Պատկերագրությունը, հոգեւոր խորհուրդը, ժողովրդական արարողությունը

 
Սկիզբը՝ թիվ 8 (2010 Ապր. Բ)

 Համբարձման տոնը Հայոց Եկեղեցին կատարում է Զատիկից քառասուն օր անց, քանի որ Քրիստոսը հրաշափառ հարությունից հետո քառասուն օր երկրի վրա մնաց, ապա Իր հարուցյալ ու փառավորյալ մարմնով երկինք համբարձվեց:



Գործ՝ Ա. Դավթյանի

Քանի որ Ս. Հարության տոնը միշտ կիրակի օրն է կատարվում, ուստի Հարությունից քառասուն օր անց նշվող Համբարձումն էլ միշտ հինգշաբթի օրն է ընկնում:

 

Գրիգոր Տաթեւացին Քրիստոսին նվիրված բոլոր տոների կատարումն է համարում Համբարձումը, քանի որ այն հաջորդում է ծնունդին, խաչելությանը, մահվանը եւ գերեզմանից հարությանը: Տաթեւացին այս տոնն ուրախության օր է անվանում, որովհետեւ Հիսուսը «ցորենի հատիկի նման մեռավ ու հարություն առավ եւ խաչի վրա, անապական մարմնով, խաղողի ողկույզի նման ճմլվելով՝ համբարձվեց ու ամփոփվեց երկնային հնձանում»:

Շարունակելով Տաթեւացին ասում է, որ Քրիստոսի համբարձմամբ երկնքի ճանապարհը բացվեց մարդկանց համար, եւ տրվեց «մեզ յամարձակութիւն յուսալոյ ի նոյն»եւ «մտանել մարմնով ի յաւիտենական ժառանգութիւն», քանի որ մինչ այդ մարդիկ կարող էին միայն դժոխք իջնել, բայց ոչ՝ երկինք բարձրանալ, ինչպես «նավը կարող է հոսանքով վար իջնել, բայց ոչ երբեք՝ վեր ելնել»:

Բացատրելով, թե ինչու Քրիստոսը, լինելով կյանքի աղբյուր, երկրից երկինք համբարձվեց, ասում է, թե ջրի հատկությունն է այնքան բարձրանալը, որչափ կարող է իջնել: Այսինքն՝ եթե լեռան կատարից բխող աղբյուրն իջնում է ձորը, այնտեղից ջուրը փողորակներով կարող է բարձրանալ մի այլ լեռ՝ մինչեւ այն բարձրության, որից ինքը բխել էր, եւ բացատրելով խոսքը, ասում է, թե բարձր լեռն է ամենակալ Աստված, եւ Նրանից բխած աղբյուրն է Որդին: Նա, իջնելով երկիր, նորից բարձրանում է մինչեւ Իր Հայրը: Այս օրինակով Տաթեւացին ասում է, թե քրիստոնյաների հավատը մինչեւ երկինք է հասնում, իսկ անհավատինը կարճ է եւ չի հասնում երկնքի արքայությանը, որովհետեւ հավատում է անցավորներին եւ անցավոր փառքին, իսկ մենք հավատում ենք Քրիստոսին՝ ճշմարիտ հավատով եւ բարի գործով եւ հաստատուն հույսով ակնկալում ենք՝ «Հասանիլ խոստացեալ աւետեացն եւ անանց կենացն ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր»:

Ագաթանգեղոսի Պատմության «Սուրբ Գրիգորի վարդապետությունը»բաժնում համբարձման մասին ասվում է, որ Հիսուսը երկինք համբարձվեց, որպեսզի կատարվի սաղմոսների այն տողը, թե «Աստված համբարձվեց օրհնությամբ»: Նույն ձեւով առաքյալներին պատվիրեց. «Նստեցեք Երուսաղեմում, եւ Ես Իմ Հոր ավետիսը ձեզ կառաքեմ», որով եւ կատարվեցին Ամովս մարգարեի խոսքերը, թե «Նա, Ով պատրաստում է Իր համբառնալը դեպի երկինք, Ով Իր ավետիսն է հաստատում երկրում, Ով վերեւ է կանչում ծովի ջրերը եւ հղում երկրի երեսին, Ամենակալ Տեր է Նրա անունը»:

Համբարձումը նաեւ հայ ժողովրդական ամենասիրված եւ տարածված տոներից է, իսկ համբարձման գիշերը մեր ժողովուրդը պատել է կախարդական խորհրդավոր ու հրաշալի գույներով: Երկինք համբարձված Փրկիչը մեզ այդ գիշեր, ասես, բարձրացնում է առօրյա հոգսերից: Համաձայն ժողովրդական հավատալիքների՝ Համբարձման գիշերը բոլոր ծաղիկներն ու խոտերը սկսում են միմյանց հետ խոսել եւ ասել, թե իրենք ինչ ցավի դեղ են, կամ իրենց արմատների մոտ ինչ է պահված: Եվ ով որ այդ ժամանակ Շահմար օձին խփի, հավասար կիսի ու օձի պոչը ուտի, նա շնորհ կստանա ծաղիկների լեզուն հասկանալու: Շահմարը դա մեր մատենագրության մեջ վկայված արքայիկ օձն է, եւ վերջինի բառացի արեւելյան համարժեքը, քանի որ «շահ»նշանակում է արքա, թագավոր, իսկ «մար»-ն ունի նաեւ «օձ»-ի իմաստը:

Նույն այս համոզմամբ Համբարձման գիշերը մարդիկ երկրի վրա որոնում են ծաղիկների լույսը եւ նրանց լեզուն հասկանալու շնորհը, իսկ երկնքում՝ իրար ձգտող սիրահար աստղերին:

Համբարձման վիճակի նախապատրաստությունն սկսվում էր չորեքշաբթի վաղ առավոտից, երբ աղջիկների յոթական հոգուց բաղկացած խմբերը դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Յոթ տեսակ ծաղիկ էին հավաքում եւ յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր առնում եւ լցնում վիճակի սափորը: Մութն ընկնելուց հետո այդ սափորը պահում էին խոտերի մեջ, որպեսզի գիշերը մնար բաց երկնքի տակ, «աստղունք», այսինքն՝ Համբարձման գիշերվա հրաշալի կախարդանքին ենթարկվելու եւ առավոտյան ցողով օծվելու համար:


Գործ՝ Ե. Թադևոսյանի

Համբարձման գիշերը կապվում էր նաեւ արեւելքի երկու մեծ սիրահարների՝ Լեյլիի ու Մեջլունի երկնային եւ աստեղնային հանդիպման ավանդությանը, համաձայն որի՝ Լեյլին ու Մեջլունը սիրահարներ էին: Մի անգամ, երբ Մեջլունի հայրը նրանց տեսնում է գրկախառնված, վախեցած սիրահարները խնդրում են Աստծուն իրենց երկինք տանել եւ աստղեր դարձնել: Աստված կատարում է նրանց խնդրանքը: Այդ օրվանից տարին մեկ անգամ՝ Համբարձման գիշերը, այդ հավիտենական սիրահար զույգ աստղերը երկնակամարի տարբեր կողմերից մոտենում են միմյանց, համբուրվում եւ շարունակում իրենց ընթացքը՝ մինչեւ հաջորդ տարի: Երկնային լուսեղեն այս համբույրը տեսնելու համար շատերը գիշերը դրսում էին մնում եւ անթարթ աչքերով նայում երկնքին: Ըստ ավանդության՝ այդ համբույրի ականատեսների բոլոր ցանկությունները պետք է կատարվեին: Համբույրի պահին ողջ տիեզերքը մի պահ կանգ է առնում՝ համբուրվում: Միմյանց ողջունում են երկինքն ու երկիրը, տիրում է համընդհանուր ողջագուրանք:

«Սասնա ծռերում»ասվում է, որ Համբարձման գիշերը բացվում էր Մհերի քարայրի փակված դուռը:

Համբարձման գիշերվա ժողովրդական հավատալիքների գեղարվեստական բարձրակետն է Թումանյանի «Անուշը», ուր Համբարձման գիշերը, որպես նախերգանք եւ վերջերգ, շրջանակի նման պատում է ողջ ստեղծագործությունը՝ կանխորոշելով եւ եզրափակելով պոեմի գործողությունների ընթացքը:

Ժողովրդական այն ըմբռնումը, որ յոթ աղբյուրից հավաքված ջուրն ու ծաղիկը պետք է գիշերը դրսում դնել, որ նրանք լցվեն աստղերի կախարդական զորությամբ, մեծ բանաստեղծն արտահայտել է հետեւյալ քառատողով.

Ջուրն ու ծաղիկ աստղունք դրել,

 Խնդիրք արել աստղերին,

 Փափագ սրտով խընդիրք արել՝

Բարի ժպտան իր սերին…

  Պոեմը, սկսվելով Համբարձման գիշերով, ավարտվում է դարձյալ նույն գիշերվա պատկերով՝ խորհրդանշելով անհուն սիրո հարատեւությունը եւ երկնքում ի կատար ածվելը.

  Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,

 Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.

 Բացվում են ոսկի երկընքի դըռներ,

 Ներքեւ պապանձում, լըռում ամեն բան,

Ու աստվածային անհաս խորհըրդով

 Լըցվում բովանդակ նըրա սուրբ գըթով:

Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի՝

 Երկընքի անհո՜ւն, հեռու խորքերից,

 Անմուրազ մեռած սիրահարների

 Աստղերը թըռած իրար են գալիս,

 Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում

 Աշխարհքից հեռո՜ւ, լազուր կամարում:

 

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ

Բանասիրական գիտ. թեկնածու

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s