«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ»

զրուցաշար

 ԸՆՏԱՆԻՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

  — Տե՛ր հայր, վերջերս շատ է խոսվում այն մասին, որ հայ ընտանիքներում նոր տնտեսական հարաբերությունների հետեւանքով խարխլվել են հոր դերն ու հեղինակությունը, եւ դրանց վերականգնման խնդիր կա։ Մի բան, որ բացասական ազդեցություն է թողնում երեխաների դաստիարակության վրա։ Իսկապե՞ս կա այդ խնդիրը։

 

— Կարծում եմ՝ ընտանիքի հոր դերի վերականգնումը պետք է ուղեկցվի նախ եւ առաջ նրա՝ իբրեւ հայր որակական բարձրացմամբ։ Այլապես, եթե դերը բարձրանա, բայց անձնավորության որակը չբարձրանա, մի ուրիշ տեսակի աղետ պիտի ծնվի։ Հարցի ենթատեքստում ակնհայտ է այն պատճառաբանությունը, թե ընտանիքի հայրը միջոցներ չունի զավակներին դաստիարակելու։ Մեղմ ասած՝ սա այնքան էլ ճիշտ ձեւակերպում չէ։ Դաստիարակությունը  ոչ միայն նյութական, այլ ավելի շուտ բարոյական ու հոգեբանական հանգամանքներով է պայմանավորված։ Նյութական սահմանափակ հնարավորությունը երբեւէ չի կարող լուրջ պատճառ հանդիսանալ ճիշտ դաստիարակության խաթարման, քանի որ դաստիարակությունն առաջին հերթին հոգեւոր ու գաղափարական երեւույթ է։ Սրտի փափագ, ծնողական կեցվածք, ընտանեկան առողջ մթնոլորտ, սեր, ջերմություն, հոգեւոր հասունություն, աստվածպաշտություն, ճշմարտության գիտակցություն. այսքանը լիովին բավարար է զավակներին ճիշտ դաստիարակություն տալու համար։ Եվ այս ամենը ոչ մի կապ  չունի նյութականի հետ։ Այսպիսի մթնոլորտի առկայության պարագայում անգամ փողոցից ու հեռուստացույցի էկրանից երեխայի ստացած վատը, անցանկալին այնքան էլ վտանգավոր չեն, քանի որ դրանք անպայման անցնում են ընտանեկան բարեշունչ քուրայով, զտվում ու սրբագրվում։

— Հնում բարեպաշտ ընտանիքներում երեխաներն իրենց հոգեմտավոր կրթությունն սկսում էին Սուրբ Գրքի ուսումնասիրությունից։ Մեր օրերում շատ ծնողներ բացարձակ ուշադրություն չեն դարձնում դրան, ուղղակի անտեսում են հոգեւոր դաստիարակության որեւէ դրսեւորում՝ դրա փոխարեն առավել կարեւորելով երկրորդական բաները։ Ինչո՞վ եւ ինչպե՞ս է հնարավոր լրացնել այդ բացը։

 

— Անշուշտ, դա մեծագույն չարիք է թե՛ տվյալ ընտանիքի, թե՛ հասարակության համար։ Հոգեւոր դաստիրակությունից զավաներին հեռու պահելով՝ արդյունքում ծնողն այնպիսի ապականված վարք է ստանում, որի ձեռքը կրակն է ընկնում։ Եթե չկա հոգեւորը, տեղը դատարկ չի մնալու, ուրիշ բանով է լցվելու։ Այլ հարց է՝ ինչով։ Սրտի մեծ ցավ եմ ապրում ամեն անգամ, երբ երեխան, որ գալիս էր եկեղեցի, շապիկ էր հագնում, մասնակցում էր սուրբ Պատարագին, ու մի օր էլ տեսնում ես՝ չկա։ Շատ լավ գիտեմ պատճառը. թերեւս մեկը քմծիծաղ է տվել, եւ դա առիթ է եղել, որ երեխան կտրվի եկեղեցուց։ Եկեղեցուց կտրվելով՝ ո՞ւր պիտի հայտնվի։ Տանը չի նստելու, ո՞ւր պիտի գնա. հիմնականում՝ փողոց… Արդյունքում երեխան իր կարողությունները պիտի ծախսի անարժան «գործերի»վրա։ Ժամանակները «մեղք չունեն», որովհետեւ այսօր էլ կան շատ ընտանիքներ, որտեղ երեխաներն իրենց կյանքն սկսում են հենց Սուրբ Գրքի ընթերցանությամբ, եւ իրենց սովորած առաջին «ոտանավորը», թերեւս, «Հայր մեր»-ն է լինում։

