Վարոս Շահմուրադյան- 70


Եթե անսպասելի չընդհատվեր 60-ականների երկրորդ կեսին գեղարվեստական ասպարեզ մուտք գործած նկարիչ Վարոս Շահմուրադյանի կյանքը, նա այսօր 70 տարեկան կլիներ, կլիներ Ազգային պատկերասրահում կազմակերպվող իր անհատական ցուցահանդեսի ցանկալի հոբելյարը, իսկ մեզ էլ բախտ կվիճակվեր տեսնելու նրա՝ կյանք առած շատ ու շատ մտահղացումներ, որոնք, ցավոք, մնացին անավարտ։ Նրա անսպասելի եւ առեղծվածային մահից հետո, երբ մոր՝ տիկին Նվարդի հետ առաջին անգամ մտա արվեստանոց, ապշեցի. զարմանալի զուգադիպությամբ նկարակալի վրա մնացել էր նրա վերջին գործերից մեկը՝ «Ալբատրոսը»։ Կարելի է կարծել, թե Վարոսը դեռեւս ցանկություն է ունեցել նկարի վրա աշխատելու, թեպետ այս գործն իր իմաստային բովանդակությամբ ու կատարողական արվեստով միանգամայն ավարտուն գործ է եւ զարմանալի գեղեցիկ, որքան էլ որ թեման ողբերգական է։ Տեղ-տեղ կապույտ ծվեններով խաղաղաշունչ երկնի ֆոնի վրա պատկերված է ներքեւ գահավիժող՝ վզից զարկված թռչունը, որը լուծված է հենց երկնքի գուներանգներով. ասես երկնքից պոկված մի կտոր լինի, եւ ընդհանուր ֆոնից միակ առանձնացողը արնագույնն է, որ ծորում է թռչնի պարանոցից։ Սա կանխազգացության պես մի բան էր եւ չափազանց նման նկարչի ճակատագրային վախճանին. ընդհատված կյանք՝ թռիչքի պահին…

Ով գիտեր ու ճանաչում էր նաեւ Վարոս մարդուն, չէր կարող նրա ամբողջական կերպարը չկրել իր հոգում։ Նա ճշմարիտ քրիստոնյայի օրինակ էր՝ բառի ամենալայն իմաստով։ Մարդկային հարաբերություններում անչափ նրբանկատ էր ու զգայուն, ազնիվ էր ու բարի, հեզաբարո ու առաքինի, գիտեր խորապես կարեկցել ու օգնել՝ հաճախ զրկելով իրեն, եւ այդ ամենն այնպես էր դրսեւորում, որ դիմացինը չնկատի, չհամակվի հանկարծ փոխհատուցման զգացումով։ Ցավոք, նրա տեսակը շատ է պակասում մեզանում։
Սակայն, երբ այսօր կրկին դիտում ենք նրա գործերը, հասկանում ենք, որ մարդկային կյանքի տեւողությունը նրա ապրած տարիներով չի սահմանափակվում, այլ այն մտավոր ու հոգեւոր արժեքներով, որ իր հետ աշխարհն է բերում մարդու այն տեսակը, որն օժտված է հիրավի արարչագործ ոգով։ Վարոսի ոգին հենց այդպիսին էր, եւ այն մշտապես թեւածում է մեզանում՝ իր կտավներից, եւ համոզված ենք, որ այդ ոգին երկար, շատ երկար թռիչքներ ունի կատարելու։

Վարոսն ապրեց ընդամենը 37 տարի։ Եթե այդ տարիներից հանենք նրա մանկության ու ուսումնառության տարիները, ապա մնացածը կարելի էր համարել որպես որոնման, սեփական ձեռագիրն ու ոճը պեղելու տարիներ։ Սակայն նրա գործերը՝ ե՛ւ որակով, ե՛ւ քանակով խոսում են միայն այն մասին, որ գործ ունենք միանգամայն հասուն, ամուր ձեռագիր ու հաստատուն աշխարհընկալում ունեցող մի սքանչելի, տաղանդաշատ նկարչի հետ, առանց որի մի կարեւոր ու անփոխարինելի տեղ թափուր պիտի մնար ժամանակակից հայ կերպարվեստում։

