Քրիստոնյայի կյանքը խաչի ճանապարհ է…

 

 Մեր հյուրն է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի միաբան Տ. Եղիա աբեղա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

— Հա՛յր սուրբ, ինչպիսի՞ն պետք է լինի ճշմարիտ քրիստոնյայի նկարագիրը, կերպարը։ Ի՞նչ է ուսուցանում Սուրբ Գիրքն այս մասին։

 

— Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ քրիստոնյան այն մարդն է, ով իր ողջ կյանքը նվիրում է Քրիստոսին՝ ապրելով քրիստոսանման կյանք։ «Քրիստոնյա» բառն արդեն իսկ նշանակում է քրիստոսյան, քրիստոսանման։ Քրիստոնեական ուսմունքը ճիշտ հասկանալու եւ այն մեր կյանքում իրագործելու համար պետք է լավ իմանալ հատկապես Նոր Կտակարանը։ Յուրաքանչյուր քիստոնյա պետք է լավ սերտի Սուրբ Գիրքը, որը մեզ հիանալի առիթ է ընձեռում՝ Քրիստոսին ճանաչելու եւ քրիստոնեական կյանքի վեհությունն ու քաղցրությունը ճաշակելու համար։ Սակայն Քրիստոսի ուսմունքը միայն տեսական գիտելիք չէ։ Քրիստոնյա լինելը մեծ պատասխանատվություն է, որովհետեւ որքան շատ ենք իմանում քրիստոնեության, Քրիստոսի մասին, այնքան մեր լուծը ծանրանում է (միաժամանակ նաեւ քաղցրանում, եթե սիրով ենք կատարում Քրիստոսի պատվիրանները)։ Մենք կատարում ենք Քրիստոսի պատգամները, որովհետեւ սիրում ենք Նրան, գիտակցում, որ Նրա հարազատ զավակներն ենք։

Քրիստոնյան պետք է հետեւի Քրիստոսի կյանքի օրինակին։ Մեր Տերն ասում է Ավետարանում. «Եթե մեկը կամենում է հետեւել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ գա Իմ ետեւից» (Մատթ. ԺԶ  24)։

— Հա՛յր սուրբ, որո՞նք են այն հատկանիշները, որոնց կրողը պետք է լինի ճշմարիտ քրիստոնյան։

 

— Քրիստոնյան պատկանում է Քրիստոսին։ Ս. Պողոս առաքյալն ասում է. «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն՝ իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով, նորոգվեցե՛ք ձեր մտքով եւ հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ եւ ճշմարիտ սրբությամբ» (Եփես. Դ  22-24)։ Քրիստոնյան պետք է տարբերվի մյուս մարդկանցից։ Նա իր անձի մեջ պիտի կրի Քրիստոսին՝ իր եւ իր շրջապատի օգուտի համար, որովհետեւ մեկ քրիստոնյան կարող է մի ողջ համայնքի փրկության առիթ դառնալ։ Անշուշտ, խոսքը ճշմարիտ քրիստոնյայի մասին է, որովհետեւ պետք է զանազանել ճշմարիտ քրիստոնյային կեղծից։ Ճշմարիտ քրիստոնյան Քրիստոսի լույսը եւ սերը տարածողն է, բայց նախ ինքը պիտի դրանց կրողը լինի։ Պետք է օժտված լինի շատ առաքինություններով, որոնց գլուխը խոնարհությունն է, որից էլ բխում է սերը, որը քրիստոնեության հիմքն է։ Մեր Տերն ասում է. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհ. ԺԳ 35)։ Քրիստոնյան չի կարող լինել բամբասող, դատող, նախանձոտ։ Այս ամենը խորթ է քրիստոնեական ոգուն։ Քրիստոնյան Տիրոջ օրինակով պետք է աղոթի իր թշնամիների համար. սա սիրո գերագույն աստիճանն է՝ մեծ սխրագործություն։

— Հա՛յր սուրբ, գիտենք, որ քրիստոնյա դառնալու առաջին նախապայմանը մկրտությունն է։ Արդյո՞ք միայն մկրտությունը բավարար է քրիստոնյա կոչվելու համար, թե՞ այն քրիստոնեական ընթացքի, ճանապարհի սկիզբն է միայն։

 

