Սկիզբը՝ թիվ 4-9 (2010 Փետ. Բ — Մայ. Ա)


Մովսեսի հրաժարվելը կաթողիկոսությունից լոկ կաթողիկոսությունը ձեռք բերելու հույսեր արթնացրեց Մելքիսեդեկի եղբորորդի Սահակ Գառնեցի եպիսկոպոսի մոտ, որը մինչ այդ եղել էր նրա աջ ձեռքը։ Եվ նա պարզապես նրան հայտնեց, որ իզուր է այլ թեկնածու փնտրում, որ ավելի լավ է իրեն շնորհի կաթողիկոսությունը։ Մելքիսեդեկն էլ հարմար գտավ այդ փոխանցումը, ինչը նրան կազատեր պարտքերից եւ միեւնույն ժամանակ իրեն հնազանդ մեկը կունենար։ Եվ 1623 թ. նոյեմբերի 9-ին նրան կաթողիկոս ձեռնադրեց։ Հետո Երեւան եկավ եւ նոր կաթողիկոսին ներկայացրեց ժողովրդին եւ Ամիրգունային՝ խնդրելով նրա միջնորդությունը, որ Շահ-Աբասն էլ դա ճանաչի։ Նա փոխանցումը բացատրեց իր ծեր տարիքով եւ տկարությամբ։ Դավրիժեցին այդ դեպքերի կապակցությամբ գրում է, որ արդեն ոչ թե մեկ, այլ չորս կաթողիկոս կար։ Այդ չորսի մեջ մտնում էր նաեւ Ավետիսը, որը կենդանի էր մինչեւ 1623 կամ 1624 թիվը։ Եղե՞լ է Ավետիսը Էջմիածնում, դժվար է ասել։ Լոկ հայտնի է, որ վերջին շրջանում նա քաշվել էր Վրաստան։ Այսուհանդերձ՝ օրինական կաթողիկոսը մնում էր Դավիթ Դ Վաղարշապատցին։ Մյուսները լոկ աթոռակիցներ էին։ Սահակը պատրաստվում էր գնալ Սպահան, որ օրինականացներ իր կաթողիկոսությունը։

Այդ ընթացքում Սահակը, որին անցել էին շահի ղուլերը, զբաղված էր փող հավաքելով։ Մելքիսեդեկը փորձեց Մովսեսից էլ փող կորզել եւ նրա անունով կեղծ պարտամուրհակ պատրաստեց, որ իբր նա Սպահանից վերադառնալուց հետո իրեն 100 թուման է վճարելու։ Նա այդ կեղծ փաստաթղթով դիմեց Ամիրգունային, իսկ Մովսեսը հրաժարվեց եւ հայտնեց դրա կեղծ լինելը։ Դատը տեւեց երկու ամիս, եւ դրանից անհանգստացած Մելքիսեդեկը եւ Սահակը հայտարարեցին, թե դրա մասին իրենք ուղղակի ոչինչ չգիտեն, եւ որ դա Համազասպ Հավուցթառեցի եպիսկոպոսի խաբեությունն է։ Դրանով նրանք մտածում էին վտանգից խուսափել եւ միաժամանակ վրեժ լուծել Համազասպից, որը Երեւանի եպիսկոպոսն էր։ Թե ինչ եղավ Համազասպի հետ, հայտնի չէ, բայց Ամիրգունան Մովսեսին արդարացրեց։

Կաթողիկոսության փոխանցումը Մելքիսեդեկին չազատեց պարտքերից։ Պարտատերերը նրան էին ճանաչում։ Նա պարտքերը մարելու համար անգամ Մայր Աթոռի թանգարանի իրերը, մասունքներն ու հարստությունները մեջտեղ բերեց՝ գրավ դնելով մի մահմեդականի մոտ։ Այդ, ճանապարհով նա փոխառություն ստացավ եւ մարեց հին պարտատերերի պարտքը, բայց դա վիճակը չշտկեց։ Գործը հասավ փախուստի, որը տեղի ունեցավ 1624 թվի գարնան սկզբներին։ Միայն մի սպասավորի հետ մթնով նա ուղեւորվեց դեպի Երեւան, սակայն ճանապարհի կեսից ուղին փոխեց եւ Երասխն անցնելով՝ գնաց Կողբ ու անցավ Օսմանյան կայսրություն՝ սկզբում հանգրվանելով Կարինում, իսկ հետո հաստատվեց Կոստանդնուպոլսում։ Այդ ժամանակ պատրիարք էր Հովհաննես Խուլը՝ գործակից ունենալով Զաքարիա Վանեցուն։ Մելքիսեդեկի գալով՝ ուժեղացավ Խուլի կողմը, իսկ Մելքիսեդեկն սկսել էր հոխորտալ։ Նա իրեն շրջապատել էր անառակ եւ անվանի եպիսկոպոսներով եւ սուտ վարդապետներով։ Այդ մասին հավաստում է Դարանաղեցին։ Այս եռյակը ոչ միայն համարձակ խախտում էր պահքը, այլեւ զբաղվում անառակությամբ։ Նրանց պաշտպանողները փորձում են դա բացատրել հռոմեադավանությամբ։

