Սկիզբը՝ թիվ 4-10 (2010 Փետ. Բ — Մայ. Բ)

 
Խուլի հեռանալով եւ Կեսարացու՝ ասպարեզը թողնելով՝ պայմաններ ստեղծվեցին Զաքարիա Վանեցու բարձրացման համար։ 1628-ին նրան հաջողվեց տիրել Կ. Պոլսի պատրիարքությանը, որը ճանաչվեց Բարձր դռան կողմից։ Հայտնի էլ չէ, թե Կեսարացին, այնուամենայնիվ, մայրաքաղաք եկա՞վ, թե՞ ոչ, սակայն հայտնի է, որ հեռացել է Կեսարիայի իր առաջնորդությունը՝ բոլորովին չհրաժարվելով Կ. Պոլսի պատրիարքությանը վերատիրելու մտքից։

Այժմ տեսնենք, թե ինչպես էին գործերն Էջմիածնում։ Արդեն Մելքիսեդեկի հեռանալու ժամանակ մահացել էր Ավետիս աթոռակիցը։ Հրապարակի վրա մնում է միայն Սահակ Դ Գառնեցին, այն էլ՝ որպես աթոռակից, քանի որ Դավիթ Դ-ն շարունակում էր մնալ օրինական կաթողիկոս։ Նա պաշտոնապես չէր հրաժարվել կաթողիկոսությունից եւ գահընկեց չէր արվել, չնայած ստիպված էր Էջմիածնի գործերին չխառնվել։ Արդեն Սահակն աթոռակից էր դարձել՝ առանց նրա մասնակցության։ Սահակին հաջողվեց Ամիրգունայի միջնորդությամբ ճանաչվել Շահ-Աբասի կողմից՝ պարտավորվելով վերադարձնել դեռ իր հորեղբայր Մելքիսեդեկի ժամանակներից մնացած պարտքի մնացորդը։ Չնայած շահի հրամանը պատրաստ էր, այն շատ ուշ հասավ Սահակին, որն այն ձեռք ձգեց միայն 1626-ին։ Ուշանալու պատճառը պարսկահայ գաղութի մեծավորների վերաբերմունքն էր, որոնք խոջա Նազարի ղեկավարությամբ չէին ուզում ճանաչել նրա կաթողիկոսությունը։ Ավելին. նրանք հորդորում էին Դավթին, որ շահի մոտ իր իրավունքները պաշտպանի եւ թույլ չտա Սահակի հրաման ստանալը։ Դավիթը հանդիպեց շահին, սակայն Սահակն իր ճարպկությամբ ամեն ինչ խառնեց։ Նա շահից հաստատման հրաման ստացավ, սակայն պարսկահայ գաղութը նրան կաթողիկոս չճանաչեց՝ օրինական կաթողիկոս համարելով Դավթին։ Սակայն նրանից այլեւս ակտիվ գործունեություն չէին սպասում եւ ամբողջ հույսը դրել էին Մովսես Տաթեւացու վրա։

