1990 թ. նոյեմբերի 30-ին ԳԱԱ Գրականության ինստիտուտի դահլիճում Արշալույս Ղազինյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունն էր: Ցրտից նստել էինք վերարկուով ու գլխարկով: Չկար էլեկտրական հոսանք, ո՜ւր մնաց, թե ջեռուցում լիներ: Արցախում Շուշիի բարձունքից Ադրբեջանի վարձկանները օր ու գիշեր հրթիռակոծում էին ցածում ծվարած Ստեփանակերտը: Իսկ այստեղ սառցակալած պատուհաններից դրսի լույսը գրեթե չէր թափանցում: Եվ Արշալույսը մոմերի լույսի տակ կարդում էր իր ամփոփիչ խոսքը Գրիգոր Նարեկացու բանաստեղծական արվեստի մասին:

Երեւի այդպես էլ ինքը` Նարեկացին էր հազար տարի առաջ Նարեկա վանքի խցում մոմի լուսով գրել իր անմահ «Մատյան ողբերգության»-ը: Բայց, ի հեճուկս դահլիճում տիրող կիսախավարի, այդ օրը բեմից Արշալույսի ամենից շատ արտասանած բառն էր «լույսը»:

Քսան տարի շարունակ Արշալույս Ղազինյանը եւ Պողոս Խաչատրյանը համատեղ, Մաշտոցի Մատենադարանում, Երուսաղեմում, Վենետիկում, Վատիկանում պահվող 61 ձեռագրեր խմբավորելով ու մանրակրկիտ համեմատելով, կազմեցին Գր. Նարեկացու Մատյանի քննական բնագիրը` ձեռագրական շուրջ 5000 տարընթերցվածներով, հարյուրավոր մեկնաբանումներով եւ սուրբգրային վկայություններով: Հաճախ էին վիճել տարընթերցումների շուրջ, ժամեր ու գիշերներ անցրել նարեկացիական հազվագյուտ բառերի ու նորաբանությունների իմաստը կռահելու վրա: Այդպես ապրել էին ավելի քան քսան տարի` հաճախ նաեւ ընտանեկան հոգսերին ու կյանքի բերկրանքներին անհաղորդ:

Մ. Աբեղյանը, որ Ս. Հարությունյանի աշխատակցությամբ կազմել էր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ի քննական բնագիրը, առաջաբանում նշում է, թե այս քննական հրատարակության արժեքն էջատակի ծանոթագրությունների մեջ է: Նույնը կարելի է ասել Նարեկացու Մատյանի քննական բնագրի մասին: Ինչպիսի՜ խնամքով են Արշալույսն ու Պողոսը յուրաքանչյուր էջի ծանոթագրության մեջ վերծանել ու վերականգնել ձեռագրերում եղած անընթեռնելի բառը կամ կապակցությունը: Ինչպիսի՜ երկյուղածությամբ են լրացրել որեւէ ձեռագրում եղած բացթողումը:

Դոկտորական ատենախոսության թեման հաջորդ տարիներին վերաճեց ծանրակշիռ մենագրության, որը 1995 թ. լույս տեսավ Անթիլիասում (Լիբանան)՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս երջանկահիշատակ Գարեգին Բ-ի` ապագա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի հովանու ներքո: Իրեն հատուկ համեստությամբ Ա. Ղազինյանը «Գրիգոր Նարեկացի` բանաստեղծական արվեստը» գիրքը համարում է ընդամենը մի քայլ` «Նարեկացու ստեղծագործության էությանը մոտենալու, նրա խորքերի ու գաղտնիքների մեջ թափանցելու եւ լուսաբանելու ճանապարհին»: Եվ գիրքն ավարտում է միջնադարի հայ մեծագույն բանաստեղծի իմաստուն խոսքով. «Միշտ ուսանիմ եւ երբեք ի գիտութիւն ճշմարտութեան ոչ հասանեմ»:

 

Իսկ Պողոս Խաչատրյանի «Նարեկի միջնադարյան լուծմունքը» (Երեւան, 1990) եւ «Գր. Նարեկացին եւ հայ միջնադարը» (գիրք Ա, էջմիածին, 1996) գրքերը մեծն Նարեկացուն ըստ էության մեկնաբանելու եւ արժեւորելու փայլուն վկայություններ են։

