Սկիզբը՝ թիվ 4-7 (2010 Փետ. Բ — Ապր. Ա)

 
Դավիթ կաթողիկոսը հովվապետություն էր անում Էջմիածնում, չնայած այն բանին, որ Ամիրգունան նրան հաշտ աչքով չէր նայում։ Մելքիսեդեկը մնում էր Սպահանում, գործում էր իբրեւ կաթողիկոս, թեեւ դրա իրավունքը շահը նրան չէր տվել։ Ավետիսն ավելի ուշ կրկին հայտնվել էր Էջմիածնում։ Շուտով պատերազմ ծագեց թուրքերի եւ պարսիկների միջեւ։ Թուրքական զորքերը գլխավորում էր Էոքյուզ Մեհմեդ փաշան, որը 1616 թվի գարնան սկզբին շարժվեց դեպի Նախիջեւան, որը գրավեց 40-օրյա պաշարումից հետո։ Մի քանի անգամ հաղթելով պարսիկներին՝ նա շարժվեց դեպի Երեւան, որը պաշտպանելու համար զորքով ընդառաջ գնաց Շահ-Աբասը։ Նա հաստատվեց Գառնիի կողմերում, նեղեց թուրքերին, որոնք չկարողացան ընկճել Երեւանի պաշտպաններին։ Թուրքերը ետ դարձան Կարին։ Դրանից օգտվելով՝ Դավիթը ներկայացավ շահին եւ գանգատվեց Ամիրգունայից եւ պատմեց Մելքիսեդեկի խարդավանքների մասին։ Շահը նրան լավ ընդունեց, բայց Ամիրգունային չսաստեց, քանի որ կարող պաշտոնյա էր, սակայն ամբողջ ցասումը թափեց Մելքիսեդեկի վրա։ Շահի կարգադրությամբ նրան ձերբակալեցին Գանդիման գավառի Քաթակ գյուղում եւ շղթայակապ բերեցին Վայոց ձոր, որտեղ այդ ժամանակ գտնվում էր շահը։ Դավիթն էլ, տեսնելով, որ շահը հարցը քնեցնում է, շահից իրավունք խնդրեց Սպահան գնալու, ինչը նրան արտոնվեց, եւ նրան հասույթ տրվեց Ջղախառ գավառի Ֆռնդիկան գյուղը։ Դա տեղի ունեցավ 1617 թվին։

Շահը հետո գնաց Նախիջեւան, ապա՝ Ագուլիս։ Այս ամբողջ ընթացքում Մայր Աթոռն անտերունչ վիճակում էր։ Աչքի առաջ ավերվում էր հայոց մայր եկեղեցին։

Շահ-Աբասը սիրում էր, որ իրեն հանդեսներով ընդունեն, ինչը եւ անում էր ժողովուրդը՝ իր կամքից անկախ։ Ագուլիսում էլ կատարում են այդ պարտադիր հանդեսը, որտեղ դպրատան վերակացու եւ ուսուցիչ էր Անդրեաս Ագուլեցի երիտասարդ ուսյալ քահանան։ Ինչպես է պատահում, որ շահը նկատում է, որ ածիլված են երեխաների գլուխները, եւ մտածում է, թե դա դիտմամբ է արված, որ ինքը դրանցից որեւէ մեկին չվերցնի։ Այս ավանդույթը տեղ էր գտել հայերի շրջանում կաթոլիկների ազդեցությամբ։ Ածիլվելու հեղինակին գտնելու համար հարցաքննում են Անդրեաս քահանային։ Եվ նա, որպեսզի ուրիշ մեկին չմեղադրեն, ինքն իրեն ամբաստանում է։ Նրան ձերբակալում են, տանջում, առաջարկում հավատը փոխել։ Նա չի համաձայնվում։ Շահը ոչ մի միջամտություն չի ընդունում, նույնիսկ չի լսում խոջա Անձրեւի կնոջ խնդրանքը, որին նա մայր էր անվանել։ Ի վերջո որոշում են սպանել Անդրեասին։ Ծնողները նրան արիության կոչ են անում։ Պատռում են նրա որովայնը, կտրում են ոտքի ջլերը եւ գլխիվայր պահում մինչեւ արեւաբացը եւ այնուհետեւ կախում։ Դա տեղի է ունեցել 1617 թվի նոյեմբերի 18-ին։ Անդրեասը թաղվեց Ագուլիսի Խցաձորի եկեղեցում։