Այսպես թե այնպես նրանց այդ ընթացքն առաջ բերեց քահանաների ու ժողովրդի զայրույթը։ Բողոքի ցույցեր կազմակերպվեցին, եւ Ներսես Սեբաստացի վարդապետը, որն ավելի ուշ Սսի կաթողիկոս դարձավ, զորավիգ եղավ ժողովրդին եւ նրանց քշեց քաղաքից։ Մ. Օրմանյանը դա դնում է 1625-ին։

Այդ օրերին հիմնադրվեց Արմաշի վանքը, որ հայտնի է Չարխափան Ս. Աստվածածին անունով։ Գտնվել է Նիկոմիդիայից հյուսիս-արեւելք՝ մի լեռնաշղթայի վրա։ Հայկական վանքը կառուցվել է նախկին հունական վանքի տեղում։ Արմաշում հայերը ստվարացել են ջալալիների շարժման շրջանում։ Վանքը հիմնելու միտք է ունեցել Էջմիածնի նվիրակ Թադեոս եպիսկոպոսը։ Մեծ դժվարությամբ պետությունից թույլտվությւոն վերցրեց՝ վանքը կառուցելու համար։ Վանքի հիմնումը Մ. Օրմանյանը դնում է 1611-ին։ Արմաշի վանք է գալիս Դարանաղեցին։ Արմաշը բաղկացած է եղել Վարի եւ Վերի գյուղերից, իսկ վանքը գտնվել է Վերի գյուղի մոտ։ Արմաշի վանքի կառուցումը մեծ երեւույթ էր Փոքր Ասիայում, որտեղ հայկական եկեղեցիները եւ վանքերը փոքրաթիվ էին։

Վանքի հիմնադիր Թադեոսը մինչ այդ գործել էր Բութանիայում եւ Ղրիմում։ Նա հաստատվում էր իր գործերում, ինչի մասին է հավաստում վանքը կառուցելու պետական արտոնություն ձեռք բերելը։ Թեեւ Դարանաղեցին, նրան ներկայացնում է վատ գործերով, բայց այդ տեղեկությունը հազիվ թե ճիշտ է։ Համենայն դեպս, բացարձակ սուտ է, թե վանքը եղել է նրա ձեռակերտը։ Թադեոսը, որ ընդդիմացել էր Դարանաղեցուն, առաջ էր բերել վերջինիս թշնամությունը։ Պատճառն այն էր, որ նա Կեսարացու մերձավորն էր եւ վերոհիշյալ եռյակի ընդդիմադիրը։ Պետք չէ, անշուշտ, Թադեոսին ներկայացնել որպես սուրբ, բայց չի կարելի նրան բնութագրել Դարանաղեցու մեղադրանքներով։

Հայտնվելով ծանր կացության մեջ՝ Մելքիսեդեկը, որին ժողովուրդը եւ հոգեւորականները չէին ընդունում, որոշում է գնալ Լեհաստան՝ Լվով։ Դա եղավ 1625 թվի վերջերին, երբ Գրիգոր Կեսարացին կրկին եկավ մայրաքաղաք՝ Մինաս Կարնեցի եւ Հովհաննես Երզնկացի եպիսկոպոսների ուղեկցությամբ, որպեսզի տապալի Խուլին։ Թերեւս նրա գալն էլ դեր է խաղացել, որ Մելքիսեդեկը հեռանա Լեհաստան։ 1626-ին Կեսարացուն հաջողվեց Խուլին պատրիարքությունից քշել եւ տիրանալ աթոռին։ Մեկ այլ տեղեկությամբ նույնիսկ ասվում է, թե Մելքիսեդեկը փախել է Պրուսա։