Վարոս Շահմուրադյանի գործերը առաջին հայացքից դիտողին գերում են իրենց ռոմանտիկ, քնարական շեշտադրումներով, բանաստեղծական տող ու շնչին բնորոշ հուզականությամբ։ Սակայն խորքում նա առավելապես խոհափիլիսոփայկան խորքայնություն ունեցող նկարիչ է, ով շատ հաճախ իր ասելիքը «համեմում» է նաեւ խորհրդանիշների լեզվով։ Պլաստիկական ձեւերի ներդաշնակ անցումներով կուռ կառուցվածքներ ստեղծելու նկարչի հմտությունը, ընտրված թեմայի, նյութի խոր իմացությունն ու զգացողությունը, դասական ու արդիական ձեւամտածողության նուրբ համադրումները կտավի մակերեսին ստեղծում են ծանոթ ու անծանոթ, այլաբանական ու խորհրդավոր մի աշխարհ, ուր լույսը որպես արարման սկիզբ է մուտք գործում կտավի մակերեսին, ողողում ողջ կոմպոզիցիան, մաքրում-զտում գույնն ու գունաթույրը՝ ստեղծելով խորք ու խորություն, հարթություն ու ծավալ, պլանների հեթագայություն ու հեռանկար։ Այդ առումով չափազանց հետաքրքիր ու ինքնատիպ լուծումներ ունի նկարչի պատուհանների շարքը։ Դրանցում գունային թափանցիկ ու նուրբ անցումների համադրումները, որոնք զուգորդված են խորհրդանշական ձեւերի սքանչելի ներդաշնակումներով, նրա հորինվածքներին հաղորդում են գեղանկարչական մի այնպիսի որակ, ուր քնարականությունն ու էպիկականը ռոմանտիկայի հետ միասնաբար բացահայտում են ներքին այն ռիթմաշարը, որը հյուսում, իրար է շաղկապում նկարչի տեսիլքն ու երեւակայությունը, օբյեկտիվ իրականության ու առկա միջավայրից ստացած անմիջական տպավորությունը։ Վարոսի բոլոր գործերը՝ անկախ թեմաներից ու կատարողական ոճերից, տոգորված են ինչ-որ հեռավոր, որոշ դեպքերում նաեւ մերձավոր ու խիստ առարկայական թախծաշերտերով, որոնք ասես թաքնված են իրերի ու առարկաների, մարդկային ֆիգուրների, անկանոն ու երկրաչափական ձեւերի ու նաեւ գունաթույրերի մեջ։ Այդ զգացողությունն այն բանալին էր, որով նկարիչը փորձում էր բացահայտել մոլորակի վրա ապրող մարդու կյանքի ու մահվան հավերժագնա խորհուրդը, նրա երկփեղկվածությունը եւ դրանց ներքին ու արտաքին ձեւերի դրսեւորումներն ու ներգործությունները մարդ-բնություն փոխհարաբերություններում։ «Ռեքվիեմ», «Անմահություն», «Ալբատրոսը», «Նկարով աղջիկը» գործերում մարմնականի, նյութի վախճանը սկիզբ է դնում գոյության մեկ այլ ձեւի՝ հոգու եւ հոգեւորի սկզբին՝ անմահությանը, հավերժությանը։ Հավատանք մենք դրան թե ոչ՝ մեկ է՝ Վարոսը ապրում եւ արարում էր հենց այդ փիլիսոփայությամբ, յուրաքանչյուր օրվա մեջ երեկն ու վաղը տեսնելու եւ այն կտավի վրա ամրագրելու մտայնությամբ ։
Աթեիստական գաղափարախոսության մթնոլորտում կրթված ու դաստիարակված Վարոս նկարչի համար տիեզերականը երբեք չդարձավ սոսկ գիտական հայտնագործումների դասագիրք, չդարձավ սոսկ մարդկային մտքի ժառանգությունը հասկանալու ու այն գնահատելու միջոց։ Տիեզերականի խորհուրդն ու խորքը նկարչին մղեցին հասկանալի ու անհասկանալի խորհրդածությունների, մարմնավորն ու հոգեւորը միասնականության մեջ տեսնելու հաստատուն կեցվածքի։ Նա Հուշն ու Հիշողությունը բերեց ու շաղկապեց ներկային, անցավորը՝ անանցին, ակնթարթը՝ ժամանակին եւ ժամանակն էլ հավերժականի մեջ տարրալուծելով՝ կողք կողքի դրեց մարդկայինը թիթեռնիկի կյանքի հետ, իր նախնիներինը՝ իր։ Դիտենք նրա «Թիթեռնիկը» կտավը։ Կիսով չափ բացված պատուհանից այս կողմ՝ աջում, դեպի հեռուն գնացող դեռատի մի կին է կանգնած։ Թեպետ նա հաստատուն կեցվածք ունի, սակայն հեռուն անորոշ է, անառարկայական։ Դա մեզ հասկանալի կյանքն է՝ «ստվերված» լուսավոր ու նաեւ մշուշոտ հեռանկարով, իսկ ձախում՝ սեղանին ընկած լույսի շեղբի մեջ անհոգ նստած է թիթեռնիկը՝ գունեղ, ինչպես այդ փոքրիկ ու տեսանելի աշխարհը՝ պատուհանից այս կողմ։ Սակայն մարդու կյանքի տեւողությունը հավերժության մեջ էապես նույնն է. այն նման է թիթեռնիկի մեկ օրվան։
Դեռեւս իր վաղ շրջանի գործերում՝ «Իմ նախնիները», «Կեսօր», «Ընտանիք», «Հին օրհնություն», «Ինքնանկար», բացորոշ նկատվում էին նկարչի որդեգրումները՝ թե՛ ոճական եւ թե՛ աշխարհընկալման առումներով։ Ասես աննկատելիորեն, վրձին առ վրձին փոխվում են տաք ու հագեցած գույները, մտերմիկ ու սահուն գծերը, առօրեական թեմաներն ու սյուժեները։ Հետագա հորինվածքներում արդեն ոչ միայն վերջնականապես մշակվեց նկարչի պլաստիկական ձեւամտածողությունը՝ սառը գույներով խորքային ջերմություն, դեպի վեր սլացող հատու ռիթմիկայով պատկերներ ստեղծելու հմտությունն ու
վարպետությունը, այլեւ հստակորեն կանխորոշվեցին նրա նախասիրած հիմնական թեմաներն ու մոտիվները։