Անդրեասից հետո մահմեդական մոլեռանդության զոհ դարձան Մովսես վարդապետը Տաթեւից եւ Պողոս վարդապետը Աստապատից։ Ագուլեցի Շահռուզ բեկը, որ քրիստոնյատյաց էր, Շահ-Աբասին հայտնում է, որ Անդրեասն այդպես է վարվել Տաթեւի Մովսես վարդապետի թելադրանքով, եւ որ միեւնույն ուղղության է հետեւում Աստապատի Պողոս վարդապետը։ Շահի հրամանով երկուսն էլ ձերբակալվում են։ Մովսեսի մասին վերը նշել ենք, որ Կեսարիայում, Կ. Պոլսում, Դիարբեքիրում, Վանում եւ Թավրիզում լինելուց հետո վերադարձել էր Տաթեւ եւ շարունակել իր հոգեւոր գործունեությունը։ Նրա գլխավոր նպատակն էր շրջագայել քաղաքներով ու գյուղերով եւ քարոզել։ Նա իր շուրջն էր հավաքում երեխաների՝ իրեն աշակերտելու համար։ Ինչ վերաբերում է Պողոս վարդապետին, ապա նա բնիկ Մոկացի էր՝ Բար գյուղից։ Աշակերտել էր Վարագա վանքում՝ Կարապետ Ձագ վարդապետին, եւ իրեն նվիրել քարոզչությանը։

Սրանց համար շատ խնդրանքներ եղան։ Շահը միտք ուներ նրանց նահատակել, բայց հավանաբար Անդրեասի եղերական մահից հետո միտքը փոխել էր։ Նա որոշեց նրանց համար 500 թուման տուգանք գանձել, բայց հետո ազդվելով իր զորականների խնդրանքներից՝ այն իջեցրեց 300-ի։ Վարդապետներն աղքատ էին, ուստի զինվորականներն սկսում են հանգանակություն հավաքել։ Իսկ մարդիկ նրանց փրկելու համար տալիս էին վերջին գրոշը։ Հավաքվեց 700 թուման, որի շնորհիվ այլ բանտարկյալներ էլ ազատվեցին։ Պողոսը եւ Մովսեսը ազատվեցին, բայց ամբաստանիչ Շահռուզ Ագուլեցին շուտով սպանվեց, որ կարծես թե աստվածային պատիժ էր իր նողկալի մեղադրանքի համար։ Մելքիսեդեկը տուգանքի համար նույնպես ձերբակալված էր, սակայն նա վարդապետների բախտը չունեցավ։ Շահը գնաց Դանղ, այնուհետեւ՝ Սպահան, իսկ Մելքիսեդեկին շղթայակապ տանում էին նրա հետ։ Նրան տուգանել էին 300 թումանով՝ երեք մեղքերի համար. սբ Հռիփսիմեի նշխարները կաշառքով ծախելը, առանց հրամանի Մուշկունից ետ դառնալը եւ Սպահանում կաթողիկոսություն անելը։ Որքան հայերն առատաձեռն էին Մովսեսի եւ Պողոսի համար, այնքան անտարբեր էին Մելքիսեդեկի հարցում։ Բոլորը նրան հասկացնում էին, որ այլ ճանապարհ չկա. պետք է վճարել եւ ազատվել։ Ուստի հուսահատված Մելքիսեդեկը շահին խնդրեց իրեն ազատել, որ կարողանա գումարը գտնել։ Շահին դա դուր եկավ։ Նա նրան կաթողիկոսությունը վարելու հրովարտակ տվեց եւ տուգանքն ստանալու նպատակով ազատ արձակեց։ Այժմ Մելքիսեդեկը համարձակ շրջում էր եւ փորձում փող հանգանակել։ Նա եղավ նախ Տփղիսում, հետո՝ Թավրիզում եւ Սպահանում։

