Հոգեգալուստը տեղի ունեցավ Պենտեկոստեի տոնին, որը հրեաները կատարում էին ի հիշատակ Սինա լեռան վրա Մովսեսին տրված տասնաբանյայի՝ տասը պատվիրանների: Ինչպես գրում է Գրիգոր Տաթեւացին, եգիպտական գերությունից ելնելուց հետո հիսուներորդ օրը անապատում տրվեց Հին Ուխտի կանոնը, եւ Հիսուսի խաչելությունից հիսուն օր հետո Վերնատանը տրվեց Նոր Ուխտի իմացությունը, որն առաքյալները քարոզելու էին ողջ աշխարհում։
Ինչպես որ Զատկին էին մեծ թվով հրեաներ հավաքվում Երուսաղեմում, այնպես էլ Պենտեկոստեի տոնին էր բազմամարդ դառնում Երուսաղեմը, եւ ինչպես որ Հիսուսի խաչելությանը Զատկի տոնին բազմաթիվ ականատեսներ եղան, այնպես էլ հարկավոր էր, որ Սուրբ Հոգու իջմամբ աստվածային փառքի հայտնությունը Պենտեկոստեի տոնին ներկա եղողները տեսնեին: Ինչպես Հովհան Ոսկեբերանն է գրում, Սուրբ Հոգին այս նշանավոր տոնին իջավ, որպեսզի խաչելության ժամանակ Նրա անարգանքը տեսնողները տեսնեն եւ Նրա փառքը։
Սուրբ Հոգու էջքի ժամանակ հնչած ձայնի եւ բոցեղեն լեզուների մասին Ոսկեբերանը գրում է, որ ի հավաստումն Սուրբ Հոգու իջման, ձայնը հնչեց ականջին լսելի լինելու համար, իսկ բոցեղեն լեզուներն իջան աչքին տեսանելի լինելու համար:


Գրիգոր Տաթեւացին էլ, նկատի ունենալով բոցեղեն լեզուները, գրում է, որ այն կարծրերը հալեցնում է, իսկ թույլերը պնդացնում: Ինչպես որ հրից մետաղը հալվում է, եւ կավը թրծվում, այնպես էլ անհավատների սիրտը հալվեց եւ հավատքի բերեց, իսկ առաքյալներին կարծրացրեց, ամրացրեց իրենց հավատքում, որ ողջ աշխարհով աներկյուղ քարոզեն Ավետարանը:
Նույն ձեւով «Շարակնոցի» Հոգեգալստյան կանոնում է ասվում.

Առաքելոյ աղաւնոյ, իջանելով մեծաձայն հընչմամբ,
Ի բարձանց ի նմանութիւն լուսոյ փայլման,
Հրազինեաց անկիզելի զաշակերտսն,
Մինչդեռ նըստէին ի սուրբ Վերնատանն:

Սուրբ Հոգու հրանման իջնելով՝ աշակերտներին ոսկու նման մաքրելու միտքն ենք գտնում եւ հետեւյալ տողերում.

Սարսափելի հողմոյ նըման ահեղագոչ սաստիկ հընչմամբ
Երեւեցար ի Վերնատանն Հոգիդ դասուն երկոտասան,
Որք առ ի Քէն մըկըրտեցան, որպէս զոսկի հրով մաքրեցան,
Մաքրեա ի մէնջ զմէգ մեղաց եւ ըզգեցո ըզլոյս փառաց:

Հոգեգալստյան տոնը կատարվել է դեռեւս առաքելական շրջանից եւ տոնի հոգեւոր խորհրդի մեկնությունը գտնում ենք Ընդհանրական Եկեղեցու վաղ շրջանի հայրերի գործերում, իսկ պատկերային հայտնի հնագույն շրջանի արտահայտությունը՝ Ռաբուլայի Ավետարանում: Հոգեգալստյան նկարների պատկերագրությունը խարսխված է Սուրբ Հոգու էջքի «Գործք առաքելոց»-ի պատմության վրա։
Պատկերների կենտրոնական մասում ծածկոցով (վարագույրով) պատված սրբության տապանակն է: Մի շարք պատկերներում սրբության խորհրդի վրա է հանգչում աղավնաձեւ Սուրբ Հոգին:
Հոգեգալստյան ժամանակ թեեւ չի նշվում, որ Տիրամայրը եւս Վերնատանն էր, սակայն, քանի որ համբարձումից հետո Տիրամայրը առաքյալների հետ Վերնատանն էր, ուստի պատկերների մի մեծ խմբում Տիրամայրը ներկայացված է առաքյալների կենտրոնում: Հոգեգալստյան ժամանակ Տիրամորը կենտրոնում պատկերելը նաեւ շարունակությունն է համբարձման պատկերագրական ավանդույթի: Այն, սակայն, հոգեւոր-այլաբանական մի կարեւոր խորհուրդ եւս ունի: Վերնատանը Սուրբ Հոգու էջքով հաստատվեց քրիստոնեական Եկեղեցին, եւ Տիրամայրն այստեղ խորհրդանշում է Եկեղեցին, որի համար նա պատկերվում է կենտրոնում՝ առաքյալներից առավել մեծ եւ ընդգծված դիրքով, եւ նույն այս պատճառով պատկերագրական մի խմբում Սուրբ Հոգին իջնում է ոչ թե եկեղեցու բեմը խորհրդանշող սրբության խորհրդի, այլ Տիրամոր վրա:
Տիրամոր աջ եւ ձախ կողմերում գտնվում են առաքյալների երկու խմբերը, որոնք գլխավորում են Պողոս եւ Պետրոս առաքյալները: Թեեւ Պողոս առաքյալը հոգեգալստի ու առավել եւս համբարձման ժամանակ դեռեւս առաքյալների շարքը չէր դասվել, սակայն նրա ներկայությունը երկու պատկերներում էլ, որպես հեթանոսաց առաքյալի, խորհրդանշում է, որ Ավետարանը քարոզվելու է նաեւ հեթանոսներին:
Կրակե լեզվակները հանգչում են առաքյալների եւ Տիրամոր լուսապսակների վրա՝ խորհրդանշելով Սուրբ Հոգու էջքը:
Տիրամոր լուսապսակը, ի տարբերություն առաքյալների, ոչ թե ոսկեղեն է, այլ կապույտ եւ ավելի մեծ, որով առանձնանում է առաքյալներից: Տիրամոր լուսապսակին ոչ միայն կրակե լեզվակն է, այլեւ աղավնաձեւ Սուրբ Հոգուց իջնող լույսի ճառագայթները:

Թեեւ «Գործք առաքելոցում» ասվում է. «Նրանց երեւացին բաժանված լեզուներ, նման բոցեղեն լեզուների, որոնք եւ նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա» (Բ 3), սակայն, առաքյալների վրա հանգչող լեզուներից բացի, որպես Սուրբ Հոգու նշանակ, պատկերվում է նաեւ աղավնին, ինչպես որ մկրտության տեսարանում է՝ համաձայն ավետարանական հետեւյալ խոսքերի. «Եվ երբ Հիսուսը մկրտվեց, իսկույն ջրից դուրս ելավ, եւ ահա երկինքը բացվեց Նրան, եւ Նա տեսավ Աստծո Հոգին, որն իջնում էր ինչպես աղավնին եւ գալիս էր Իր վրա» (Մատթ. Գ 16, տե՛ս նաեւ Մարկ. Ա 10, Ղուկ. Գ 22):
Հիսուսի մկրտության հետ տարվող հոգեգալստյան հոգեւոր-պատկերագրական զուգահեռով Վերնատանը եւս, ինչպես Հորդանանում, վերեւում աստվածային երկինքը խորհրդանշող կիսաբոլորակն է, որից վայր է իջնում աղավնակերպ Ս. Հոգին: Եթե Հորդանանում Ս. Հոգին հանգչում էր Հիսուսի վրա, ապա հոգեգալստյան պատկերներում՝ Քրիստոսի հիմնած Եկեղեցին խորհրդանշող Տիրամոր կամ եկեղեցու սեղանին, ուր սրբության ծածկյալ խորհուրդն է:
Սուրբ Հոգին երբեմն պատկերվում է ոչ թե աղավնաձեւ, այլ վար պարզված աստվածային Աջով, ինչպես որ Ղուկասի Ավետարանում է ասվում, թե՝ «Աստծո մատով հանում եմ դեւերին» (Ղուկ. ԺԱ 20): Այս մասին Գրիգոր Տաթեւացին գրում է. «Մատն Աստուծոյ կոչի Հոգին Սուրբ… նախ որպէս մատն է յէութէնէ մարմնոյն, այսպէս եւ Հոգին Սուրբ է յէութենէ Աստուծոյ» (Գրիգոր Տաթեւացի, Գիրք հարցմանց, Կ. Պոլիս, 1729, էջ 61-62):
Աստվածության ծածկյալ խորհրդին Սուրբ Հոգու աղավնաձեւ իջնելը հոգեգալստյան պատկերները հիշեցնող արտահայտչականությամբ արտացոլվել է եւ շարականի հետեւյալ տողերում.

