(պատկերագրությունը, հոգեւոր խորհուրդը, ժողովրդական արարողությունը)

 
Քրիստոսի համբարձման մասին գրում են Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները:

Համբարձման մասին գրված է նաեւ «Գործք առաքելոցում», եւ նշվում է, որ համբարձումը տեղի է ունեցել Ձիթենյաց լեռան վրա։

Համբարձման նկարներում Ձիթենյաց լեռան վերեւում պատկերվում է համբարձվող Քրիստոսը՝ աստվածության փառքը խորհրդանշող ձվածիրի մեջ:

Համբարձվող Քրիստոսին դեպ աստվածային անհաս բարձունքներն են ուղեկցում հրեշտակները:

Նկարի ներքեւի՝ երկրային մասի կենտրոնում Տիրամայրն է: Տիրամոր աջ եւ ձախ կողմերում երկու հրեշտակներ են՝ համաձայն «Գործք առաքելոց»-ի այն հիշատակության, թե առաքյալներին երեւացին սպիտակ զգեստներով երկու մարդիկ: Տիրամոր աջ եւ ձախ կողմերում առաքյալների երկու խմբերն են, որոնք գլխավորում են Պետրոս եւ Պողոս առաքյալները: Ընդունված պատկերագրությամբ Պետրոս առաքյալն առավել տարեց է եւ սպիտակամորուս, իսկ Պողոս առաքյալը՝ թուխ մորուսով եւ լայնաճակատ ու ճաղատ:

Պողոս առաքյալին պատկերելը ժամանակային առումով անհամապատասխանություն է ստեղծում, քանի որ նա առաքյալների շարքը դասվեց հոգեգալստից եւ Ստեփանոս Նախասարկավագի քարկոծումից հետո: Պողոս առաքյալին պատկերելը, սակայն, արդարացվում է խորհրդաբանական առումով, քանի որ Պետրոս առաքյալի գլխավորած խումբը խորհրդանշում է Հին Ուխտից եկող քրիստոնյաներին, իսկ Պողոս առաքյալը՝ նորադարձներին, հեթանոսությունից հավատքի եկածներին:

Պատկերագրական մի այլ խմբի պատկանող նկարներում ժամանակային այս անհամապատասխանությունից խուսափելու համար առաքյալների երկու շարքերը ներկայացվում են մինչ խաչելությունն ընկած շրջանի համար ընդունված երկու շարքերով, որոնք գլխավորում են Պետրոս առաքյալը եւ Հովհաննես ավետարանիչը:

Համբարձման հայտնի հնագույն պատկերը 5-6-րդ դարերով թվագրվող բամբերգյան հարթաքանդակն է, ուր հարությունը եւ համբարձումը իրար հաջորդող ընթացքով պատկերվում են միասին: Ներքեւում յուղաբեր կանայք են, որոնց օրհնում է Քրիստոսը: Այստեղ եւս թափուր գերեզմանի փոխարեն ներկայացվում է նրա վրա բարձրացած Ս. Հարության տաճարը: Վերեւում գերեզմանի պահպանության համար կարգված շփոթահար զինվորներն են:

Պատկերի վերին մասն արդեն ներկայացնում է համբարձումը՝ իր վաղ եւ դեռեւս չձեւավորված պատկերագրությամբ: Ձիթենյաց լեռան ստորոտին շփոթահար առաքյալներն են, եւ լեռնալանջն ի վեր ելնում է Քրիստոսը՝ դեպի երկինք բարձրանալու համար բռնելով երկնակամարից վար պարզված աստվածային Աջը:

Պատկերագրական այս ձեւի հետ հետաքրքրական զուգահեռներ է գծում Վասպուրականում 1319 թ. գրված Ավետարանի հետեւյալ մանրանկարը, ուր ներքեւում դարձյալ հարության պատկերն է՝ յուղաբեր կանանցով, թափուր գերեզմանը խորհրդանշող Ս. Հարության տաճարով, շփոթահար պահապաններով, իսկ հարուցյալ Քրիստոսն արդեն ներկայացվում է երկինք համբարձվելիս:

Դարձյալ հինգերորդ դարով է թվագրվում Հռոմի Սաբինայի եկեղեցու այն փորագրապատկերը, ուր Քրիստոսը գտնվում է դափնեպսակով պատված շրջագծի մեջ, որի չորս կողմերում չորս ավետարանիչների խորհրդանիշներն են:

«Ես եմ Ալֆան եւ Օմեգան» խոսքերի հետեւողությամբ Քրիստոսի աջ եւ ձախ կողմերում А եւ Ω տառերն են:

Քրիստոսը պատկերված է աստվածային անհաս բարձունքներում, իսկ ներքեւում տարածվում է տեսանելի երկինքը՝ արեգակով, լուսնով եւ աստղերով:

Պատկերի այս՝ ներքեւի մասի կենտրոնում Տիրամայրն է: Տիրամոր աջ եւ ձախ կողմերում Պետրոս եւ Պողոս առաքյալներն են, ովքեր հավաքաբար ներկայացնում են առաքյալների երկու խմբերը: Նրանք Տիրամոր գլխավերեւում պահել են քրիստոնեության խորհրդանիշ խաչը: Քանի որ Տիրամայրը խորհրդանշում է քրիստոնեական Եկեղեցին, ուստի որոշ հետազոտողներ ենթադրում են, որ այստեղ ներկայացված է Եկեղեցու թագադրումը հրեից եւ հեթանոսաց առաքյալների ձեռքով:

Համբարձման տեսարանի ձեւավորված պատկերագրությունը գտնում ենք 518 թ. գրված Ռաբուլայի Ավետարանի համբարձման մանրանկարում: Ձվածիրում գտնվող Քրիստոսն աջ ձեռքով օրհնում է, իսկ ձախով պահել է Ավետարանը խորհրդանշող գալարափաթեթը: Երկու հրեշտակները պահել են ձվածիրը, իսկ եւս երկու հրեշտակներ հաղթության պսակն են ընծայում Փրկչին:

Պատկերագրական կանոնի հետագա զարգացմամբ՝ հաջորդող շրջանի մանրանկարներում այդ երկու հրեշտակները ձվածիրի ստորին մասը պահած են պատկերվում:

Միջնադարյան խորհրդաբանությամբ Հին եւ Նոր Կտակարանները գտնվում են շարունակական զուգահեռի մեջ, եւ Հին Կտակարանում ասվածները որպես կանխասացություններ կատարվեցին Նոր Կտակարանում: Նույն այս համաբանությամբ Քրիստոսը պատկերվում է հրեշտակներով շրջապատված երկինք համբարձվելիս՝ համաձայն Դավթի սաղմոսների այն տողի, թե «Ելավ նա քերովբեների վրա ու թռավ, սլացավ հողմերի թեւերով» (ԺԷ 11):

Հին Կտակարանի հետ այս զուգահեռով Քրիստոսի համբարձումը համեմատվում է Եղիայի համբարձման հետ:

Հին Կտակարանի «Թագավորաց Չորրորդ» գրքում ասվում է, որ Եղիան Եղիսեի հետ մինչ լեռն էր բարձրանում, «մի հրեղեն կառք ու հրեղեն երիվարներ երեւացին, նրանց միմյանցից բաժանեցին, եւ Եղիան պտտահողմի մեջ դեպ երկինք վերացավ» (Դ Թագ. Բ 16):

Եզեկիելի մարգարեության մեջ այս կառքն անվանվում է չորեքկերպյան՝ չորս կենդանակերպերով՝ մարդ-հրեշտակ, առյուծ, եզ եւ արծիվ: Ահա նույն ձեւով Ռաբուլայի Ավետարանում Քրիստոսը երկինք է համբարձվում չորեքկերպյան այս կառքի վրա:

Քրիստոսի համբարձումը հրեղեն կառքի հետ տարվող այս զուգահեռով է ներկայացնում իտալացի նշանավոր նկարիչ Ջոտտոն՝ Պադուայի տաճարի 1304-1306 թթ. կատարած որմնանկարների շարքում:

Քրիստոսն այստեղ թեեւ առարկայորեն կառքի վրա չէ, սակայն ամպի վրա՝ ասես կառքի վրա վեր է սլանում, իսկ կառքով վեր ելնող Եղիան պատկերված է համբարձման որմնանկարի լուսանցքում:

Ջոտտոյի այս որմնանկարում հրեշտակները քսանչորսն են, որը խորհրդանշում է օրվա քսանչորս ժամերին հրեշտակների հանապազ շարունակական օրհնությունը:

Ռաբուլայի Ավետարանում՝ պատկերի ներքեւի մասում՝ Ձիթենյաց լեռան համապատկերի վրա՝ կենտրոնում, դարձյալ Տիրամայրն է՝ աջ եւ ձախ կողմերում երկու հրեշտակներ եւ առաքյալների երկու դասերը՝ ձեռքերում Ավետարանը պահած Պողոս եւ ձեռքին խաչափայտ՝ Պետրոս առաքյալների գլխավորությամբ:

Համբարձման տեսարանը հայ արվեստում արդեն գտնում ենք VI դարում Պտղնիի եւ Օձունի հարթաքանդակներում: Համբարձման պատկերը կա նաեւ հայկական նկարազարդված ամենահին ձեռագրում՝ Մլքե թագուհու՝ իններորդ դարում գրված Ավետարանում:

Այստեղ Հիսուսը ձվածիրի մեջ բազմած է գահին, աջ ձեռքով օրհնում է, իսկ ձախով պահել է գալարափաթեթ: Այստեղ եւս հրեշտակները հանդիսավոր հիմներգությամբ ուղեկցում են համբարձվող Փրկչին:

Ներքեւում Պողոս եւ Պետրոս առաքյալներն ասես իրենց խոնարհումն են բերում Եկեղեցու խորհրդանիշ Տիրամորը:

Համբարձման ամբողջական պատկերագրությունը գտնում ենք 11-րդ դարում գրված Մուղնու Ավետարանում:

Այստեղ եւս չորս հրեշտակները ոչ թե բարձրացնում են ձվածիրը, այլ ուղեկցում են հանդարտորեն ճախրելով վեր բարձրացող Քրիստոսին: Ինչպես այս, այնպես էլ մի շարք այլ մանրանկարներում Ձիթենյաց լեռան փոխարեն պատկերվում են այն խորհրդանշող ձիթենիները:

Ավետման, հարության եւ Տիրամոր վերափոխման նման այստեղ եւս երկու հրեշտակները պատկերվում են հաղթության պսակ բրաբիոնով, որովհետեւ այստեղ էլ նրանք առաքյալներին տալիս են իրենց ուսուցչի երկինք համբառնալու ավետիսը:

Հրեշտակների հայացքը, ընդունված պատկերագրության համաձայն, այստեղ եւս ուղղված է առաքյալների երկու խմբերին, որով մեկ անգամ եւս շեշտվում է, որ Տիրամայրը Եկեղեցու խորհրդանիշն է, եւ դեպ նրան են դիմում առաքյալների երկու խմբերը:


Տիրամոր՝ Եկեղեցին խորհրդանշելը մանրանկարների մի խմբում արտահայտվում է Տիրամորը խորանում որպես կառույց պատկերելով: Այս գաղափարը երբեմն շեշտվում է անգամ Տիրամոր հանդերձների ընդգծված ճարտարապետական ոճավորմամբ ու գծագրմամբ: Տիրամոր թիկնոցն այդ մանրանկարում խորանաձեւ կտրվածք ունի, որը խորհրդանշում է, որ Տիրամայրը որպես խորան լուսո իրենում կրեց մարդկության Փրկչին:

Որպես Եկեղեցու խորհրդանիշ՝ Տիրամայրը որոշակիորեն առավել մեծ եւ առաքյալների երկու խմբերից հավասարաչափ հեռավորության վրա է պատկերվում:

Մուղնիի Ավետարանում թեեւ ոչ այնքան ցայտուն ձեւով, սակայն արդեն ձեւավորված պատկերագրական կանոնով առաքյալները պատկերվում են ձեռքերը վեր պարզած. թե՛ որպես երկրպագություն եւ թե՛ որպես հիացման ու համբառնալը ցույց տալու արտահայտություն:

Կառուցվածքային առումով պատկերագրական որոշակի ընդհանրություն կա պայծառակերպության եւ համբարձման մանրանկարների միջեւ հետեւյալ պատճառով։ Պայծառակերպությունը նույնպես տեղի ունեցավ լեռան վրա: Պայծառակերպության ժամանակ եւս Քրիստոսը լեռը բարձրացավ առաքյալների հետ: Երկու դեպքում էլ աշակերտներն ականատես եղան եւ ցնցվեցին Աստվածության փառքից:

Ահա այս պատճառով պայծառակերպության պատկերները որոշակի ազդեցություն են թողել համբարձման տեսարանի պատկերագրական մի խմբի վրա, ուր, ինչպես պայծառակերպության ժամանակ, լեռան վրա երեք առաքյալներն են եւ ապշահար նայում են համբարձվող Փրկչին: Այս ընդհանրությունն առավել է շեշտվում նկարի «առաքեալքն պշուցեալ հայէին» (առաքյալները ապշահար նայում էին) մակագրությամբ:

Նաեւ եթե Թաբոր լեռան վրա Հիսուսի աջ եւ ձախ կողմերում Մովսեսն ու Եղիան էին, ապա համբարձման ժամանակ՝ Հիսուսի երկու կողմերում եղող հրեշտակները, որով առավել է մեծանում երկու պատկերների միջեւ եղած ընդհանրությունը:

Այս պատկերի վերեւում եթե գրված չլիներ «Համբարձումն», թերեւս անգամ կարելի էր կասկածել, թե սա արդյոք համբարձմա՞ն, թե՞ պայծառակերպության պատկերն է:

Շարունակելի

 

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ

Բանասիրական գիտ. թեկնածու

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s