Համեմատությունը, թերեւս, հանդուգն է թվում. շատերին անհայտ մի անուն՝ Պոլսի փոքրիկ որբանոցի հիմնադիր Սրբուհի Նշան Գալֆայան եւ Մայր Թերեզա։

Երկու միանձնուհիների գործերն իրենց ընդգրկումով եւ ծավալով, անշուշտ, անհամեմատելի են։ Սակայն երկու դեպքում էլ առկա է ամենագլխավորը՝ լքվածի հանդեպ անսահման կարեկցանքը, որի ակունքն աստվածային սերն է։

 

«Մի՛ փնտրեք մեծ բաներ։ Արեք համեստ գործեր»,իր գրառումներից մեկում Մայր Թերեզան նման խորհուրդ է տալիս Գթության միսիոներներին։

Հեռավոր 1840-ին Խասգյուղի քահանայից ստանալով միանձնուհու սեւ քողը՝ 18-ամյա Սրբուհի Գալֆայանը կամենում էր սոսկ իր կյանքը նվիրել Աստծուն։ Պոլսում կանանց մենաստան չկար, եւ Սրբուհի Գալֆայանն այն եզակիներից մեկն էր, ովքեր այս կերպ էին ընդունում միանձնուհու ուխտը՝ հրաժարվելով աշխարհիկ կյանքից եւ իրենց հարկի ներքո սեփական աշխատանքով հոգալով իրենց ապրուստը։

Միանձնուհի դառնալու որոշումը, թերեւս, նախախնամական էր։ Կենսագիրը պատմում է, թե ինչպես 14-ամյա Սրբուհին ընդդիմանում էր մորը՝ չենթարկվելով դստերը ամուսնացնելու նրա պահանջին։ Միայն չարագույժ ժանտախտն է, որ ի վերջո ստիպում է մորը մահամերձ աղջկա սնարի առջեւ երդվել, որ ապաքինման դեպքում այլեւս չի հակառակի աղջկա ցանկությանը։ Մեկ շաբաթ անց աղջիկը կատարյալ առողջ էր։

Լինելով ձեռագործի հմուտ վարպետ՝ երիտասարդ միանձնուհու հիմնական զբաղմունքը ձեռքի աշխատանքն էր։ Նրա նրբարվեստ աշխատանքները գոհացնում էին բոլորին։ Սեփական հարկի ներքո բացելով փոքրիկ մի արհեստանոց՝ Սրբուհի Գալֆայանը իր արվեստն էր փոխանցում գյուղի փոքրիկներին։

Այսպես էլ կշարունակվեր, եթե 1865-ին գյուղի քահանա Գեւորգ Արծրունու տանը չհանդիպեր Եվրոպայից նոր վերադարձած Կարապետ վրդ. Շահնազարյանին։ Հայր սուրբը պատմում է գթության քույրերի մասին ու խորհուրդ տալիս հետեւել նրանց օրինակին։ Վարդապետի հորդորով էլ Սրբուհի Գալֆայանը ուխտում է նվիրվել որբախնամ առաքելությանը։

15 օրվա ընթացքում նա եկեղեցիների բակերից, քաղաքի աղքատիկ թաղամասերից հավաքում եւ իր տանը ապաստան է տալիս 2-10 տարեկան որբ աղջիկների՝ նրանց խնամքի համար ծախսելով իր ողջ խնայողությունները։

Որբանոցի հետագա գործունեության համար կարեւոր ազդակ է դառնում այն ժամանակ Խասգյուղի քարոզիչ Ներսես եպս Վարժապետյանի (հետագայում՝ Կ. Պոլսո հայոց պատրիարք) ձեռնարկած հանգանակությունը։ Սրբազանի «Վկայագիրը» ներկայացվում է Կ. Պոլսո պատրիարք Պողոս արք. Թաքթաքյանին՝ արժանանալով վերջինիս օրհնությանը։ 1866-ի սեպտեմբերի 3-ի գրությամբ պատրիարքը հաստատում ու վավերացնում է զմայրապետական Միաբանութիւն ի մէջ Ազգիս զկարգեալն յանուն փառաւոր Տօնի Ամենօրհնեալ Սբ Աստուածածին Կուսին Մարիամու երից ամաց ընծայման։

Այսպես, հակառակ ոչ մեծաթիվ միանձնուհիների առկայությանը, հիմք է դրվում նաեւ կանանց մի մենաստանի, որն առանձնանում է այդ շրջանում հայտնի Թիֆլիսի եւ Ջուղայի կուսանաց անապատներից՝ իր մարդասիրական գործունեությամբ։ Սա Սրբուհի մայրապետի համեստ գործի մեծ սկիզբն էր։

Ժամանակակիցները նորաբաց որբանոցի մայրապետին հիշում են գյուղեգյուղ, տնետուն դեգերելիս, երբ թակելով շատերի դռները՝ օգնություն էր խնդրում որբերի համար՝ արժանանալով նաեւ նախատինքի ու անգամ ապտակի, որին պատասխանում էր. «Շնորհակալ եմ, էֆենտի՛, այս ապտակը իմ բաժինս է, հապա խեղճ որբերո՞ւս ինչ տանիմ»։