— Տե՛ր հայր, նույնիսկ ամենաօրինակելի եւ բարեպաշտ ընտանիքներում միշտ չէ, որ հարթ ու ներդաշնակ են փոխհարաբերությունները։ Ինչպե՞ս անել, որ ընտանիքի անդամներից որեւէ մեկի ազատությունը, հետաքրքրությունները չհակադրվեն մյուսներին։

 

— Վեճ ու անհամաձայնություն այս կամ այն չափով լինում են ցանկացած ընտանիքում, որովհետեւ ընտանիքը հասարակության այն ամենասեղմ օղակն է, որտեղ մարդիկ անընդհատ շփվում են միմյանց հետ, շատ լավ գիտեն միմյանց լավ ու վատ կողմերը… Գիտե՞ք՝ շատ բան պետք չէ. ընդամենը պետք է զիջող լինել, փորձել հասկանալ ու հանդուրժել դիմացինին, իր արյունակցի, իր մերձավորի բարին կամենալ, ինչը, ցավոք, շատ քչերին է հաջողվում։ Նայե՛ք «02»ծրագիրը։ Հանցագործ-զոհ հարաբերություններում իրար անծանոթ մարդիկ գրեթե չեք տեսնի. կա՛մ վաղեմի ընկերներ են, կա՛մ հայր ու որդի, կա՛մ մարդ ու կին, կա՛մ քույր ու եղբայր… Այսինքն՝ թշնամության ամենախորշելի դրսեւորումները, եւ դրանց մղող մոլորություններն առավելապես հենց մտերմիկ շրջանակներում են լինում։ Երբ Քրիստոսն ասաց. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին եւ աղոթե՛ք նրանց համար…» (Մատթ. Ե 44), մեր Տերը շատ լավ գիտեր, որ քո չճանաչած մարդը երբեք չի կարող քեզ ոխերիմ թշնամի լինել, բայց միայն՝ մտերիմը, հարազատը։ Եվ, ուրեմն, ապտակին ապտակով չպատասխանելը, չարիքին բարիքով հատուցելը խաղաղության ամենահաստատուն երաշխիքն են, որոնք իրականանում են հենց կատարյալ քրիստոնյայի կեցվածքի շնորհիվ։ Եվ սա ասված է առաջին հերթին հարազատների համար։

— Հաճախ ընտանեկան վաճերի ու տարաձայնությունների առիթ կարող են դառնալ զանազան նեղությունները՝ սոցիալական պայմաններ, բնակարանային անհարմարություններ եւ այլն։ Ասենք՝ շատ ծնողներ ստիպված են լինում երեխային բացատրել, որ փող չունենալու պատճառով չեն կարող նրան համապատասխան կրթություն տալ։ Երեխան կարող է հաշտվել, բայց կարող է նաեւ չհաշտվել ծնողների աղքատ լինելու հանգամանքի հետ։ Իսկ անհաշտությունը ծնում է բազում անախորժ բաներ։ Արդյո՞ք սոցիալական բարվոք պայմանները որոշիչ դեր ունեն ընտանեկան հաշտ ու խաղաղ մթնոլորտ ձեւավորելու համար։

