Սկիզբը՝ թիվ 4-8 (2010 Փետ. Բ — Ապր. Բ)

Հետաքրքիր դասավորվեցին Մելքիսեդեկ աթոռակցի եւ Կեսարացու հարաբերությունները։ Վերջինս 1613 թվին Հովհաննես Խուլի, Զաքարիա Վանեցու եւ Գրիգոր Դարանաղեցու դեմ պայքարում տանուլ տվեց եւ  հեռացավ Կ. Պոլսից։ Սակայն նա չէր հրաժարվել պատրիարքությունը վերադարձնելու մտքից։ Նրանց տապալելը շատ էլ դժվար չէր, քանի որ պայքարը հիմնականում պետական մարմինները շահագրգռելու ճանապարհով էր կատարվում։ Եվ, իրոք, նրան հաջողվեց կրկին դառնալ պատրիարք՝ տապալելով հակառակորդներին։ Այդ ժամանակ էլ նա կապերի մեջ մտավ Մելքիսեդեկի հետ՝ նամակներում օգտագործելով կարգադրող ոճ, ինչը հնարավոր էր նրա պատրիարք լինելու դեպքում։ Նամակը գրվել է, հավանաբար, 1615 թվի սկզբներին, երբ Մելքիսեդեկը գտնվում էր Սպահանում եւ փորձում էր Դավիթ կաթողիկոսին հեռացնել Էջմիածնից, որպեսզի տիրի Մայր Աթոռին։

Պատրաստվում էր թուրքական նոր արշավանք պարսիկների դեմ, եւ Մելքիսեդեկը կամենում էր, որ թուրքերն իրեն ճանաչեն կաթողիկոս եւ ոչ թե Դավթին, քանի որ վստահ էր, որ թուրքերը կհաղթեն։ Նա մոտ էր Խուլի հետ եւ հույսը դրել էր նրա վրա։ Սակայն նորից պատրիարք դարձած Կեսարացին, որ բոլորովին չէր համակրում Մելքիսեդեկին, միանգամայն այլ պատասխան է ուղարկում նրան։

Իր նամակում Կեսարացին պարզ գրում էր, որ եթե Մելքիսեդեկը կատարի ինչ-ինչ բաներ, ապա նրան կճանաչեն ուղղափառ կաթողիկոս, այլապես մեղքի պատասխանատվությունը թողնում էր նրա խղճին։ Կեսարացին նրան եւ ուրիշների մեղադրում է թուլամորթության, ինչպես նաեւ արծաթասիրության մեջ, լպիրշ մարդկանց նվիրակ նշանակելու եւ արժանավոր մարդկանց բանադրելու հարցում, երբ նրանք հանդգնում են ճշտմարիտն ասել։ Մեղադրանքներից են սբ Հռիփսիմեի ոսկորների վաճառքը, Գրիգոր Լուսավորչի Աջի Էջմիածնից դուրս բերելը, մեծ թվով կաթողիկոսների առկայությունը (ի դեպ՝ իսկական կաթողիկոս է ընդունում Դավթին), Հռոմի պապին նամակ գրելը եւ այլն։ Նա խորհուրդ է տալիս, որ եթե պապին ուղարկված նամակն ինքը չի գրել, ապա պապին նամակ գրի եւ հրաժարվի այդ նամակի հեղինակությունից։ Նա քննադատում է Մելքիսեդեկին՝ նրա ողջ անցյալի համար։ Դժվար չէ տեսնել, թե ինչ կարծիք ունեին Մայր Աթոռի մասին Կ. Պոլսի պատրիարքարանում։