1996-ի նոյեմբերի 1-ին, երբ ես եւս պաշտպանում էի դոկտորական ատենախոսություն` «5-րդ դարի հայ մատենագրության ժամանակագրական խնդիրներ» թեմայով, երեք ընդդիմախոսներից մեկը` դոկտոր Գեւորգ Աբգարյանը, ծանր հիվանդ էր եւ խնդրեց, որ իր խոսքը կարդա միայն Արշալույս Ղազինյանը: Եվ քանի որ ամբողջ պաշտպանության ընթացքը ձայնագրվում էր ժապավենի վրա, ուստի իմ ձայնադարանում պաշտոնական ընդդիմախոսներ ԳԱԱ փոխնախագահ Գագիկ Սարգսյանի եւ դոկտոր Պողոս Խաչատրյանի ձայների հետ միասին Գեւորգ Աբգարյանի արժեքավոր կարծիքը մնացել է իմ գործընկեր Արշալույս Ղազինյանի ձայնով, որ առնվազն երկու խորհուրդ ունի` որքա՜ն բարձր էր գնահատում դոկտոր Աբգարյանն Արշալույս Ղազինյան գիտնականին եւ հայ հին մատենագրության քաջահմուտ գիտակին, եւ ապա` Արշալույսն իր խոսքի ամեն մի շեշտադրման մեջ արտահայտել է եւ իր անձնական գնահատանքը պաշտպանության ներկայացված գործի նկատմամբ, որի մեջ քննարկվում էին բազմաթիվ վիճահարույց հարցեր: Ինքը` Արշալույսը, պաշտպանությունից հետո իր ցանկությամբ առանձին կարծիք ներկայացրեց Բարձրագույն որակավորման հանձնաժողովին` պաշտպանելով իմ ատենախոսության մեջ առաջ քաշված լուծումները, որոնք մինչ այդ շատ թերեւդեմ կածիքների տեղիք էին տվել:

2003-ին, երբ նշվում էր Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» քերթվածի գրության հազարամյակը, այդ բանաստեղծական գլուխգործոցի քննական բնագրի երկու վաստակավորներ Արշալույս Ղազինյանը եւ Պողոս Խաչատրյանը, ցավոք, անսպասելի հեռացել էին կյանքից: Շատերը մասնակցեցին Երեւանում, Փարիզում եւ այլուր տեղի ունեցած հոբելյաններին, բայց ամենաերախտավոր նվիրյալները բացակա էին: Զարմանալի է արվեստագետ-գիտնականի ճակատագիրը…

2003-ի սեպտեմբերի վերջին Ծաղկաձորում կազմակերպվեց հոբելյանական նստաշրջան` նվիրված Նարեկացու Մատյանի հազարամյակին: Ներկա էին շատ մասնակիցներ նաեւ արտերկրից: Իմ ելույթի թեման էր Գրիգոր Նարեկացու «Հարության տաղ»-ի նոր մեկնությունը: Սեպտեմբերի 25-ին, հանդես գալով եզրափակիչ նիստում, ես խոստացա զեկուցումս շուտով հրապարակել գիտական մամուլում եւ դրա փոխարեն խնդրեցի թույլ տալ կարդալ իմ բանաստեղծությունը` նվիրված իմ գործընկերներ Արշալույս Ղազինյանին եւ Պողոս Խաչատրյանին, որպեսզի նրանք նույնպես ներկա լինեն Նարեկացու Մատյանի հազարամյա հոբելյանին.

                Անհուն տքնող ոգու համար

Կա վեհ մի պահ աստեղային,

Եվ այն խցում կիսախավար

Կարծես վերից լույս տեղային:

 

Կարծես խուց չէր, այլ սուրբ տաճար,

Ուր ոգեշունչ Նարեկացին

Ոգում էր իր տողերն անճառ՝

Աչքը հառած նոր քերթվածին:

 

Նրա առջեւ՝  փուտ սեղանին,

Մատյանն էր այն՝ լույսի Կտակ,

Որ հայն, ինչպես սպեղանին,

Պիտի պահեր իր գլխի տակ:

 

Հայը արդեն հազար տարի

Չի՛ բաժանվում իր Նարեկից`

Այն, որ հայի թե օտարի

Ցավին, վշտին էր կարեկից:

 

Նա հիվանդից չարը վանող,

Ու չար աչքի փուշը հանող,

Լույս էր տալիս նա կույր աչքին,

Հալածիչ էր դեւ ու քաջքին:

 

Իբրեւ բժիշկ ապաքինող

Վանում էր ախտն ապականող.

Տկար հոգուն նա ամոքիչ,

Երբ չարն էր շատ ու գութը քիչ:

 

Արդեն եղավ ճիշտ տասը դար`

Խցում, հյուղում, թե քարայրում

Գրիչները հմուտ, ճարտար

Նարեկներ են արտագրում:

 

Արտագրում, ծաղկում են պերճ,

Ու տարածում երկրում անվերջ

Ինչքան ողբն էր ավելանում,

Այնքան Նարեկն էր բազմանում:

(         (         (

Երկու ներհուն նվիրյալներ

Ոսկեդարյան գրաբարի,

Որ ունեին վեհ իդեալներ

Եվ պաշտամունք գաղափարի.