Իսկ Մովսեսը շարունակում էր իր արդյունավետ գործունեությունը Երեւանի Ս. Անանիայի վանքում։ Մի օր՝ 1625 թվին, նա հանդիպում է Բայինդուր անունով մի պալատական բեկի, որը Երեւան էր եկել թագավորի համար տղաներ եւ աղջիկներ հավաքելու։ Երբ վերջինս Ամիրգունա խանի հետ զբոսնելիս է լինում, Մովսեսը յոթական սպիտակ մոմ է նվիրում նրանց։ Բայինդուրը, զարմացած մոմերի ճերմակությունից, ինչի արհեստը Մովսեսը սովորել էր Երուսաղեմում, հայտնում է, որ այդ մոմերը պետք է նվեր տանի շահին։ Ամիրգունան էլ իր յոթ մոմերը տալիս է նրան՝ նույն նպատակի համար։ Մովսեսը յոթ մոմ էլ է ավելացնում։ Բայինդուրը վերադառնալով շահին է ներկայացնում 21 ճերմակ մոմ եւ գովեստով խոսում Մովսես եպիսկոպոսի մասին։ Շահն էլ Ամիրգունային կարգադրում է իր մոտ ուղարկել Մովսես Տաթեւացուն։ Վերջինս գնաց մինչեւ Բաղդադ, որտեղ գտնվում էր շահը։ Աբասը կարգադրեց, որ Սպահանի քաղաքապետ Լալա բեկը Մովսեսին հարմար տեղ հատկացնի եւ երեք աշակերտ տա՝ մոմերը ճեմակացնելու արհեստը սովորեցնելու համար։ Տրվեց նաեւ 100 լիտր մոմ։ Մովսեսին Սպահանում հատկացվեց Թիլիմխանի այգին, եւ նա աշակերտներին սովորեցրեց մինչեւ տարվա վերջը։ Հետո խոջա Նազարի միջնորդությամբ նա Ֆահրաբադի ձմեռոցում ներկայացավ շահին։ Մոմերը տեսնելով՝ շահը շատ ուրախացավ եւ կարգարդեց, որ Մովսեսը մեծ հանդեսով պատրաստի Ֆահրաբադի եկեղեցին Աստվածահայտնության տոնին, որը եղավ 1627 թվի հունվարի 6-ին։ Մովսեսն ամեն ինչ արեց բարձր մակարդակով եւ մարդաչափ երկու սպիտակ մոմ պատրաստեց։ Շահը շատ գոհ մնաց եւ կամեցավ վարձատրել, սակայն խովա Նազարը նրան ակնարկեց, որ Մովսեսին աշխարհիկ ունեցվածքը չի հետաքրքրում։ Եվ միաժամանակ հասկացրեց շահին, որ Մովսեսին նշանակի Սուրբ Էջմիածնի լուսարար։ Իմանալով այդ մասին՝ Սահակը փորձեց խանգարել՝ դիմելով պետական մեծամեծ պաշտոնյաների օգնությանը, սակայն ոչնչի չհասավ։ Նրան ասացին, որ Մովսեսին լուսարար են նշանակել եւ ոչ թե կաթողիկոս։ Հաղթահարելով շատ դժվարություններ՝ Մովսեսը եկավ Երեւան, այնուհետեւ՝ Էջմիածին եւ մեծ պատվով ընդունվեց քրիստոնյաների կողմից։ Նա գործի անցավ Վարդավառի պահոց երկուշաբթի օրը, որը 1627-ի հունիսի 25-ն էր։

Իսկ Էջմիածնն այդ օրերին գտնվում էր ծանր կացության մեջ։ Քարերը տանելուց հետո վանքը կիսավեր վիճակում էր։ Ամենուրեք քարեր էին թափված, վանքի որոշ մասեր քանդվել էին։ Վանքը թռչունների ծերտով էր լցված, սողուններ էին վխտում ամենուր։ Չորս կողմն աղբ էր, հող, մոխիր ու աղյուս։ Եկեղեցում կանթեղ չկար անգամ։ Ոչ՛ գիրք կար, ո՛չ զգեստ, ո՛չ բուրվառ ու խունկ։ Ավանդատունը գրեթե դատարկված էր, քանի որ այն ամենը, ինչ կար, կաթողիկոսները վաճառել կամ գրավ էին դրել։ Վերջին աջերն էլ Մելքիսեդեկն էր գրավ դրել։

