Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` իբրեւ առաքելական եւ ընդհանրական Եկեղեցու անբաժանելի մաս, իր սրբազան պաշտամունքի մեջ հատուկ եւ անկրկնելի տեղ է հատկացրել սրբերին: Ըստ Եկեղեցու հայրերի` սրբերը նրանք են, ովքեր իրենց կյանքի օրինակով, աղոթական վիճակով, արյան վկայությամբ արժանացել են երկնային արքայության անթառամ պսակին: Եկեղեցու եւ հավատացյալների բարեպաշտական հակումների բավարարման լավագույն դրսեւորումը հնուց ի վեր սրբերի միջոցով է եղել: Հարկ է նշել, որ սրբության տարբեր արտահայտությունների, կեցվածքների մեջ անկրկնելի է մարտիրոսությունը, որը քրիստոնեական հավատքի գերագույն դրսեւորումն է։ Հին դարերում, անշուշտ, առավել հաճախ էին արտահայտվում հավատքի եւ քաջության այդ անձնվեր դրսեւորումները։ Իսկ դա մեծապես առնչվում էր քրիստոնեության մերժման եւ հետեւորդների հալածանքների հետ: Այսօր եւս Քրիստոսի Եկեղեցում նրանց թիվը չի պակասել։

Պետք է նշել, որ շատ մեծ կարեւորություն ունի նաեւ սրբոց բարեխոսության վարդապետությունը, որն իր մեջ պարունակում է աստվածաբանական խոր հիմքեր եւ հրավեր է հավատացյալներին, որպեսզի վերջիններս նրանց բարեխոսությամբ դիմեն մեր Փրկչին, նրանց միջնորդական աղոթքով մոտենան Աստծուն, Ով ճանապարհն է, ճշմարտությունը եւ կյանքը, ինչպես ներկայացնում է Հովհաննես ավետարանիչը (Հովհ. ԺԴ 6): Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է ճանաչել Եկեղեցու հերոսներին ու մարտիրոսներին, ովքեր դարերի հոլովույթում նահատակվեցին «վասն հայրենեաց եւ վասն հաւատոյ»: Հարկ է ճանաչել, սիրել, հարգել, դիմել նրանց բարեխոսությանը եւ նրանցով ավելի մոտենալ մեր եւ նրանց գերագույն ու անփոխարինելի օրինակին` Միածին Քրիստոսին։ Սրբերի կյանքի մասին մեր ամենօրյա ընթերցվածքները, բանավոր ու գրավոր ավանդույթները կօգնեն ամուր կապ ապահովել ոչ միայն սրբոց երանավետ դասերի, այլ նաեւ Աստվածաշնչի բացառիկ ճշմարտության հետ, որտեղ մատնանշված է մեր փրկության ուղեցույցը։

 

***

Նշանավոր սրբերից են մեզ հայտնի Ոսկյանց ճգնավորները, որոնց Մաղաքիա արք. Օրմանյանը կոչում է մենավորներ եւ ներկայացնում նրանց գլխատման պատմությունը: Երբ դիտարկում ենք նրանց` Ոսկյանց գործունեության ընթացքը` բաժանելով այն երկու փուլերի, համոզվում ենք, որ սրբերը ոչ միայն սուրբ են իրենց մոր որովայնից սկսած, այլ կարող են դառնալ այդպիսին շատ ավելի ուշ եւ տարբեր հանգամանքներում:

Թեպետ սուղ են Ոսկյանց նահատակության վերաբերյալ մատենագիտական տեղեկությունները, բայց այն, ինչ կա, լիովին համոզում է մեզ, որ նրանց օրինակին հետեւելով՝ կարող ենք դառնալ ճշմարիտ քրիստոնյաներ: Լավագույն տեղեկությունները, թերեւս, ի մի է բերել Մաղաքիա արք. Օրմանյանը, ով իր «Ազգապատում» աշխատության մեջ բովանդակալից կերպով նկարագրում է այս սրբերի կյանքի կարեւոր հանգրվանները։

Անշուշտ, Ա եւ Բ դարերում շատ քրիստոնյաներ էին հալածվում՝ իրենց հավատքի համար։ Այդ հալածանքների ժամանակ կորուստների կողքին եղան նաեւ ձեռքբերումներ. քրիստոնյաների բանակը համալրվեց նորադարձների ահռելի քանակով:

Ոսկյանց մասին առավել գեղարվեստորեն պատմվում է Մ. Ավգերյանի «Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց» գրքում, ըստ որի՝ նրանք սերում էին ազնվական եւ արքունիքի պաշտոնյաների ընտանիքներից, ազգությամբ հռոմեացիներ էին, որոնք առաքվել էին Հայաստան` Սանատրուկ արքայի մոտ։ Նրանք հինգն էին։ Գլխավորի անունն էր Խռուսի կամ Քրյուսի, որ նշանակում է «ոսկի»։ Վերջինիս անունով էլ հենց կոչվեցին Ոսկյանք:

Ոսկյանք կամ Ոսկյանները Թադեոս առաքյալի աշակերտներից էին, որոնք անձնուրաց նվիրվեցին քրիստոնեության նոր ձեւավորվող արմատների ամրապնդման ու տարածման սրբազան գործունեությանը։ Շնորհք արք. Գալուստյանի փոխանցմամբ՝ Ոսկիին քահանա է ձեռնադրում Թադեոս առաքյալը։ Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ Թադեոս առաքյալի նահատակությունից հետո, հալածանքների պատճառով նրանք առանձնանում են Ծաղկանց լեռներում, բայց պարբերաբար քարոզչության են դուրս գալիս եւ հավելում հավատացյալների թիվը, որոնց շարքում էին նաեւ մի խումբ ալան իշխանավորներ եւ ազնվականներ, նաեւ` Սաթենիկ թագուհու ազգականներից շատերը: Կարեւոր էր նաեւ այն հանգամանքը, որ նրանք, ունենալով մեծ հարստություն, վաճառեցին առանց վարանման եւ իրենց նվիրեցին ի Քրիստոս ծառայության պատվաբեր գործին։

Ծաղկանց լեռներում նրանք մնացին ավելի քան քառասուն տարի (այդ լեռները գտնվում են Եփրատի հարավարեւելյան մեծ ճյուղը կազմող Արածանի գետի ակունքների մոտ): Հենց այստեղ էլ նրանք վարեցին խստաբարո կյանք եւ առանձնացան իրենց մշտատեւ աղոթքով ու հրեշտակային վարքով։ Հարկ է նշել, որ երկար տարիներ ճգնելուց հետո նրանք աստվածային տեսիլքով կամ հրամանով առաջնորդվեցին դեպի հայոց արքունիք, ուր տիրում էր հոգեւոր մռայլություն. բացակայում էր աստվածային ճշմարիտ լույսը: Հետաքրքրական է այն փաստը, որ Խռուսին Սաթենիկի մերձավորներից 18 մարդու գիշերով գետափին մկրտեց, փոխեց նրանց անունները, որոնցից առաջինին անվանակոչեց Սուքիաս, ում անունով էլ նորադարձները վերանվանվեցին Սուքիասյանք կամ Սուքիասյաններ: Օրմանյանը նշում է, որ շատերն այս իրողությունը համարում էին մոգության արդյունք եւ իրենց գերագույն նպատակն էր ոչնչացնել նրանց, եթե չհրաժարվեին իրենց «կեղծ ուսմունքից»: Արքունիքում Սուքիասյանց խմբի անդամներին, քարոզչության ժամանակ, որին այս անգամ արդեն ներկա էին նաեւ նորադարձ աշակերտները, պալատական սպասավորներն սկսեցին հալածել եւ ենթարկել չարչարանքների ու տանջանքների: Երանելիներն այս ամենին դիմանում էին հեշտությամբ, քանի որ իրենց վրա զգում էին Աստծու անտեսանելի Աջի տեսանելի զորությունը: Այս փորձությունների պատճառով էր, որ Սուքիասյանք ստիպված հեռացան եւ գնացին ճգնավորության` օրըստօրե հավելելով իրենց մեջ կուտակված հավատքի լույսը: Քրիստոնեության լայն տարածման լուրը ծանր ազդեցություն թողեց թագուհու զավակների` Վնույնի եւ Վրույնի վրա, որոնք մինչեւ իսկ փորձեցին բռնի ուժ գործադրելով՝ Ոսկիին եւ նրա հավատարիմ ընկերներին վերադարձնել իրենց նախնյաց հավատին՝ հեթանոսությանը: Ոսկյանները ստիպված էին քաշվել իրենց մենարանները: Պետք է նշել, որ այս հարցում շատ կարեւոր էր նրանց աշակերտների` Սուքիասյանների ճիշտ կողմնորոշումը. նրան գնացին եւ միացան իրենց ուսուցիչներին՝ նրանց հետ վարելով ճգնավորական կյանք։