Իջեալ Հոգւոյն Սըրբոյ աղաւնակերպ երեւմամբ
Ի վերայ մարմնոյ եւ արեանըն Տեառն,
Ի բժշկութիւն հոգւոց մերոց:

Հոգեգալուստը համարվել է հրով մկրտություն, որով մկրտվեցին առաքյալները: Վերնատանը առաքյալների Սուրբ Հոգով արբելու եւ մկրտվելու մասին շարականում ասվում է.

Անմահարար բաժակ հեղեալ յերկնից Սուրբ Հոգի,
Զոր արբին ի վերնատանն դասք սուրբ առաքելոցն,
Օրհնեալ ես Սուրբ Հոգիդ ճշմարիտ:

Առատապէս ծաւալեալ ի մեզ հուրըն կենդանի,
Քանզի արբեալք առաքելոցն եւ արբուցին տիեզերաց,
Օրհնեալ ես Սուրբ Հոգիդ ճշմարիտ:

Հայկական մանրանկարչության մեջ հոգեգալստյան հնագույն մանրանկարները գտնում ենք XI դարում գրված Մուղնիի Ավետարանում (Մատենադարան) եւ 1066 թ. գրված ու Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում պահվող Ավետարանում:
Պատկերագրական գրեթե ընդհանրացված ավանդույթով ստորին մասի կենտրոնում կիսախորանի մեջ պատկերվում են ժողովուրդները, եւ այս մանրանկարում եւս հեղինակն աշխատել է շեշտված ձեւով նրանց պատկերել տարբեր տարազներով, որը խորհրդանշում է, որ նրանք տարբեր ժողովուրդների են ներկայացնում՝ համաձայն «Գործք առաքելոցի» այն խոսքերի, թե հոգեգալստյան ժամանակ «Երբ այս ձայնը լսվեց, բազմությունը հավաքվեց ու խռնվեց, որովհետեւ լսում էին, որ նրանք խոսում էին իրենցից յուրաքանչյուրի լեզվով: Ամենքը հիանում էին եւ զարմանում ու միմյանց ասում էին. «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խոսում են, գալիլիացիներ են, բայց ինչպես է, որ մենք նրանց լսում ենք մեր յուրաքանչյուրի բարբառով, որ ծնված օրից խոսում ենք: Մենք՝ պարթեւներ, մարեր եւ իլամացիներ…» (Գործք Բ 6-9):
Հոգեգալստյան ժամանակ Վերնատանը տարբեր լեզուներով խոսելը զուգահեռի մեջ է դիտվել բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ լեզուների բաժանման հետ. այն ժամանակ Աստված տարբեր լեզուներով բաժանեց մարդկանց, իսկ Վերնատանը միավորեց՝ բաժանված այս լեզուներով առաքյալներին խոսեցնելով:
Հոգեգալստյան պատկերներում խորանում պատկերվող տարբեր ազգությունների ներկայացուցիչները խորհրդանշում են «Գործք առաքելոցում» հիշված ժողովուրդներին եւ ընդհանրապես բոլոր այն ժողովուրդներին, որոնց քարոզվելու էր Ավետարանը: Հատկանշական է, որ բյուզանդական պատկերագրությունում 8-10-րդ դարերում «ժողովուրդներին» աստիճանաբար փոխարինում է մի ծերունի՝ ձեռքին մի գլխանոց պահած՝ մեջը 12 գալարափաթեթ: Սեւ ֆոնին պատկերվող այս ծերունուն, որի գլխավերեւում սովորաբար գրված է լինում «Ամբողջ աշխարհը», տարբեր մեկնաբանություններ են տրվել:
Դեռեւս 19-րդ դարի վերջում այն միտքն է հայտնվել, որ ծերունու տեղը սկզբնապես պատկերված է եղել Հովել մարգարեն, ում «Եվ պիտի լինի սրանից հետո, վերջին օրերին, որ իմ հոգուց պիտի թափեմ ամեն մարդու վրա» խոսքերով Պետրոս առաքյալը հոգեգալստյան ժամանակ դիմում է Երուսաղեմում հավաքված ժողովուրդներին ։
Այնուհետեւ այստեղ պատկերվել է Դավիթ մարգարեն, որի խոսքերով է Պողոս առաքյալը հիմնավորում Հուդայից հետո 12-րդ առաքյալի ընտրությունը: Ծերունու գլխանոցի 12 գալարներն էլ խորհրդանշում են Մատաթիայի ընտրության ժամանակ վիճակ հանելը եւ առաքյալների՝ 12-ը լինելը:
Ծերունին՝ Դավիթ մարգարեն, կամարով անջատված է առաքյալներից, որովհետեւ Վերնատան մասնակիցների թվին չի պատկանում: Նա, ի տարբերություն առաքյալների, կիսով չափ եւ մութ տեղում է պատկերված, որովհետեւ Հին Ուխտին է պատկանում:
Աշխարհը խորհրդանշող թագավորը մութ վիհի մեջ է պատկերվում, որովհետեւ մարդկային աշխարհը թաղված է մեղքի խավարում եւ գտնվում է դժոխքի իշխանության տակ:
Պատկերագրական մի խմբում «ժողովուրդների» կենտրոնում ոչ միայն այս ծեր թագավորն է, այլեւ նրա գլխից ելնող մի ճյուղավորում կիսախորանի վերին մասում ուղղակիորեն կապվում է ծածկյալ խորհրդի կամ բեմի հետ, որը Նոր Ուխտում խորհրդանշում է Քրիստոսի զոհաբերությունը՝ բանական պատարագը:
Ծեր թագավորից մինչեւ ծածկյալ խորհուրդը ձգվող այս ճյուղավորումը ուղղակիորեն խորհրդանշում է Դավթի սաղմոսների եւ «Բխեսցէ գաւազան յարմատոյն յԵսսեայ» խոսքերը՝ ներկայացնելով Քրիստոսի ծննդաբանության ընդունված պատկերագրական ձեւը, որը որպես գավազան՝ սկզբնավորվում է Դավթից:
Եթե ընդունենք, որ հոգեգալստյան պատկերների ստորին մասում ներկայացվող թագավորը Դավիթ մարգարեն է, որից ճյուղավորվում եւ վեր է բարձրանում Հեսսեի արմատից բխած գավազանը, ապա դրանով հոգեգալստյան այս պատկերներում իրար են կապվում Հին եւ Նոր Կտակարանները:
Անհրաժեշտ է նշել, որ անգամ այն մանրանկարներում, ուր չկա այս ծերունին, միեւնույն է, պահված է ճյուղավորումը, որը ներքեւի կիսախորանից տարածվում է դեպ առաքյալներից յուրաքանչյուրը եւ վերին խորանը:
«Ժողովուրդների» շարքում հայկական մանրանկարներում, ի թիվս այլատարազ ժողովուրդների, ներկայացվում է եւ շնագլուխ մեկը:
Արդ, ո՞վ է այս շնագլուխը:


Այս հարցի պատասխանը գտնում ենք «ժողովուրդների» գլխավերեւում կատարված մակագրություններում: Ինչպես որ բյուզանդական մանրանկարներում Թագավորի գլխավերեւում գրված է Աշխարհ, այնպես էլ հայկական մանրանկարներում «ժողովուրդների» գլխավերեւում գրվում է նրանցից յուրաքանչյուրի անվանումը՝ ըստ «Գործք առաքելոց»-ում հոգեգալստյան ժամանակ հիշված ժողովուրդների՝ մարք, պարթեւք, իմամացիք կամ երամացիք: Առավել հաճախ գրված է լինում պարթեւք եւ ելամացիք: Անհրաժեշտ է նշել, որ ելամացիք-ը միշտ գրված է լինում շնագլխի վերեւում, որով նա ներկայացնում է ելամացիներին կամ իլամացիներին: Այժմ փորձենք ներկայացնել, թե այս մակագրությունը կրողը ինչու է շնագլուխ ներկայացվում: «Ծննդոց» գրքում ասվում է. «Սեմի որդիներն են Ելամը, Ասուրը, Արփաքսադը, Լուդն ու Արամը» (Ժ 22): Ելամացիները կամ իլամացիները համարվում են սերված այս Ելամից: Ելամացիների մասին Շիրակացին գրում է. «Ընդհանուր Ասիայի երեսունմեկերորդ երկրամասը Ելարմացոց երկիրն է, այսինքն՝ Խուժաստանը»:
Խուժաստանը հայ մատենագրության մեջ ծանոթ է Անհուշ բերդով, եւ որ այս երկրամասն են աքսորվել Վարդանանց շարժման մի շարք մասնակիցներ: Փավստոս Բուզանդը գրում է, որ Արշակը բանտված էր «Անդմըշն բերդում, Խուժաստան երկրում»: Բուզանդը նաեւ գրում է, որ Փառանձեմին սպանելուց եւ Արտագերս ամրոցը գրավելուց հետո «գերիների ամբողջ բազմությանը տարան բնակեցրին մի մասը Ասորեստանում, մյուս մասը՝ Խուժաստան երկրում»։
Նույն ձեւով Վարդանանց ժամանակ Հազկերտը Տիզբոն հասած հայ նախարարներին, որպես սպառնալիք, ասում է, թե ձեր կանանց ու որդիներին Խուժաստան քշել կտամ:
«Հայկազյան բառարանը» գրում է, որ Խուժիկ բառից են ծագում խուժ եւ նմանաբնույթ բառերը, ինչպես օրինակ խուժադուժ, խուժել: Խուժիկ բառի համար էլ ասվում է՝ «Խուժիկ — բնակիչ Խուժաստանի»: «Հայկազյան բառարանի» խուժ-ով սկսվող բառերի ներքո բերված վկայությունները ցույց են տալիս, որ Խուժաստանը հայ մատենագրության մեջ ընկալվել է որպես հեռավոր եւ բարբարոսական մի երկիր:
Խուժադուժ եւ բարբարոս են համարվել նաեւ եթովպացիները, որոնք հոգեգալստյան բյուզանդական պատկերներում ներկայացվում են որպես թուխ եւ բարբարոս: Նույն ձեւով «Հայկազյան բառարանում» է ասվում. «Եթովպացին խուժադուժ մի էր այր բարբարոս»: Անանիա Շիրակացին Եթովպիան Ներքին Եգիպտոս է անվանում։
Անտիկ գեղագիտության չափանիշներով՝ բարբարոսների լեզուն խուժադուժ էր, եւ բարբարոս բառն ինքը ծագել է որպես նրանց իսկ խուժադուժ արտաբերման արտահայտություն:
Նույն ըմբռնմամբ բարբարոսների հաջորդ թերությունը գազանաբարո եւ գազանադեմ լինելն էր, որը սերտորեն կապվում էր նրանց արտաբերման հետ, թե այդ պատճառով դժվար էին խոսում: Այստեղից է գալիս եւ բարբարոսների հեռավոր երկրները շնագլուխների եւ մարդակերների երկիր անվանելը: Անդրեաս եւ Մատթեոս առաքյալների համար եկեղեցական ավանդությամբ եւ պարականոն պատմություններում ասվում է, որ նրանք գնացին բարբարոսների երկիր եւ քարոզեցին մարդակերների շնագլուխ ազգին:
Ընդհանուր քրիստոնեական եւ հայ միջնադարյան գրականությունում տարածված էր Քրիստափոր շնագլխի նահատակության պատմությունը, ով հսկայատիպ մի բարբարոս էր եւ մարդկանց ուսերին դրած՝ գետի մի ափից մյուսն էր անցկացնում:
Հայ գրականության մեջ նա անվանվել է շանագլուխ եւ պատկերվել է նրան նվիրված պատմությունների ձեռագրերի էջերի լուսանցքներում:
Հատկանշական է, որ նրա նահատակությունը կապվում է հենց լեզվախոսության շնորհի հետ, թե նա Աստծուց խնդրում է, որ իրեն հունարեն խոսելու եւ Ավետարանը քարոզելու շնորհ ընձեռվի, քանի որ բարբարոս շանագլխի քարոզությունն առավել ազդու կլինի եւ շատերին դարձի կբերի:
Ահա այսպես, հոգեգալստյան պատկերներում՝ «ժողովուրդների» շարքում, իլամացիները՝ որպես բարբարոս Խուժաստանի բնակիչներ, պատկերվում են շնագլուխ, որոնց եւս հասու դարձավ ավետարանական քարոզչությունը, որով առավել փառավորվեց Աստծո խոսքը:
Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ
Բանասիրական գիտ. թեկնածու

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s