Ավերակ էին վանքի շրջակա շենքերը։ Կաթոլիկները Երեւանում էին բնակվում, եւ վանքում միայն մի քանի սեւագլուխ սինլքորներ էին մնացել, որոնք էլ տարվա մեծ մասը շրջում էին գյուղերում։ Մովսես Տաթեւացին անմիջապես գործի անցավ եւ սկսեց վանքը կարգի բերել։ Օգտագործեցին անգամ գետի ջուրը, որը քշում էր կուտակված հողը եւ բացում քարերը, որոնք շարվեցին իրենց տեղերում։ Նորոգեցին գմբեթն ու տանիքը՝ լրացնելով պակասած եւ քանդված սալերը։ Տաճարն ուներ 50 կանգուն երկարություն, 48 կանգուն լայնություն եւ 35 կանգուն բարձրություն։ Դրանից հետո շրջապատող պարիսպ կանգնեցրին տաճարի պատերից դեպի արեւելք եւ արեւմուտք՝ 63 կանգուն, եւ դեպի հյուսիս ու հարավ՝ 56 կանգուն հեռավորության վրա։ Պարիսպների վրա՝ անկյուններում եւ մեջտեղում, 8 աշտարակ կառուցվեց։ Արեւմտակողմում դարպասներ, պաշտոնատուն ու հյուրանոց, իսկ արեւելակողմում միաբանների խցեր կառուցվեցին։ Հարավակողմում շինվեցին սեղանատուն, փռնատուն, տնտեսատուն եւ համբարանոցներ։ Ամեն ինչ կառուցվեց քարով կամ թրծված աղյուսով, կրով ու բռով։

Մովսեսին շատ օգնեցին հայրենասեր հոգեւորականները։ Նրանց մի մասն իր աշակերտներից էին։ Մեծապես օգնեցին հասարակ քրիստոնյաների բերած նպաստները։ Նրանք հավատում էին Մովսեսին ու գիտեին, որ նա աննենգ է եւ մաքուր։ Վերահաստատվեցին եկեղեցական կարգերը եւ կանոնները, գրավ դրված կամ վաճառված սպասքը ետ գնվեց, եւ դպրատուն բացվեց։ Հովհաննավանքում շատ նշանավոր եկեղեցական գործիչներ ուսանեցին, որոնք ցրվելով երկրով մեկ՝ տարածում էին Աստծու խոսքը եւ ամրապնդում Հայոց Եկեղեցու հիմքերը։ Նրանք ամենուր եկեղեցիներ էին կառուցում ու նորոգում։ Երկիրը, մի տեսակ, դուրս էր գալիս երկարտեւ թմբիրից։ Մովսեսի գործունեությունը եղավ շատ օգտաշատ. վանքերում շատացան միաբանները, իսկ գյուղերում՝ վարժ երեցները։ Մովսեսն ընդամենը լուսարար էր, այսինքն՝ փակակալ կամ լուսարարապետ՝ նոր կոչմամբ։ Սակայն իրականում նա անպաշտոն կաթողիկոսություն էր անում։ Օրինական կաթողիկոսը Սպահանում էր, որը ոչնչով չէր զբաղվում։ Նա 90-ամյա զառամյալ ծերունի էր, իսկ Սահակը, որ արքունի հրամանով աթոռակից էր, լոկ զբաղված էր գավառներում փող հավաքելով։ Դրանք երկուսն էլ, ըստ էության, Եկեղեցու հարցերով չէին զբաղվում։ Ժողովուրդն այդ կաթողիկոսներից միայն ձանձրացել էր եւ կամնում էր, որ Մովսեսը հանձն առնի կաթողիկոսությունը։

