«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ»

զրուցաշար

  ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ

 Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

 
— Տե՛ր հայր, զրուցաշարի ընթացքում Դուք տարբեր առիթներով օգտագործեցիք
«տիեզերական ընտանիք» արտահայտությունը։ Փորձենք պարզել՝ ի՞նչ ասել է տիեզերական ընտանիք։

—  «Տիեզերական» եզրն ինքնին ենթադրում է, որ ամբողջ տիեզերքն է մասնակցում տվյալ ընտանիքի կայացմանը, իսկ ավելի պարզ՝ բոլոր նրանք, ովքեր արժանանում են տիեզերքի Արարչի ողորմությանը, շնորհին ու փրկագործությանը։ Տիեզերական ընտանիքը Քրիստոսով ու Նրա Եկեղեցիով, նույնն է թե՝ Ճշմարությամբ ու Արդարությամբ միավորված, մեկ դարձած մարդկային հավաքականությունն է։ Այս միտքը քանիցս շեշտվել է թե՛ Հին եւ թե՛ Նոր ուխտի գրքերում։ «Երգ երգոցը» դրա վառ արտահայտություններից մեկն է՝ Քրիստոս-փեսայի եւ Եկեղեցի-հարսի սրբազան միությունը։ Նույնը նկատի ուներ Հովհաննես Մկրտիչը, ով Փեսային իրեն բարեկամ ունենալու կատարյալ ուրախությամբ վկայեց. «Ով հարս ունի, նա՛ է փեսան… Պետք է, որ Նա մեծանա, իսկ ես՝ նվազեմ» (Հովհ. Գ 29-30)։

Այդպես էլ եղավ. Քրիստոսի խաչելությամբ եւ հրաշափառ հարությամբ բացվեց նոր ժամանակաշրջան, բացվեց երկնային թագավորության դուռը, եւ խաչն էր այդ բանալին, որով բացվեց։ Եվ Քրիստոս-Փեսային սրբազան միությամբ միավորելու ընդառաջ ելավ Համաշխարհային Եկեղեցին՝ Աստվածորդու արյամբ փրկագնված Եկեղեցին, եւ հենց այս միությունն էր, որ դարձավ տիեզերական ընտանիք։ Ուրեմն յուրաքանչյուր մկրտություն մի տեսակ լրումն է այս ընտանիքի, եւ հարկ է, որ յուրաքանչյուր չափահաս մկրտվող խորապես գիտակցի՝ ինչպիսի մեծ շնորհ ստացավ, միաժամանակ ինչպիսի պատասխանատվություն ստանձնեց՝ դառնալով տիեզերական ընտանիքի անդամ, այսինքն՝ քրիստոնյա։

— Հետեւաբար նրանք, ովքեր դեռ մկրտված չեն, զրկվա՞ծ են տիեզերական ընտանիքի անդամակցությունից։

 

— Բնականաբա՛ր։ Որովհետեւ մկրտությունը, որ վերստին ծննդյան խորհուրդն է, հաստատեց Ինքն անձամբ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը։  Եվ այն անձինք, ովքեր վերստին չեն ծնվել մկրտությամբ, այսինքն՝ հոգեւոր ծնունդով, ուրեմն ծնված չեն Աստծու առջեւ, հետեւաբար չեն կարող մտնել երկնքի թագավորություն, ինչպես որ Հիսուսն ասաց Նիկոդեմոսին. «Որովհետեւ մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի» (Հովհ. Գ 6)։ Իսկ հոգեւոր ծնունդը միայն մկրտությամբ կարողէ լինել՝ «ջրից ու Հոգուց», որով Եկեղեցին մարդուն արժանացնում է փրկության բուն առանցքին՝ Տիրոջ խաչին, թաղմանը եւ հրաշափառ հարությանը։ Եվ վերստին ծնված մարդու մեջ, դրոշմի սրբազան խորհրդով, Աստծու Սուրբ Հոգին է հանգչում, եւ օծության սուրբ յուղով կնքված մարդն այդուհետ դառնում է Քրիստոսի տիեզերական Եկեղեցու անդամ, այսինքն՝ լիարժեք քրիստոնյա։ Մեզ՝ հայերիս համար այս ամենն ընկալելն ու հասկանալը շատ հեշտ է, որովհետեւ մենք ունեցել ենք հավատավոր ու բարեպաշտ նախնիներ, ովքեր չեն էլ պատկերացրել առանց կնունքի հայ մարդու. «մարմնից ծնված» երեխային քառասունքի մեջ արդեն արժանացրել են հոգեւոր ծննդյան։