Նկատվում են միտումներ՝ Հռոմեական Եկեղեցուն միանալու։ Շատերը, որոնք ազգային Եկեղեցու հարցում տկար էին, պատրաստ էին կաթոլիկություն ընդունել, որպեսզի օգտվեն պապականության եւ կաթոլիկ Ֆրանսիայի աջակցությունից։ Ֆրանսիայի դեսպանները հաճախ կաթոլիկության քարոզչի դեր էին ստանձնում՝ կաթոլիկների համար պատրաստ միջամտելու Օսմանյան կայսրության ներքին գործերին։ Հենց այդ պաշտպանությունից օգտվելու համար էլ նշանակալից թվով մարդիկ պատրաստ էին կաթոլիկանալ։ Մերձավոր եւ Միջին Արեւելքում այդ նույն ժամանակ ուժեղացել էին լատին քարոզիչները՝ ֆրանցիսկյանները, դոմինիկյանները, հիսուսյանները եւ թեաթինյանները, որոնք եռանդով փորձում էին տարածել  կաթոլիկությունը։ Նրանք խոստանում էին հավատափոխներին վերցնել իրենց քաղաքական պաշտպանության ներքո։ Քարոզիչների համար ամենամատչելի տարրը հայերն էին, որը հալածված էր թե՛ տնտեսապես եւ թե՛ քաղաքականապես։ Կաթոլիկների քարոզին նպաստում էին ոչ միայն ունիթորների մնացորդները, այլեւ լատինների մոտ դաստիարակվածները, որոնք վեր էին աճում կաթոլիկության ջատագովների։ Սրանք ձգտում էին մերձենալ լատիններին, բայց ոչ ուղղված ազգության դեմ, այլ գործել նույն ազգի մեջ՝ նպատակ ունենալով հայ ազգային գործիչներին էլ ներգրավել այդ հարցի մեջ։

Հռոմեացիները ժողովրդի կողմից սկսեցին ֆրանգ կոչվել, ինչը ծագում է ֆրանսիացիների անունից։ Պատճառն էլ այն էր, որ Ֆրանսիայի դեսպանությունը բոլոր հռոմեադավաններին վերցնում էր իր հովանավորության ներքո։ Կաթոլիկ Եկեղեցի ասելով՝ հասկացվում էր Ընդհանրական կամ Տիեզերական Եկեղեցի, սակայն իրականում այդ անունը պահպանեց պապական Եկեղեցին։ Հայ կաթոլիկներն իրենց ուղղափառ են անվանում, որն իբր համարժեք է կաթոլիկին։ Իրականում «ուղղափառը» հունարեն «օրթոդոքսի» թարգմանությունն է։ Կաթոլիկները դա հույներից են վերցրել։ Հայ հռոմեադավանները, չնայած ամպագոռգոռ հայտարարությունների, մեծ մասամբ շարունակում էին հայ մնալ եւ մնայն մի փոքր հատվածն էր, որ ավելի ուշ մահմեդականացավ։

Հովհաննես Խուլը լատինամետ պատրիարքներից էր, որը մի քանի անգամ նստեց պատրիարքական աթոռին։ Պատրիարք էր եղել նաեւ նրա կողմնակիցներից Զաքարիա Վանեցին։ Երեք անգամ էլ պատրիարքական աթոռին էր նստել Կեսարացին, որն իր վերջին աթոռակալության ժամանակ այդպիսի կծու նամակ էր գրել Մելքիսեդեկ աթոռակցին։ Մելքիսեդեկն ինքն էլ հույսը դրել էր լատինամետների վրա։ Մոտ էր Խուլի հետ, չնայած այն բանին, որ նա էր նրան զրկել Կ. Պոլսի պատրիարքությունից։ Նա լավ հարաբերությունների մեջ էր նաեւ Զաքարիա Վանեցու հետ։ Սակայն լատինամետները նրա հույսերը չարդարացրին, եւ երբ Կեսարացին ուժեղացավ պատրիարքական աթոռին, նա խզեց իր կապերը թե՛ Խուլի եւ թե՛ Զաքարիայի հետ։ Մելքիսեդեկը դրանից հետո ուղեւորության մեկնեց Երուսաղեմ, որտեղ մնաց երեք տարի։

Կեսարացին, դատելով մի հիշատակարանի, պատրիարք էր 1618 թվին։ Նրա պատրիարք դառնալով՝ վիճակների կամ թեմերի բաժանման խնդիրը մնացել էր նույնությամբ, ինչպես բաժանել էին Խուլը, Վանեցին եւ Դարանաղեցին։ 1617 թվին Զաքարիա Վանեցին կառուցեց Սկյուտարի  Սբ Կարապետ եկեղեցին, ինչը հավաստում է, որ նա շարունակում էր Ասիակողման առաջնորդ հանդիսանալ, ինչպիսին դարձել էր 1613-ին։ Այդ մասին է հավաստում նաեւ մեկ այլ հիշատակարան, որտեղ Զաքարիան ժողովրդական լեզվով Զքո է անվանված։ Իր բաժնում նույն կացությունն ուներ նաեւ Դարանաղեցին։ ՆաՌոտոսթոյի առաջնորդն էր եւ բնակվում էր Ղալաթիայում։ Սրանք, հաշտ չլինելով հանդերձ Կեսարացու հետ, շարունակում էին պահել իրենց վիճակները։

