տկար լինել։ Ի միջի այլոց, չափազանց դժվար ու նաեւ կարեւոր պահ է սա, որովհետեւ հատկապես նման պարագաներում զավակները ծնողներին կարող են քարոզել միմիայն իրենց վարքագծով, եւ խոսքերն այստեղ արդեն բնավ զորություն չունեն։ Ծնողները, հարազատները ուշադիր հետեւում են իրենց զավակի վարքագծին։ Եվ երբ տեսնում են, որ զավակն իսկապես չի կործանվել, որ իզուր էին իրենց կասկածներն ու տագնապները, այդժամ իրենք էլ են դառնում դեպի Աստված եւ կթվելով Աստծու Սուրբ Հոգուց՝ աճում են հավատքի մեջ, ջերմանում ու մխիթարվում Տիրոջ Լույսով ու Ճշմարտությամբ։ Եվ կրկնակի մխիթարվում, քանի որ իրենց զավակի միջոցով եղավ։ Այսպես հաճախ է լինում եւ, փա՜ռք Տիրոջը, իմ պարագայում նույնպես։

— Այսինչ բանը կարելի է, այնինչը չի կարելի. նմանատիպ արտահայտություններ երեխան առաջինը լսում է ծնողներից։ Որտե՞ղ է «չի կարելիի» սահմանը, այսինքն՝ ի՞նչ չափով է թույլատրելի խստությունը երեխայի հանդեպ։

— Խստությունը կարեւոր եւ որոշ առոմով անհրաժեշտ պայման է դաստիարակության։ Բայց այն երբեք չպիտի վերաճի բռնության։ Դաստիարակություն ասելով՝ նախ եւ առաջ հասկանում ենք խրատելու, եւ ամենակարեւորը՝ համոզելով խրատելու հանգամանքը։ Այլ կերպ ասած՝ դաստիարակությունը խրատն է՝ գումարած խստության այն սահմանը, որ Աստված թույլատրել է։ Երեխան ինքը, պարզ է, չի կարող ընկալել ճիշտը եւ սխալը, մանավանդ երբ շատ փոքր է։ Եվ այստեղ վճռորոշ է ծնողի դիտավորությունը, մոտեցումը։ Իհարկե ուրախալի է, եթե ծնողը զավակին դաստիարակում է բարի դիտավորությամբ՝ ելակետ եւ ուղեցույց ունենալով Աստծու կամքը, սրբությունն ու ճշմարտությունը։ Սակայն քիչ չեն նաեւ այնպիսի ծնողները, ովքեր դաստիարակելը «շփոթում» են բռնանալու հետ. էլ ի՞նչ ծնող, որ երեխան իրենից չքաշվի, չվախենա։ Ճիշտ է՝ վախի ազդեցության տակ երեխան գրեթե միշտ էլ «խոնարհաբար» կատարում է ծնողի խոսքը։ Սակայն, իմ խորին համոզմամբ, որեւէ նորմալ ծնողի չպիտի գոհացներ երեխայի նման խոնարհությունը՝ վախից թելադրված։ Փախարենը մի ազդու ակնարկ, մի խիստ հայացք պիտի կարողանար սաստել զավակին՝ չար արարքի համար։ Իսկ ամենալավը, կատարյալնն այն պիտի լիներ, որ ծնողը եւ զավակը մտերիմներ լինեին՝ իսկական ընկերների նման։ Վերադառնալով խստության գործոնին՝ ընտանիքում այն պետք է ուղղված լինի միմիայն երեխայի բարիքին, այլ ոչ թե ծնողի «հեղինակությանը»։ Եվ սրա հետ որքան մեծ լինի սիրո բաղադրիչը, այնքան երեխայի մեջ այդ սիրո արձագանքը կպտղաբերի ըստ Տիրոջ խոսքի՝ «Մեկի դիմաց՝ հարյուր, մեկի դիմաց՝ վաթսուն, եւ մեկի դիմաց՝ երեսուն» (հմմտ. Մատթ. ԺԳ 23)։

Շարունակելի

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s