Վարոս Շահմուրադյանի գործերը դրոշմի պես իրենց մեջ կնքված ունեն մարդ արարածի երկփեղկվածության ու ինքնակենտրոնացումի, լույսի ու խավարի, սիրո եւ ատելության, չարի ու բարու, կյանքի ու մահվան խորհրդածությունները։ Դրանք հնչում են որպես խղճի համանվագներ՝ արտաքնապես պարզ ու զուլալ, խորքում՝ բարդ ու առեղծվածային։ Հերթափոխելով եւ կողք կողքի դնելով լույսն ու ստվերը՝ տարանջատվում
եւ միաժամանակ մերձենում են գարունն ու աշունը, մարդն ու առարկան, դրվագն ու ամբողջականը, սահմանայինն ու անսահմանությունը («Սոնատ. Գարուն-աշուն», «Նկարչուհու արվեստանոցում», «Մեղեդի», «Ձոն», «Սենյակ թիվ 13» եւ այլն)։ Այդպես է մեռնում ու հարություն առնում օրը, այդպես կառուցվում է մարդկային կյանքի հերթափոխության գաղափարը, այդպես է հավերժում մեծ կյանքի՝ բնության ոգին։

Վարոսի թողած ժառանգության մեջ քիչ չեն նաեւ գրաֆիկական գործերը, որոնք մեկ անգամ եւս փաստում են գծի սահուն ու ռիթմիկ անցումների, սեւ ու սպիտակով գունային վառ զգացողություն ստեղծելու նկարչի վարպետության մասին («Ինքնանկար», «Մայրություն», «Աթոռներով նատյուրմորտ», «Աճպարարուհին», «Սեւ սկահակով նատյուրմորտ» եւ այլն)։ Իսկ Շարլ Բոդլերի արձակ պոեմների մոտիվներով կատարած նրա գրաֆիկական թերթերը, թեպետ նկարիչը չէր նախատեսել որպես գրքի ձեվավորումներ, սակայն ներառվեցին Բոդլերի 1975 թ. հրատարակված հայերեն ժողովածոյում եւ դարձան հայկական գրքի գրաֆիկայի լավագույն նմուշներից։ Կրկին խորհրդանիշների օգտագործման շնորհիվ Վարոսին մեծապես հաջողվել էր վեր հանել բոդլերյան աշխարհի բարդ ու հակասական, խռովքների, տառապանքների եւ թախծի ողջ ենթատեքստերը՝ դրանք պարուրելով նաեւ ռոմանտիկական այն շնչով, որն առկա էր ոչ միայն բոդլերյան աշխարհում, այլեւ հենց իր։

Կյանքի վերջին տարիներին Վարոսը փորձեր արեց նաեւ քանդակագործության մեջ։ Դժվար է ասել, թե որքանով քանդակը տեղ կունենար նրա ստեղծագործական կյանքում, սակայն այն մի քանի գործերը, որ նա կատարել է, խոսում են նաև պլաստիկ արվեստում նրա բնատուր շնորհի մասին։ Եթե նրա գեղանկարչական գործերին ծանոթ չլինեինք, ապա կարող էինք ասել, որ Վարոս Շահմուրադյանը ապագա խոստումնալից քանդակագործ է։ Բայց, ցավոք, այսօր դժվար է ըստ էության խոսել այդ մասին, քանզի նրա սկսածը շարունակություն չունեցավ։ Իսկ նրա գեղանկարչական գործերը միանգամայն բավարար են՝ ասելու, որ հայ կերպարվեստը ժամանակից շուտ կորցրեց մի սքանչելի, ինքնատիպ ու մեծապես օժտված նկարչի։

Աստղիկ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s