Պատրիարքական աթոռի համար պայքարը շուտով ձեռք բերեց Կեսարացու եւ Խուլի միջեւ անձնական պայքարի բնույթ։ Եվ եթե անհաջողության դեպքում Կեսարացին մշտապես ապավինում էր Կեսարիայի իր աթոռին, ապա Խուլը նման հնարավորություն չուներ։ Մյուս կողմից նա բնիկ մայրաքաղաքացի էր եւ այնտեղ էլ շատ մարձավորներ ու ազգականներ ուներ։ Հայտնի է միայն, որ մի անգամ Կեսարացին կարողացել է նրան փախցնել Պրուսա, սակայն դա իրավունք չի տալիս կարծելու, որ նա Պրուսայի հայերի առաջնորդն էր։

Կեսարացին Պատրիարք մնաց մինչեւ 1619 թիվը, իսկ 1620 թվին պատրիարք է հիշվում Հովհաննես վարդապետը։ Խախտվել էր վերը հիշյալ եռյակի միությունը։ Խուլից եւ Զաքարիայից անջատվեց Դարանաղեցին։ Ասենք, որ նա հենց սկզբից էլ Խուլի նկատմամբ համակրանք չուներ։ Նրան դուր չէր գալիս Խուլի լատինամոլ ընթացքը։ Նրան Խուլին մերձեցրել էր միայն Կեսարացու կասկածոտ եւ դաժան վարքագիծը։ Բայց ի վերջո Խուլի բռնած ծայրահեղ դիրքը նրան  հիշյալ երկուսից հեռացրեց։ Իր հերթին Կեսարացին փորձեց Դարանաղեցուն իր կողմը գրավել։ Իսկ Խուլը եւ Զաքարիան անգամ սկսեցին ուտել պասին եւ օգտագործել ձեթ ու գինի, ինչը Հայոց Եկեղեցու կարգի խախտում էր, սակայն հազիվ թե բավարար փաստ է, որ նրանց համարենք հռոմեադավան դարձած։ Այս կերպ շարունակվեց մինչեւ 1624 թիվը։

