Դավիթ Դ-ի պես անկարող, Մելքիսեդեկի եւ Սահակի պես արծաթասեր կաթողիկոսների պայմաններում, երբ Մայր Աթոռը պարզապես անշքացել էր, եւ 100 թուման պետական տուրքը չեղյալ հայտարարելու պարագայում, որն անշուշտ Մովսես Տաթեւացու լուրջ հաջողությունն էր, նրա հեղինակությունն աներեւակայելիորեն աճել էր։ Ամբողջ ժողովուրդը կամենում էր նրա կաթողիկոսանալը։ Հատկապես եռանդուն էին գործում Նոր Ջուղայի եւ այլ քաղաքների հայ իշխանավորները, որոնք կարողացան շահ Սեֆիից արտոնություն ստանալ Մովսեսի կաթողիկոսանալու համար։ Նրանք, մի տեսակ, դարձել էին ժողովրդական կամքի արտահայտիչները։ Թեեւ նա արդեն, ըստ էության, վարում էր կաթողիկոսությունը, սակայն վարանում էր պաշտոնպես իր վրա վերցնել այդ պաշտոնը, քանի որ դեռ կենդանի էր օրինական կաթողիկոս Դավիթ Դ Վաղարշապետցին։ Պատմությունը լռում է այն մասին, թե դա բացատրվում էր նրա համեստությա՞մբ, թե՞ Եկեղեցու կանոնական կարգը չխախտելու մտահոգությամբ, քանի որ դեռ կենդանի էր նաեւ աթոռակից Սահակ Գառնեցին։ Այսպես թե այնպես՝ նա 1628 թվի աշնանը Սպահանից վերադարձավ Էջմիածին, դեռ բավական ժամանակ չձեռնադրվեց, չնայած այն բանին, որ նրա կաթողիկոսանալու համար շահի հրամանն արդեն կար։ Խնդրագրեր են գալիս Պարսկաստանից, Քրդստանից եւ, այսպես կոչված, Հռոմստանից, որ նա, հանուն հավատի հաստատության, ընդունի կաթողիկոսությունը։ Եկեղեցին, իրոք, անտերունչ էր, եւ բոլորը հասկանում էին, որ այդ վիճակից նրան դուրս բերել կարող է Մովսես Տաթեւացին։ Ի վերջո Մովսեսը տեղի տվեց ընդհանուր թախանձանքին եւ 1629 թվի հունվարի 13-ին՝ Ծննդյան ութերորդ օրը, որ երեքշաբթի էր, ձեռնադրվեց Ամենայն Հայոց կաթողիկոս։ Ձեռնադրմանը մասնակցեց 12 եպիսկոպոս, որոնց անունները, դժբախտաբար, պատմությունը չի պահպանել։ Նույնիսկ հայտնի չէ, թե աշխարհիկներից ովքեր են մասնակցել ձեռնադրությանը, եւ այն ինչպես է ընթացել։ Որոշ տեղեկություններ պահպանել են Առաքել Դավրիժեցին եւ նրան հետեւող հեղինակները։ Ղ. Ալիշանը, տարօրինակ կերպով, նրա կաթողիկոսությունը դնում է 1630-ին։ Մ. Օրմանյանը դա բացատրում է այն իրողությամբ, որ Ա. Դավրիժեցին Շահ-Աբասի մահը սխալմամբ դնում է 1629 թվին եւ այն էլ՝ հունվարի 7-ին։ Իրականում Շահ-Աբասը մահացել էր 1628-ին, եւ նրան հաջորդել էր շահ Սեֆին։