Ըստ երեւույթին՝ արծաթասերների բախտը բերում է, որովհետեւ Լվով եկած Մելքիսեդեկը, եպիսկոպոսական աթոռը թափուր գտավ, քանի որ Մեսրոպ Կաֆացի արքեպիսկոսը 1623-ին վախճանվել էր։ Աթոռը թափուր էր մնացել մինչեւ 1626 թիվը։ Ընտրության հարցերում խնդիրներ էին ծագել, ինչը խանգարել էր ընտրությանը։ Մելքիսեդեկը, մի կողմ թողնելով ժողովրդի թեկնածուներին, Հաճկատարի Ս. Խաչ վանքում 150 ղուռուշով Նիկողոս Թորոսյանին կամ Նիկոլ Թորոսովիչին գաղտնի եպիսկոպոս ձեռնադրեց։ Նա 22 տարեկան աբեղա էր՝ մեծահարուստ լվովցի վաճառական Հակոբ Թորոսովիչի որդին։ Ավելորդ է ասել, որ նույնիսկ լատին պատմիչը գրում է, որ նա ոչ մեկին սիրելի չէր։ Ժողովուրդը հուզվում է, իսկ Մելքիսեդեկը հայտարարում է, թե նրան ձեռնադրել է այլ վիճակի համար։ Հետո նա վերցնում է Նիկոլին եւ մեկնում Կամենեց։ Երբ հասնում են Յազլովից, Մելքիսեդեկը Նիկոլին առաջարկում է վերադառնալ Լվով եւ լվովցիներին բանադրելու կոնդակ է տալիս։ Նիկոլը վերադառնում է Լվով եւ ժողովրդին լռեցնելով՝ վերցնում է եպիսկոպոսությունը։

Մելիսեդեկն այնուհետեւ գնաց Կամենեց եւ միտք ուներ անգամ Հռոմ գնալու, քանի որ հայրենիք վերադառնալ չէր կարող։ Սակայն շատ չանցած՝ 1626-ին՝ Ղազարոսի հարության օրը, այսինքն՝ ապրիլի 1-ին, մահացավ Կամենեցում եւ այնտեղ էլ թաղվեց. գերեզմանը պահպանվել է Ավետման եկեղեցու մեջ։ Նա 33 տարի աթոռակցեց, բայց երբեք օգտակար ոչինչ չարեց՝ տուրք տալով նենգությանը, արծաթասիրությանը եւ փառամոլությանը։ Դավիթը նրան աթոռակից դարձրեց, բայց նա ամեն կերպ ձգտեց նրան զրկել կաթողիկոսությունից, նսեմացնել մյուս աթոռակիցներին։

Կեսարացու կողմից պատրիարքությունը վերադարձնելուց հետո եկեղեցի կառուցվեց Կ. Պոլսի Պալաթ թաղում։ Թաղում կար մի լատին եկեղեցի, որն անցել էր Կաֆայի հայերին։ Հետո այն ազգային եկեղեցուց վերածվել էր մզկիթի եւ 20-րդ դարի սկզբին կոչվում էր Քեֆելի Ջամի։ Կեսարացին եւ Խուլը, որ կրկին վերադարձել էր, չկամեցան այդ խնդիրը բարձրացնել, քանի որ երկուսն էլ իշխանությունների պաշտպանության կարիքն ունեին։ Դրանց վերաբերմունքն արժանացավ Արիստակես Խարբերդցի վարդապետի եւ Երուսաղեմից վերադարձած Գրիգոր Դարանաղեցու քննությանը։ Հասկանալով, որ եկեղեցին վերադարձնելն անհնարին է՝ նրանք հաջողեցին արտոնություն ստանալ՝ նոր եկեղեցի կառուցելու համար։ Այն կառուցվեց մի հունական ավերակ եկեղեցու վրա եւ կոչվեց Ս. Հրեշտակապետ։ Երբ այս հարցը լուծվեց, Կեսարացին 1627-ին թողել էր պատրիարքությունը եւ միտք ուներ գնալու Լեհաստան։ Նա իրեն փոխանորդ թողեց Հովհաննես Երզնկացուն, որը կոչվել է նաեւ Պակթամուրձագ։ Սա եւ նրա օգնական Մինաս Կարնեցին, Արիստակես Խարբերդցու եւ Գրիգոր Դարանաղեցու հաջողությունը համարելով իրենց եւ իրենց պետի անպատվությունը, սկսեցին հալածել նրանց, որոնք ապավինեցին Ղալաթիայի եկեղեցուն, որը Դարանաղեցու ենթակայության տակ էր։