Էջմիածինն արդեն երկար ժամանակ անտերունչ վիճակում էր։ Դավիթը Սպահանում էր, իսկ Մելքիսեդեկը պարզապես շորթիչ էր, որը չէր էլ մտածում Մայր Աթոռի մասին։ Նա ամեն տեղ հայ էր փնտրում, որ փող հավաքի։ Նա պետական պաշտոնյաների եւ զինվորների օգնությամբ տանջում էր մարդկանց եւ ամեն անթույլատրելի միջոցներով, անգամ բրածեծ անելով, փող էր կորզում։ Շահը, սակայն, խորամանկ քաղաքականություն էր վարում։ Երբ Մելքիսեդեկն արդեն 800 թուման էր վճարել, շահը հայտարարում էր, որ փող չի ստացել։ Մելքիսեդեկը կաշառքով աչք էր փակում ամեն մի ապօրինության վրա։ Փող էր վերցնում անարժանների ձեռնադրության, թեմեր տալու, կնաթողության, երկակնության եւ այլ խախտումների համար։ Հարկ է նշել, որ Մելքիսեդեկն ուներ իր կողմնակից եպիսկոպոսները, որոնք իրենց վիճակներում գործում էին նույն կերպ։ 1619 թվին 100 թումանը գանձելու համար չորս բեկ ուղարկվեց Մելքիսեդեկի մոտ։ Վճարել հնարավոր չեղավ, եւ սրանք՝ իրենց յուրայիններով, նստեցին Մելքիսեդեկի վզին։ Հարկերը գնալով ավելանում էին կաթողիկոսի վրա։ Այս վիճակը տեւեց մինչեւ 1624 թիվը։

Չնայած հրովարտակին՝ Մելքիսեդեկն ընդամենն աթոռակից էր։ Դավիթը շարունակում էր բոլորի աչքում մնալ կաթողիկոս, թեպետ գտնվում էր Սպահանում։ Մյուս աթոռակից Ավետիսը, կարծես թե, շարունակում էր հովվապետել, համենայն դեպս՝ ըստ Դարանաղեցու։ Նա դեռ կենդանի էր 1622 թվի նոյեմբերի 7-ին եւ գտնվում էր Էջմիածնում։ Բայց եւ այնպես նրա գործունեության մասին մեզ հիշատակներ չեն պահպանվել։ Զաքարիա Քանաքեռցուց հայտնի է, որ նրա խնդրանքով Ամիրգունան հրաժարվում է Մեխլուին ջրախեղդ անելուց։ Ավետիսը մահացել է, ըստ Մ. Օրմանյանի, 1620-1624 թթ. միջոցին։

Նշված ժամանակներում հրապարակ եկան մի շարք նշանավոր գործիչներ. Սրապիոն Եդեսացի վարդապետը, որ կաթողիկոս էլ եղավ՝ Գրիգոր ԺԳ անունով, Սրապիոն Օձտեղացի վարդապետը՝ Բաբերդի Վահանաշեն վանքից, Կարապետ Ձագ վարդապետը՝ Վարագավանքից, վերոհիշյալ Մովսես Տաթեւացի եւ Պողոս Մոկացի վարդապետները, Սաղմոսավանքի եպիսկոպոս Սարգիս Պարոնտերը, որը եղել էր Մեծ անապատի առաջնորդը, Կիրակոս Պոնտացի քահանան եւ ուրիշներ։

Հատկապես աչքի ընկան Սյունյաց Մեծ անապատի գործիչները։ Այստեղ գալիս են շատերը՝ աշակերտելու Սարգիս Պարոնտերին եւ նրա զինակից Կիրակոսին։ Դրանցից պետք է հիշատակել Պողոս Մոկացուն, Մովսես Տաթեւացուն։ Այդ հոգեւոր հաստատությունը հիմնադրեցին Ջուղայեցի Հախնազարի որդի Հայկազն իշխանը, որին իր զինվորական քաջության համար շատ էր սիրում Շահ-Աբասը, Ներսես Մոկացին՝ Բեղավոր մականունով, Ստեփանոս Մոկացին, Թովմա Տաթեւացին, որ հետո եղավ Շամախիի թեմի եպիսկոպոսը եւ առաջնորդը, Կարապետ Վաղարշապատցի եպիսկոպոսը, Արիստակես Շամբեցին, որ Սարգսից հետո Մեծ անապատի առաջնորդը դարձավ, Արիստակես Բարգուշատցին, որը հետո հիմնեց Տանձափարախի անապատը եւ դարձավ նրա առաջնորդը, Դավիթ Շամքորեցին, որը Չարեքագետի անապատը հիմնեց եւ թեմի առաջնորդ դարձավ, եւ շատ ուրիշներ։