Շահի հրամանով աթոռակից կաթողիկոս դարձած Սահակ Գառնեցին կարծում էր, որ պետական ղուլերի միջոցով պետք է կարողանա իր հորեղբայր Մելքիսեդեկի պակաս թողած գործը գլուխ բերել։ Փող հավաքելու համար նա շրջում էր Հայաստանում եւ Պարսկաստանում, սակայն իբրեւ կաթողիկոս՝ ընդունելություն չէր գտնում։ Նա աթոռակից էր դարձել հորեղբոր կամքով, որին բոլորն ատում էին։ Ինչ էլ ուժով էր ձեռք բերում, անգամ հետեւորդներին չէր բավարարում, որի հետեւանքով պարտքերը գնալով աճում էին։ Մեկ տարի էլ հուսահատ անցկացրեց Սահակը եւ 1627 թվին Խոյում գտնվելիս որոշեց հորեղբոր պես փախչել օսմանցիների երկիրը։ Այդ ժամանակ նա նամակ ստացավ Երեւանից, թե Թահմազկուլին, որը վարում էր կուսակալությունը, պատրաստ է նրան օգնել։ Նամակը գրել էին Մանվել Խորվիրապեցին, Մկրտիչ Հավուցթառեցին եւ մի քանի այլ անձինք։ Նա շտապ եկավ Երեւան, սակայն ակնկալիքները չարդարացան, եւ Թահմազկուլին իր պահանջներն ավելի խստացրեց, որովհետեւ ապառիկ գումարը հասել էր 800 թումանի։ Տեսնելով, որ խաբվել է, նա որոշեց իր մտադրությունն իրականացնել։ Մոտենում էր 1628 թվի Ծննդյան տոնը։ Սահակը կեղծեց, թե կուսակալը կամենում է մեծահանդես տոն տեսնել, եւ Մովսեսը, որ Երեւանում էր, իբր խնդրել է պետք եղած սպասքը բերել։ Այս պատրվակով նա գնում է Էջմիածին, հետո զգեստը փոխելով՝ բռնում է այլ ճանապարհ։ Զինվորականի հագուստով նա գնում է Նախիջեւան, բայց քաղաք չմտած՝ Դարաշամբ գյուղի մոտ անցնում է Երասխը եւ շարժվում դեպի Չորս, Խոյ եւ Վան։ Այստեղ նա իրեն փրկված է զգում ղուլերից։ Նրա փախուստը եղավ 1627 թվի դեկտեմբերին։ Պետական պաշտոնյաներն սկսեցին Մովսեսին նեղել, թե նա է հրահրել փախուստը։ Բայց սա էլ կարողացավ ցույց տալ, որ ինքը դրանից տեղեկություն անգամ չունի, որ Սահակը խաբել է կուսակալին՝ խոսելով իր անունից։ Դրանով էլ փակվեց Սահակի աթոռակից կաթողիկոսությունը։

Չլինելով կաթողիկոս՝ Մովսեսն աշխատում էր Էջմիածինը դուրս բերել ծանր կացությունից։ Մովսեսը դիմեց խոջա Նազարին, որ նա միջնորդի շահին՝ տարեկան 100 թուման պարտքը վերացնելու համար։ Նա էլ խորհուրդ տվեց մի քիչ սպասել պատեհ ժամանակի, քանի որ շահը շատ արծաթասեր է։ Հենց այդ օրերին՝ 1629 թվի հունվարի 7-ին, Շահ-Աբասը մահացավ Ֆահրաբադում, չնայած այն բանին, որ օտար հեղինակները նրա մահը դնում են 1628 թվին։ Շահ-Աբասը, իր զավակներին կասկածելով, շատերին սպանել էր տվել կամ կուրացրել։ Նրան հաջորդեց Սամ-Միրզա անունով թոռը, որին Սեֆի անունը տրվեց։ Խոջա Նազարը եւ ջուղայեցիները, դրանից օգտվելով, Մովսեսին շտապ հրավիրեցին Սպահան, քանի որ նոր գահակալի առիթով մեծ շնորհներ էին տրվելու նրան։ Նրա համար հարուստ ընծաներ եւ ոսկի դրամներ հավաքեցին, որոնք հանձնվեցին նորընծա շահին եւ կարողացան թագավորական նոմոս (օրենք) ստանալ, որով վերացվեց Էջմիածնի վրա արքունի 100 թուման պարտքը։ Այդ նպատակով ոչ միայն Մովսեսը, այլեւ հայ աշխարհիկ գործիչները ստիպված եղան շատ պաշտոնյաների այցելել եւ նրանց շահագրգռել։ Հաջողվեց ոչ միայն վերացնել 100 թումանի պարտքը, այլեւ հրաման ձեռք բերել՝ Մովսեսի կաթողիկոսության անցնելու համար։ Այդ ժամանակվանից արմատապես փոխվում է Մայր Աթոռի վիճակը։

Շարունակելի

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s