Մովսեսին իր ձեռնադրության պահից պետք է համարել կաթողիկոս, չնայած դա չէր կարելի, եթե օրինական կաթողիկոսը կենդանի էր կամ էլ պաշտոնապես չէր հրաժարվել հովվապետությունից։ Ըստ որում, դա էլ պետք է կատարվեր եկեղեցական ժողովով։ Մեզ քաջ հայտնի է, որ Դավիթ Դ Վաղարշապատցին Սպահանում դեռ կենդանի էր, ուստի կանոնական կարգով Մովսեսը կարող էր լոկ աթոռակից համարվել։ Սակայն, իրոք, բացառիկ պայմաններն անհրաժեշտ դարձրին Մովսես Գ Տաթեւացու կաթողիկոսանալը։ Դավիթն 90-ամյա զառամյալ ծերունի էր՝ անկարող, որ իր գոյությունը քարշ էր տալիս հեռավոր Սպահանում։ Նրա լինելը կամ չլինելը ոչ մեկի չէր հետաքրքրում։ Սահակը, որին աթոռակից էր հռչակել Մելքիսեդեկը, գտնվում էր փախուստի մեջ։ Հայ հասարակությունը նրան չէր ընդունում, ավելին՝ մերժված էր բոլորի կողմից։ Նրա կաթողիկոսւթյունը հիմնված էր շահական հրամանի վրա, բայց այդ հրամանն էլ իր ուժը կորցրել էր, քանի որ մեջտեղ էր եկել շահ Սեֆիի հրամանը։ Հիրավի, դժվար չէ տեսնել, որ Մովսեսի կաթողիկոսությունն այլընտրանք չուներ։ Դրան գումարվեց այն, որ  եկեղեցականները տարբեր կողմերից հավաքվել էին եւ ժողով գումարել՝ գահակալության հարցը վճռելու համար։ Պետք էր նաեւ մյուս կաթողիկոսների գահազրկությունն ընդունել եւ հաստատել։ Այնպես որ՝ 1629 թվից էլ պիտի հաշվել Մովսես Գ Տաթեւացու հովվապետությունը։ Որոշ հեղինակներ նրան տալիս են նաեւ Սյունեցի, իսկ որոշներ էլ՝ Խոտանանցի մականունը։ Սակայն Մ. Օրմանյանն իրավացիորեն կանգ է առնում Տաթեւացի մականվան վրա, որը, մի տեսակ, նվիրգործված էր եւ ընդհանրացած։

Իրեն շուտով զգացնել  տվեց Սահակ Գառնեցի աթոռակից կաթողիկոսը, որը փախել էր Վան։ Նա Բաղեշից այն կողմ չանցավ եւ Կ. Պոլիս էլ չգնաց։ Դժվար չէ կռահել, որ լավ ընդունելության չէր արժանացել։ Սահակը, իմանալով Մովսեսի ձեռնադրության մասին, փորձեց ընդդիմադիր գործակիցներ գտնել, բայց ամենուրեք մերժվեց։ Նրան պաշտպանեց միայն Պողոս Այնթապցի վարդապետը, որը Կիլիկիայի Հովհաննես Այնթապցի կաթողիկոսի եղբորորդին էր։ Այլ խոսքով՝ նա չէր ենթարկվում Մայր Աթոռ Էջմիածնին։ Նա հանձն առավ գնալ Կ. Պոլիս եւ սուլթանական կառավարությունից հրաման բերել՝ նրա կաթողիկոսությունը ճանաչելու վերաբերյալ։ Բայց դա իզուր քայլ էր, քանի որ շահական իշխանությունները չէին ճանաչի սուլթանական հրամանը։ Ծայրահեղ դեպքում Սահակը եկեղեցական նոր հերձված կարող էր հաստատել՝ նոր կաթողիկոսություն հիմնելով Գլակա Ս. Կարապետ վանքում։ Զաքարիա Վանեցին հաճույքով ընդունեց Պողոս Այնթապցուն եւ հանձն առավ Սահակի գործն առաջ մղել։ Պատճառն այն էր, որ Մովսես Տաթեւացին եղել էր Գրիգոր Կեսարացու, այսինքն՝ իր հակառակորդի աշակերտը։ Միայն Կեսարացուն հակադրվելու համար նա պատրաստ էր ամեն ինչ անել։ Եվ, իրոք, նա Սահակի համար ձեռք բերեց այդ հրովարտակը՝ Մուրադ Դ սուլթանի կառավարության կողմից։ Սակայն հրովարտակն ստացվեց առանց մեծ եպարքոսի համաձայնության, որը մեկնել էր՝ Միջագետքի ապստամբ քրդերին ճնշելու եւ պարսիկների դեմ պատերազմելու։ Վանի հայ գլխավորները՝ Ամիրխան Խանենցը, Թումեն, Շիրակը, Միրաքը, Փոլադը եւ Սարուխանը, փորձեցին Սահակին այդ մտքից ետ կանգնեցնել։ Մովսես կաթողիկոսի ուղարկած նվիրակ Փիլիպոս Աբակեցին էլ, նրանց միանալով, խոստացավ, որ Կուռուպաշի Ս. Խաչ վանքը՝ իր բոլոր հասույթներով, կհանձնի Սահակին։ Ավելին. նվիրակն էլ խոստացավ եւս 300 ղուռուշ գումար, միայն թե եկեղեցական նոր պառակտում տեղի չունենա։ Սակայն Սահակը լսել անգամ չէր ուզում։ Նրան հաղորդել էին, որ գործակիցը բերում է իր բաղձալի հրովարտակը։