Պալաթի նորաշեն եկեղեցին մի քանի օր անց հրկիզվեց, եւ Դարանաղեցին այն վերանորոգեց եւ նավակատիքը կատարեց։ Բայց երբ ուզեց փող հանգանակել, քահանաները նրա հետ թշնամացան, եւ նա նորից Ղալաթիա վերադարձավ։

Կեսարացին եկավ Լվով, որտեղ հովվապետում էր Նիկոլը, որը կրոնական հարցերում շատ տկարացել էր եւ մի կերպ պահպանում էր հայադավանությունը։ Նա 1627-ի վերջերին գալիս է Կամենեց եւ այստեղ Խաչիկ անունով մի սարկավագի աբեղա է ձեռնադրում՝ Օնոփրիոս անունով։ Դա եղավ դեկտեմբերի 2-ին, երբ Կամենեց հասավ Կեսարացին։ Վեճեր առաջացան Կեսարացու եւ Նիկոլի միջեւ, որը կազմակերպեց Օնոփրիոսի առաջին պատարագը՝ միաժամանակ փակելով մյուս եկեղեցին, որ Կեսարացին պատարագ չանի։ Սա էլ վշտանալով անիծեց բոլոր նրանց, որ կգնան մյուս եկեղեցին։ Արդյունքում երկու եկեղեցիներն էլ փակվեցին, եւ ժողովուրդը մնաց առանց պատարագի, չնայած եկեղեցական տոներ էին։ Նիկոլը դիմեց քաղաքի կառավարչին՝ ամբաստանելով Կեսարացուն, թե եկել է թուրքերի երկրից եւ քաոս է առաջացնում։ Կեսարացուն ստիպեցին հեռանալ Լեհաստանից։ 1628-ին նա վերադարձավ Բուղդան, այսինքն՝ Մոլդավիա՝ որոշելով անցնել Ռումելիա եւ Կ. Պոլիս։ Ճանապարհին նա բանադրանքի ենթարկեց Նիկոլին, որը դրան ուշադրություն էլ չդարձրեց։ Սակայն ժողովրդի դժգոհությունը, որ զսպված էր Մելքիսեդեկի սպառնալից նամակով, պայթեց։ Այն, որ Նիկոլին թշնամացան շատերը, հավաստում է անգամ լատին պատմիչը։

Վտարվելով Լեհաստանից՝ Կեսարացին, անշուշտ, կամենում էր վերադարձնել Կ. Պոլսի պատրիարքությունը կամ էլ դիմել Հովհաննես Երզնկացու պաշտպանությանը։ Բայց նրան անակնկալ էր սպասվում։ Նրա կողմնակիցները տկարացել էին, Հովհաննես Խուլը վերջին գայթակղություններից հետո ստիպված էր եղել Կ. Պոլսից հեռանալ Լեհաստան։ Լեհաստան հեռանալն էլ պետք է բացատրել վերջինիս հայկական համայնքների հեղինակությամբ եւ ուժեղությամբ։ Պատահական չէ, որ, որ Լեհաստան էին գնացել նաեւ Մելքիսեդեկը եւ Կեսարացին։ Շատերը գնում էին՝ այնտեղ բախտ փնտրելու։ Մ. Օրմանյանը հակված է կարծելու, որ Նիկոլն ինքը, օգտվելով Կեսարացու եւ Խուլի հակառակությունից, դիմել է Խուլին, որ նա իր հեղինակությամբ իր դիրքերն ուժեղացնի, որովհետեւ Կեսարացու նզովքի պատճառով դրանք խախտվել էին։ Պատահական չէ, որ Խուլը լավ ընդունելություն գտավ Լեհաստանում եւ իր հերթին պաշտպանության տակ առավ Նիկոլին։

Շարունակելի

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s