Մահվանից ընդամենը մեկ ամիս առաջ` 1964-ին, Հրաչյա Քոչարը գրեց իր լավագույն ստեղծագործություններից մեկը` «Սպիտակ գիրքը»: Այդ գիրքը ասես ընդհանրացումը եղավ գրողի անցած ողջ ճանապարհի, խտացումը կյանքի իմաստի ու նվիրման: Առանց վարանման կարող ենք ասել, որ այդ գործը  Քոչարի լավագույն գիրքն է, նրա կյանքի պոեմը, նրա կարապի երգը:

Թուրքական բռնությունների ու թալանների պատճառով Քոչարի հայրը ստիպված է եղել զենք վերցնել  ու լեռները բարձրանալ, երիտասարդ մայրը կարողացել է 5-ամյա Հրաչյա որդուն մինչեւ գաղթի կիսաճանապարհը հասցնել: Որբացած պատանին ստիպված էր իր աշխատանքով վաստակել օրվա հացը. հովիվ էր Արարատյան դաշտի գյուղերից մեկում եւ հնարավորություն չուներ դպրոց գնալու: Հետո եկավ ուսման շրջանը, որին հաջորդեցին նոր իշխանությունների ու կարգերի բերած պայքարների երկարաձգված տարիները: Արտաքնապես գրավիչ ու վառ հորիզոններ խոստացող նոր գաղափարներն իրենց մեջ առան նաեւ Քոչարին:  Նոր կարգերը հռչակել էր ժողովուրդների եղբայրություն, փառաբանում էր աշխատանքն ու խաղաղությունը: Քոչարը տեսել էր գաղթ ու սով, ծայրագույն աղքատություն ու հարազատների մահ: Գուցե նաեւ այդ պատճառով նա չափից առավել ոգեւորությամբ  ընդունեց նոր կարգերը, «փոթորկահույզ հավատով» նվիրվեց հեղափոխական գործընթացներին եւ երկար ժամանակ կռիվ տվեց «մարդկության երջանկության համար»: Իրենց կյանքի շրջանակներով ու հետաքրքրություններով էլ Քոչարի վաղ շրջանի հերոսները շատ են բնութագրում իրեն` հեղինակին` ունեին այն նույն խանդավառությունները կյանքի նկատմամբ, ինչ ուներ ինքը` Քոչարը:

Ոգեւորված երիտասարդն առանց վարանման մտնում է կուսակցական ու քաղաքական բուռն գործունեության ոլորտ, ակտիվորեն մասնակցում գրական կյանքին: Տարված իրականալի ու անիրականալի երազանքներով` 1930-ականների ծանր օրերին ամենքը պայքարում էին ամենքի դեմ, նաեւ` ամեն ինչի դեմ` Եկեղեցու, ազգային արժեքների, համաշխարհային կապիտալիզմի, «ոչ յուրայինների»: Այլ խոսքով` ամեն մարդ պայքարում էր դիմացինի դեմ ու … իր դեմ: Երկրորդ համաշխարհային պատերազմն ինչ-որ չափով մեղմացրեց «դասակարգային» պայքարը երկրի ներսում: Ծագել էր ժողովուրդների լինել-չլինելու խնդիրը: Հայ ժողովուրդը եւս դուրս չէր այդ վտանգից: Մինչեւ ատամները զինված Թուրքիան սպասում էր հարմար պահի` իր գիշատչային երազանքներն իրականացնելու համար: Գուցե եւ այդ գիտակցությամբ Քոչարն առաջիններից մեկը եղավ, որ պատերազմի հենց սկզբին զինվորագրվեց ու մեկնեց ռազմաճակատ` այնտեղից ուղարկելով թղթակցություններ ու հոդվածներ, իսկ հետագայում իր ապրածն ու տպավորությունները դարձնելով գրքեր ու վեպ:

Այո՛, դժվար ու հակասական է եղել Քոչարի կյանքը, ցավոք` լեցուն նաեւ բարդություններով: Համոզված «իր» ճշմարտության մեջ` նա ժխտել ու բացասել է շատ գաղափարներ, դավանել ի հայտ եկած նոր մարգարեների, իր մտքի զայրալից պահերին չի ներել եւ ոչ մեկին, դատել ու դատապարտել է մեր պատմության անցյալի սխալները, բայց եւ ինքն է նորերի հետ հաճախ մոլորությունների գիրկն ընկնել, նույն անկեղծությամբ գովերգել ու նույն անկեղծությամբ նզովել շատերին: Նա նույնքան խիստ է եղել ինչպես իր ժամանակակիցների, այնպես էլ իրենից առաջ ապրողների նկատմամբ, ովքեր, ըստ իրեն, սխալ են եղել խոսքով եւ գործով, ովքեր պատճառ էին դարձել ժողովրդի թշվառությունների:  Նա, ով շատ թե քիչ ծանոթ էր գրողի կյանքին, գիտեր, որ նա կարող էր ճակատամարտ տալ «երեկվա իր բարեկամներին» եւ ներել «երեկվա իր թշնամիներին»: Մյուս կողմից` իր  ներշնչման պահերին եւ մանավանդ կյանքի վերջին տասնամյակում նա գրել է տխրություններով ու ուրախություններով, կառուցումներով ու փլուզումներով լեցուն գործեր, ոգեւորվել իր ժողովրդի նոր նվաճումներով ու տանջվել նրա անհաջողություններից: Ինչպես  ժամանակի որոշ մտավորականներ, Քոչարը եւս հակասությունների մեջ էր իր ու աշխարհի հետ: Նախորդ դարի 20-30-ական թվականների բերած ժխտողական գաղափարախոսությունն ու բռնությունների քաղաքականությունը շատերին էր կանգնեցրել կասկածների առջեւ: Ինչ-որ տեղ Քոչարը նաեւ իր համար կարող էր «Մայրենի լեզու» գործի «Գնդապետի պատմածը» գլխում, հանձին Գայի` Անդրանիկին ուղղված խոսքերի ասել. «Խաբված ենք, մեծ հայդուկ, բոլորս միասին, ազգովին խաբված ենք, դաժանորեն, անաստված կերպով խաբված ենք» (Հր. Քոչար, Ընտիր երկեր, հ. 1, Երեւան, 1975, էջ 310: Բոլոր մեջբերումները կատարված են այս գրքից. այսուհետ կնշվեն միայն էջերը- Ա.Ա.): Հատկապես կյանքի վերջին տասնամյակում Քոչարը եկել էր այն եզրակացության, որ մարդը, առավել եւս արվեստագետը, իր կյանքի վերջին օրը միայն կարող է հասկանալ պատմության ճշմարտությունը ու ըմբռնել, որ իր ողջ կյանքում միամիտ է եղել երեխայի եւ դյուրահավատ` խենթի պես:

Այդ հետո, շա՜տ հետո պիտի պարզ դառնար, որ նոր կարգերը անողոք ճակատագրի տեսքով հավասարապես հարվածելու է բոլոր նրանց, ովքեր հավատացել էին եւ ովքեր… չէին հավատացել: Դժվար է ասել` Քոչարը մինչեւ վերջ համոզվե՞ց իր հավատացած ուսմունքների սնանկ լինելում, որը այդպես էլ չէր փոխելու Հայաստան աշխարհի հոգսն ու ցավը, բայց կարող ենք ասել, որ հիասթափությունները քիչ չեն եղել, որ գրողը ապրել է արվեստագետ մարդու  այն ողբերգությունը, որ կապված էր ժամանակաշրջանի ցավալի ընթացքի հետ, փայփայված տենչանքներին չհասնելու հետ:

Եթե Քոչարն իր հայրենի ծննդավայրում մնար, գուցե եւ ճանաչված գութանվար ու մաճ բռնող դառնար: Նրա հնչեցրած հորովելը կլցներ հարազատ սար ու ձորը, եւ կամ իր հոր նման լեռ կբարձրանար արյունակից վրիժառուների հետ: Բայց ճակատագիրը նրան գրողի կոչում էր տվել ու մեծահոգի չէր եղել կյանքի հարցերում: Թողած գիր ու գիրք` նա հաճախ տրվեց առտնին կուսակցական կեղծ պայքարներին, վատնեց իր ուժերը գաղափարական սին կռիվներում, եւ երբ եկան «դարձի» ժամանակները, անցյալում տխուր շատ օրեր էին մնացել:

Քոչարի գրական մուտքով սկսված եւ շատ երկարած մի ժամանակաշրջանի համար նրա պատկերած հերոսները կյանքի նոր հարաբերությունների ու մտածումների պատրանքային կրողներ մնացին: Նրա գործերն էլ հաճախ խանդավառության ու ոգեւորության դրսեւորումներ էին` գրված ոգեւորությամբ, բայց սառը սրտով: Որքան էլ զարմանալի է, գաղթ ու սով տեսած գրողն իր ժողովրդի ապրած թալանի ու ջարդի օրերին չէր անդրադառնում: Սակայն քիչ-քիչ կուտակվում էին ազգային աղետի խորքերից եկող նվագները, եւ զուլալվում էր նրա գրիչը, մորմոքում տառապանքի ու կորուստների հիշողություններով: Պատահական չէ ուրեմն, որ կյանքի վերջին շրջանում, անվանենք այն լուսակերտյան լուսավոր շրջան, ծնվեցին այնպիսի դասական գործեր, որպիսիք էին «Եփրատի կամուրջին», «Մայրենի լեզու», «Կարոտը», «Նահապետը», որոնք եկան հաստատելու, որ Քոչարի մեջ անթեղ կրակի նման մխում է մեր ազգային ողբերգությունը: Նրան, «Կարոտը» վիպակում կերտած իր հերոսի նման, ըստ էության հար տանջել է իր երեւակայությունը, տարել իր պապերի երկիրը, որտեղ դաշտերն անտեր էին մնացել, ամայի ձորերում քաղցած գայլերն էին ոռնում, աղբյուրների ակունքները փակվել էին: Հենց այդ անմարելի կարոտն է հոգու խորքերից լսելի դարձրել վիպակի հերոս Առաքելի խոսքերը. «Կարոտը թոնդրի մոխրի տակ մնացած անթեղ կրակ է: Կարծես հանգեր է, չի երեւա: Թոնդիրը պաղեր է: Բայց որ մոխիր բացես, անթեղ կրակ կերեւա, կկայծկլտա… Անթեղ կրակ չմարի, կապրի: Կրակ արդարություն է, անմահ է… Կարոտ կրակ է, ծարավ է» (էջ 390): Քոչարն էլ, ո՜վ գիտե, գուցե եւ նույնքան դառնացած, որքան իր կերտած հերոսը, տարիներ շարունակ փակել է ներսից իր սրտի դռները ու «ի՞նչ ես զգում» հարցին, Առաքելին ուղղված «ի՞նչ տեսար» հարցի նման միայն մի պատասխան է պահել. «Մեր վանք էլման հմալ իր տեղ կայնուկ էր, գետ լե էլման հմալ կերթե՜ր» ( էջ  430): Ասել է, թե երկիրն իր տեղում մեզ է սպասում, ու այդ երկրի նկատմամբ ունեցած «էլման» կարոտն է, որ մեզ այնտեղ պետք է տանի:

Քոչար մարդու մտածողության ու որպես գրողի դիմանկարը լավագույնս է ներկայացնում նրա մանավանդ «Սպիտակ գիրքը» պատմվածքը, որը ոչ միայն բովանդակային, այլեւ գեղարվեստական պատկերման առումով, ըստ մեզ, ամենակարեւոր տեղն է զբաղեցնում գրողի ստեղծագործությունների ողջ համապատկերում: Այս պատմվածքը բնութագրական արժեք ունի Քոչարի` որպես ստեղծագործողի մշակութաբանական ընկալումների տեսանկյունից եւս: Ասել է, թե Քոչարը այս պատմվածքը գրել է ոչ այնքան ուրիշի, որքան իր մասին, որքան էլ որ այն իր ընծայականով ակնարկի «մեր պատմաբաններին»: Իսկն ասած` պատմվածքն ավելի ներառում է հայ պատմագրության վաստակաշատ պատմաբաններից մեկի` Լեոյի կյանքի ու գործի որոշ  դրվագներ: Բայց դա լոկ արտաքին երանգ է: Իրականում Քոչարն այդ պատմվածքում խտացրել է իր նկարագիրը, պատկերել է արվեստագետ մարդու այն  մտատանջություններն ու նպատակադրումները, որոնք ունեցել է ինքը՝ թե՛ որպես գրող եւ թե՛ որպես մտածող: «Երջանիկ չէր եղել նա,- գրում է Քոչարն իր պատմվածքում,- որովհետեւ հոգին չէր ունեցել ոչ մի խաղաղ պահ: Նա միշտ լցված էր եղել ծանր, մռայլ մտորումներով, միշտ պատրաստ պոռթկալու: Լի էր եղել զայրույթով, վշտով… ու ծանր հիասթափությամբ» (էջ 245):