Մեծ կարեւորություն է ներկայացնում Մեծ անապատի կրոնավորների կենցաղի համառոտ նկարագրությունը, որի հիման վրա կարելի է հայ վանականների կյանքի կանոնները ճշտել։ Պետք է ճգնակյաց լինել եւ միայն մարմնավոր սեղանին եւ աղոթատեղի գնալ միասին։ Անհատական ունեցվածքն արգելվում էր, եւ ամեն ինչ պետք է ընդհանուր լիներ։ Առաջնորդի իրավունքն էր հոգալ յուրաքանչյուրի պետքերը եւ բաշխելու իրավունքը, խցում միաբանը հատուկ ուտելիք չպետք է ունենար, լիներ հնազանդ, առաջնորդի կամքի կատարող, ամբողջ տարին ուտել օրը մի անգամ, արգելվում էր միս եւ գինի օգտագործել, պետք էր պաս պահել որոշակի օրերին, անգամ ուտելիս կարդալ եւ այլն եւ այլն։

Սարգիս Պարոնտերը մնաց Մեծ անապատի առաջնորդը մինչեւ իր մահը։ Նրա աշակերտներից Թովմա Տաթեւացին Քշտաղք կամ Աղահեճք գավառում՝ Հոչանց գյուղի մոտ, նոր անապատ հիմնեց։ Սարգսից հետո մահացավ Կիրակոս քահանան, իսկ շատ չանցած՝ Հայկազն Հախնազարյանը։

Մեծ անապատի գործիչներից Պողոս վարդապետը Մելքիսեդեկի կողմից դիտվեց արգելիչ անձ իր համար, ուստի կամեցավ նրան լռեցնել։ Նա բազմիցս էր նրան սպառնացել՝ փորձելով նրան ստիպել վերադառնալ Մոկք, իբրեւ թե Մոկքն Աղթամարի կաթողիկոսական վիճակ է։ Բայց Պողոսը շարունակել էր իր գործունեությունը՝ նաեւ օգտվելով Մելքիսեդեկի կալանովոր վիճակից։ Աթոռակից Մելքիսեդեկն ազատվելուց հետո կրկին սկսեց հալածել Պողոսին։ Նա, Նախիջեւանում հանդիպելով նրան, պահանջեց իր սահմաններից դուրս գալ։ Պողոսն արդեն պատրաստվում էր հեռանալ, երբ Շամբ գյուղի՝ նրանով հիացած բնակիչները թույլ չտվեցին եւ դիմեցին Շահ-Աբասին՝ խնդրելով արտոնագիր։ Նա այդտեղից ուղեւորվեց դեպի Արազբար գյուղ, որտեղ գտնվում էր թագավորը։ Նրա օրհնանքով մի այլազգի կին, որ ամուլ էր, մեկ տարի անց երեխա է ունենում։ Քյոթուկլու գյուղում նա ներկայանում է շահին եւ ստանում փափագած արտոնագիրը։ Սակայն Մելքիսեդեկը նրան ամբաստանեց։ Նա ձերբակալվեց, սակայն շահը, տեսնելով նրա գիտունությունը եւ վարքը, կարգադրեց Մելքիսեդեկին նրա հետ հաշտվել։ Վերջինս, բավարարում չստանալով, դիմեց Թավրիզի իշխանի օգնությանը։ Դա էլ չի օգնում։ Մելքիսեդեկը դիմեց պարսից իշխանությունների օգնությանը, որից հուսահատված Պողոսը քաշվեց Մեծ անապատ՝ խոստանալով այլեւս չքարոզել։ Նա այստեղ զբաղվեց ճգնությամբ եւ մահացավ 1621 թվին։

Շարունակելի

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s