— Դրախտի ընտանիքը նույնպե՞ս ինչ-որ առումով տիեզերական ընտանիք էր։ Նկատի ունեմ մեր նախածնողներին։

 

— Ինչ-որ առումով՝ այո՛։ Բայց կան նաեւ լուրջ տարբերություններ։ Դրանցից ամենաէականն այն է, որ Ադամի եւ Եվայի ընտանիքը, ըստ էության, քայքայվեց. մեր նախածնողները մեղանչելով դարձան մահկանացու եւ ծնունդ տվեցին մահկանացու սերունդների, իրենք տառապանք վաստակեցին, ինչը փոխանցեցին բոլոր սերունդներին։ Մինչդեռ Քրիստոսի տիեզերական ընտանիքն այլեւս քայքայման ենթակա չէ, քանզի գնված է Աստծու Որդու զոհագործությամբ եւ սրբազան արյամբ։ Եվ եթե անգամ սատանան կարողանա Մարտնչող Եկեղեցու որոշ անդամների խաբեությամբ խլել, ի՞նչ կարող է անել Հաղթանակած Եկեղեցուն, որը վաղուց է արժանացել աստվածային սրբազան զորության եւ սպասում է Ահեղ Դատաստանին ու վերջնական հատուցմանը…

— Ասացինք, որ յուրաքանչյուր մարդ, մկրտվելով ու վերստին ծնվելով եկեղեցու սուրբ ավազանից, դառնում է տիեզերական ընտանիքի անդամ։ Մարդը, սակայն, իր կյանքի ընթացքում անընդհատ սայթաքում է՝ կամա թե ակամա մեղքեր գործելով. ուրեմն զրկվո՞ւմ է այդ ընտանիքի անդամությունից։

 

— Մկրտության արարողության մեջ շատ հետաքրքիր աղոթք կա. դա ծեսի վերջին աղոթքն է, որով քահանան խնդրում է Բարձրյալին, որ այս նոր մկրտվածի, Սուրբ Հոգու շնորհներն ստացածի եւ Աստծուն որդեգրվածի անունը երբեւէ չջնջվի կենաց գրքից։ Ուրեմն հնարավոր է, որ ջնջվի։ Ո՞ր դեպքում։ Մկրտվելով սուրբ ավազանից՝ մարդը, անշուշտ, հրեշտակ չդարձավ. մարդ էր, մարդ էլ մնաց։ Ստացա՞վ Աստծու Սուրբ Հոգին, գրանցվե՞ց կենաց գրքում… Բայց սա միայն սկիզբն է. թող ոչ ոք ինքն իրեն չխաբի, թե մկրտությամբ ամեն բան ավարտվեց, եւ ինքն արդեն փրկված է։ Ո՛չ եւ ո՛չ։ Աղանդավորության, անհավատության, պիղծ կյանքի, մեղքերի շատության, անզեղջ կյանքի եւ հաղորդությունից հեռու մնալու պատճառով մարդու անունը կարող է ջնջվել երկնային կյանքի գրքից։ Հաղորդությունից զուրկ մարդու հոգին պիտի սովամահ լինի, չապաշխարող մարդը գազանի պիտի նմանվի… Երկու պարտադիր խորհուրդ կա, որ յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է իր ողջ կյանքի ընթացքում կիրառել՝ ապաշխարություն եւ հաղորդություն։ Ապաշխարությամբ մկրտությունից հետո գործած բոլոր հանցանքների համար թողության պիտի արժանանա Աստծուց, իսկ հաղորդությամբ էլ անընդհատ պիտի վերականգնվի իր սրբազան ուխտի մեջ, ամրանա ու զորանա։  

 

— Տե՛ր հայր, «տիեզերական ընտանիք» եզրն ինքնին ենթադրում է դավանում տիեզերական արժեքների, համամարդկային, աստվածային արժեքների՝ սիրել, ներել, գթալ… Միաժամանակ, ամենափոքր տարիքից սկսած, երեխային հասու դարձնել, հաղորդակցել ե՛ւ ազգային, ե՛ւ համամարդկային հոգեւոր արժեքներին։ Կարծում եմ՝ մեր հասարակությունը, գոնե այսօր, շատ հեռու է այդ երանական վիճակից։ Այդ ի՞նչ հրաշքով, եւ արդյո՞ք հնարավոր է մարդկանց գիտակցության եւ սրտերի մեջ աստվածայինի, այդ հոգեւորի սկիզբը դնել։ Եվ ո՞վ կարող է ու պետք է դա անի։

 