Այս պատմվածքն օգնում է ավելի լավ հասկանալու Քոչար մարդուն ու մտավորականին: Որ Քոչարն այս պատմվածքում գրում է ավելի իր մասին, քան ուրիշների, համոզվում ես պատմվածքում «սպրդած» նաեւ այն դրվագներից, երբ խոսվում է պատմաբան հերոսի գրական գործունեության մասին. «Անցյալում երբեք իր գրական գործերի մասին չէր խոսել» (էջ 256), «… անուն ու համբավ ունեցող բոլոր գրողներն էլ, իրենց նոր երկերը հրապարակ հանելով, ահով ու երկյուղով էին սպասում նրա կարծիքներին…» (էջ 254) եւ այլն:

Քոչարը, ինչպես իր կերտած հերոսը, առանձնության պահերին, չլուսացող գիշերներին (հիշենք, որ կյանքի վերջում նրա հերոսը կուրացել էր, ու ցերեկներն էլ գիշերվա շարունակություն էին) գուցե եւ շատ երկար է նայել մթության խորքերը, կասկածել իր դավանած գաղափարներին ու հնչեցրած խոսքերին, բայց եւ ամեն անգամ նրա դեմ հառնել են այն երկու դավանանքները, որոնց նա ջանացել է չդավաճանել երբեք` «աշխատանք եւ հայ ժողովուրդ», որ նշանակում է տքնանք ու ինքնամոռաց նվիրում գործին, գրչին, երկրին:

Իր պատմվածքում Քոչարը մեջ է բերում Հովհաննես Թումանյանի` արեւելքի մեծ բանաստեղծ Խայամին վերաբերող մի քառյակը. «Խայամն ասաց իր սիրուհուն. ոտքդ զգույշ դիր հողին// Ո՜վ իմանա որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի…»` գրելով, թե «…Մետաքսաթելի վրա շարված մարգարիտներ են ամեն մի բառը» (էջ 258): Չանտեսելով հանդերձ Հովհ. Թումանյանին տրված դիպուկ բնութագիրը` փակագծում ասենք, որ այս պատմվածքում, արձակի ընձեռած հնարավորությունների սահմանում, Քոչարը եւս հասնում է հորձանք տվող մտքերի, թեւավոր ու պատկերավոր բառերի գերագույն խտության ու նրբության: Սակայն քառյակի հիշատակումը մեզ ավելի ուրիշ մի մտքի է տանում, որը բխում է ինչպես Քոչարի` այդ քառյակը ոչ պատահականորեն իր պատմվածքում ներառելու հանգամանքից (այն ուղիղ գծով շաղկապվում է պատմվածքի ասելիքին), այնպես էլ Քոչարին` որպես գրողի գնահատելու օբյեկտիվ մղումից: Արդյոք ամեն ոք, ինչպես զգուշացնում է մեծ լոռեցին իր քառյակի շարունակության մեջ, չպիտի՞ զգույշ դնի իր ոտքը հողին (ավելացնենք նաեւ` գրիչը թղթին), քանի որ ով իմանա` որ տառապած մարդու սիրտն է թաղված այդ հողում, եւ որ մարդու սիրտն է խոցվում չպատճառաբանված խոսքից: 30-ական թվականների բարդ, հակասական գործընթացների անտեսումն ու մոռացումը թանաքամանի մեջ չլցված հենց այն թանաքը չէ՞, ինչպես եւ պատմվածքում, որ այդպես էլ սպիտակ կարող է թողնել մեր պատմության շատ էջեր, որոնք իրենց դառնությունների հետ մեկտեղ պարունակում են նաեւ մնայուն էջեր, որ ավանդույթների պես ապրում են բոլոր ապրողների հետ ու հուզում` որպես գրված ու չգրված գրքեր:

Քոչարն իր այս պատմվածքում բացահայտում է հայ ժողովրդի հարատեւության գաղտնիքներից մեկը` նրա մտավորականի` ինքնազոհության հասնող մեծ սերն ու նվիրումը իր գործին, արարմանը, ստեղծմանը, հոգեւոր ու ֆիզիկական մաքառման այն միասնությանը, որն ապրեցնում է ոչ միայն անհատին, այլեւ մի ամբողջ ժողովրդի: Իր այդ համոզումը գրողը մարմնավորում է հանձին պատմվածքի հերոսի, որի աչքերում թեեւ մութն է արդեն տիրում, սակայն նրա սիրտն ու հոգին լեցուն են լույսերով: Նա չի կարող հեռանալ աշխարհից, քանի դեռ չի արել իր կյանքի մեծ գործը, չի գրել իր վերջին հարյուր էջը` պոեմը, որն ապրելու կոչ է, նվիրման պատգամ, պատմության իմաստավորում: Պատմաբանը, ասել է թե Քոչարը, պետք է իր վերջին խոսքում ճշմարտությունը ասեր, գրեր «… խնդություններով ու մոլորություններով, կառուցումներով եւ փլուզումներով լի» իր ժողովրդի ասքը: Գրվե՞ց այդ ասքը, թե՞ պիտակ մնացին այն թղթերը, որոնց վրայով սահել էր իսկական ստեղծագործող մարդու ձեռքը: Իսկ որ գրեր, ի՞նչ պիտի գրեր նա: Արդյո՞ք այն, որ ինքը, ճանաչելով հանդերձ իր ժողովրդի պատմությունը, այնուամենայնիվ չէր հասել նրա բուն ճշմարտությանը: Եվ արդյո՞ք այդ «չգրվելը»,  սպիտակ էջերի փաստը խորհրդանիշի արժեք ձեռք չի բերում` թե պետք է հայոց պատմությունը նորից գրել, եւ որ այն պետք է սկսել մաքուր թղթերի վրա, գրել լցված թանաքամանով ու գրել արդար ու ապրեցնող պատմություն: Կարող ենք ասել, որ չգրվեց ու գրվեց, իսկ ավելի ստույգ` ժողովուրդների պատմությունը միշտ էլ նոր գրվող էջե՞ր չեն, ու ամեն մի ժողովուրդ չի՞ քայլում  դեռ չգրված այդ սպիտակ էջերի վրայով՝ հաճախ անտեսելով «մի չնչին» բան, որ մեծն ճշմարտությունն է:

Հրաչյա Քոչարը կյանքից հեռացավ 55 տարեկանում` ստեղծագործական կյանքի ամենաբեղուն շրջանում, երբ զուլալվել էր գրիչը, իմաստնացել էին մտքերը, հստակվել գաղափարները: Ամեն գրող, որքան էլ նա շատ գրած լինի, միշտ էլ ունենում է «չգրված հարյուր էջ», ինչպես ասենք, նկարիչը «չի նկարում» իր վերջին կտավը, երաժիշտը «չի գրում» իր վերջին մեղեդին: Եվ եթե Քոչարի կերտած հերոսը` պատմաբան-գրողը, եւս թղթին չհանձնեց իր գլուխգործոց 100 էջը, դրա փոխարեն ինքը գրեց ընդամենը 17 էջից բաղկացած իր «Սպիտակ գիրքը» պատմվածքը` բացահայտելով ոչ միայն ստեղծագործող մարդու հարուստ ներաշխարհը, այլեւ ժողովրդի պատմության իմաստն ու խորհուրդը, որն է` հաստատումը ստեղծման, երկրի հարատեւման ու անհատի նվիրման:

Մութ էր, թանձր մութ էր ու երբեմն էլ առկայծող առանձին լույսեր գրողի վաստակի շուրջը, երբ իր աչքերն էր փակում երբեմնի գաղթական  Քոչարը: Հորիզոնում այդ լույսերն ավելի պիտի պակասեին։  Իսկ ժամանակը ե՞րբ է լցված մելանով գրելու հայ ժողովրդի իսկական պատմությունը եւ երբ է ըստ էության  խորանալու այդ պատմության առանձին տառապյալների կյանքի ու գործի բուն էության մեջ:

Արծրուն ԱՎԱԳՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s