«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ»

զրուցաշար

 ԸՆՏԱՆԻՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 
Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

— Տե՛ր հայր, հոր եւ մոր փոխհարաբերությունները միմյանց հանդեպ ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ երեխաների վրա։ Մեկ խոսքով՝ սիրո առկայությունը եւ բացակայությունը…

 

— Այն, ինչ երեխան տեսնում է ընտանիքում, միանշանակորեն դրոշմվում է իր գիտակցության ու նաեւ ենթագիտակցության ծալքերում, մտավոր ու զգայական ողջ համակարգում, եւ ամբողջ կյանքի ընթացքում կարող է այս կամ այն կերպ ներգործել արդեն հասուն «երեխայի» վրա։ Եթե երեխայի առօրյան ուղեկցվի ծնողների՝ իրար հանդեպ սիրո, հարգանքի, անձնազոհության դրսեւորումներով, սրա՛ բարերար ազդեցությունն է դրոշմվում երեխայի հոգեբանության մեջ։ Եվ ճիշտ հակառակը. եթե, օրինակ, հայրը բռնակալ է մոր նկատմամբ, դա՛ է դառնում, մի տեսակ, «օրինաչափություն» տվյալ ընտանիքում մեծացող երեխայի համար։ Ընդ որում, այս ազդեցությունները ներգործուն են ծնողների մտածողության ու փոխհարաբերությունների բոլոր հարթություններում՝ կենցաղ, վարքագիծ, աշխարհայացք…

Հետեւաբար յուրաքանչյուր ծնող պետք է գիտակցի, որ կենսակերպի, համակեցության լավագույն տարբերակն Աստծու կողմից թելադրվածն է։ Ըստ այդմ՝ ամեն ինչի մեջ բացարձակ բարին պետք է պատկերացնի՝ իբրեւ իր կյանքի ողջ ընթացքում ձգտելիք չափանիշ։ Հիշում եմ՝ հարազատներիցս մեկը մի անգամ ասաց. «Տե՛ր հայր, ախր հնարավոր չէ, որ ընտանիքում մշտական խաղաղություն լինի. մեկ-մեկ էլ պիտի վիճեն ամուսինները, այլապես շատ միապաղաղ ու անհետաքրքիր կլինի կյանքը»։ Ուշադրություն դարձրե՛ք պատճառաբանությանը՝ միապաղաղ ու անհետաքրքիր կլինի։ Իսկ վեճ ու կռիվը, ուրեմն, բնական է ու հետաքրքիր… Ասում եմ՝ թերեւս հնարավոր չէ, որ մշտապես խաղաղ մթնոլորտ պահպանվի ընտանիքում, սակայն այն, որ վեճ ու  կռիվ պիտի լինի, ոչ թե բնական է, այլ անբնական։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե երկուսս էլ, ըստ էության, նույնն ենք ասում։ Մեր մոտեցումների մեջ, սակայն, շատ լուրջ տարբերություն կա, որն արտահայտվում է երեւույթն ինչպե՛ս ընկալելու մեջ։ Բնականն այն է, որ ընտանիքում մշտապես թեւածեն սերը, խաղաղությունը, միմյանց նկատմամբ հարգանքը։ Այլ հարց է, թե դու որքան ես շեղված ճշմարտությունից։ Եթե քո տեսադաշտում առանցքայինը ճիշտ ընկալումն է, ուրեմն ձգտման մեջ ճշմարտության ավելի մեծ աստիճանի կհասնես։ Իսկ եթե մտքիդ մեջ ավեր է, պարզ է, որ պիտի մտածես՝ մի քիչ շատ չեղա՞վ խաղաղությունը…

— Ցանկացած նորմալ ընտանիքում, որտեղ գերիշխում են սերը, հանդուրժողականությունը, երբ, այնուամենայնիվ, վիճաբանություն է լինում, դրան շատ արագ հաջորդում է հաշտությունը։ Որովհետեւ վիճող կողմերից յուրաքանչյուրը բացարձակ ներողամտություն է հանդես բերում՝ միաժամանակ եղածի համար մեղադրելով ոչ թե դիմացինին, այլ ինքն իրեն։ Այսինքն՝ որոշիչ դեր է խաղում զղջման հանգամանքը։ Բայց կա նաեւ հակառակ պատկերը, եւ  երեխայի մոտ ինքնըստինքյան ձեւավորվում է անհանդուրժող, զիջելու, զղջալու անընդունակ բնավորություն, խոնարհության իսպառ բացակայություն։

 