Իսկ ինչ վիճակ էր Էջմիածնում։ Մելքիսեդեկն իր բռնակալ եւ հարկահան բնավորությամբ առաջ բերեց բոլորի զզվանքն ու անտարբերությունը։ Փող հավաքվում էր մեծ դժվարությամբ, որը չէր բավարարում նրա եւ նրա մերձավորների ծախսերին։ Իսկ պետությանը տրվող ամենամյա 100 թուման պարտքը կուտակվելով հասել էր 600 թումանի։ Դրան ավելանում էին փոխառությունների պարտքերը՝ իրենց տոկոսներով։ Ասվում է, որ Մելքիսեդեկը 1622 թվին նամակ ուղերկեց Գրիգոր ԺԵ պապին, սակայն նրա մահվան լուրն առնելով՝ 1623-ին նոր նամակ է գրում Ուրբանոս Ը պապին։ Հազիվ թե կարելի է կասկածել նամակների շողոքորթ լեզվին, սակայն պապից նպաստ ստանալ չհաջողվեց։ Ուստի նա որոշում է կաթողիկոսության հետ պարտքն էլ փոխանցել մեկ ուրիշի։ Կամ էլ նա մտածում էր փախչել Օսմանյան կայսրություն եւ այնտեղ վարել կաթողիկոսությունը։ Այդ առնչությամբ նա կանգ է առնում Մովսես վարդապետի վրա՝ հույս ունենալով նրանից կանխիկ դրամ էլ ստանալ։ Ժամանակին Պողոս Մոկացին եւ Մովսեսը գործել էին միասին եւ քարոզել՝ շրջագայելով երկրով մեկ։ 1618 թվին, երբ Մելքիսեդեկը թագավորական հրովարտակով եւ 100 թուման տուրքի պայմանով կաթողիկոս դարձավ, նա Պողոս Մոկացու դեմ բռնություններ գործեց, սակայն բռնությունները Մովսես Տաթեւացու դեմ չկարողացան վերջինիս դուրս քշել իր վիճակից, քանի որ նա Սյունիքից էր, որը ենթակա էր Մայր Աթոռին՝ ի տարբերություն Մոկացու, որն Աղթամարի վիճակից էր։ Ավելին. Մովսեսը նրան ուղարկեց իր փիլոնը, գավազանը եւ  գորգը՝ ասելով. Եթե մեր քարոզելը մեղք է, ապա դադարում ենք քարոզել, սակայն Աստծուն դու պատասխան կտաս։ Մելքիսեդեկի պես կեղտն անգամ դրանից ամաչեց եւ գավազանն ու մյուս իրերը ետ ուղարկեց՝ արտոնելով քարոզել։ Դա եղավ 1620-ին, երբ Պողոս Մոկացին ստիպված էր եղել քաշվել Մեծ անապատ։ Թույլ տալով Մովսեսին քարոզել՝ Մելքիսեդեկը, այնուամենայնիվ, շարունակեց իր նենգություններն ու զրպարտություններն այն աստիճանի, որ Մովսեսը մտածում էր հեռանալ Կարին, որպեսզի կարողանա իր հոգեւոր առաքելությունը կատարել։ Նա գալիս է Երեւան, ընդունվում Ամիրգունա խանի կողմից, որը համոզվում է, որ իր կարծիքը Մովսեսի եւ Պողոսի մասին ճիշտ է, որ նրանք խաղաքական խնդիրներ չեն հետապնդում եւ զբաղվում են քարոզչությամբ։ Մովսեսի եւ Ամիրգունայի միջեւ հարաբերություններն ավելի ջերմացան, երբ նա պարսից խանի քենուն՝ Ագապիին, հաշտեցրեց իր ամուսնու՝ երեւանցի Հովհաննեսի հետ, ինչը չէր կարողացել անել ինքը՝ Ամիրգունան։ Դրա վրա հիանալով՝ Ամիրգունան Մովսեսին հանձնեց Երեւանի Ս. Անանիայի եկեղեցին, որը նա պայծառացրեց՝ դարձնելով ազգի համար նվիրական սրբավայր։ Մովսեսն այստեղ մնաց մինչեւ 1623 թիվը։ Ս. Անանիայի եկեղեցու համբավը տարածվեց երկրով մեկ, անգամ՝ Վրաստանում, Քրդստանում եւ Պարսկաստանում։ Մովսեսին նվերներ էին բերում, ինչը շարժում էր Մելքիսեդեկի զայրույթը, բայց Ամիրգունայի ահից վախենում էր ինչ-ինչ քայլեր ձեռնարկել։ Նա մտածում էր օգտագործել Մովսեսի անունը. նրա հետ կատարել մեռոնօրհնեք եւ գանձել հասույթը։ Նա այդ նպատակ ով մարդիկ ուղարկեց Մովսեսի մոտ, սակայն Մովսեսը հրաժարվեց՝ ասելով, որ ինքը նույնիսկ եպիսկոպոս չէ։ Մելքիսեդեկը 1623 թ. ապրիլի 7-ին Ս. Անանիայի եկեղեցում նրան եպիսկոպոս ձեռնադրեց, եւ երկուսով ապրիլի 10-ին կատարեցին մեռոնօրհնեքը։ Հավաքված գումարը, իհարկե, յուրացրեց Մելքիսեդեկը։ Ջուղայեցի առեւտրականները, վերադառնալով Սպահան, խիստ գովաբանեցին Մովսեսին, որ շատերն ուզեցան եւ փափագեցին գոնե մեկ անգամ նրան տեսնել։ Նրան հրավիրեցին Սպահան, որտեղ, նաեւ նրա շրջակայքում, նա այցելեց բռնագաղթվածներին ու քարոզեց։ Հետո նա մեծ փառքով վերադարձավ Երեւան։ Դեռ մեռոնօրհնեքի ժամանակ եւ Սպահան գնալու ընթացքում Մելքիսեդեկը մտածում էր կաթողիկոսությունը փոխանցել Մովսեսին։ Նա նրան հայտարարեց, որ ազգն իրենից երես է թեքել եւ հակառակը՝ սիրում եւ ընդունում է նրան։ Ուստի առաջարկում է նրան դառնալ կաթողիկոս, վճարել պարտքերը եւ իրեն էլ ապրելու միջոցներ տալ։ Մովսեսը, որ միշտ նրանից նենգություններ էր տեսել, կասկածով վերաբերվեց  նրա առաջարկությանը եւ կտրուկ հրաժարվեց։ Հավանաբար դա եղավ 1623-ի վերջերին եւ 1624-ի սկզբներին։

Շարունակելի

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s