Սահակը եւ Պողոս Այնթապցի վարդապետը հանդիպեցին Դիարբեքիրում, որտեղ գտնվում էր Խուսրեւ մեծ եպարքոսը։ Նրանք ուզում էին, որ նա գործադրի բերած հրովարտակը։ Այս անգամ էլ Դիարբեքիրի իշխանավորներից Երեմիան եւ Մաքսուտը, Ռահիջան Վանեցին եւ քաղաքի առաջնորդ Բարսեղ Ամդեցին, որ Սրապիոնի աշակերտն էր եղել ու հաջորդը, խնդրեցին Սահակին այդ մտքից ետ կանգնել եւ Եկեղեցին չբաժանել։ Նրան խոստացան ուզած թեմը, 500 ղուռուշ, եւ որ Էջմիածնի նվիրակը չի հաճախի նրա թեմ։ Մովսեսն էլ նամակ գրեց Սահակին, սակայն վերջինս դրան չհամաձայնեց եւ դիմեց Խուսրեւին՝ հրովարտակը գործադրելու համար խոստանալով տարեկան 10000 ղուռուշ տուրք մուծել։ Այդ ժամանակ Բարսեղ եպիսկոպոսը եւ մյուս իշխանավորները դիմեցին Խուսրեւ փաշային՝ մեծ եպարքոսին՝ բացատրելով Սահակի նպատակը եւ նրա բերելիք վնասը։ Սա էլ պատասխանեց. «Անխե՛լք հայեր, ես ինչպես մերժեմ, երբ նա 10000 ղուռուշ է խոստանում մուծել պետական գանձարան»։ Դրան Ռահիջան Վանեցին պատասխանում է, որ եթե նա մտադիր է 10000 ղուռուշով հայ ազգը վաճառել, ապա ինքը պատրաստ է 20000 ղուռուշ տալ։ Հիանալի օրինակ, թե ինչ սկզբունքով էին տրվում պետական հրովարտակները։ Խուսրեւ փաշան որոշում է հարցը հետաձգել, իսկ Ռահիջան Վանեցին նրա ուշադրությունը սեւեռում է այն փաստի վրա, որ Սահակը, առանց նրան դիմելու, անմիջականորեն դիմել է Կ. Պոլիս։ Խուսրեւը դրանից նեղսրտում է եւ Սահակին կանչելով՝ բացատրություն է պահանջում, թե ինչու նախապես իրեն դիմելու փոխարեն ձանձրացրել է սուլթանին։ Սահակը գոհացուցիչ պատասխան տալ չի կարողանում, եւ փաշայի հրամանով ուղարկողին էլ, գնացողին էլ ֆալախայի մեջ են դնում եւ բրածեծ անում։ Հրամանը դաժանորեն իրագործվում է, եւ ազատության համար կրոնափոխություն է առաջարկվում։ Գանգատավորները վախենալով, որ Սահակը եւ Պողոս վարդապետը կարող են տկարանալ եւ իսլամանալ, շատ փող են խոստանում եւ միջնորդի միջոցով դիմում են Խուսրեւ մեծ եպարքոսին։ Այս ձեւով նրանք կարողանում են ազատ արձակել նրանց, իսկ վերջիններս ամոթից այլեւ չեն համարձակվում շրջել ժողովրդի մեջ։ Կիլիկիայի կաթողիկոսը փորձում է այս առիթով մեղադրել Մայր Աթոռին, թե Սահակին եւ Պողոս վարդապետին տաճկացնել են տվել՝ տարբեր տանջանքների ենթարկելով, սակայն Առաքել Դավրիժեցին պարզ նշում է, որ Էջմիածնի կողմնակիցներն ամեն ինչ արել են, որ եկեղեցական պառակտում թույլ չտան։ Ավելորդ է ասել, որ Սահակի իրավունքը բռնաբարված չէր, քանի որ նա ուզում էր կաթողիկոս դառնալ օսմանյան Հայստանում, ավելի ճիշտ՝ այն մասերում, որոնք գտնվում էին Կիլիկիայի եւ Աղթամարի կաթողիկոսությունների ազդեցությունից դուրս։ Մի խոսքով՝ Սահակի նպատակը հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելն էր։ Այս դեպքերը կատարվեցին 1630 թվի ձմռանը, երբ Խուսրեւ մեծ եպարքոսը գտնվում էր Դիարբեքիրում։ Սահակը խայտառակ կերպով ձախողվեց։

