Սկիզբը՝ թիվ 4-11 (2010 Փետ. Բ — Հունիս Ա)

Այս ամբողջ շարադրանքի ընթացքում շեշտը դրված էր Մայր Աթոռի եւ Կ. Պոլսի պատրիարքության վրա, եւ մյուս աթոռները, մի տեսակ, դուրս մնացին ուշադրությունից։ Աղթամարի կաթողիկոս Գրիգորիս Սեֆեդինյանը, որ 62 տարի կաթողիկոսեց, մահացավ 1610 թվին։ Նրան հաջորդեցին Աբրահամը, Հովհաննեսը, Ներսեսը եւ Ստեփանոսը։ Սակայն, մյուս կողմից, Խիզանում գրված մի հիշատակարան Գրիգորիսին կաթողիկոս է հիշում 1626 թվին, ինչն իրար է խառնում ժամանակագրությունը։ Այդ հարցի քննությունը թողնելով ուրիշներին՝ նշենք, որ Աղթամարի կաթողիկոսության վիճակը բարգավաճ չէր։

Նշանավոր վարդապետներից հիշվում են Սիմեոն Ապարանցին, Կարապետ Վարագցին, Հովհաննես Խիզանցին, Հովհաննես Կրճոնը, Սահակ Վանեցին եւ ուրիշներ։ Դրանցից առաջինը եւ Սահակ Վանեցին աշակերտներ էլ ունեցան։ Դրանցից էին Մելքիսեդեկ Վժանեցին, որին Մովսեսը հրավիրեց ուսուցանելու Հովհաննավանքի դպրատանը։ Վարդապետները գործում էին, բայց Աղթամարի աթոռը գտնվում էր անշուք կացության մեջ։ Աղթամարի վիճակներից էին Պողոս Մոկացի եւ Ներսես Մոկացի վարդապետները, որոնք արգասաբեր գործունեություն ծավալեցին Էջմիածնի թեմերում։ Սյունիքից Հովհաննես Ծարեցի վարդապետը մեծ համբավ ձեռք բերեց։ Նա մահացավ 1583 թվի հունիսի 20-ին։ Հարկ է վերհիշել նաեւ Հայաստանի նշանավոր վարդապետներից Սրապիոն Եդեսացուն, Սրապիոն Օձտեղացուն, Սարգիս Պարոնտերին եւ Կիրակոս Պոնտացուն, որոնց մասին մենք արդեն վերը խոսել ենք։

Իր ամփոփ կյանքով էր ապրում Երուսաղեմի պատրիարքությունը։ Այստեղ 32 տարի աթոռակալեց Գրիգոր Պարոնտերը, որն իր արդյունավետ գործունեությամբ աչքի ընկավ Երուսաղեմում 1613 թվականից։ Ժամանակին Գրիգոր Կեսարացին նկատել էր նրա մեծ կարողությունները եւ դեռ աբեղա՝ նրան դարձրել էր մատակարար։ Պարոնտերն իր գործունեությամբ պայծառ հիշատակ թողեց։ Նրա անունը միշտ հիշվում է պատարագի ժամանակ՝ գոհության քարոզում։ Երուսաղեմի ունեցվածքը եւ սրբատեղիները միշտ վեճերի առարկա են դարձել թե՛ մահմեդականների եւ թե՛ քրիստոնյաների կողմից։ Վիճաբանության հարց են դարձել Սբ Հակոբյանց վանքը, ծննդյան այրը, համբարձման տեղը, պատանատեղի մոմերը եւ այլն։ Հայկական վանքերի կառուցումը կամ նորոգումը նույնպես մեծ վեճերի դուռ են բացել։ Պարոնտերը կարողացել է դրանք լուծել, վանքի պարտքերը փակել, եկեղեցական գույքը ճոխացնել, վանքը պայծառացնել, կարող վարդապետներին բարձրացնել, միաբանների թիվը մեծացնել։ Նշանավոր վարդապետ էր Կարապետ Մոկացին, որը նրա կատարյալ աջակիցն էր։ Նրան հաջորդեց Աստվածատուր Տարոնեցին, որը նույնպես լավ հիշատակ թողեց։ Իա մահացավ 1645 թվին։ Գրիգորն իր նպաստն է բերել Պալաթի եկեղեցու կառուցմանը, սակայն դա չի ապացուցվում այլ տեղեկություններով։ Ըստ երեւույթին, ոչ թե նա էր, այլ Գրիգոր Դարանաղեցին։ Գրիգոր Պարոնտերն իրերի բերումով հաճախ այցելել է սուլթանության մայրաքաղաք եւ ձեռք բերել արքունի հրովարտակներ եւ այլեւայլ արտոնություններ։ Չի բացառվում, որ նա անձամբ Կ. Պոլիս չի էլ եկել, եւ հրովարտակները նրա համար ձեռք է բերել նրա բարեկամ Գրիգոր Կեսարացին։

Նշված ժամանակներում նոր վկաներ հայտնվեցին։ 18 տարեկան Լույս անունով կաֆացի մի ազնվական երիտասարդ, որին Պարոնլույս կամ Լուսպարոն էին կոչում, մահմեդականների կողմից զրպարտվում է, թե իբր իսլամացել է Կեզլով քաղաքում եւ հետո կրկին վերադարձել քրիստոնեության գիրկը։ Նրան դատի են տալիս 1567 թվի հունվարի 5-ին, սակայն դատավորը, տեսնելով զրպարտությունը, նրան ազատ է արձակում։ Բայց քաղաքի իշխանի կարգադրությամբ նա կրկին ձերբակալվում է, ենթարկվում խոշտանգումների, եւ 4 ամիս շարունակ փորձում են նրան իսլամացնել։ Ծնողները նրան փրկելու համար կաշառք են տալիս դատավորին ու իշխանին եւ անգամ դիմում Կ. Պոլիս։ Լույսը չի հրաժարվում իր հավատից եւ 1567 թվի մայիսին գլխատվում է։