— Եկեղեցին հոգեւոր առումով բաղկացած է մարդկանցից՝ հավատացյալ մարդկանցից։ Ուստի Ձեր հիշատակած երանական այդ վիճակը, այդ «մթնոլորտը» մարդիկ պետք է անձնապես կրեն իրենց հոգում։ Հավատացե՛ք՝ մարդկության պատմության ընթացքում միշտ էլ այդպես է եղել. մարդկային հոգեւոր առաջընթացը  միշտ էլ հենված է եղել անհատների վրա։ Այսինչ թագավորը կամ այսինչ կաթողիկոսը այս բանն արեց… եւ պատմությունը կերտվեց։ Նույնը՝ հակադիր առումով. այսինչ ուրացողը, դավաճանը այսպես արեց, եւ…

Գիտեք՝ երանական վիճակի հասնելու համար հավատքի, սրբության աճ է պետք։ Այսօր հավատքի զորացմա՛ն կարիքը կա։ Եվ սրա համար էլ զորեղ անհատներ են պետք. մեկ ճշմարիտ աղոթական անձը, զորավոր հավատքի տեր մեկը մի ամբողջ աղոթական միջավայր կարող է ստեղծել իր շուրջը։ Ժամանակին Մեծ անապատ ենք ունեցել, վանական միաբաններ։ Ինչպե՞ս է ձեւավորվել։ Միայն մի օրինակ հիշեմ։ Մի Սարգիս սրբազան, մի տեր Կիրակոս Երուսաղեմում, Աստծու Սուրբ Հոգով լցված, իրենց կյանքն Աստծուն նվիրաբերած, ճգնում եւ պաշտում էին Աստծուն։ Հետո հայտնվեց երրորդը՝ Մովսես Տաթեւացին, որն այս երկուսին բերեց Հայաստան, նրանց համար որոշ պայմաններ ստեղծեց, ինչի արդյունքում մի հսկա վանական, աղոթական եղբայրություն ձեւավորվեց։ Ուրեմն  հասարակության հոգեւոր, բարոյական առողջությունը շատ հաճախ ուղղակիորեն պայմանավորված է նմանատիպ օջախների, առավել եւս՝ անհատների գոյությամբ։ Վերջերս, երբ մեր գյուղական համայնքի անդամներով ուխտի էինք գնացել Տաթեւի վանք, տեսանք, թե ինչպես այնտեղ հայր Միքայելը, Սամվել սարկավագը, մյուսները ամեն օր 5-6 ժամ աղոթք են անում։ Լսելով այդ անձանձրույթ ու հոգալից աղոթքները՝ մենք մեզ հանդիմանեցինք. ինչքա՜ն նանրամիտ, թույլ, տկար մարդիկ ենք, որ օրական գոնե քսան րոպեանոց երեք ժամերգություն չենք կաորղանում ամբողջությամբ կատարել, այդպիսի աղոթական հոգի ունենալ եւ դրանով իսկ զորանալ հավատքի կյանքի մեջ։

Եվ հասկացանք՝ ճիշտ այսպիսի կրթություն ու դաստիարակություն են տվել մեր վանքերն ու վանականները քաղաքային ու գյուղական համայնքներին, որոնց մեջ բավականին դրական փոփոխություններ են նկատվել, ինչի արդյունքում առողջացել է նաեւ հասարկությունն ամբողջությամբ։

— Տե՛ր հայր, եզափակելով զրուցաշարը՝ ընդունված է ասել, որ առողջ հասարակության հիմքն ամուր ընտանիքներն են։ Ի՞նչ ասել է ամուր ընտանիք։

 

— Քրիստոնեությունը միակնության բարիքը հաստատեց աշխարհում, որով ամբողջացավ ու իմաստավորվեց ընտանիք հասկացությունը։ Ուստի ամուր ընտանիք նշանակում է սուրբ պսակի աստվածային օրհնությամբ հաստատված ընտանիք։ Ամուր ընտանիքն աստվածապաշտ ընտանիքն է, միմյանց հավատարիմ ամուսինների ընտանիքը։ Ամուր ընտանիք նշանակում է ծնողների եւ զավակների ճիշտ եւ առողջ փոխհարաբերություն, այր ու կնոջ սեր ու հարգանք, նշանակում է նորամուծություններով չխաթարված ընտանիք։ Մեկ խոսքով՝ ամուր ընտանիքը քրիստոնեական ընտանիքն է՝ տիեզերական մեծ ընտանիքի առողջ բջիջը եւ մանրակերտը՝ պարզ, հավատավոր, բարեպաշտ։

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s