Արքունիքում ավելի բորբոքվեց ատելության հուրը՝ ընդդեմ Սուքիասյանց խմբի եւ հատկապես սբ Ոսկի քահանայի դեմ: Եվ դա շատ տրամաբանական էր, որովհետեւ որքան էլ փորձեցին, սակայն չկարողացան նրանց շեղել իրենց հավատքից ու քարոզչությունից: Այս պայմաններում Ոսկյանց խումբը շատ լավ հասկանում էր, որ իրենց առաքելությունը պետք է մի օր ավարտվեր. նրանք վաղ թե ուշ պիտի ընդունեին նահատակության պսակը, որով էլ պիտի սկիզբ առներ շատերի դարձը, քանզի իրենց նահատակությամբ ճշմարտապես հավաստվելու էր այն իրողությունը, որ հայտնություն էին ստացել եւ ոգեկոչվել սբ Թադեոսի կողմից՝ որպես քրիստոնեության նվիրյալներ եւ անմնացորդ ու հավատարիմ հետեւորդներ:

Բնականաբար, վերոհիշյալ նորադարձներից շատերն արքունիքի հետ կապեր ունեին։ Նրանք հալածողների ազգականներն էին, ուստի նրանց հանդեպ կտտանքներն ավելի մեղմ էին, քան Ոսկյանց խմբի քաջակորով սրբերի կամ ճգնակյացների, որոնք իրենց խստաբեր կյանքով լավագույն օրինակ էին նորադարձ ալան քրիստոնյաների համար։ Ոսկյանները «ստիպում» էին նրանց հոգեւոր մանուկներից վերածվելու ոչ միայն հոգեւոր ծերերի, այլեւ այդ ծերության ձեռք բերած իմաստությունը հավատացյալներին բաշխելու, նրանց աստվածատուր շնորհին արժանացնելու:

Իսկ ինչ վերաբերում է նրանց մարտիրոսվելու պահին, տեսարանին կամ նկարագրությանը, ապա չենք կարող չանդրադառնալ որոշակի մանրամասների, որոնք, անշուշտ, գեղարվեստորեն եւ մատուցման յուրօրինակությամբ համեմում են վերջիններիս մարտիրոսության կամ նահատակության արժեւորումը: Օրմանյանը ներկայացնում է, որ արքայազունները, չհասնելով իրենց նպատակին, հետապնդում են Ոսկի քահանային եւ իր չորս գործակիցներին (ցավոք, այս չորս ճգնավորների անունները հայտնի չեն՝ աղբյուրագիտական տեղեկությունների չափազանց քիչ լինելու պատճառով), մինչ սրանք հասնում են Ծաղկանց լեռները` Ոսկյանց մենարանները, ուր նրանք ճգնում են եւ այստեղ էլ հենց գլխատվելով նահատակվում։ Այդ տեսարանն ավելի ազդեցիկ մոտիվներով է ներկայացված «Լիակատար»-ում. «Երբ սբ Ոսկին իր ընկերների հետ գնում էր դեպի իրենց ճգնավայրը կամ ճգնարանը եւ դեռ չէր հասել սենյակի դռանը, դահիճները, վրա հասնելով, սրախողխող արեցին նրանց իրենց փոքրիկ ճգնավայրերի մոտ` սուսերով կտրելով վերջիններիս գլուխները… Իսկ երբ նրանց աշակերտները` Սուքիասյանք, տեսան այս եղեռնագործությունը, լացուկոծ արին եւ արցունքներով ու սաղմոսներով ամփոփեցին նրանց մասունքները` առանձնանալով Ջրաբաշխ լեռան փապարներում, որտեղ որոշ ժամանակ ճգնելուց հետո նրանք նույնպես նահատակվեցին»:

Ոսկյանց նահատակության մասին խոսելիս չենք կարող ժխտել այն պարզորոշ իրողությունը, որ վերջիններս իրենց վկայության ողջ ընթացքում հավատարիմ մնացին Աստվածորդու մարդեղության սրբազան խորհրդին: Պետք է նշել, որ այս սրբերի մասին մեր տեղեկությունները հիմնականում ազգային ավանդության ծնունդ են եւ ենթակա են լուրջ ուսումնասիրությունների:

Նարեկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Գեւորգյան հոգեւոր ճեմարանի Ա լսարանի սան

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s