Մեզ հուզող ժամանակներում Միջագետքի Թլկուրան ավանում դատավոր էր Մեհմեդ անունով մեկը, որը մեծ տուրքեր էր սահմանել քրիստոնյաների համար։ Քրիստոնյաները կարողանում են հրաման ստանալ թուրք զորավարից՝ ուղղված դատավորին, որ նա օրինական տուրքից ավելի չգանձի։ Մեհմեդն էլ դիմում է Դիարբեքիրի դատավորին, որ ստանա նրա օժանդակությունը։ Թլկուրանի գլխավորներն էլ են գալիս Դիարբեքիր, եւ Մեհմեդը հուսահատված դիմում է զրպարտության։ Նա, երկու կեղծ վկա գտնելով, մեղադրում է նրանց, թե նրանք իրենց մեծերին ու դատաստանը հայհոյեցին։ Հրաման է ստացվում անմիջապես ձերբակալել Թլկուրանի տանուտերերին։ Ցասումը հիմնականում նրանցից երկուսի՝ Մարգարե սարկավագի եւ Շահրիման գյուղավագի դեմ էր։ Այս երկուսին ստիպում են ուրանալ հավատը, իսկ սրանք հրաժարվում են՝ պատրաստ լինելով նահատակության։ Մյուս օրը տանում են նրանց նահատակության վայրը եւ նավթով այրում։ Դա եղավ 1580 թվի սեպտեմբերի 6-ին։

1592 թվին Կարինում նահատակվում է նաեւ Հովհաննես Դարանաղեցի եպիսկոպոսը։ Սակայն նահատակության մասին մանրամասներ չեն պահպանվել։ Նահատակվել են Աբրահամ Ուռհայեցի քահանան եւ Սքանդար կամ Ալեքսանդր Ուռհայեցի տանուտերը, որոնք գլխատվել են 1600 թվի հունվարի 22-ին Եդեսիայում՝ ջալալիների առաջնորդներից մեկի՝ Ղարա Յազըջիի հրամանով։

Շահ-Աբասի հետ կապված՝ պատմվում է, որ նա ծպտյալ 1620-ին պտտում է Փարիա եւ Բուրվարի գավառներում՝ կամենալով իմանալ, թե ինչ են մտածում հայ գաղթականներն իր մասին։ Այստեղ նա մի հայ կնոջից գանգատ է լսում իր դեմ՝ իրենց հայրենիքից դուրս հանելու համար։ Ավետիս քահանային իսլամանալու առաջարկ է անում, սակայն կոշտ պատասխան է ստանում։ Նա խիստ զայրանում է եւ կարգադրում քահանայի գլխին կացնով հարվածել եւ անզգա վիճակում թլփատել։ Նույնիսկ հրաման է տալիս  այդ գավառի բոլոր հայերին իսլամացնել ու թլփատել։ Հայերը ցրվում են շրջակա լեռները, իսկ մի մասն ստիպված իսլամանում է։ Շատերին թլփատում են խոշտանգելով եւ ծեծելով։ Նույն վիճակին է ենթարկվում Փահրան գյուղի տանուտեր Նուրիջանը, որը փորձել էր խանգարել գյուղի իսլամացումը։ Շահին ասում են, որ հրամանը կատարված է, եւ նա լրաբերներին 40-ական ոչխար է տալիս եւ մարդիկ ուղարկում, որ հայերին իսլամ կրոնը սովորեցնեն։ Սակայն հայերը չեն ենթարկվում եւ անգամ մի քանի մոլլա են սպանում։ Այս շփոթ վիճակը տեւում է 2 տարի, որը խիստ հուզում է Փարիայի Խոյիկյան գյուղի բնակիչ Գրիգորին, որը Վայոց ձորի Արփա գյուղից էր՝ հաղթահասակ մի մարդ՝ հավատի մեջ հաստատուն։ Նա որոշում է վերջ դնել այս կացությանը եւ տարբեր գյուղերից վերցնելով 7 մարդ՝ գնում է Սպահան։ Նա դիմում է ամեն միջոցի։ Կաշառում է պաշտոնյաներին, աղերսագրեր է ուղարկում շահին եւ ի վերջո շահից հրաման ստանում, որ Փարիայի եւ Բուրվարիի հայերը համարձակորեն պաշտեն իրենց կրոնը։ Նա կարողանում է հավաքել 1000 թուման եւ վճարել այն տուգանքը, որ պահանջել էր Շահ-Աբասը՝ իր շնորհի համար։ Այդ գումարը վճարեցին, եւ երկու գավառի հայերը հայտնվեցին կարի աղքատության մեջ։ Գրիգորի հաջողությունը շարժեց պարսիկների թշնամությունը։ Նրանք Գրիգորի պարտեզ նետեցին իրենց կողմից սպանված մի մահմեդականի դին եւ սպանության մեջ մեղադրեցին նրան։ Ազատվելու համար պայման դրվեց մահմեդականություն ընդունելը։ Նա հաստատակամորեն մերժեց եւ գլխատվելով նահատակվեց։ Դա մոտավորապես տեղի ունեցավ 1622 թվին։

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s