— Կարծում եմ՝ ո՛չ։ Համենայն դեպս՝ ո՛չ որոշիչ։ Քի՞չ կան կենսական բոլոր պայմաններով ապահովված ընտանիքներ, ուր «իրար միս են ուտում». մարդիկ ամեն բան ունեն, բայց չգիտես, թե էլի ինչ են ուզում։ Զուտ հոգեբանական այս բարդույթը կարող է լուծել միայն հավատքը, որովհետեւ հավատքը մարդու հայացքը նյութից վեր է բարձրացնում։ Եթե հավատք ունես, կարող ես հաղթահարել ցանկացած խոչընդոտ, նեղություն, աղքատություն։ Իսկ եթե չունես, ինքդ չեղած տեղից էլ կստեղծես խնդիրներ, որքան էլ որ ամեն ինչով ապահովված լինես։ Հավատավոր մարդը հաշտ է ամեն ինչի հետ, որովհետեւ հաշտ է Աստծու հետ։ Նման մարդը, նման զավակը երբեք չի էլ մտածի, որ ծնողն ինչ-որ բան չի արել իր համար։ «Արել են այն, ինչ կարողացել են։ Իրենց կացողության չափով օգնել են, եւ եթե այդ կարողությունը քիչ է եղել, չի բավարարել մեր պահանջներին, է՜հ, ի՞նչ կարող ես անել. Աստվա՛ծ է մեզ տվել այդ ծնողներին»,- այսպե՛ս կմտածի։

— Տե՛ր հայր, շատ ընտանիքներում երեխաների դաստիարակությամբ զբաղվում են ոչ միայն ծնողները, այլեւ տատիկ-պապիկները։ Հաճախ մոտեցումները տարբեր են լինում, ինչն էլ այդ հողի վրա ծնում է որոշակի, երբեմն լուրջ հակասություններ։ Ի՞նչ խորհուրդ կտայիք։

 

— Չեմ կարծում, թե դա այնքան լուրջ խնդիր է։ Տատիկ-պապիկների կյանքի փորձառությունը, որպես կանոն, ավելի մեծ է լինում։ Տարիների հեռվից իրենք մի տեսակ ավելի լավ են տեսնում այս կյանքի ունայնությունը, եւ նրանց համար կարծես ավելի են արժեւորվում սերը, ջերմությունը, գուրգուրանքը։ Պետք չէ, որ ծնողները նեղվեն իրենց ծնողներից, թեկուզեւ նրանք մի քիչ երես են տալիս թոռնիկներին. իրենք էլ կմեծանան, տատիկ-պապիկ կդառնան, իրենք էլ նույնը կանեն։ Որովհետեւ կտեսնեն, որ այս կյանքում ավելի մեծ արժեք չկա, քան սերը, ջերմությունը։ Ոչինչ, որ այդ սերը կարող է մի քիչ տատիկ-պապիկավարի՝ ընդգծված արտահայտվել։ Ինչ վերաբերում է դաստիարակելուն, դա, իհարկե, նախ եւ առաջ ծնողների պարտականությունն է։

— Եթե ընտանիքում բացակայում է հոգեւոր, ո՞վ է մեղավոր։ Եվ ինչի՞ց պետք է սկսել։

 

— Մեղավորը միշտ էլ ընտանիքի մեծն է։ Ժողովրդական առածն ասում է. «Ծուռ ակոսը մեծ եզից է»։ Ինչ վերաբերում է ինչպես կամ ինչից սկսելուն, դժվար է միանշանակ պատասխանել։ Մեր ամբողջ զրույցը նաեւ այդ մասին էր։ Թերեւս՝ դեպի մեր Արարիչը դեմքով դառնալուց, ճշմարիտ հավատքից։ Մնացածը դրա ածանցյալներն են։ Իսկ մեծ հաշվով դա աստվածային նախախանմության տիրույթն է. Աստծու Սուրբ Հոգին կորոշի՝ ինչպես, ինչից կամ ումից սկսել։ Դավիթ թագավորին ընտրելիս Սամուել մարգարեն նրա բոլոր եղբայրներին պատկերացրեց որպես ազգի առաջնորդ՝ բացի Դավիթից։ Ոչ էլ հոր մտքով կարող էր անցնել, մինչեւ անգամ մոռացել էր իր որդիների շարքում ամենափոքրի՝ ոչխարներ արածեցնող «աննշան»տղայի անունը հիշատակել։

Բայց Աստված հենց փոքրիկ հովվին՝ Դավիթին էր ընտրել։

Շարունակելի

 

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s