Այս պատմությունն ընթերցելիս ակամա մտաբերում ես Մայր Թերեզայի պատգամներից մեկը. Երբ բարիք ես գործում, մարդիկ քեզ կմեղադրեն անձնասիրության հետին նպատակների մեջ. բարիք գործիր ամեն դեպքում։

Այսուհանդերձ, Սրբուհի մայրապետին հաջողվում է իր շուրջը համախմբել բազմաթիվ համակիրների, որոնց օգնությամբ որբանոցը տարեցտարի բարեկարգվում ու ընդարձակվում է՝ դառնալով որբերի հարազատ օջախ։ Մի քանի տարի անց որբանոցի համար ձեռք է բերվում նոր եւ ընդարձակ առանձնատուն. եգիպտահայ մի բարերարուհի որբանոցի համար կառուցում է փոքրիկ ամառանոց։ Որբանոցն արժանանում է անգամ սուլթան Համիդի հոգածությանը։ Մայրապետից ընծա ստանալով նրբարվեստ մի գորգ՝ ի նշան բարձր գնահատանքի, սուլթանը 300 ոսկի է շնորհում որբանոցին։ Երկար տարիներ սուլթանական տնից որբանոց են ուղարկվում օրվա հացն ու միսը։

Որբանոցի հիմնադրումից 10 տարի անց Մայր Աթոռ Սբ Էջմիածնի «Արարատ» ամսագիրը հրապարակում է Սրբուհի մայրապետի կտակը, որով իր հիմնադրած որբանոցը նա կտակում է ազգային բարձրագույն իշխանությանը։ Կ. Պոլսո պատրիարքարանի կողմից հաստատված կտակը ներկայացվում է Ամենայն Հայոց Գեւորգ Դ կաթողիկոսին։ Չի ուշանում Վեհափառ Հայրապետի օրհնության կոնդակը։

Մայրապետը վախճանվում է 1889-ին՝ 67 տարեկան հասակում՝ սեփական ազգին թողնելով 3000 ոսկի արժողությամբ անշարժ եւ շարժական գույք։ Սակայն ամենամեծ հարստությունն արդեն մի քանի տասնյակի հասած որբուհիներն էին, որոնք ապաստան ստանալով ու կրթվելով որբանոցում՝ հետագայում դառնում էին գրագետ վարժուհիներ ու պարկեշտ հարսնացուներ հայ ընտանիքների համար։

 Սրբուհի Գալֆայանը, իր փափագի համաձայն, թաղվում է որբանոցի բակում կառուցված մատրան մեջ։ Նրա վերջին երկրային ուղին ճանապարհում էին Օրմանյան, Խրիմյան, Սրվանձտյանց սրբազանները, ողջ պոլսահայությունը։

1966 թվականին, երբ Պոլսում հանդիսավորությամբ նշվում էր Գալֆայան տան հիմնադրման 100-ամյա հոբելյանը, Պոլսո հայոց պատրիարք Շնորհք արք. Գալուստյանը, ընդգծելով Գալֆայան մայրապետի ավանդը, նկատել է. Ուրիշ ազգի մը կամ Եկեղեցիի մը զավակը եթե ըլլար ան, նման առիթով մը անոնցմե յուրաքանչյուրը իր գիտցած ձեւով պիտի պատվեր զայն. մեկը՝ արձան մը կանգնելով, ուրիշ մը օրվան դրոշմաթուղթերուն վրա անոր պատկերը դնելով, երրորդ մը պողոտա մը կամ հանրային հաստատություն մը ի պատիվ անոր անվանելով… Սակայն կա պարագա մը, որմե վստահ ենք, թե կը հրճվի եւ պիտի շարունակե հրճվիլ իր բարի հոգին։ Իր հոգին երջանիկ է այսօր, ոչ միայն արդարներու վիճակված երանության արժանացած ըլլալուն համար, այլ ու մանավանդ տեսնելով իր հավերժական կայքերեն իր երկրավոր երկունքին եւ աստվածատուր սիրո արգասիքը եղող այս Տան ցայսօր կանգուն մնալը։

Այսօր Պոլսում այլեւս կանգուն չէ Գալֆայան որբանոցի շենքը։ Լայնուղի ճանապարհը ջնջել է նախկին որբանոցը, ընդարձակ պարտեզն ու մատուռը։ Իսկ որբանոցի հիմնադրի ու որբանոցում ծառայած մյուս մայրապետների եւ միանձնուհիների աճյունները տեղափոխված են Շիշլիի հայկական գերեզմանոց՝ ամփոփված մեկ ընդհանուր շիրմաքարի տակ։

Սակայն Գալֆայան անունը մոռացված չէ պոլսահայ համայնքում։ Նախկին որբանոցի փոխարեն գործում է Գալֆայան երկսեռ դպրոցը՝ աղջիկների գիշերօթիկ բաժնով, որտեղ վաղուց արդեն թուրքական իշխանությունների թելադրանքով արգելված է որեւէ մայրապետի հոգածու խնամքը։

Հեղինե ՄԿՐՏՉՅԱՆ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s