Այդ ամբողջ ընթացքում Մովսես կաթողիկոսն զբաղված էր Մայր Աթոռի բարենորոգությամբ։ Անշուշտ, 1627 թվի հունիսի 27-ից սկսելով իր շինարարական գործունեությունն Էջմիածնում՝ նա արդեն որոշակի հաջողությունների էր հասել, սակայն էլ ավելի բուռն թափով շարունակեց իր ձեռնարկները կաթողիկոսանալուց հետո։ Նրան զգալիորեն օգնեց ժողովրդի մեջ տիրող խանդավառությունը՝ կապված իր կաթողիկոսական աթոռ բարձրանալու հետ։ Նրա ուղարկած նվիրակները շրջում էին երկրով մեկ եւ դրամ էին հանգանակում էջմիածնի վերանորոգման համար։ Նա մեծ աշխատանք տարավ Էջմիածնի կալվածական եւ ստացական իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Սակայն դրանց մանրամասնություններին անդրադառնալը դժվար է՝ նյութի սակավության պատճառով։ Դավթի, Մելքիսեդեկի եւ Սահակի անխոհեմ կերպով վատնելը, եկեղեցու սպասքը գրավ դնելը ծանր հարվածի տակ էին դրել ազգային ստացությունների մեծ մասը, ուստի պահանջվում էր խելոք եւ խղճմիտ գործունեություն, որ վիճակը շտկվեր, օրինական ձեւերով դրանք ազատվեին եւ հաստատվեին վավերական կալվածագրերով։ Նրա այդ ազգանվեր գործը շարունակեցին նրա հաջորդները։

Մովսեսը Եկեղեցին պայծառացրեց հարմար եւ հաստատուն ժամակարգությամբ, այսինքն՝ հասարակաց աղոթքը կարգավորեց։ Նա ոչ թե նոր կարգադրություններ էր անում, այլ վերականգնում էր խաթարված կարգերը։ Սակայն, իրավամբ, նրան է պատկանում մի կարգադրություն՝ կապված «Օրհնություն» շարականների հետ։ Նրա աշակերտ եւ գործակից Խաչատուր Կեսարացի վարդապետի վկայությամբ՝  նա սահմանել է օրհնության տասը շարական՝ հենվելով Ստեփանոս Սյունիի պատրաստած տասը պատկերով «Ավագ» օրհնությունների վրա։ Բայց դա էլ, ըստ էության, նրա հնարածը չէր, քանի որ Մեծ անապատի առաջնորդ Սարգիս Պարոնտերը դա սահմանել էր իր վանքում։ Համաձայն տեղեկությունների՝ դա վճռական պահանջ էլ չէր, այլ թողնվում էր կատարողի կամքին։

Շարունակելի

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s