— Լիովին համամիտ եմ։ Ավելացնելով ուզում եմ շեշտադրել ընտանեկան վիճաբանություններին հաճախակի ուղեկցվող մի ցավալի հանգամանք։ Միմյանց հետ հարաբերությունները պարզելու ընթացքում վիճող ամուսիններից մեկնումեկը (սովորաբար՝ թույլ կողմը) մշտապես ջանում է մեջտեղ բերել երեխաների ազդակը։ Ցավոք, շատ հաճախ դա տեղի է ունենում երեխաների մանկահասակ տարիքում եւ հենց նրանց ներկայությամբ։ Երեխաները շփոթվում են, չգիտեն՝ ինչ անել, չգիտեն՝ որն է ճիշտ, որը՝ սխալ։ Անմեղ, անփորձ երեխան հայտնվում է «երկու քարի արանքում», իսկապես՝ քարի, որովհետեւ միայն քար սիրտ ունեցող ծնողը կարող է սեփական երեխային այդպիսի դաժան փորձության ենթարկել՝ ներքաշելով նրան իրենց ճղճիմ, անլուծելի վեճերի ու խնդիրների մեջ՝ դրանով իսկ երեխայի հոգեկան աշխարհը տակնուվրա անելով։ Շատ պիտի ուզենայի, որ բոլոր ծնողները, ովքեր չգիտեն, իմանան՝ 90 %-ով իրենց վեճ ու կռիվների, ատելության ու թշնամության հետեւանքն են երեխաների մոտ, մանավանդ ներկա դարում, ավելի ու ավելի հաճախակի հանդիպող հոգեկան տկարություններն ու շեղումները։ Թող իմանան եւ հետեւություն անեն, ջանան հասնել փոխըմբռնման, իսկ եթե չեն կարողանում, որովհետեւ տկար էակներ են, թող, ուրեմն, խնդրեն Աստծուց իմաստություն ու համբերություն՝ թնջուկը լուծելու։ Երբեք չպետք է անտեսել Աստծու Սուրբ Հոգու ներգործության զորավոր հանգամանքը։

— Տե՛ր հայր, ջերմության, ուշադրության կարիք ունի ամեն ոք, առավել եւս՝ երեխաները։ Բայց  երբեմն այդ ջերմությունը «կիսվում» է երկրորդ, երրորդ երեխայի ծնունդով։ Մեկին (սովորաբար՝ փոքրին), կարծես թե, մի քիչ ավելի շատ են սիրում, մյուսին՝ մի քիչ պակաս. երեխաների մեջ գլուխ է բարձրացնում խանդը։ Հնարավո՞ր է այն կանխել կամ գոնե մեղմել…

 

— Իհարկե, հնարվոր է, եւ դա այնքան էլ դժվար չէ, որքան ոմանք պատկերացնում են։ Երեխաների խանդի համար դարձյալ մեծերն են մեղավոր։ Իսկական սիրո մեջ խանդ չպիտի լինի։ Նախ ծնողական սերը երեխաներին պիտի բաշխվի «հավասարաչափ», համենայն դեպս այնպես, որ երեխան տեսնի եւ ամենակարեւորը՝ ընդունի սիրո չափաբաժնի հավասարության հանգամանքը։ Եվ երկրորդ՝ հատկապես ամենափոքրիկի հանդեպ սիրո դրսեւորումները, որ սովորաբար առավել քնքուշ ու ջերմ են լինում, ծնողները նրբանկատորեն պիտի իրագործեն՝ ջանալով դա անել հենց մեծ երեխաների՝ փոքրիկի մեծ քրոջ կամ եղբոր «օգնությամբ»։ Այսպես սիրելով՝ կկանխեն որեւէ բարդույթ ու խանդի զգացում։

— Յուրաքանչյուր սերունդ ունի արժեհամակարգի իր ընկալումը, իր երազանքներն ու  տեսլականը։ Մեր սերնդի մարդիկ երազում էին դառնալ, ասենք, բժիշկ, տիեզերագնաց, ուսուցիչ, գիտնական… Կարելի է հասկանալ, երբ այսօր մեր երեխաներն ու թոռները դրանց փոխարեն նախընտրում են առավել «ժամանակակից» ու շահավետ մասնագիտություններ՝ ծրագրավորող, գործարար, անգամ՝ ոստիկան։ Վերջինի պարագայում փոքրիկ տղաների «հիմնավորումն» է. «Որ ինձնից վախենան»։ Չգիտես ինչու, ոստիկանի կերպարը սարսափի հոմանիշ է դարձել այսօր։ Սա էլ դեռ ոչինչ։ Բայց երբ, ասենք, ջահել տատիկը (ասածս օրինակը միակը չէ) անթաքույց հրճվանքով կանխատեսում է, որ իր երեք տարեկան սիրելի թոռնիկը դառնալու է «լավ տղա», որ «սաղը իրանից վախենան, ու ինչ ուզում ա՝ անի», այստեղ արդեն պապանձվում ես։

 

Տե՛ր հայր, այս երեւույթը հայհոյանքից շա՞տ է տարբերվում։

 

— Անշուշտ՝ ո՛չ։ Ես կասեի՝ հայհոյությունից էլ ավելի վատ բան է։ Հոգեւոր այլասերվածության եւ անկման դասական ու շատ տխուր մեկ դրսեւորում, բարոյական չափանիշների անկման եւ բարքերի ապականության ցավալի հետեւանք է։ Ասում է, որովհետեւ լսող կա, իր հետ հրճվող կա։ Որովհետեւ սաստողն ու հանդիմանողն է պակասել, աղետալի չափերով է պակասել։ Ի՞նչ կարող եմ ասել. միանշանակ ամբարտավանություն է, երբ մեծերն իրենց զավակներին մղում են նման «երազանքների»։ Սա կործանումի՛ ճանապարհն է։ Մեր բոլորիս դժբախտությունն է սա։ Եվ… չեմ ուզում այս մասին երկար խոսել։

Մենք մեր աչքի առաջ ունենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի պայծառ կերպարը։ Պետք է լինել Քրիստոսի նման հեզ, սրտով խոնարհ, բայց համարձակ, արի, սրբակենցաղ եւ ամենքին սիրող։

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s