— Մկրտությունը Եկեղեցու 7 խորհուրդներից առաջինն ու բոլոր խորհուրդների գլուխն է։ Սբ Մկրտությամբ մարդն անդամագրվում է Եկեղեցուն, դառնում քրիստոնյա։ Մկրտությանը հաջորդում է Դրոշմի խորհուրդը, որով մարդն ստանում է Սուրբ Հոգու շնորհները։ Մկրտությունն աստվածաճանաչողության, քրիստոնեական կյանքի սկիզբն ու դուռն է։ Մարդը կարող է լինել բարեպաշտ անձնավորություն, ունենալ քրիստոնեական հատկանիշներ, սակայն չի կարող քրիստոնյա համարվել, քանի դեռ չի մկրտվել, որովհետեւ չմկրտված մարդը Քրիստոսի լույսը չի կարող տեսնել։ Սակայն մկրտությունը քրիստոնեական ընթացքի սկիզբն է միայն։ Կարեւոր է, որ մկրտվող անձը գիտակցի, հասկանա Մկրտության խորհրդի էությունը՝ իր կյանքի ընթացքում բազմապատկելով եւ պտղաբեր դարձնելով մկրտությամբ ստացած շնորհները, հակառակ դեպքում հեշտությամբ կկորցնի դրանք։ Մկրտությանը պետք է հաջորդի մեր աստվածապաշտ, աստվածահաճո կյանքը՝ զարդարված բարի գործերով ու ողորմությամբ։

— Սբ Հակոբոս առաքյալն ասում է, որ «մեռած է հավատն առանց գործերի» (Հակ. Բ 26)։ Ինչպե՞ս պետք է հավատին համապատասխանեցնել գործերը։

 

— Հավատքը պետք է գործնական դրսեւորում ունենա։ Մարդիկ հավատի մասին կարող են երկար ճառել, բայց չունենալ հավատի կյանք։ Սա շատ ավելի վտանգավոր է, որովհետեւ պատասխանատվությունն ավելի է մեծանում։ Քրիստոսն Ավետարանում պատմում է երկու որդիների առակը (տե՛ս Մատթ. ԻԱ 28-32)։ Հիշենք, թե ինչպես հայրն իր երկու որդիներին պատգամում է աշխատել այգում։ Որդիներից մեկն ասում է՝ կկատարեմ, սակայն չի կատարում։ Մյուս որդին մերժում է հոր պատվերը, սակայն հետո զղջում է իր արարքի համար եւ կատարում հոր կամքը։ Հայրը գովում է այդ զավակին։ Մենք էլ պետք է մեր երկնավոր Հոր կամքը կատարենք։ Տերն ասում է. «Այն ծառան, որ գիտի իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կուտի» (Ղուկ. ԺԲ 47)։ Մենք՝ քրիստոնյաներս, գիտենք մեր Տիրոջ կամքը, պատվիրանները, որոնք ամփոփված են Սուրբ Գրքում, սակայն արդյո՞ք դրանք վերածում ենք կյանքի…

— Հա՛յր սուրբ, իսկ ինչպե՞ս կարող է քրիստոնյա մարդը բացահայտել, որ ինքը կեղծիքի մեջ է, այսինքն՝ կամա թե ակամա բամբասում է իր նմանին, չարախոսում, նախանձում՝ ինքն իսկ չզգալով այդ…

 

— Իր հոգու վիճակը տեսնելու համար քրիստոնյան պետք է լինի հոգեւոր արթնության վիճակում, ունենա հոգեւոր տեսողություն։ Այստեղ մեծ դեր ունեն փորձառու հոգեւորականները։ Մենք կարող ենք մեզ վերագտնել նրանց օգնությամբ, տեսնել, թե ո՞ւր ենք հասել, ինչի՞ց  ենք հեռացել։ Այս առումով մեր կյանքի լավագույն ուսուցիչն ու բարեկամը պիտի լինի Սուրբ Գիրքը։ Երբեք չբաժանվենք Աստծու Խոսքից, որը մեզ միակ ճշմարիտ եւ ուղիղ ճանապարհի վրա է հաստատում։ Անգին գանձ եւ անհատակ օվկիանոս է նաեւ մեր եկեղեցական սուրբ հայրերի ժառանգությունը, որտեղ հոգեւոր կյանքին (եւ ոչ միայն) վերաբերող ամեն ինչ կարող ենք գտնել։

— Աստվածփնտրումի ճանապարհին մարդը շատ հեշտությամբ կարող է ընկնել տարբեր աղանդավորական կազմակերպությունների ծուղակը, որոնք քարոզում են՝ քրիստոնեական դիմակի տակ ծպտված։ Ինչպե՞ս իրարից տարբերել սուտն ու ճշմարիտը։

 