Կարող էին մեկնել անգամ

Դավիթ Անհաղթ, Կանտ ու Հեգել,

Բայց միտք դրին հոժարակամ

Նարեկը սուրբ տառ-տառ հեգել:

 

Նվիրեցին այս մատյանին

Ամեն մեկը քսան տարի-­

Ի՜նչ տարիներ ու ի՜նչ տարիք

Կյանքի, սիրո, նվիրումի:

Ու զրկեցին իրենց տարով

Զվարճանքից հազար ու մի:

 

Գիտեն հոգով բանասերի

Հայոց բառուբանը սիրել,

Ու տքնությամբ անասելի

Գիտեն քննել, բանասիրել,

Որ դասական գրաբարով

Ասում էին «սիրաբանել».

Կարող էին – մարդ ես, էլի,

Հենց իսկապես սիրաբանել,-

Կյանքում դեռ կան, իրավ, բաներ,

Որ լոկ մտքով չես հասկանա,

Չէ՜, լոկ մտքով ու կամ խելքով

Չե ՛ս հասկանա խենթացողին.

Չե ՛ս իմանա,

Թե ինչ մուտքով ու կամ ելքով

Քեզ կտանի,

Ու՞ր կհանի

Կյանքի անհայտ ընթացուղին:

 

Այսպես ահա ողջ կյանքը մեր

Գժվելու չափ պարզ է ու բարդ,

Եվ չգիտես ինչի՞ց է  մարդ

Նվաստանում, հերոսանում.

Ո՞նց է ծառը դալարազարդ

Պտղաբերում կամ գոսանում.

Երկուսն էլ դեռ երիտասարդ՝

Արշալույս ու Պողոս անուն,

Երկու ներհուն նվիրյալներ

Գրաբարի, գաղափարի.

Վաթսուն անգամ բաղդատեցին

Մտասեւեռ տառը տառի…

Խոնարհվեցին սուրբ Նարեկին

Ցայգ ու ցերեկ, քսան տարի

Թափանցեցին գաղտ, անմեկին

Ծածուկները ամեն տարրի:

 

Ոչ թե կարդում, այլ հեգելով

Փնտրում էին բառերը եղծ,

Հաճախ իրար իսկ հերքելով`

Բացահայտում իմաստը կեղծ:

 

Նարեկացու համար վիճում,

Նրա համար իրար զիջում,

Քաղհանեցին ածու-ածու

Քերթվածը ճոխ Նարեկացու:

 

Տաղ մեկնեցին, կշռույթ ու վանկ.

Ամեն տոնի` լոկ մտովի,

Ուխտ գնացին Նարեկավանք`

Մոտիկ բլրին Վանա ծովի:

 

Այնտեղ Նարեկ վանքն է ավեր,

Կողքին` մզկիթն անկարեկից.

Այս Ողբը մեծ, լա՛ճ տնավեր,

Մեզ լոկ մնաց շեն Նարեկից:

 

Ողբը այստեղ, վանքը այնտեղ-

Քիչ է մնում ոռնաս ցավից-

Նզո՜վք չարին այն արնահեղ,

Որ մեզ զրկեց Վանա ծովից…

   

Վաթսուն անգամ բաղդատեցին բառը բառի

Ու սրբեցին դարեր նստած փառը բառի.

Նղնղեցին ցորյանի պես հատիկ-հատիկ

Բառեր, բառեր բազմախորհուրդ, բազմապատիկ,

Վերծանեցին մտքեր եղծված, մտքեր հերձված`

Աղոտ մոմի աղոտ լույսով թյուրընթերցված:

 

Գիր հեգելով գիրկապ արին,

Ինչպես խոնարհ զույգ աշակերտ,

Ու նոր փայլով փայլեցըրին

Մատյանը այս հրաշակերտ:

  

Մատյա՜ն չէ սա Ողբերգության,

Այլ հատուցման ու ցասումի,

Աշխարհացունց Նոր հայտնության՝

Դատաստանի, բացասումի:

 

Պիտի լինի աշխարհանցում

Ու կբացվեն հուսո դռներ.

Լինի ատյան ու հատուցում,

Տուն գան սրբեր, վանքեր, լեռներ։

 

Արդարությու՜ն է լինելու,

Բայց ոչ անբան հորանջողի,

Հարմարվողի համար հլու,

Այլ անձնուրաց մարտնչողի:

 

Կճառագի լույս անպատում

Նոր աշխարհի լուսաբացին,-

Այսպե՛ս է իր լույսն ավետում

Քերթողամեծ Նարեկացին։

 

Ալբերտ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s