— Այսօր տարբեր կրոնական կազմակերպություններ հանդես են գալիս Քրիստոսի անունից, հավատք են քարոզում, եւ թվում է՝ վատ բան չեն անում, սակայն իրականում այդ «հավատքը» մեզ հեռացնում է Քրիստոսից։ Քրիստոսն ասում է Ավետարանում. «Շատերը կգան Իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը, եւ շատերին կմոլորեցնեն» (Մատթ. ԻԴ 5)։ Մարդը պետք է ուշիմ եւ խոհեմ լինի՝ սուտը ճշմարտից տարբերելու համար։ Քրիստոսը հիմնեց Իր Եկեղեցին՝ իրագործելու համար հոգեփրկչական այն առաքելությունը, որի համար աշխարհ էր եկել։ Իր համբարձումից հետո էլ ուղարկեց Սուրբ Հոգուն, զորացրեց առաքյալներին, որպեսզի շարունակեն այդ առաքելությունը։ Այսօր մենք քրիստոնյա ենք դառնում Քրիստոսի Մարմնի՝ Եկեղեցու շնորհիվ։ Տուրք չտանք քրիստոնեության կեղծ դիմակ հագած, կեղծ քրիստոս քարոզող աղանդավորներին, այլ իմանանք եւ վստահ լինենք, որ մեզ՝ հայերիս համար քրիստոնեության ճանապարհը բացվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջոցով։

— Հա՛յր սուրբ, Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ քրիստոնյայի կյանքը հոգեւոր ճամփորդություն է երկրից երկինք։ Այս ճամփորդության ընթաքում ինչպիսի՞ ջանքեր են պահանջվում քրիստոնյայից՝ հոգեւոր լճացումից զերծ մնալու եւ որ ամենակարեւորն է՝ հոգեւոր աճի համար։

 

— Իհարկե, աստվածաճանաչողություն ապրած մարդը մեծ անելիքներ ունի։ Աստածճանաչողությունը տեւական ընթացք է, մինչեւ մահ կատարվող գործողություն։ Յուրաքաչյուրս կարիք ունենք հոգեւոր աճի եւ զարգացման, որը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ մեր հոգին, ներաշխարհը հանձնենք Տիրոջը՝ թույլ տալով, որ Նա՛ դառնա խնամակալն ադ հոգու։ Հոգեւոր աճ ունենալով՝ օրեցօր կընթանանք կատարելության ճանապարհով։ Այո՛, քրիստոնյայի կյանքը ճամփորդություն է երկրից երկինք։ Ինչպես սուրբ Պողոս առաքյալն է ասում. «Մեր քաղաքացիությունը երկնքում է» (Փիլ. Գ 20), ուստի այստեղ պետք չէ փնտրել մնայուն երջանկություն, ուրախություն, հանգիստ, քանի որ ամեն ինչ ժամանակավոր, անցողիկ է։ Մարդն ստեղծված է Աստծու պատկերով եւ նմանությամբ եւ կարող է երջանիկ լինել միայն իր բուն հայրենիքում՝ երկնքում։ Իսկ հոգեւոր լճացումը տեղի է ունենում այն դեպքում, երբ քրիստոնյան բավարար է համարում իր ներկա վիճակը՝ չձգտելով հասնել ավելիին։ Մինչդեռ պետք է ամեն օր մի առաքինություն եւս շահել, մի մեղքից եւս հրաժարվել։ Այդ ճիգն ու ջանքն է մեր հոգեւոր առաջընթացի երաշխիքն ու գրավականը։

— Մեր օրերում, երբ այնքա՜ն շատ են գայթակղություններն ու տարատեսակ փորձությունները, ինչպե՞ս է հնարավոր պահել քրիստոնեական դիմագիծը, կերպարը։

 

— Քրիստոսն ասում է. «Կատարյալ եղել դուք, ինչպես եւ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. Ե 48)։ Աստված երբեք մեր կարողությունից ավելին չի պահանջում։ Այստեղ էական են մեր ճիգն ու ջանքը, մեր նվիրումը, վստահությունը Աստծուն։ Եթե մենք մի փոքր ջանանք, Աստված կարող է մեզ ավելին շնորհել, Իրեն մոտեցնել։ Քրիստոնեության մեծությունը հենց սրա մեջ է, որ մենք մեր ուժերին չենք ապավինում։ Մեր հույսն Աստված է, մեր հավատն առ Բարձրյալ Տերն է, քանզի Նա՛ է, որ խոնարհեցնում եւ բարձրացնում է, հարստացնում եւ աղքատացնում է, ուստի կարեւոր է, որ մենք հնազանդվենք Նրա կամքին, կատարենք Նրա պատվիրանները։ «Սո՛ւրբ եղեք, որովհետեւ սուրբ եմ Ես» (Ա Պետ. Ա 16),- ասում է Տերը։ Ես մաղթում եմ, որ մեր քրիստոնյայի ընթացքը լինի սրբության ուղի, որը մեզ պիտի հասցնի երկնքի արքայություն, որտեղ հարազվարճ ուրախություն եւ Քրիստոսի հավիտենական ներկայություն է։

Հյուրընկալց Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s